Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանում և խորանում. Հունաստանի դեսպանը՝ ՀՀ նախագահին

Երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանում և խորանում. Հունաստանի դեսպանը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:   Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:   «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:   Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին:   Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:  
19:42 - 27 մարտի, 2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։   Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։   Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների: Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
11:02 - 25 մարտի, 2025
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024-ին կատարված աշխատանքները և 2025-ի անելիքները։ «Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։
10:21 - 20 դեկտեմբերի, 2024
Հունաստանի մշակույթի նախարարը և ԱԳ նախարարի տեղակալն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի մշակույթի նախարարը և ԱԳ նախարարի տեղակալն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից: Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լինա Մենդոնին և Կոնստաս Ֆրագոյաննիսը գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
17:49 - 16 դեկտեմբերի, 2024
Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է՝ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով |armenpress.am|

Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է՝ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս   նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում:  «Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը:  Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում: Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն:  Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես  Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական ​​մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:  Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան՝ Հնագույն    քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
17:37 - 16 դեկտեմբերի, 2024
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարարը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները

Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ։ Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։   «Դեսպան Մկրտչյանը կարևորեց մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվեցին մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։   Տիկին Մենդոնին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և նշեց, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։   Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորեց նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։ Անդրադարձ եղավ առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։   Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։ Նախարար Մենդոնին ընդգծեց մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում»,- նշված է գրառման մեջ:  
21:23 - 18 նոյեմբերի, 2024
Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։ ՀՀ դեսպանը գեներալ Դ․ Խուպիսին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։
21:56 - 16 նոյեմբերի, 2024
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրներն են քննարկել

 |factor.am|

Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրներն են քննարկել |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Աթենքը պետք է միասին աշխատեն՝ լուծելու իրենց խնդիրները, որոնք, նրա խոսքով, չեն սահմանափակվում արևելյան Միջերկրականի ծովային սահմանների և իրավասության շուրջ տարաձայնություններով, գրում է Daily Sabah-ը։ Աթենքում իր հույն գործընկեր Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում Ֆիդանն ասել է, որ երկու երկրները ջանքեր են գործադրում միմյանց ավելի լավ հասկանալու կարևորագույն հարցերի շուրջ, նաև ընդգծել «իրատեսորեն» գործելու և Էգեյան ծովում իրենց խնդիրները «ճիշտ ախտորոշելու» անհրաժեշտությունը։ «Մենք կարող ենք նպաստել մեր ժողովրդի փոխադարձ բարեկեցությանը win-win՝ շահեկան քաղաքականությամբ, հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Ֆիդանը՝ նկատի ունենալով Ուկրաինայում և Պաղեստինում շարունակվող հակամարտությունները։ «Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, որ փոխանակումը պետք է արդար լինի Արևելյան Միջերկրական ծովում»,- հավելել է թուրք պաշտոնյան։ Ֆիդանը կրկնել է Անկարայի տեսակետը, որ Կիպրոսի շուրջ վեճը լուծելու դաշնային մոդելն այլևս կենսունակ չէ՝ կոչ անելով լուծել երկու պետությունների տարբերակը։
21:14 - 08 նոյեմբերի, 2024
Հունաստանում ՀՀ դեսպանն ու Սալոնիկի քաղաքապետը քննարկում են ունեցել

Հունաստանում ՀՀ դեսպանն ու Սալոնիկի քաղաքապետը քննարկում են ունեցել

  Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։  Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն։ Ստելիոս Անգելուդիսն իր հերթին նշել է, որ լավ տեղյակ է հայոց պատմությանը և բարձր է գնահատում Սալոնիկի հայ համայնքի դերը քաղաքի կյանքում: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են քույր քաղաքներ Սալոնիկի և Գյումրու միջև բազմոլորտ համագործակցությունը խթանելուն ուղղված մի շարք ծրագրերի և այդ նպատակով փոխադարձ այցեր կազմակերպելու նպատակահարմարությանը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև համաժողով կազմակերպելու հնարավորությունը։
16:49 - 17 հուլիսի, 2024
Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:  Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և  ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ: Որպես գործակցության կարևոր ուղղություն՝ Երևանի քաղաքապետը հատկանշել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ Երևանը վերջին տարիներին ոլորտային աննախադեպ նախաձեռնություններով է հանդես գալիս և ունի մեծ փորձ:   Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  
09:31 - 11 հուլիսի, 2024