Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովին է այսօր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակվել է Դատախազության պաշտոնական կայքէջում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝
Հարգելի՛ գործընկերներ,
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների հիման վրա Դատախազության կողմից մշակված և Հաղորդման մեջ մանրամասն շարադրված՝ 2024 թվականի ընթացքում հանցավորության կառուցվածքը, դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարի ու հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ուստի իմ ելույթում չեմ կրկնի Հանձնաժողովի նիստում արդեն քննարկված հարցերը:
2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:
2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:
2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):
Շարունակելով պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ու դրամական միջոցների թեման՝ նշեմ, որ Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին:
Մասնավորապես՝
2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:
Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում արգելադրված գույքային միջոցների վերաբերյալ տվյալները. պատկերը հետևյալն է՝
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:
Այսպիսով, հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:
2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:
2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում: Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ: Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն (արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ):
2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը:
Հիշեցնեմ, որ 2023 թվականին հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ:
2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին): Բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է:
Հիշեցնեմ, որ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:
Ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց (2023 թվականին՝ 113 միլիոն 386 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց):
Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվետու ժամանակահատվածում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հետևողական և պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև շրջադարձային դատախազական ակտեր կայացնելու արդյունքում հաստատված մեղադրական եզրակացություններով դատարան են հանձնվել մի շարք քրեական վարույթներ, մասնավորապես՝
Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2023 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերը, տուրքերը և այլ վճարները վճարելը) և 291-րդ (կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը։
Այս համատեքստում Հաղորդման մեջ վերլուծված են պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու ներկայացված են դրանց վերաբերյալ Դատախազության դիրքորոշումները: Նշված խնդիրներից են՝
Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2022, 2023 թվականների և 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածով (ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննված քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ՝
Այսպիսով 2022 թվականի համեմատությամբ 2023 թվականի ընթացքում ենթադրյալ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված պարզված վնասի չափը ավելացել է 379.101.504 դրամով կամ 95.66 %-ով: Համեմատության համար նշենք, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պարզված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514.409.890 դրամ:
Աճի դինամիկա է արձանագրվել նաև պատճառված վնասների վերականգնման գործընթացում: Մասնավորապես, 2023 թվականին, 2022 թվականի համեմատությամբ, վերականգնված վնասի չափը կազմել է 16.737.318 դրամով կամ 12.8 %-ով ավելի: Համեմատության համար պետք է նշել, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը կազմել է 92.078.102 դրամ, ինչը վկայում է գործընթացում դրական դինամիկայի կայունության մասին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ ընկերությունների տնօրեններ, իրականում չունենալով ձկնաբուծարան կառուցելու և ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակ, այդ գործունեությամբ զբաղվելու պատրվակով դիմել են տեղական ինքնակառավարման մարմնին, ստացել ձկնաբուծարան կառուցելու շինթույլտվություն և, օգտվելով ոչ վտանգավոր թափոնի իրացմամբ զբաղվելու արգելք նախատեսված չլինելու հանգամանքից, խախտելով «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և չունենալով ընդերքօգտագործման իրավունք՝ փաստացի ապօրինի արդյունահանել են պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածոն: Մասնավորապես, ապօրինի հանքարդյունահանումն իրականացվել է ջրավազանների համար փոսեր փորելու անվան տակ:
Նշված խնդիրների մասին Դատախազության կողմից 2024 թվականի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացվել են գրավոր առաջարկություններ: Առաջարկությունների կապակցությամբ Նախարարության կողմից կազմվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:
Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ Դատախազությունը, կարևորելով անկախ և անաչառ դատարան ունենալու հրամայականը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել քրեական օրենսդրությամբ ամրագրված խնդիրների կենսագործումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքով և կարգով՝ 2024 թվականի ընթացքում դիմել է իրավասու մարմիններին՝ կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով:
2024 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել 11 հաղորդում (2023 թվականին՝ 10), որոնցից 7-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 1-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 3 հաղորդման դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: Վերոնշյալ երեք միջնորդության քննության արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել երեք դատավորի՝ նշանակելով «նախազգուշացում», «խիստ նախազգուշացում» և «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակները: Հարկ է արձանագրել, որ դատավորի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ միջին ծանրության հանցագործության կատարման համար մեղադրվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է շուրջ 3 տարի, որի ընթացքում չի պահպանվել գործի՝ ողջամիտ ժամկետում քննության պահանջը:
Հարգելի՛ գործընկերներ,
Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների՝ տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենց կողմից օգտագործվում են՝ որպես ուսումնասիրության աղբյուր:
Շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք նկարագրածս արդյունքները»:
comment.count (0)