Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր
 |news.am|

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր |news.am|

news.am: «Գոլդեն փելես» հյուրանոցը  նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 դրամով, այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը, բայց այդ նվերը երկուս ու կես տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով, ամեն տարի մեկ միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է, արդյոք դատախազության կողմից որևէ ուշադրության արժանացել է»,-ասաց նա: Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, խոսքը պատճառված հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ, բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը և կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու և ցանկանում է նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելը։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը ևս մեխանիկական նվիրատվություն չէ: Այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք, ճիշտն ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել»: Թագուհի Թովմասյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե տարաժամկետ վճարման մասին էր, այլ այն մասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։ «Հիմա պետությունը օգտվե՞լ է, թե՞ տուժել այս թվաբանության մեջ։ Արդյո՞ք այստեղ կա ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ, ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ հենց այդ գործարարին, ինչու՞ հենց այս դեպքով և ինչո՞ւ 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 5 միլիարդով: Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բա այդ դեպքում պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացե՞լ, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է»: Գլխավոր դատախազը միայն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որոշելու, թե գույքը ոնց պետք է տնօրինվի. «Եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, և եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ, մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն դրսևորումներ կան, թե չէ»:
14:12 - 25 ապրիլի, 2025
Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին
 |civilnet.am|

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին |civilnet.am|

civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։ «Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։ 2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։ Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ «Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:37 - 25 ապրիլի, 2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ դատախազական պատշաճ հսկողություն ապահովելու հանձնարարականին, դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջամիտ ժամկետների պահպանմանը և այլն: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ 2022-2024 թվականներին նախաքննության փուլում ավարտված քրեական վարույթների մոտ 66,7 տոկոսը քննվել է մինչև 4 ամիս ժամկետում: Այս ելակետը հիմք ընդունելով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին տրվել է գրավոր հանձնարարական՝ անմիջական դատախազական հսկողության ներքո գտնվող քրեական վարույթներով ոչ ուշ, քան չորս ամիսը մեկ պարբերականությամբ վարույթի նյութերը պահանջել վարույթն իրականացնող մարմնից, ստուգել իրականացվող նախաքննության պատշաճությունը, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել դատախազական ներգործության միջոցներ: Նշված ժամկետների պահպանումը մարդկային գործոնից զերծ պահելու նպատակով՝ մշակվել և ներդրվում է «Դատախազի աշխատանքի հաշվետվության» թվայնացված վիճակագրական ծրագիրը: Այս ծրագիրը գործիք է՝ առցանց ռեժիմով ստուգելու Դատախազության յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր դատախազի աշխատանքի ծավալները, անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթների թիվը, կայացված վարութային ակտերի քանակը և որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն ապահովում է ինքնաշխատ հիշեցումներ (այդ թվում՝ վերադասներին)՝ իմ կողմից նշված հանձնարարականով սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ»: Պանելային քննարկման երկրորդ հատվածում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անդրադարձել է խափանման միջոցների ընտրության գործընթացին՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ հաշվարկելու պարագայում՝ քրեական վարույթների 4.02%-ով, 2024 թվականին՝ 3.87%-ով: Անդրադառնալով արդարացման դատական ակտերին՝ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2023 և 2024 թվականներին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քրեական վարույթների քննության, դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակը, թույլ ապացուցողական բազայով քրեական վարույթները մեծամասամբ չեն հանձնվում դատարան՝ այս առումով մեծապես կարևորելով նաև Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դատական պրակտիկան:
17:35 - 21 ապրիլի, 2025
Գլխավոր դատախազի միջնորդությունը Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազի միջնորդությունը Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը տարածել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Այն ներկայացնում ենք ստորեւ։ Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով,  հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Քրեական վարույթի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15 հազար 523 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 581,43 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է  թիվ 58217318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 6-ին թիվ 58217318 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 596,8 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17108920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական  օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2020 թվականի հունիսի 29-ին թիվ 17108920 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ և նույն օրը միացվել թիվ 58217318 քրեական գործին: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6453 քմ մակերեսով հողատարածքից 580,63 քմ և 863,34 քմ մակերեսներով հողատարածքներն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ԱԱԾ քննչական  վարչությունում  հարուցվել է թիվ 58214218 քրեական գործը՝ 2003  թվականի  ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2020 թվականի մարտի 4-ին թիվ 58214218 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, իսկ 2020 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել թիվ 58214218 քրեական գործը թիվ 58217318 քրեական գործին միացնելու մասին: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել թիվ 58217318 քրեական վարույթից թիվ 69113821 քրեական վարույթն անջատելու մասին: Թիվ 69113821 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Գալուստի Սահակյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Մազմանի Քասարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ  մասով  (4 դրվագ)  և  314-րդ  հոդվածի  1-ին մասով (4 դրվագ), Արսեն Սերյոժայի Ամյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Հայկ Արտուշի Կյուրեղյանի՝  38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ  մասով,  2021 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Հակոբյանի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական  դատավարության  օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ  Հայկ  Պետրոսյանի  նկատմամբ  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի  նկատմամբ  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ  Արման  Սահակյանի  նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Քասարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։  Երևանի քաղաքապետարանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար¬ման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստա¬տություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքներից, անհիմն, որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է թիվ 69138024 քրեական վարույթ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 69138024 քրեական վարույթը թիվ 58217318 քրեական վարույթին միացնելու մասին: Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի և Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 69102425 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացված և պետական սեփականություն հանդիսացող հողամաuն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69107125 քրեական վարույթը, որը 2025 թվականի փետրվարի 20-ին միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին:  Թիվ 58217318 քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  Տարոն  Անդրանիկի  Մարգարյանը,  2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:  Մասնավորապես՝ Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ և նպատակ ունենալով Երևան քաղաքի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15 հազար 523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով հանցավոր ճանապարհով առանձնացնել շուրջ 1939 քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ իր օգնականին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:  Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ սանիկին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում:  Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 575 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,04 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք:  Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2012 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում:  Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն նախադպրոցական ուսումնական հաստատության («Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ) զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,18 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում:  Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 4 դրվագ (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին), Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ   Ե Մ Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»:
14:10 - 27 մարտի, 2025
Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին |armenpress.am|

Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում անդրադարձավ արդարացման դատական ակտերի շուրջ հրապարակային քննարկումներին՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ։ Ավելի վաղ որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն էին արտահայտել առ այն, որ շատ հաճախ իրավապահ մարմինները տարբեր անձանց մեղադրանքներ են առաջադրում, սակայն հետագայում այդ անձինք մեծամասամբ արդարացվում են դատարանների կողմից։  «Անընդհատ շահարկվում է արդարացման ակտերի թիվը։ Գիտե՞ք՝ որքան է այն. 1,8 տոկոս»,- նշեց Վարդապետյանը։  Գլխավոր դատախազը նշեց, որ շուտով կհրապարակվի դատախազության տարեկան զեկույցը, որտեղ տվյալները ներկայացված են հստակ և ոչ իրավաբանական լեզվով։ «Մենք շատ ու շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել և շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ Այդ ցուցանիշը 40 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է»,-ընդգծեց Վարդապետյանը։  
14:05 - 27 մարտի, 2025
Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին
 |tert.am|

Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին |tert.am|

tert.am: Այս դահլիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչ է այստեղ կատարվում՝ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, և Դուք եկել եք նրա հետևից Ազգային ժողով: Այս մասին Աժ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Ուզում եմ այդուհանդերձ 2 դրվագի վրա մենք կանգ առնենք։ Ի՞նչ են ասում մեր գործընկերները։ Հովիկ Աղազարյանի հեռախոսն ինչ-ինչ քրեական գործի շրջանակներում հայտնվել է պատկան մարմինների մոտ։ Հետո այդ հեռախոսի անձնական նամակագրությունները հայտնվել է իշխող ՔՊ վարչության, եթե չեմ սխալվում, 15 հոգանոց կազմի նիստին՝ պարզ տարբերակով մարդիկ ծանոթացել են անձի անձնական նամակագրությանը։ Շատ պարզ հարց են ձեզ տալիս, սա նորմա ՞լ է, թե՞ նորմալ չի։ Տիկին դատախազ, դեկտեմբերի չորսի հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան իմ հարցի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պատկան մարմինները հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։ Դուք բոլորից լավ եք հասկանում այս բառերի նշանակությունը»,- ասաց պատգամավորը։ Խամոյանը նշեց, որ հիմա Ազգային ժողով եկել է ոչխարների գործով, Հովիկ Աղազարյանի հետևից։ «Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- ասաց պատգամավորը: Վարդապետյանն, ի պատասխան, նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում: «Ես ներկայացրել եմ միջնորդագիր, երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող և միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,- ասաց գլխավոր դատախազը։ «Տիկի՛ն դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջբերում եմ, հայտարարել է՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր, տիկին Վարդապետյան»,- ի պատասխան ասաց Խամոյանը: Վարդապետյանը նորից նշեց, որ քաղաքական հայտարարության չի արձագանքում:
13:52 - 26 մարտի, 2025
«Աշոտիկ Կամավոսյանը հիվանդ մարդ է, չգիտեմ ինչ ճնշումների տակ է ցուցմունք տվել», «Նրա կողմից ճնշման փաստ չի բարձրաձայնվել». պատգամավոր-դատախազ հարցուպատասխան՝ ԱԺ-ում |tert.am|

«Աշոտիկ Կամավոսյանը հիվանդ մարդ է, չգիտեմ ինչ ճնշումների տակ է ցուցմունք տվել», «Նրա կողմից ճնշման փաստ չի բարձրաձայնվել». պատգամավոր-դատախազ հարցուպատասխան՝ ԱԺ-ում |tert.am|

tert.am: Արդեն հայտնել ենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ-ին՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Պատգամավորը երեք հարց ուղղեց դատախազին: «Տիկին դատախազ, 44 00 90 23 գործի հետ կապված, որի քննության ընթացքում քննիչը հայտնաբերել է ինչ-որ բաներ էլեկտրոնային խուզարկության ժամանակ և տվել է համապատասխան հաղորդում 24 թվականի նոյեմբերի վերջին, երբ հայտնի դեպքերն արդեն ընթացել էին, կարո՞ղ եք արդյոք մանրամասն ասել այդ գործի մասին, կամ ամենաքիչը խնդրում եմ ասեք, թե ե՞րբ է հարուցվել այդ գործը։ Տեղյա՞կ եք, արդյոք, որ 24 թվականի հունվարի 3-ին ես Արաբկիր ոստիկանություն բաժանմունքում հաղորդում եմ տվել այդ Ձեր այս միջնորդության մեջ նշված Արամի և Գոհարի և Հայկ Նազարյանի և էլի մի երկու ֆիգուրների հետ կապված որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել, տեղյա՞կ եք այդ մասին, թե տեղյակ չեք: Եվ երրորդ հարցս՝ երբ որ մի դրվագով գործից գործ եք անջատում և ուղարկում եք դատախազություն, արդյոք չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործի մի մասը վերցնում եք և ուղարկում եք դատարան, այդ մարդը՝ Աշոտիկ Կամավոսյանը, որին առաջին անգամ առերեսման ժամանակ եմ տեսել, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ՝ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ պրծնի այս ամեն տանջանքից և դատարանի որոշումը լինի, որ ինքը կաշառք է առաջարկել, բա իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց, տիկին դատախազ»,- հարցրեց Աղազարյանը։ Վարդապետյանը պատասխանեց, որ իհարկե, տեղյակ են Արաբկիրում ներկայացրած հաղորդումից, որի մասին տեսագրություններում նշում է նաև Արամ Մկրտչյանը, որտեղ Աղազարյանին մեղադրում է և ասում է՝ Ձեզ չթվա, որ ով առաջինը գնաց կոմիտե, հաղորդում տվեց, նա ճիշտ է։ «Այնպես որ, մեզ համար նորություն չի, ինչ որ Դուք ասում եք, ավելին, Ձեր կողմից հաղորդումը ներկայացվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, Հաղորդումը ներկայացվել է 2024 թվականի հունվարի 3-ին, ըստ փաստաթղթերի, և Դուք ստացել եք նաև վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը և դրա հետ որևէ անհամաձայնություն չեք ունեցել։ Որևէ գրավոր փաստաթուղթ դրա մասին չկա։ Ինչ վերաբերում է վարույթին, որի շրջանակներում ձեռք են բերվել Արամ Մկրտչյանի տեսագրությունները, Քննչական կոմիտեում այդ վարույթը քննվել է 2023 թվականից և 2024 թվականի նոյեմբերի 27-ին, ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որովհետև վերաբերելի է եղել Ձեզ: Իսկ Ձեր վերաբերյալ, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վարույթը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Աշոտիկ Կամավոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել, Դուք դրա մասին չգիտեմ՝ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածն արձանագրված է Ձեր առջև դրված միջնորդագրի մեջ։ Եվ Արամ Մկրտչյանի տեսագրությունները, և այն հանգամանքը, որտեղ և երբ են սպասարկվել Ձեր ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները, այն ամենը, ինչ որ ես նշեցի, հարգելի պատգամավորներ, դուք կարող եք հետևել նաև հեռախոսների տեղակայումների զննություններով, որոնք ներկայացված են մանրամասն միջնորդագրի մեջ»,- ասաց նա:
13:15 - 26 մարտի, 2025
«Եթե Հովիկ Աղազարյանը մնար ՔՊ-ում, դուք էլի կգայի՞ք ԱԺ՝ անձեռնմխելիությանից զրկելու». հարց՝ գլխավոր դատախազին |news.am|

«Եթե Հովիկ Աղազարյանը մնար ՔՊ-ում, դուք էլի կգայի՞ք ԱԺ՝ անձեռնմխելիությանից զրկելու». հարց՝ գլխավոր դատախազին |news.am|

news.am: Տիկին Վարդապետյան, դուք ներկայացրիք գործը, որից հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով և պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա Ազգային ժողով, երբ արդեն Հովիկ Աղազարյանը ՔՊ խմբակցությունից դուրս է եկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: «Ես, լսելով Ձեր խոսքը, չեմ կարող վստահ ասել, թե այդ ինչ տիտանական աշխատանք էր արվում մինչև հիմա, որովհետև այն, ինչ որ հայտնի էր, արդեն հայտնի էր 2024-ի աշնանը, բայց դուք այդ ժամանակ չեք եկել Ազգային ժողով Հովիկ Աղազարյանի հետևից: Հիմա այդ անջատված մասով կուզենայի մի փոքր բացատրել ինչու է անջատվել այդ մասը, որովհետև ցուցմունք տվողը երկրից բացակայում է, թե փախել է, ի՞նչ հանգամանքների բերումով է, որ նա երկրում չէ և ինչու է անջատվել մասը։ Եվ կուզենամ նաև հետաքրքրվել, Հովիկ Աղազարյանի մասով ասում էին, որ ամբողջ իշխանական խմբակցությունը իրար հերթ տալով ասում էին՝ պետական գաղտնիք է բացահայտել: Այդ պետական գաղտնիքի գործը ի՞նչ եղավ, պարզվեց, որ չէր բացահայտե՞լ»,- ասաց նա: Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշեց. «Ես լիահույս եմ, որ Դուք միջնորդագրին ծանոթացել եք, և ես հատուկ նշեցի, որ այսօրվա նիստից հետո գործն ուղարկվում է դատարան։ Այսինքն՝ վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է: Ես ամբողջը հատ-հատ չներկայացրի, թե քանի փաստաթուղթ է զննվել, քանի հեռախոս է զննվել, քանի անձ է հարցաքննվել, քանի առերեսում է իրականացվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և Ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։ Որպեսզի ձեզ մոտ շփոթ չառաջացնի մաս անջատելը, դա չի նշանակում, որ անձը փախել է կամ գտնվում է հետախուզման մեջ։ Մասն անջատվել է դատարան ուղարկելու համար մյուս մեղադրյալների հետ կապված: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած մյուս բոլոր հարցերին, դրանք չեն վերաբերում միջնորդագրին, իսկ ես, որքանով գիտեմ, կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել: Ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես երկու կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել»: Թագուհի Թովմասյանը կրկնեց իր կասկածը. «Ես ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, հավատարժան չէ, տիկին դատախազ, ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, արդյո՞ք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ»: Աննա Վարդապետյանը հավստիացրեց, որ բոլոր դեպքերում ինքը այս հարցով կմտներ ԱԺ. «Այո, կգայի։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ և ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան»: Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում է, ներկայացնում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու և պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը: Հիշեցնենք, որ Աղազարյանը հեռացվել էր ՔՊ կուսակցությունից ըստ ՔՊ-ի՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ԱԺ ՔՊ խմբակցությունից:
12:11 - 26 մարտի, 2025
ՀՀ զինված ուժերում նախորդ տարի գրանցվել է 40 մահվան դեպք. Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ զինված ուժերում նախորդ տարի գրանցվել է 40 մահվան դեպք. Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները:  Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները:  «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ընդգծել է Աննա Վարդապետյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն: Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78): 2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2): 2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։   2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ):  Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ): Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:
15:17 - 07 մարտի, 2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թ․ աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թ․ աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը և դրանց լուծումների նախանշումը երկուստեք օգտակար կլինեն: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Հանդիպման ընթացքում զինվորական դատախազության՝ 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը: Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։
15:05 - 07 մարտի, 2025
Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել  348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա­կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ): Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների  դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ): Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք: Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ): Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու  գետափնյա տարածքներում մասնավոր  սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները: Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը:
14:31 - 21 փետրվարի, 2025
Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում նախաձեռնվել է 1928 քրեական վարույթ, մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 4990 քրեական վարույթների նկատմամբ (2941 քրեական վարույթ փոխանցվել է նախորդ տարիներից): Մարզի դատախազի խոսքով՝ քննված 4990 քրեական վարույթներից ավարտվել է 1619-ը, որից 645-ը՝ 666 անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 4-ը՝ 4 անձի նկատմամբ եզրափակիչ ակտով, ուղարկվել են իրավասու դատարան: «Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին մարզի դատախազության կողմից ավարտվել էր 1210 քրեական վարույթ, որից 462-ն էր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել իրավասու դատարան»,- տեղեկացրել է Գևորգ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարան ուղարկված վարույթների քանակը 2023 թվականի համեմատ 2024 թվականին աճել է 185-ով կամ 41%-ով: 2024 թվականի Արագածոտնի մարզի դատարանների կողմից 634 քրեական գործով՝ 646 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 240 քրեական գործով՝ 259 անձի վերաբերյալ): Աննա Վարդապետյանն Արագածոտնի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:
12:24 - 17 փետրվարի, 2025
Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին: Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:
15:18 - 07 փետրվարի, 2025
Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Նարեկ Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Ռիմա Ասոյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Սամվել Հակոբյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արտուշ Կարապետյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
10:02 - 31 հունվարի, 2025