Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով:

Կոմիտեի ղեկավարն է Աշոտ Մարտիրոսյանը, առաջին տեղակալը՝ Խաչատուր Խաչիկյանը,  տեղակալը՝ Վահե Գրիգորյանը։

Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է. պետք է շատ ակտիվ աշխատենք, որ պատշաճ կադրեր ներգրավենք. Փաշինյան

Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է. պետք է շատ ակտիվ աշխատենք, որ պատշաճ կադրեր ներգրավենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023 թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքները՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովմանը, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության համար կարևոր համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ Սթրես-թեսթի ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ 2023 թվականին ՀՀ ՆԳՆ (ՀՀ ԱԻՆ), ՀՀ ՄԱԿԿ և ՀԱԷԿ միջև կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա շարունակվել են սեյսմիկ մոնիթորինգի դիտարկման աշխատանքները՝ օգտագործելով այդ նպատակով ԱԷՄԳ-ից ստացված սեյսմիկ գրանցող սարքերը, որոնք միացված են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ցանցին։ Զեկուցվել է, որ Կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2023թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիայի պահանջների կատարման ուսումնասիրություններ, իրականացվել է ռադիոակտիվ աղբյուրների վնասազերծում, տրվել են դրանց անվտանգ տեղափոխման թույլտվություններ և այլն: Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Ներկայացվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը:  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: «Վերջիններիս  վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է: Նշվել է, որ պարբերաբար իրականացվում է ԱԷՕԲ օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։ Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվի և կմշակվի «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», որով կկարգավորվի ճառագայթային անվտանգությունը։ Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է. «Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ։ Ժամկետային զինծառայությունից տարկետման որոշումը, որ պետք է կայացնենք, անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վրա շատ մեծ շեշտ դնենք, և երկրորդը՝ կրկին նույն տրամաբանությունն է, նաև պետք է մտածենք` ինչպես խթանենք կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, որոնց պարագայում այդ խնդիրը չկա։ Այսինքն` տարկետման և այլն»։ Ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները: Ներկայացվել են նաև 2023թ. ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները: Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:
12:24 - 16 հունվարի, 2024
Վարչապետը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված՝ Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ իրականացումը

Վարչապետը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված՝ Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ իրականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք: Վարչապետին ներկայացվել են 2022 թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքները՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովմանը, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգային համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, կազմվել են եզրակացություններ: ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով շարունակվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը, որի առաքելությունը 2022 թ. մարտին այցելել էր Հայաստան: Առաջիկա ծրագրերի համատեքստում մանրամասներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ և այլն: Զեկուցվել է, որ կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2022 թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն: Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Նշվել է, որ առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում են գիտահետազոտական ոլորտում արագացուցչի կիրարկման, միջուկային բժշկության զարգացման, կադրերի վերապատրաստման և այլ ծրագրեր: Նշվել է, որ աշխատանք է տարվում «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի լավարկման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության մասին: Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ: Վարչապետն անդրադարձել է այս ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդրի կարևորությանը՝ նշելով, որ պետք է կոնսոլիդացնել ոլորտային կրթությանն ուղղվող ռեսուրսները և որակյալ համակարգ ձևավորել: Կառավարության ղեկավարը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված՝ ՀՀ առաջնահերթությունների պատշաճ իրականացումը և այս առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
16:30 - 10 մարտի, 2023
Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Օգոստոս ամսին  թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցը «Հայաստանից եկող մեծ սպառնալիք» վերնագրով ծավալուն հոդված էր հրապարակել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ։ Հոդվածի մի փոքր հատված արտատպվել էր ermenihaber.am եռալեզու կայքում (գործում է հայերեն, թուրքերեն, ռուսերեն)՝ «Թուրք պաշտոնյա. «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար» վերնագրով։ Ermenihaber.am-ի այդ հրապարակումն էլ արտատպել էին հայկական այլ ԶԼՄ-ներ։ Հաշվի առնելով հոդվածում խնդրահարույց մի շարք պնդումների առկայությունը՝ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (որպես էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչություն) եւ ՀՀ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (որպես ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը վերահսկող մարմին)՝ դրանց ճշմարտացիության վերաբերյալ մի շարք հարցեր հղելով եւ պարզաբանումներ խնդրելով։ ՏԿԵՆ-ից հարցումը վերահասցեագրել էին Հայկական ատոմային էլեկտրակայանին (այսուհետ՝ ՀԱԷԿ), իսկ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) նշել էին, որ հաշվի առնելով հարցերի ծավալը եւ կարեւորությունը` համապատասխան տեղեկության տրամադրման նպատակով անհրաժեշտ է լինելու դիտարկել նաեւ արխիվային փաստաթղթեր, որոնց համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ։ Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ստանալով պատասխանները՝ կարող ենք փաստել, որ թուրք հեղինակի պնդումներն ու ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ոչ թե ավարտվել է, այլ երկարաձգվել Այսպես․ հոդվածի սկզբում հեղինակը նշել է, որ ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել՝ չնայած դրա ժամկետի ավարտին։ Ըստ ամենայնի, նա նկատի ունի շահագործման նախագծային ժամկետը։ Տեղեկություն ստանալու հարցմամբ մենք խնդրել էինք հայտնել, թե որքան է եղել ՀԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը, եւ եթե այն ավարտվել է, ապա երբ եւ ինչի հիման վրա է որոշում կայացվել շարունակել շահագործումը։  Ըստ պաշտոնական պատասխանների՝ Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Շահագործման նախագծային (նշանակված) ժամկետը մինչեւ 2016 թ․ սեպտեմբերն էր, եւ մինչեւ այդ նախատեսվում էր Հայաստանում կառուցել միջուկային նոր էներգաբլոկ, ինչը, սակայն, հետաձգվեց՝ պայմանավորված Ֆուկուշիմայի աղետի հանգամանքներով եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով. «Գործող Էներգաբլոկի կանգի եւ դրա արդյունքում առաջնային վառելիքաէներգետիկ պաշարների՝ նավթի, գազի, ածուխի բացակայության պայմաններում Հայաստանը կարող էր հայտնվել կրիտիկական իրավիճակում, քանի որ ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 38%-ը: Ուստի, ՀՀ կառավարությունը 2012 թվականի ապրիլի 19-ի №461 որոշմամբ սկսեց կայանի շահագործման ժամկետը երկարեցնելուն ուղղված գործընթացը»։ Մշակվեց համապատասխան ծրագիր, եւ իրականացվեցին համալիր աշխատանքներ (ռեսուրսի գնահատում, անվտանգության բարձրացման միջոցառումներ, մոդիֆիկացիաներ, սարքերի, սարքավորումների եւ համակարգերի համապարփակ գործիքային հետազոտություններ, վերլուծություն եւ այլն), որոնցով հիմնավորվեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչեւ 2026թ․ սեպտեմբեր ամիսը։  Արդյունքում, Կոմիտեն, ուսումնասիրելով իրականացված աշխատանքներն ու հիմնավորող փաստաթղթերը, թույլատրեց շահագործման ժամկետի երկարաձգումը: Ըստ ՀԱԷԿ-ի՝ այդ որոշումը համապատասխանում է համաշխարհային պրակտիկային, ընդ որում, ընդունելի է ատոմակայանների շահագործման ժամկետը մինչեւ 60 տարի երկարեցնելու հնարավորությունը․ «Ներկայումս աշխարհում շարունակում են աշխատել 70-ական թվականներին շահագործման հանձնված 85 էներգաբլոկներ, որոնք 10 տարով ՀԱԷԿ-ից հին են»,– ասված է պատասխանում։ Նույն համատեքստում հեղինակը նաեւ նշել է, որ Հայաստանը խախտում է Եվրոպական միության հետ 1999 թ. կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀԱԷԿ-ը պետք է փակվեր մինչ 2004 թ.։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք երբեւէ նախատեսվել է ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցում մինչ 2004 թ., եւ արդյո՞ք առկա է կամ առկա է եղել նման համաձայնագիր, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված եղել այդ որոշումը, եւ հետագայում ի՞նչ հիմքերով է այն փոփոխվել։ Ի պատասխան՝ Կոմիտեից տեղեկացրել են, որ 1994թ․ Եվրամիության ղեկավարությունը ՀՀ նախագահին ուղղված գրությամբ հայտնել է, որ Հայաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար չի առարկի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, իսկ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը կտրամադրի 50 մլն ԱՄՆ դոլար Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման համար՝ պայմանով, որ Հայաստանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչ 2004 թ․ դադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը․ «ՀՀ նախագահը պատասխան գրությամբ հայտնել է, որ Հայաստանը կդադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը համապատասխան (նույն հզորության, էներգետիկ անկախության նման մակարդակ ապահովող) նոր էներգետիկ հզորություն գործարկելուց հետո»։ Հետագայում արդեն էներգաբլոկի անվտանգ շահագործումը շարունակելու եւ անվտանգության մշտական բարձրացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է Եվրամիությանն ու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը (այսուհետ՝ ԱԷՄԳ), ինչը հնարավորություն է տվել գնահատել կայանի անվտանգության մակարդակը որպես միջին՝ ըստ համաշխարային վարկանիշի (14-րդ տեղ՝ ատոմակայաններ շահագործող 32 երկրների շրջանում):  ՀԱԷԿ-ի հավաստմամբ՝ ներկայումս միջազգային կազմակերպությունների մոտ կա ըմբռնում՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ (տեխնիկական իրագործելիությունը հաստատելու եւ անվտանգության հիմնավորման դեպքում) մինչ փոխարինող միջուկային հզորություններ կառուցելը։ Խոսելով ՀԱԷԿ-ի արդիականացման մասին՝ հեղինակը գրել է, թե տեխնիկական սպասարկման աշխատանքներին կմասնակցեն մոտ 400 փորձագետ՝ Բելառուսից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից, իսկ ՀԱԷԿ-ը փակ կմնա 141 օր, որից հետո այն հնարավոր կլինի շահագործել մինչեւ 2036 թվականը։ Մենք հետաքրքրվել էինք՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ են արդյոք արդիականացման նոր աշխատանքներ, թե՞ կայքը, ըստ ամենայնի, նկատի ունի 2021 թ.-ի աշխատանքները, որոնց շրջանակում ՀԱԷԿ- ի աշխատանքը դադարեցվեց 141 օրով։ Ըստ Կոմիտեի՝ հաշվի առնելով նշված 141 օր ժամանակը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց 2021 թ․ պլանային նախազգուշական վերանորոգման մասին է․ «Այդ ժամանակ երկարատեւ կանգառի անհրաժեշտությունը առաջացել էր ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման մեծածավալ միջոցառումների՝ մոդիֆիկացիաների ներդրման համար։ Իրականացված աշխատանքների հիման վրա Կոմիտեի կողմից թույլատրվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա շահագործումը, ինչպես արդեն նշվեց, մինչ 2026 թ․սեպտեմբերը։ Այնուհանդերձ, անվտանգության բարձրացման աշխատանքները շարունակական բնույթի աշխատանքներ են եւ ուղեկցում են շահագործման փուլում գտնվող ցանկացած ատոմային էլեկտրակայանի»,– հայտնել են Կոմիտեից։ Ինչ վերաբերում է հիշյալ 2036 թ․–ին, այդ մասին հիշատակվում է Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում։ Դրանով նախատեսվում է գործող էներգաբլոկի անվտանգության հիմնավորման պարագայում այն շահագործել մինչ 2036 թվականը․ «Ի դեպ, ՀԱԷԿ–ում Եվրոպական մի շարք երկրներից ավելի քան 400 մասնագետների ժամանումն ու աշխատանքը հոդվածի հեղինակի՝ ՀԱԷԿ-ը որպես «աշխարհի ամենավտանգավոր ատոմակայան» գնահատելու լավագույն հերքումն է»,- նշել են ՀԱԷԿ-ից` հավելելով, որ 2021 թ․ շահագործման հանձնելուց առաջ՝ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների (ՎՎԱ) ավարտից հետո, ՀԱԷԿ-ում տեսչական ստուգումներ են անցկացրել միջազգային եւ ազգային մի շարք կազմակերպությունների պատվիրակություններ, ինչի արդյունքում վերջիններս կայանի վերագործարկման համար խոչընդոտներ չեն հայտնաբերել․ «Առանց ԱԷՄԳ-ի կողմից ՎՎԱ արդյունքների հավանության ՀԱԷԿ-ի վերագործարկումը հնարավոր չէր լինի»: Կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում վթարներ տեղի չեն ունեցել Թուրք հեղինակը նաեւ նշել է, թե կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում բազմաթիվ լուրջ վթարներ են տեղի ունեցել։ Հարցմամբ խնդրել էինք մանրամասնել, թե երբ, ինչ բնույթի, ինչ լրջության եւ քանի վթար է տեղի ունեցել ՀԱԷԿ-ում, իսկ դրանց առկայության դեպքում՝ նաեւ պատճառները եւ հետեւանքները բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ ՀԱԷԿ-ում երբեք վթարներ տեղի չեն ունեցել։ Համաձայն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջազգային եւ ազգային օրենսդրության՝  վթարը ունի կոնկրետ սահմանում։ Ըստ այդմ, վթարը ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ է, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք եւ (կամ) իոնացնող ճառագայթման տարածում: Ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշման էլ՝ վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով եւ հետեւանքներով: Կոմիտեի փոխանցմամբ՝ ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում տեղի են ունեցել միայն միջադեպեր, որոնք ԱԷՄԳ–ի համակարգի սանդղակով երբեք բարձր չեն եղել 1-ին մակարդակից․ «Տեղի ունեցած միջադեպերը սահմանված կարգով հաղորդվում են Կոմիտեին, ինչպես նաեւ՝ ԱԷՄԳ-ին։ Տեղեկությունը հրապարակվում է նաեւ ԱԷՄԳ–ի կողմից վարվող «International Reporting System» համակարգի բազայում»։ ՀԱԷԿ-ից էլ հայտնել են, որ շահագործման ողջ ընթացքում տեղի ունեցած միակ լուրջ պատահարը կարելի է համարել թիվ 1 էներգաբլոկի (ներկայումս դուրս է բերված շահագործումից) տուրբինային բաժանմունքում (մեքենասրահում) 16-րդ անցուղու մալուխների բռնկումը։ Այն տեղի է ունեցել 1982 թ․ հոկտեմբերի 15-ին: Ըստ ԱԷԿ-ների պատահարների միջազգային սանդղակի՝ տվյալ պատահարին վերագրվել է «0» աստիճան, ինչը նշանակում է, որ այն եղել է տեխնիկական բնույթի պատահար, որը կապված չէ միջուկային կայանի եւ նրա աշխատանքի հետ․ «Այս պատահարը չի դասակարգվում որպես վթար, քանի որ տեղի չի ունեցել ճառագայթաակտիվ նյութերի արտահոսք ռեակտորային կայանի սահմաններից դուրս: Բռնկումը վերացվել է, վնասված մալուխները եւ առանձին տարրեր փոխարինվել են, եւ թիվ 1 էներգաբլոկը շարունակել է իր բնականոն աշխատանքը ընդհուպ մինչեւ 1989 թ․ կանգը, որից հետո այդ բլոկը չի շահագործվում»,- ասված է պատասխանում։ 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել Հոդվածի հեղինակը նաեւ պնդումներ է արել այն մասին, որ չնայած ՀԱԷԿ-ը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա, այնուհանդերձ, 1988 թ. երկրաշարժի ժամանակ մեծ վնաս է կրել, ստեղծել ռադիոակտիվ արտահոսքի վտանգ եւ փակվել սեյսմիկ խոցելիության պատճառով։ Պատկան մարմիններից մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք Սպիտակի երկրաշարժից հետո առաջացել է «ռադիոակտիվ արտահոսքի վտանգ», եւ արդյո՞ք 1989 թ. ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցման պատճառը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով կայանի կրած «մեծ վնասներն» են։ Բացասական պատասխանի դեպքում խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը նման որոշում կայացրել։ ՀԱԷԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել։ Կայանի սարքերը Ռիխտերի սանդղակով մինչեւ 5,6 բալանոց ցնցումներ են գրանցել, այնինչ պաշտպանական սահմանը, ըստ նույն սանդղակի,  6 բալն է եղել։ Իսկ երկրաշարժի ուժգնությունը, ինչպես հայտնի է, կազմել է 7 բալ․ «Երկու էներգաբլոկներն էլ երկրաշարժի պահին եւ դրանից հետո շարունակել են աշխատել բնականոն շահագործման ռեժիմով, եւ կայանի սարքավորումների ու շինարարական կառուցատարրերի հետագա մանրամասն զննման արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ուստի, ռադիոակտիվ արտահոսքի կամ Ատոմակայանի կողմից կրած վնասների մասին տեղեկությունը անհիմն է, քանի որ որեւէ համակարգ վնասված չի եղել, առկա ռադիացիոն մոնիթորինգի համակարգերը որեւէ արտահոսք չեն գրանցել»։ Այնուամենայնիվ, Չեռնոբիլյան սինդրոմի եւ Հայաստանի բնակչության սեյսմիկ շոկի ֆոնի վրա ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը (Հայկական ԽՍՀ մինիստրների խորհուրդի ներկայացմամբ) որոշում է ընդունել 1989 թվականի փետրվարի 25-ին կանգնեցնել թիվ 1 էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին՝ թիվ 2 էներգաբլոկը: Ըստ Կոմիտեի՝ դա եղել է բացառապես քաղաքական որոշում։ Նույն համատեքստում հեղինակը նշել է, որ եթե անգամ ՀԱԷԿ-ում պայթյունի վտանգ չկա, միեւնույն է, տարածաշրջանում աղտոտվածության եւ քաղցկեղի առաջացման համար ճանապարհը բաց է։ Թեեւ նա չի հիշատակել քաղցկեղի դեպքերի որեւէ պաշտոնական վիճակագրություն, այնուհանդերձ նշել է Իգդիրի վրա ՀԱԷԿ-ի ունեցած ենթադրյալ ազդեցության մասին՝ օրինակ բերելով նույն քաղցկեղի դեպքերի աճը, բուսականության չորացումը եւ այլն, որոնք, ըստ հեղինակի, մտածելու տեղիք են տալիս։ Մենք խնդրել էինք պարզաբանել, թե որքանո՞վ է ողջամիտ այս տեսակ բացասական հետեւանքները առհասարակ ատոմակայանների եւ կոնկրետ Հայկական ատոմակայանի շահագործման հետ կապելը։ Խնդրել էինք նաեւ ներկայացնել, թե ՀԱԷԿ-ում ինչ եղանակով եւ ինչ հաճախականությամբ է իրականացվում շրջակա միջավայրի արտանետումների մոնիթորինգ։ Կոմիտեից նշել են, որ պնդումն իրականացվել է առանց վիճակագրական տվյալների վերլուծության կամ գիտական հետազոտությունների արդյունքների համապատասխան հղումների, ինչը ենթադրում է, որ այն հեղինակի սուբյեկտիվ գնահատականն է։ Մինչդեռ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում իրականացվում է շուրջօրյա մոնիթորինգ ռադիացիոն իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքները փաստում են, որ այնտեղ ռադիացիոն իրավիճակի գնահատման պարամետրերը չեն գերազանցում միջազգայնորեն սահմանված չափորոշիչները։ Հետեւաբար, բնականոն շահագործման ռեժիմում ՀԱԷԿ-ի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ըստ Կոմիտեի, պրակտիկորեն բացակայում է․ «Դրանից բացի, «Միջուկային անվտանգության մասին» եւ «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման մասին» միացյալ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ–ն պարբերաբար ԱԷՄԳ–ին է ներկայացնում ազգային հաշվետվություններ, որտեղ նշվում է նաեւ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում ռադիացիոն իրավիճակի պարամետրերի մասին տեղեկություն, ինչը հասանելի է նաեւ բնագավառի թուրք մասնագետներին։ ԱԷՄԳ-ի կողմից ստեղծված են մասնագիտական հարթակներ պրոֆեսիոնալ քննարկումների համար, եւ մինչ օրս ոչ մի երկրի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, նմանատիպ հարցեր չեն բարձրացվել»,– ասված է պատասխանում։ ՀԱԷԿ-ից էլ ընդգծել են՝ եթե, ըստ հեղինակի, ՀԱԷԿ-ի ազդեցությունը կայանից բավականաչափ հեռավորության վրա գտնվող իրենց բնակավայրի վրա այդչափ բացասական է, ապա մերձակա տարածքներում եւ հենց Հայաստանում պետք է լիներ ուռուցքաբանական աղետ՝ այրված անապատի ֆոնի վրա․ «Սակայն, բարեբախտաբար, օբյեկտիվ պատկերը բացարձակապես այլ է. աղուտավոր կիսաանապատը, որտեղ կառուցվել է Հայկական ԱԷԿ-ը, ներկայումս առավելագույնս պատված է այգիներով, բանջարանոցներով, անտառային տնկարկներով»։ ՀԱԷԿ-ը լիովին վերահսկում է արտանետվող տեխնիկական ջրերի ակտիվությունը Թուրք հեղինակը գրել է, որ ռեակտորի սառեցման համար օգտագործվող կեղտաջրերը արտանետվում են Արաքս գետ, այնուհետեւ՝ լցվում Կասպից ծով, ուստի, Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Կասպից ծովի սահմանակից բոլոր երկրների համար։ Հարցմամբ խնդրել էինք հայտնել այս պնդման իսկությունը, ինչպես նաեւ պարզաբանել ՀԱԷԿ-ում առաջացրած ջրերի կառավարումը եւ արտանետման դեպքում դրանց ազդեցությունը բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ նշվածը բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ ռեակտորի սառեցման համար կեղտաջրեր չեն օգտագործում․ «Մասնավորապես, ՀԱԷԿ-ի դեպքում ռեակտորը հովանում է փակ համակարգում շրջանառվող առաջին կոնտուրի ջրով, որն իր հերթին հովանում է նույնպես փակ համակարգում շրջանառվող երկրորդ կոնտուրի ջրով, իսկ վերջինս էլ հովանում է տեխնիկական ջրով (որը եւս շրջանառու փակ համակարգ է)»։ ՀԱԷԿ-ից էլ մանրամասնել են արտանետումների կառավարումը։ Ըստ այդմ, հատուկ հսկիչ բաքերում չափվում է ՀԱԷԿ-ից արտանետվող տեխնիկական ջրերի գումարային ակտիվությունը, եւ միայն սահմանված չափը չգերազանցելու դեպքում է թույլատրվում դրանց արտանետումը՝ տրված հատուկ բնապահպանական բնութագրավկայականի հիման վրա, որտեղ ներկայացված է ջրի տեսակարար ակտիվությունը, դրա ծավալը եւ այլ պարամետրեր․ «Արտանետումն իրականացվում է հատուկ խողովակաշարով դեպի մաքրման կառուցվածքներ, իսկ այնտեղից՝ ջրանցքով դեպի Սեւ ջուր գետ: Արտանետվող ջրի ակտիվությունը վերահսկվում է խողովակաշարի՝ ԱԷԿ-ից ելման կետում, մաքրման կառուցվածքներից ելման կետում եւ Սեւ ջուր գետ արտանետման վայրում: Արտանետվող ջրերի եւ մթնոլորտ արտանետվող գազերի միջին տեսակարար ակտիվությունը ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում չի գերազանցել սահմանված նորմատիվային արժեքների 1%-ը (թույլատրելի արժեքներից հարյուր անգամ պակաս է)»։ ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես ՀՀ-ում Հեղինակը նշել է, թե կան պնդումներ, որոնց համաձայն՝ Հայաստանը ռադիոակտիվ թափոններ է վաճառում Վրաստանին։ Նշել է նաեւ, թե իբր «օկուպացիայի ժամանակ» ՀԱԷԿ-ի միջուկային թափոնները թաղվել են Ղարաբաղում։ Թեեւ այս պնդումները դարձյալ հիմնված չեն որեւէ ստույգ աղբյուրի վրա, այնուհանդերձ, հետաքրքրվել էինք՝ ռադիոակտիվ թափոններ վաճառելու պրակտիկա առհասարակ գոյություն ունի՞, եթե ոչ, ապա հնարավո՞ր է, որ ՀՀ-ից այդպիսի թափոններ այլ նպատակներով տեղափոխված լինեն Վրաստանի կամ Արցախի Հանրապետություն։ Հաշվի առնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանումը ՀՀ-ից (բացառությամբ որոշ դեպքերի)՝ խնդրել էինք հայտնել, թե ինչ են արվում եւ որտեղ են պահվում ՀԱԷԿ-ի ռադիոակատիվ թափոնները, արդյո՞ք ՀՀ-ն ունի ռադիոակտիվ թափոնների հաշվառման եւ վերահսկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, եթե ոչ, ապա ո՞ր երկրի հետ համագործակցությամբ է դա իրականացվում։ Թափոնները Ղարաբաղում թաղելու եւ արտահանելու վերաբերյալ պնդումները Կոմիտեն բացարձակ ապատեղեկատվություն է որակել՝ նշելով, որ անկախությունից հետո ՀԱԷԿ-ում առաջացող աշխատած միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես  ՀԱԷԿ–ի տարածքում, եւ դրանց կառավարումն իրականացվում է ազգային եւ միջազգային կանոնակարգերի, ինչպես նաեւ ուղեցույցների, ներքին ընթացակարգերի ու հրահանգների համաձայն․ «Հայաստանը ունի մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածման երաշխիքների կիրառման պայմանագիր, եւ ՀՀ-ում առկա բոլոր միջուկային նյութերը հաշվառված են եւ գտնվում են պետական վերահսկողության ներքո։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին ՀՀ-ի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համաձայնագրի հիման վրա ԱԷՄԳ տեսուչների կողմից պարբերաբար իրականացվում են ստուգումներ, որոնք փաստում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»։ ՀԱԷԿ–ից էլ հավելել են, որ ճառագայթաակտիվ թափոնների հաշվառումն ու պահումը իրականացվում են միայն ՀԱԷԿ-ի տարածքում՝ հատուկ շինություններում, կառույցներում, առանձնացված հրապարակներում եւ լցարաններում։ Տեղի ընտրությունը կախված է թափոնի տեսակից՝ հեղուկ կամ պինդ, եւ կատեգորիաներից՝ բարձր, միջին կամ ցածր ակտիվության: «Կայանը բավարար չափով հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով, սարքերով, գործիքներով, պատշաճ որակավորում ունեցող անձնակազմով»։ Ըստ ՀԱԷԿ–ի՝ վերահսկվող գոտում (որտեղ հնարավոր է ճառագայթային աղտոտում) առարկաների, գործիքների, սարքերի եւ նյութերի հետ ցանկացած շփում թույլատրվում է միայն հատուկ դոզային կարգագրերով, որոնցում ամրագրվում է շփման թույլատրելի ժամանակը (ռադիացիոն մոնիթորինգի արդյունքներով): Վերահսկվող գոտուց նյութական ցանկացած  արժեքի դուրսբերումը կատարվում է հատուկ անցագրերով եւ ճառագայթումային ֆոնի թույլատրելի մակարդակը չգերազանցելու վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում։ Ավելի խիստ է կայանից նյութական արժեքների, առավել եւս՝ ՀՀ–ից դուրսբերման ընթացակարգը․ այդ դեպքում ավելացվում են տեղափոխման հիմնավորմանը եւ նպատակին ներկայացվող պահանջները․ «ՀՀ- ից այն բեռների արտահանման համար, որոնց ռադիացիոն ֆոնը գերազանցում է բնականը (սակայն թույլատրելիի սահմաններում է), անհրաժեշտ է ստացող երկրի եւ տարանցիկ երկրի համաձայնությունը՝ պայմանագրի առկայությունը»,– հավելել են Հայկական ԱԷԿ–ից։ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի միջեւ զուգահեռները անհիմն են, քանի որ դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են Ըստ հոդվածի հեղինակի՝ Մեծամորի ատոմակայանը, ինչպես Չեռնոբիլը, կառուցվել է ռուսական ամենահին տեխնոլոգիաներով, ուստի, այն խորհրդային ժամանակներից մնացած ամենավտանգավոր էլեկտրակայանն է, եւ եթե վթար տեղի ունենա, ապա դա կազդի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ նաեւ շրջակա բոլոր պետությունների վրա, ինչպես Չեռնոբիլի դեպքում էր։ Մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք ողջամիտ են կայքի այս համեմատությունները, եթե ոչ, ապա որո՞նք են էական տարբերությունները Մեծամորի եւ Չեռնոբիլի ատոմակայանների միջեւ։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի ռեակտորների միջեւ զուգահեռներն անհիմն են՝ հաշվի առնելով դրանց կառուցվածքների սկզբունքային տարբերությունը։ Դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են։ Բանն այն է, որ Չեռնոբիլի ատոմակայանը եռացող տիպի միակոնտուր ատոմակայան է, իսկ ՀԱԷԿ-ը՝ երկկոնտուր, ճնշման տակ գտնվող ջերմատարով ատոմակայան։ Էական տարբերությունն այն է, որ եթե միակոնտուր ատոմակայանում տուրբոգեներատորին աշխատեցնող գոլորշին ռադիոակտիվ է, ապա երկկոնտուր ատոմակայանում այն ռադիոակտիվ չէ (առաջին կոնտուրի ջուրը, հովացնելով միջուկային վառելիքը, տաքանում է, եւ այդ ջերմությունը շոգեգեներատորի միջոցով փոխանցում է երկրորդ կոնտուրի ջրին՝ չխառնվելով վերջինիս հետ, եւ երկրորդ կոնտուրի ջուրն էլ, վերածվելով գոլորշու, աշխատեցնում է տուրբոգեներատորին)։  Կոմիտեից շեշտել են, որ ատոմակայանների մասին խոսելիս «ամենահին» եւ «ամենավտանգավոր» բառերը գործածելը սխալ մոտեցում է, քանի որ ատոմակայանների անվտանգության գնահատման համար օգտագործվում են բնագավառում գործող չափորոշիչներ, որոնք իրենցից ներկայացնում են թվային կոնկրետ արժեքներ։ Շարունակելով ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին պնդումները՝ կայքը գրել է նաեւ, որ ԱԷՄԳ–ն եւ ԵՄ-ն են հայտարարել, որ այն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանն է։ Մենք հարցրել էինք՝ արդյո՞ք այս կառույցների կողմից նման գնահատական երբեւէ հնչել է։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ այդ հայտարարությունը բացարձակապես անհիմն է․ ԵՄ-ն քաղաքական կառույց է, եւ երբեւէ որեւէ պաշտոնական անձի կողմից նման պնդում չի հնչեցվել, իսկ ԱԷՄԳ-ն, հանդիսանալով ՄԱԿ-ի կառուցվածքային միավոր, իր կանոնադրության համաձայն տալիս է բացառապես մասնագիտական գնահատականներ եւ նման գնահատական ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերաբերյալ երբեւէ չի տվել։  Այս համեմատությունը, ըստ ՀԱԷԿ-ի, նույնն է, ինչ ԱԷՄԳ–ին եւ ԵՄ-ին կողմնակալության եւ անսկզբունքայնության մեջ մեղադրելը, քանի որ հայկական ԱԷԿ-ը որպես «աշխարհում ամենավտանգավոր ԱԷԿ» գնահատելիս պետք է անհապաղ ներկայացվեր այն կանգնեցնելու խստագույն պահանջ․ «Հայկական ԱԷԿ-ը շահագործվում է ԱԷՄԳ-ի ուղեցույցներին խիստ համապատասխան, պարբերաբար ընդունում է ԱԷՄԳ-ի տարբեր առաքելություններ եւ դրանց, ինչպես նաեւ՝ ԵՄ–ի  կողմից իրականցված սթրես-թեստերի արդյունքներով՝ կատարում բազմաթիվ աշխատանքներ։ Վերոնշյալ, ինչպես նաեւ դոնոր այլ երկրների եւ կազմակերպությունների աջակցությամբ (խորհրդատվական, տեխնիկական, ֆինանսական) հայկական ԱԷԿ-ում իրականացվում են անվտանգության եւ հուսալիության բարձրացմանն ուղղված շարունակական ծրագրեր: Հայաստանը լիովին կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է պատասխանում։ Հեղինակը նաեւ նշել է, որ 1986թ. մարտի 31-ին հարյուրավոր մարդիկ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղարկած նամակում պահանջում էին փակել ՀԱԷԿ-ը, որ նման պահանջ է ներկայացվել նաեւ Հայաստանի անկախացման գործընթացում ականավոր մտավորականների եւ անկախության շարժման առաջնորդների կողմից, ինչպես նաեւ՝ որ ԱԷՄԳ–ի՝ այն ժամանակվա գլխավոր տնօրենի տեղակալ Մորիս Ռոզենը, որը 1995 թ․ Մեծամորում փորձաքննություն է կատարել, նույնպես խոստովանել է, որ Մեծամորի ճարտարապետական նախագիծը թերի է եղել։ Այս ենթադրյալ դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների առկայության դեպքում խնդրել էինք դրանք եւս ներկայացնել։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ հասարակական ակտիվիստների բողոքները, հատկապես՝ Խորհրդային Հայաստանի փլուզման ժամանակներում, կրում էին քաղաքականացված բնույթ, եւ հիմնված չէին որեւէ հիմնավոր փաստարկների վրա․ «Անցյալ դարի ութսունական թվականների վերջին մարդիկ փնտրում էին կյանքի որակից իրենց դժգոհության բացատրությունը, եւ ոմանք կարծում էին, որ ՀԱԷԿ-ը, «Նաիրիտ»-ը, այլ «վնասակար» արտադրություններ կանգնեցնելով՝ Հայաստանը կազատվի ԽՍՀՄ-ի խնամակալությունից եւ ձեռք կբերի երկար սպասված անկախությունը։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը, եւ արդեն 1993 թ․ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի աշխատանքը վերսկսելու ՀՀ կառավարության որոշումը ընկալվեց ըմբռնումով եւ հավանությամբ»։  Կոմիտեից նշել են, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաթողարկումից հետո իրականացվում է շահագործման իրականացման բաց քաղաքանություն, որի ընթացքում լուսաբանվում են ոչ միայն էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումները, այլ նաեւ ՀԱԷԿ-ում կազմակերպվող աշխատանքային, գիտական հանդիպումները, միջազգային կառույցների կողմից իրականացվող փորձագիտական առաքելությունները, անցկացվող վթարային վարժանքները եւ այլն․ «Այժմ էլ հանրության լայն շրջանակներում առկա չէ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման դադարեցմանն ուղղված հանրային կարծիք»,– ասված է ՀԱԷԿ–ի պաշտոնական պատասխանում։ Հավելենք, որ թեեւ Թուրքիայում պաշտոնյաների մակարդակով պարբերաբար հնչում են հայտարարություններ հայկական ԱԷԿ-ի՝ իբր վտանգավոր լինելու վերաբերյալ, սակայն տվյալ դեպքում հայկական մեդիայում տարածված «թուրք պաշտոնյա» ձեւակերպումը ճիշտ չէ, որովհետեւ հոդվածի հեղինակը՝ Այդըն Դենիզը, ոչ թե պաշտոնյա է, այլ թուրքական «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավարը։ Հայկական ԶԼՄ-ների համար աղբյուր հանդիսացած Ermenihaber.am կայքն էլ, չնայած վերնագրում նշել է «թուրք պաշտոնյա», սակայն հրապարակման մեջ հեղինակին ներկայացրել է որպես հիշյալ կառույցի ղեկավար։ Այսպիսով, թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցի հրապարակած հոդվածի պնդումները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին, անհիմն են, չփաստարկված եւ միտված են խեղաթյուրելու Հայաստանի կողմից ազգային եւ միջազգային օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։     Միլենա Խաչիկյան
18:22 - 25 սեպտեմբերի, 2022
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի |armenpress.am|

armenpress.am: Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի: Փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Միջուկային գործարքը միջնորդների կարիք չունի»,- ասել Է նա՝ պատասխանելով միջուկային գործարքի վերականգնման համար Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնոդրության համար եվոպական երկրների հնարավոր ներգրավման մասին լրագրողի հարցին: Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը, որ կարող են եվրոպացիներն անել, (համաձայնագրի շրջանակում) իրենց պարտավորությունները կատարելն Է»: Բացի դրանից, նա կրկին հնչեցրել Է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ-ը պետք Է վերադառնա համաձայնագրին եւ վերացնի պատժամիջորցներն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեի հայտարարությունը հնչել Է Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբից հետո Գործողությունների համատեղ համապափակ պլանին (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի մասին տեղեկավտության ֆոնին: Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 19-ին հայտարարել, որ Բայդենը մտադիր Է ԳՀՀՊ-ի հիման վրա միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ հասնել ավելի երկարաժամկետ գործարքի կնքման: Բլինկենն ընդգծել Է, որ Վաշինգտոնի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ Իրանի նկատմամբ ապագա քայլերի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:22 - 08 փետրվարի, 2021