ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ամփոփել է 2024 թ․ գործունեությունը
17:26 - 17 հունվարի, 2025

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ամփոփել է 2024 թ․ գործունեությունը

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաղորդագրություն է տարածել 2024թ. կատարողականի մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի (ԱԷՕԲ) օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն: Վերլուծվել են անվտանգությունը հիմնավորող հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ, կազմվել են եզրակացություններ: Տրամադրվել է անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։

ՀԱԷԿ-ում իրականացվել է 4 ստուգայց, անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 4 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։

Կոմիտեի կողմից շարունակվել է նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրությունը:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների (ԻՃԱ) օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է ԻՃԱ պետական գրանցում՝ 83 հատ, իրավաբանական 26 և ֆիզիկական 93 անձանց տրամադրվել է նոր լիցենզիաներ, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում՝ 58, դադարեցվել է 8 իրավաբանական և 9 ֆիզիկական անձանց լիցենզիաները:

Տրված լիցենզիային կից պահանջների և պայմանների, ԱԷՕԲ օրենսդրության պահանջների կատարման վերահսկման նպատակով 2024 թվականին առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտներում իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։

Անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Եվրոպական միության (ԵՄ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ։ Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Հաշվի առնելով ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը ԵՄ դիրեկտիվների։ 2024 թվականին շարունակվել են աշխատանքները «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ:

Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նապատկով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024 թվականին նախագիծը մշակող խմբին է ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։ Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։ Նոր Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025թ․ սեպտեմբերին։ Երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվեն և կմշակվեն նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն միջուկային և ճառագայթային անվտանգությունը ՀՀ-ում։

2024 շարունակվել է ԱԷՄԳ հետ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել