Հյուսիս-հարավ ծրագրով պետք է 556 կմ երկարությամբ ավտոճանապարհ կառուցվի, որն Իրանի հետ սահմանից կձգվի մինչեւ Վրաստանի սահման՝ դարձնելով Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր: Շինարարությունը սկսվել է 2012թ. եւ ի սկզբանե աշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2019 թ.: Սակայն մինչեւ 2017 թվականը հնարավոր է եղել կառուցել ընդհանուր մայրուղու ընդամենը 5,6%-ը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2009 թ. աշնանը՝ Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ կնքված վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Ծրագրի վարկատուներ են նաեւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ծրագիրն իրականացվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից, որը ենթարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Ճանապարհը պետք է կապվի վրացական մայրուղու հետ, որն էլ իր հերթին ձգվի դեպի Սեւ ծովի ափին գտնվող երկրի ամենամեծ նավահանգիստներ՝ Բաթումի եւ Փոթի: Սակայն Հյուսիս-հարավը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր տնտեսական, այլեւ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի:
Ի սկզբանե նախագծի բյուջեն կազմել է 962 միլիոն դոլար, սակայն շինարարության տարիներին բյուջեի վերանայման կարիք է եղել եւ այն էապես աճել է։
2013 թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ արձանագրեց ավտոմայրուղու կառուցման գործում: Աշխատանքներն իրականացնում էր իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժը»: Հայտարարվեց, որ ճանապարհաշինարարները չեն ապահովում բետոնե շերտի պահանջվող հաստությունն ու որակը, կառուցումն իրականացվում է տեխնիկական խախտումներով, ջրահեռացում չի ապահովվում եւ այլն: Արդյունքում պաշտոնից ազատվեց ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, իսկ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց: