news.am: Տիկին Վարդապետյան, դուք ներկայացրիք գործը, որից հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով և պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա Ազգային ժողով, երբ արդեն Հովիկ Աղազարյանը ՔՊ խմբակցությունից դուրս է եկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
Եվ կուզենամ նաև հետաքրքրվել, Հովիկ Աղազարյանի մասով ասում էին, որ ամբողջ իշխանական խմբակցությունը իրար հերթ տալով ասում էին՝ պետական գաղտնիք է բացահայտել: Այդ պետական գաղտնիքի գործը ի՞նչ եղավ, պարզվեց, որ չէր բացահայտե՞լ»,- ասաց նա:
Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշեց. «Ես լիահույս եմ, որ Դուք միջնորդագրին ծանոթացել եք, և ես հատուկ նշեցի, որ այսօրվա նիստից հետո գործն ուղարկվում է դատարան։ Այսինքն՝ վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է: Ես ամբողջը հատ-հատ չներկայացրի, թե քանի փաստաթուղթ է զննվել, քանի հեռախոս է զննվել, քանի անձ է հարցաքննվել, քանի առերեսում է իրականացվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և Ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։
Որպեսզի ձեզ մոտ շփոթ չառաջացնի մաս անջատելը, դա չի նշանակում, որ անձը փախել է կամ գտնվում է հետախուզման մեջ։ Մասն անջատվել է դատարան ուղարկելու համար մյուս մեղադրյալների հետ կապված:
Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած մյուս բոլոր հարցերին, դրանք չեն վերաբերում միջնորդագրին, իսկ ես, որքանով գիտեմ, կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել:
Ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես երկու կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել»:
Թագուհի Թովմասյանը կրկնեց իր կասկածը. «Ես ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, հավատարժան չէ, տիկին դատախազ, ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, արդյո՞ք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ»:
Աննա Վարդապետյանը հավստիացրեց, որ բոլոր դեպքերում ինքը այս հարցով կմտներ ԱԺ. «Այո, կգայի։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ և ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան»:
Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում է, ներկայացնում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու և պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը:
Հիշեցնենք, որ Աղազարյանը հեռացվել էր ՔՊ կուսակցությունից ըստ ՔՊ-ի՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ԱԺ ՔՊ խմբակցությունից:
comment.count (0)