IDeA հիմնադրամ

IDeA հիմնադրամն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ, որոնք ունեն երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն եւ ամրապնդում են հայերի ազգային ինքնությունը:

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի / ՀՀ կառավարություն 2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Առանձնացված առաջին նախագծերն են. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար. Աջակցություն 15 օր շարունակ Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 ԱՄՆ դոլար. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
11:40 - 19 նոյեմբերի, 2020
Հայտնի են 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրները

Հայտնի են 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության եւ մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին եւ փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին 2020 թ. ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաեւ Կոնգոյից ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը եւ Աֆղանստանից մանկավարժ Սաքինա Յակուբին: Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել եւ աջակցել է բազմաթիվ նախագծերի ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետեւանքով: Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ: Երկար տարիներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։ «Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակի ոգին եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ արտահայտելու մեր խորին հիացմունքը եւ գնահատանքն այն աշխատանքի համար, որ նրանք անում են Սոմալիում: Նրանք երկրորդ հնարավորություն, ապագայի հույս են տալիս մարդկանց, ոգեշնչում՝ վարելու ավելի իմաստալից կյանք: Նրանց խիզախությունը, անձնազոհությունը, այլասիրությունը, իդեալիզմը, ինչպես նաեւ կատարած աշխատանքն արտացոլում են «Ավրորա» համաշխարհային շարժման արժեքները»,- նշեց Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր տեսաուղերձում, որում հայտարարում է դափնեկիրներին, ասաց. «2020 թ. ծանր տարի էր, բայց ինչպես բոլոր ճգնաժամերը` այն եւս միավորեց մեզ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ֆարթունի եւ Իլվադի նման բազմաթիվ մերօրյա հերոսներ ի հայտ եկան, որոնք հիշեցնում են մեզ համընդհանուր մարդկայնության մասին»: «Վերջին հինգ տարում «Ավրորան» տարածել է այն գաղափարը, որ բարի գործերը կարող են փոփոխություն բերել, երբ դրանք իրար են գումարվում, իսկ Ֆարթունի եւ Իլվադի խիզախությունը դրա վառ վկայությունն է»,- ավելացրեց Հարվարդի պրոֆեսոր, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը: Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ եւ միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) եւ եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.): 2020 թ. հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառում, որը կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից՝ մեծարելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: 2021 թ․ մարտին Նյու Յորքում տեղի կունենա նաեւ ոչ առցանց միջոցառում, որը կուղեկցվի էկումենիկ արարողությամբ՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին:   Միջոցառումների ընթացքում հավաքված միջոցները կօգնեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին՝ շարունակելու իրենց գործը: Դուք կարող եք միանալ «Ավրորային» եւ աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը ձեր նվիրատվությամբ։ Իմացեք ավելին՝ այցելելով www.auroraprize.org: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
12:25 - 17 սեպտեմբերի, 2020
 Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության այգի

 |armenpress.am|

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության  այգի:  Սմարթ  լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է  IDeA հիմնադրամի կողմից: Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց  Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝  ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի: «Մասնակցությունն  աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջարկներ: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության: Ինչպես փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ ակտիվ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են քաղաքի զարգացմամբ, կարող են իրենց ներդրումն ու ազդեցությունն ունենալ այս նախագծի վրա»,-  «Արմենպրես»-ին տեղեկացրեց այգու համալիր զարգացման  նախագծի ղեկավար, ճարտարապետ  Մարդարիտա Ասիրյանը:2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը: «Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է  լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում: «Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-ավելացրեց Ելենա Մուրադյանը: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։  
14:27 - 06 սեպտեմբերի, 2020
Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները

Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և այդ շարքում մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ակադեմիկոս Կամալովի հետ քննարկվել են բժշկական ինժեներիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը։ Անդրադառնալով նոր կորոնավիրուսի վերաբերյալ Լորդ Դարզիի հետ իրենց նախորդ քննարկմանը՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը կարևորել է նոր կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու գործում ջանքերի համատեղումը և համագործակցությունը, փորձի փոխանակման և փոխօգնության անհրաժեշտությունը։ Նախագահը նշել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հեռավար ուսուցման դասախոսության ընթացքում առաջարկել է ապագա բժիշկներին և ինժեներներին աշխատել նոր կորոնավիրուսի բուժման համար կիրառվող թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծելու և Հայաստանում արտադրելու ուղղությամբ: Նախագահն առաջարկել է Լորդ Դարզիին դիտարկել Լոնդոնի կայսերեկան քոլեջի բժշկական ինժեներիայի ոլորտի մասնագետների կողմից իր այս նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և հայկական երկու բուհերի հետ համագործակցության հնարավորությունը։ Նշենք, որ նախագահ Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում վերջինս անդրադարձել էր ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին: Այս համատեքստում նախագահը ողջունում է Լորդ Դարզիի, Նուբար Աֆեյանի, McKinsey&Company ընկերության Ճապոնիայի մասնաճյուղի կառավարիչ գործընկեր, ընկերության խորհրդի անդամ Անդրե Անդոնյանի, IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի գիտւթյան և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և խորհրդի անդամ, գործարար, ներդրող, բարերար Ռուբեն Վարդանյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ FAST հիմնադրամի կողմից կազմակերպվող և այսօր կայանալիք տեսակոնֆերանսը՝ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և գործնական աջակցության քայլերը քննարկելու նպատակով։
12:26 - 28 մարտի, 2020
«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրիի օր

«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրիի օր

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Շուշիում: «Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացվեն լայնամասշտաբ միջոցառումներ բարեկամության, երախտագիտության և մարդասիրության խորհրդի ներքո: Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը: Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրը իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը: Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները: Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին: D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար: D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է: Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում:
08:22 - 07 հոկտեմբերի, 2019
Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ

Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ

armenpress.am։ IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ ClimateUturn բնապահպանական հարթակ, որի առաջնահերթություններն են անտառային ֆոնդի վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը: Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի հետևողական համալիր զարգացման ընթացքում, հետևաբար IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական: Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում է այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը կենտրոնանալու է Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն՝ փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք: Նախատեսվում է նաեւ Հայաստանում սպառվող ապրանքների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորում:  
06:09 - 28 մարտի, 2019