Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ

Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ

Խորհրդային Միության փուզումից հետո Հայաստանի գիտական համակարգն էական բարեփոխումների չենթարկվեց։ Հայաստանում շարունակվում էր ԽՍՀՄ-ին բնորոշ՝ տեղական ամսագրերում տպագրվելու ավանդույթը, քիչ էին միջազգային համագործակցությունները։ Վերջին տարիներին հայաստանյան գիտության մեջ էական տեղաշարժեր են նկատվում՝ ֆինանսավորման աճից մինչև գիտնականների համար միջազգային տպագրությունների պահանջի ներդրում։ Չնայած դրան՝ միջազգային տպագրությունների առումով Հայաստանը զիջում է զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներին։  Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները և նրանց իտալացի գործընկերները Scientometrics ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում Հայաստանի գիտական համակարգը համեմատել են իտալականի հետ՝ հաշվի առնելով, որ Իտալիան ինտեգրված է եվրոպական գիտական տարածքին։ Այս փաստը, հեղինակների խոսքով, օգնում է գնահատել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական ստանդարտներին համապատասխանությունը:  Նրանք Հայաստանի և Իտալիայի գիտնականների արդյունավետության ցուցիչների համեմատություն են կատարել՝ ցույց տալով, թե որքանով է Հայաստանը զիջում Իտալիային, որոնք են Հայաստանում գիտական առաջատար ուղղություններն ու հետազոտություններ իրականացնող կառույցները։   Համեմատությունը անհատական և ընդհանուր մակարդակներով Հետազոտության հեղինակներն ուսումնասիրության մեջ ներառել են 3617 հայ և 27 034 իտալացի գիտնականների։ Ավելի քան 33 հազար գիտնականների համար նրանք հաշվել են արդյունավետության անհատական ցուցիչներ՝ հիմնվելով Web of Science (WOS) գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում այդ գիտնականների՝ 2017-2021 թթ․ հրապարակումների վրա։ Հեղինակները համեմատություն կատարելիս հիմնվել են ոչ թե հոդվածների բացարձակ թվի վրա, այլ բանաձևով հաշվարկել են, թե երկու երկրներում գիտության մեջ արված ներդրումների դիմաց որքան գիտական արդյունք են տվել գիտնականները։ Բանաձևում մի կողմից հաշվի են առնված ամեն գիտնականի աշխատաժամանակը, աշխատավարձը, հետազոտությունների մեջ ներդրված կապիտալ ծախսերը, մյուս կողմից՝  WOS-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված հոդվածներն ու դրանց արված հղումները։ Սակայն հաշվի են առնված ոչ թե հոդվածների բացարձակ թվերը, այլ այն, թե որքան է տվյալ գիտնականի՝ հոդվածին մասնակցությունը (հոդվածը բաժանվել է համահեղինակների թվին), ինչ ազդեցության գործակցով ամսագրում է հրապարակվել այն, որքան հղում է ստացել։ Այլ կերպ ասած՝ սա որակական ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե ստացած ներդրման դիմաց ամեն գիտնական որքան արդյունավետ է աշխատել։ Շուշանիկ Սարգսյանը Ստացված արդյունավետության ցուցիչների համեմատությունը գիտակական ավելի կայուն ու զարգացած համակարգ ունեցող երկրի հետ, ինչպիսին Իտալիան է, թույլ է տալիս պատկերացում կազմել Հայաստանում հետազոտությունների արդյունավետության մասին։ «Այս ցուցիչի նպատակն է գնահատել արտադրողականությունը՝ հաշվի առնելով ոչ միայն հրապարակումների քանակը, այլև դրանց որակը, կապիտալի և աշխատուժի ներդրումը և համագործակցային հետազոտություններում անհատական ներդրումները»,- ասում է հոդվածի համահեղինակ, Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար, գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանը:   Համեմատության արդյունքները Հետազոտության մեջ ներառված գիտնականները դասակարգվել են ըստ գիտական ուղղությունների՝ հիմնվելով WOS-ի՝ ամսագրերի դասակարգման սխեմայի վրա, ընդհանուր՝ 128 ուղղություններ։ Ապա այդ 128 գիտական ուղղությունները խմբավորել են 8 ընդհանուր ուղղություններում։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս գիտնականների բաշխվածությունն այս 8 ուղղություններում։ Հետաքրքիր է, որ և՛ Հայաստանում, և՛ Իտալիայում ճարտարագիտությունը գիտնականների թվով առաջատար է։ Հոդվածի հեղինակները նշում են, որ տվյալների բազայում ներառված 3617 հայ հետազոտողներից միայն 1025-ը կամ 28.3%-ն է 2017-2021 թթ․ ընթացքում WOS-ում ինդեքսավորված ամսագրում առնվազն մեկ հրապարակում հեղինակել: Մինչդեռ Իտալիայի դեպքում այդ գիտնականների թիվը կազմում է 26 515 կամ ավելի քան 98%։ Հեղինակները հետազոտության համատեքստում ակտիվ գիտնական են համարում նրանց, ովքեր WOS-ում ինդեքսավորված ամսագրերում առնվազն մեկ հրապարակում են ունեցել ուսումնասիրված տարիների ընթացքում։ Ստորև կարող եք տեսնել Հայաստանի և Իտալիայի ակտիվ գիտնականների տոկոսը՝ ըստ առանձին ոլորտների (պատկերն ինտերակետիվ է․ ամեն ուղղության տոկոսը տեսնելու համար սլաքը մոտեցրեք համապատասխան կետիկին)։ Ընդ որում, ինչպես և սպասելի էր, Հայաստանում գիտական կազմակերպություններում բուհերի համեմատ ավելի մեծ տոկոս են կազմում ակտիվ գիտնականները, համապատասխանաբար՝ 38.4% և 22.7%։ Իսկ հաջորդիվ կարող եք տեսնել, թե նշված գիտական ուղղություններում մեկ գիտնականին միջինում քանի հոդված է բաժին ընկնում (հաշվարկում ներառված են միայն ակտիվ գիտնականները)։ Ինչպես երևում է, Հայաստանում առաջատարն է ֆիզիկան։ Ինչպես նշեցինք, հեղինակները վերը նշված բանաձևով գիտնականների համար արդյունավետության անհատական ցուցիչներ են հաշվարկել։ Ապա նրանք մեկ այլ բանաձևով հաշվարկել են ընդհանրական ցուցիչներ առանձին ոլորտների համար՝ հիմնվելով այդ ոլորտների գիտնականների անհատական ցուցիչների վրա։ Ստորև կարող եք տեսնել վերը նշված 8 ոլորտների արդյունավետության ցուցիչները։ Այս հաշվարկում ներառված են միայն ակտիվ գիտնականները։ Հայաստանի համար առաջատար ուղղությունն է մաթեմատիկան։ Սակայն մեր ամենաարդյունավետ ուղղությունն անգամ բավականին հետ է մնում Իտալիայի պակաս արդյունավետ ուղղությունից։  Հետազոտողները 128 ոլորտներից առանձնացրել են այն ոլորտները, որոնք առաջատարն են արդյունավետության ցուցիչների առումով։ Հայաստանում առաջին տեղում է կոմպլեմենտար և ինտեգրատիվ բժշկությունը։ Մնացած առաջատար ուղղություններին կարող եք ծանոթանալ ստորև։ Ինչպես երևում է, Հայաստանի ամենաառաջատար ուղղություններում Իտալիայի հետ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Հետազոտողները գիտնականների անհատական ցուցիչների հիման վրա ընդհանրական ցուցիչներ են հաշվարկել ոչ միայն ոլորտների, այլ նաև հետազոտություն իրականացնող կառույցների համար։  Ուսումնասիրվող ժամանակահատվածում hայաստանյան երեք կազմակերպություններ ոչ մի հոդված չեն ունեցել WOS-ում ինդեքսավորված ամսագրերում։ Դրանք են Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը և ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը: Ստորև կարող եք տեսնել հայաստանյան կառույցները՝ ըստ արդյունավետության ցուցիչների։ Ցանկը գլխավորում է Հայաստանում Ամերիկյան համալսարանը, հաջորդում են ԳԱԱ երկու ինստիտուտներ։ Այս դեպքում ևս հաշվարկն իրականացվել է միայն ակտիվ գիտանականների ցուցիչներով։ Թերթեք՝ տեսնելու համար բոլոր կառույցները։ Հաշվի առնելով, որ արդյունավետության անհատական ցուցիչները հաշվարկվել են հետազոտության մեջ ներառված ավելի քան 33 հազար գիտնականների համար, հոդվածի հեղինակներն առանձին ցանկով ներկայացնում են նաև արդյունավետության ամենաբարձր ցուցիչ ունեցող հայաստանյան գիտնականներին՝ նշելով միայն նրանց ոլորտը և այն, թե որ կառույցի/կառույցների հետ են աֆիլացվում։ Ինչպես տեսնում ենք, չնայած ոլորտների ընդհանրական ցուցիչներով Հայաստանն անհամեմատ հետ է Իտալիայից, կան արդյունավետության տպավորիչ արդյունք գրանցած առանձին գիտնականներ։ Այս գիտնականներն աֆիլացվում են Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայ-ռուսական համալսարանի (ՀՌՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մի քանի ինստիտուտների և Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ։ Թերթեք՝ տեսնելու համար բոլոր գիտնականներին   Տվյալները՝ քաղաքականության մշակման հիմք Ամփոփելով հետազոտությունը՝ գիտնականները նշում են, որ Հայաստանի ու Իտալիայի արդյունքների անհամաչափությունն ակնհայտ է հատկապես բարձր ազդեցության գործակցով ամսագրերում․ այստեղ հայ գիտնականների ներկայությունը շատ ավելի ցածր է: Այն, որ իտալական գիտական համակարգը ցուցաբերում է հետազոտական ավելի բարձր արդյունավետություն, հոդվածի հեղինակները պայմանավորում են մի քանի գործոններով՝ կայուն ինստիտուցիոնալ հիմքեր, հետևողական ֆինանսավորում, եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրում և միջազգային համագործակցություններ: Հեղինակները նշում են, որ Հայաստանի գիտական համակարգը, թեև ցուցաբերում է զարգացման խոստումնալից նշաններ, դեռ պայքարում է խորհրդային անցյալի ժառանգության հետ: Իսկ արդյունավետության ցածր մակարդակը հեղինակները պայմանավորում են ֆինասնավորման համեմատաբար փոքր ծավալով, որոշ կառույցներում միջազգային հրապարակումները խրախուսող մեխանիզմների բացակայությամբ։  Հեղինակները ողջունում են կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք խրախուսում են WOS-ում և Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունները, մյուս կողմից շեշտում են, որ այս փոփոխությունների լիարժեք ազդեցությունները դեռ պետք է երևան: Իսկ վերջում Հայաստանի գիտական քաղաքականությունը մշակողների համար մի քանի առաջարկներ են ներկայացնում՝ մրցակցային հետազոտական ֆինանսավորման ընդլայնում՝ խրախուսելու բարձրորակ հրապարակումները և միջազգային համագործակցությունը,  միջազգային հրապարակումների խթանների մշակում, ինչպիսիք են ֆինանսավորման բոնուսները WOS-ում և Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների համար, ակադեմիական շարժունակության ծրագրերի ամրապնդում՝ գլոբալ գործընկերությունները ընդլայնելու համար, հետազոտական ինստիտուտները համալսարանների կազմում ինտեգրում՝ համապատասխան եվրոպական բարձրագույն կրթության մոդելներին: Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնում Հոդվածի համահեղինակ Շուշանիկ Սարգսյանը նշում է՝ կարևոր է, որ բուհերի դասախոսների՝ հետազոտություններով զբաղվելը խրախուսվի, ինչու ոչ՝ նաև պարտադրվի։ Գիտնականի խոսքով եթե անգամ սկզբնական շրջանում հետազոտությամբ զբաղվելը պարտադիր չլինի, պիտի գոնե հետազոտող դասախոսներն ինչ-ինչ առավելություններ ունենան։  Հոդվածի հեղինակը կարևորում է նաև այն, որ այս և նմանատիպ հետազոտությունների արդյունքները դրվեն որոշումների կայացման հիմքում։ Իրենց հետազոտությունն, օրինակ, ներառում է Հայաստանում հետազոտություններ իրականացնող գրեթե բոլոր գիտնականների բազան՝ արդյունավետության ցուցիչներով։ Եթե կառավարությունը նպատակ ունի զարգացնելու այս կամ այն ոլորտը, ապա այս տվյալների հիման վրա կարող է պատկերացում կազմել, թե յուրաքանչյուր ոլորտում որ գիտնականներն են առաջատար դիրքերում։ Շուշանիկ Սարգսյանը շեշտում է այն հանգամանքը, որ որոշ ոլորտներում Հայաստանն ունի գիտնականներ, որոնք Իտալիայի նույն ոլորտի գիտնականների հետ հավասար դիրքերում են, անգամ՝ առաջ են անցնում, և այդ մարդկանց ներուժը կարելի է օգտագործել։ Բացի այդ՝ գիտնականը կարևորում է, որ իրենց հավաքագրած ու վերլուծած տվյալներն օգտագործվեն գիտական ուղղությունների առաջնահահերթություններ սահմանելիս։ «Նախ պետք է որոշել, թե որ ուղղություններն են առաջնահերթ մեզ համար։ Օրինակ՝ մենք ասում ենք, որ ուզում ենք հայագիտությունը զարգացնել և ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել։ Ի՞նչ քայլեր ենք անում դրա համար։ Ամենակարևորը՝ պետք է հասկանանք՝ մեր երկրի զարգացման համար որ ուղղություններն են կարևոր, վեր հանենք այն մասնագետներին, որոնք կարող են տվյալ ուղղությունները մակրո մակարդակով զարգացնել։ Եթե մենք ուզում ենք ինտեգրվել միջազգային գիտական հանրությանը, ապա  պետք է խաղանք այդ խաղի կանոններով, տեսնենք՝ այնտեղ որ ուղղություններն են զարգացած, պրոյեկտենք մեր երկրի առանձնահատկությունների վրա՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները։  Գուցե, օրինակ, երկրաբանության մեջ հիմա ներդրում չենք անում, բայց խորհրդային շրջանում ունեինք լավ երկրաբաններ։ Միգուցե դա պետք է զարգացնե՞լ Հայաստանում։ Կամ ագրոգիտությունը։ Ես հիմա ափսոսանքով եմ լսում, որ Ագրարային համալսարանում դիմորդ չի լինում, բայց հետաքրքիր ուղղություններ կան, ինչո՞ւ չենք զարգացնում դա»,- ասում է նա։   Տվյալների հավաքագրումն ու հնարավոր սահմանափակումները Հետազոտության մեջ ներառվել են հայաստանյան 14 համալսարաններ, ինչպես նաև ԳԱԱ 20 ինստիտուտներ (ԳԱԱ համակարգից դուրս գործող ինստիտուտները չեն ներառվել)։ Հայաստանյան մի քանի բուհեր՝ Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ֆրանսիական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը, չեն տրամադրել գիտնականների մասին տվյալներ, հետևաբար հետազոտողներն այս բուհերի տվյալները չեն ներառել։ Սա, հեղինակների փոխանցմամբ, կարող է իրենց տվյալներում որոշակի սահմանափակումներ մտցնել։  Տվյալների անհասանելիության պատճառով հետազոտության մեջ չի ներառվել նաև Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, որը ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական կառույց է։ Սա ևս որոշակի սահմանափակումներ է  մտցնում ֆիզիկային վերաբերող տվյալներում՝ հաշվի առնելով, որ ֆիզիկայի հետազոտություններով զբաղվող գիտական այս կառույցն, ըստ Հայաստանի կառավարության տվյալների, ապահովում է Հայաստանի միջազգային տպագրությունների մոտ 25%-ը։  Իտալիայի դեպքում հետազոտողները վերցրել են պետական բոլոր համալսարանների գիտնականների տվյալները, քանի որ այնտեղ հետազոտություններում առանցքային դեր են խաղում հենց համալսարանները։ Այս դեպքում տվյալները հավաքագրելու կարիք չի եղել՝ հաշվի առնելով, որ Իտալիան պաշտոնական համակարգված վիճակագրություն է վարում։  Շուշանիկ Սարգսյանը նշում է՝ Հայաստանի տվյալների հավաքագրումը և գիտնականների նույնականացումն իրենց աշխատանքի ամենադժվար փուլերից մեկն էր՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկություններն իրենք վերցրել են պաշտոնական փաստաթղթերից, գիտական կառույցների կայքերից կամ գրությունով խնդրել առանձին կազմակերպություններից։ Որոշ կառույցներից, ինչպես արդեն նշեցինք, հնարավոր չի եղել տվյալները ստանալ։ Կարևոր է նշել, որ հեղինակները հոդվածում շեշտում են՝ չնայած այս հետազոտության մեջ ներառվել են WOS-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումները, դրանք գիտական միակ արդյունքը չեն․ գիտական արդյունք են համարվում նաև պատենտները կամ հետազոտական այնպիսի աշխատանքները, որոնց վերջնանպատակը տպագրությունը չէ։ Հեղինակները հավելում են, որ հոդվածներին կատարված հղումները ևս միանշանակ կերպով չեն խոսում այն մասին, որ հետազոտությունից այլ հեղինակներ օգտվել են: Շուշանիկ Սարգսյանը բացատրում է, որ սա փորձնական հետազոտություն էր, որի նպատակն էր համեմատության այս ֆրակցիոն (հետազոտություններին ամեն գիտնականի մասնակցության չափը հաշվի առնող) մեթոդը կիրառելու Հայաստանում։ Գիտնականը նշում է՝ այս մեթոդն արդեն կիրառվել է Իտալիայում, Նորվեգիայում, իսկ այժմ արդեն՝ Հայաստանում։ Լուսանկարում Շուշանիկ Սարգսյանի կողքին հոդվածի առաջին հեղինակ Ջովաննի Աբրամոն է, որը գիտական համակարգերի համեմատության այս մոդելի հեղիակներից մեկն է Կարևոր է նշել, որ հետազոտությունը ներառում է միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ), ինչպես նաև բժշկագիտական ուղղությունները․ հումանիտար և հասարակագիտական ուղղությունները չեն ներառվել։ Շուշանիկ Սարգսյանը բացատրում է, որ այս ուղղություններում հոդվածներին կատարվող հղումների քանակը սովորաբար քիչ է լինում։ Հետևաբար, եթե փորձեին արդյունավետության ցուցիչ հաշվել, այն, միևնույն է, 0 էր լինելու։ Գիտնականը նշում է, որ սա հումանիտար և հասարակագիտան ուղղությունների առանձնահատկությունն է․ այս ոլորտների գիտնականները շատ ավելի մեծ ինտերվալներով են հոդվածներ տպագրում, համահեղինակներ քիչ են լինում, բացի այդ՝ շատ հաճախ հղումներ են կատարվում արխիվային նյութերի, դասական հեղինակների, և հղումների ցանցն այնպես չի աշխատում, ինչպես ԲՏՃՄ և բժշկագիտական ուղղությունների համար։ Այդ է պատճառը, որ այս մեթոդաբանությամբ նշված ոլորտները հնարավոր չէ համեմատել։ Վերջում Շուշանիկ Սարգսյանը հույս է հայտնում, որ երբ մի քանի տարի հետո նորից որոշեն նմանատիպ հետազոտություն իրականացնել, հնարավորություն կունենան ներառելու Հայաստանի բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, իսկ Հայաստանն ավելի առաջատար դիրքերում կլինի։ Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
21:15 - 30 մայիսի, 2025
Ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր. Իտալիայի փոխվարչապետի գրառումը |1lurer.am|

Ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր. Իտալիայի փոխվարչապետի գրառումը |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։ Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին: Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
14:54 - 24 ապրիլի, 2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024թ․-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում: Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում։ 
15:47 - 10 ապրիլի, 2025
Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա |armenpress.am|

Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը: Այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը: Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա: Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:07 - 15 մարտի, 2025
ՆԳ նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանը անդրադարձել են վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին

ՆԳ նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանը անդրադարձել են վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը: Կողմերը, ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
10:36 - 05 մարտի, 2025
Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի վերադարձման խնդրին առնչվող հարցեր

Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի վերադարձման խնդրին առնչվող հարցեր

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են «Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ»-ից: «Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները: Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգություններին, Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների վերադարձման խնդրին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դատապարտման և կանխման գործում։ Իր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:02 - 28 փետրվարի, 2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
15:59 - 11 փետրվարի, 2025
ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա Ֆոսկարի և Հռոմի Լա Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ: Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։
18:38 - 05 փետրվարի, 2025
Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ B2B հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները, այս համատեքստում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը և առաջարկել է դիտարկել իտալական ընկերությունների կողմից ներդրումների իրականացման հնարավորությունը։ Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության (Agenzia ICE) բացումը։ Նախարարը ողջունել է գաղափարը և նշել. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցության ընդլանյման հեռանկարները։
16:59 - 04 փետրվարի, 2025
Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Հայաստանում․ ՀՀ-ում Իտալիայի դեսպան

Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Հայաստանում․ ՀՀ-ում Իտալիայի դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին։Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Նա ընդգծել է, որ պատմական սերտ առնչություններն ու ընդհանուր արժեհամակարգերը նպաստել են Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ձևավորմանը և զարգացմանը։Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության խորացումը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դեսպանին՝ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։Նախագահ Խաչատուրյանը  կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության և խորհրդարանական մակարդակով գործակցության դերը։Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեկամական խոսքերի համար՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։ «Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում»,- նշել է դեսպանը։Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստան-Իտալիա կապերի առավել ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը, մասնավորապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում։Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի համար Իտալիայի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։  
19:35 - 21 հունվարի, 2025
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
 |azatutyun.am|

Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանությունը, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Ֆինլանդիան հանգստյան օրերին հյուրընկալել է Իտալիայի, Շվեդիայի և Հունաստանի ղեկավարներին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարարին հյուսիսային Լապլանդիայում՝ քննարկելու Հյուսիսային տարածաշրջանում և Միջերկրական ծովի անվտանգությունը, ինչպես նաև Հարավային Եվրոպայում միգրացիոն խնդիրները: «Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքը շատ ավելի լայն է, քան մենք պատկերացնում ենք», - ասել է Մելոնին։ ԵՄ անվտանգությանը սպառնացող վտանգը Ռուսաստանից կամ այլ տեղից չի ավարտվի Ուկրաինայի հակամարտությունն ավարտվելուց հետո, և ԵՄ-ն պետք է պատրաստ լինի դրան, ասել է նա՝ կոչ անել միությանն ավելին անել իր սահմանները պաշտպանելու համար և թույլ չտալ Ռուսաստանին կամ որևէ «հանցավոր կազմակերպության» ուղղորդել անօրինական ներգաղթյալների հոսքը: Մոսկվան հերքում է, որ Ռուսաստանը միտումնավոր անօրինական ներգաղթյալներին ԵՄ է մղում։
16:46 - 22 դեկտեմբերի, 2024
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։
14:02 - 12 դեկտեմբերի, 2024