hetq.am: Զանգվածային լրատվության միջոցներին, բացի հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց, Արդարադատության նախարարության առաջարկով կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում։
Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։
Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:
Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։
Լրատվամիջոցը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին: Տեղեկատվության հեռացումը պետք է կատարվի դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ։
Եթե լրատվամիջոցը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ հեռացնել հրապարակումը, խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու կամ հրապարակումը հեռացնելու հայցով:
Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում նաև «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում, ըստ որի նախատեսվել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող տվյալների հեռացման գործիքակազմի ներդրում, ինչը նախկին կարգավորումների պարագայում բացակայել է։
comment.count (0)