ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն

«Մեծ ակնկալիքներ չունենք». Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են զինդատախազին
 |hetq.am|

«Մեծ ակնկալիքներ չունենք». Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհվածների ծնողները հանդիպում են զինդատախազին |hetq.am|

hetq.am: Զինվորական դատախազության վարչական շենքի առաջ այսօր հավաքվել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները, հարազատները: Նրանք հանդիպելու են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի հետ: Հանդիպումից մեկ ժամ շուտ էին եկել և միասին քննարկում էին բոլոր հնարավոր ու անհնար վարկածները զինվորների մահվան հանգամանքների մասին: «Ես ոչ մեկին էլ չեմ հավատա»,- ասում է ծնողներից մեկը: «Թույնել են երեխեքին»,- հավելում է մյուսը: Հարազատներին միացավ նաև ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա` տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Ծնողները և փաստաբանը չցանկացան մեկնաբանություն տալ և նշեցին, որ կխոսեն հանդիպումից հետո: Միայն զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը խոսեց` նշելով, որ շատ երկար են սպասել և վերջապես այսօր համաձայնել են իրենց ընդունել: «Չգիտեմ` ոնց կավարտվի հանդիպումը: Շատ հարցեր ունենք»,- աաաց նա: Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներ չունեն, վստահ է, որ քննությունն ուղղորդված է ընթանում: Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտնել, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։ Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը բավարարել էր պահանջը։
16:07 - 30 մարտի, 2023
Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ, իսկ ՊՆ-ից չեն արձագանքում մեր հարցերին․ պաշտպան
 |tert.am|

Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ, իսկ ՊՆ-ից չեն արձագանքում մեր հարցերին․ պաշտպան |tert.am|

tert.am: Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրդեհից տուժածների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը։ «Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝  հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով»,- ասաց փաստաբանը։ «Ես ստացել եմ ՆԳՆ ՓԾ տնօրենի համապատասխան գրությունը, որով բոլոր հարցերին պատասխանել է, բացառությամբ երկու ռազմավարական բնույթի հարցերի։ Դրանք վերաբերում էին այն հարցերին, թե գնդապետ Սարոյանին կոնկրետ երբ, ինչ հանգամանքներում, ում կողմից է տրվել տեղեկատվություն զինծառայողների՝ մահճակալներում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հրդեհից որքան ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետին։ Փետրվարի 26-ին մենք հարցեր ենք ուղղել նաև ՊՆ նախարարին, առ այս պահը ՊՆ-ից որևէ արձագանք չկա մեր հարցերի կապակցությմաբ։ ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում։ Ոչ միայն ձեռնպահ մնացին տուժողներին հանդիպելուց, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ՝ նվազագույնը ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- ասաց Նորայր Նորիկյանը։
13:46 - 29 մարտի, 2023
ՆԳՆ պաշտոնյան, որ հայտնել էր, թե հրդեհված կացարանում զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը․ զինդատախազ

ՆԳՆ պաշտոնյան, որ հայտնել էր, թե հրդեհված կացարանում զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը․ զինդատախազ

Զինդատախազությունը անդրադարձել է կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին։ «Լուրեր»-ի հետ զրույցում Զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ կացարանում 22 զինծառայող է ապրել․ մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են եղել, երկուսը՝ կապիտանը եւ նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, եւս երկուսը՝ պահուհանների ճաղավանդակներից․ «Մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասենյակում՝ ննջարանի մուտքի դիմաց»։ Նրա խոսքով սա ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի դուռը փակված չի եղել․ «Այս հանգամանքի շուրջ այս պահին դեռեւս քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան գործողություններ»։ Անդրադառնալով ՆԳՆ ՓԾ պետ տեղակալ Արսեն Սարոյանի խոսքին, թե զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, Մարտիրոսյանն ասաց, որ այդ հանգամանքը եւս մանրամասն քննության առարկա է դարձել․ «Տվյալ պաշտոնատար անձը հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ եւ նրանց փոխանցած բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել»։ Մարտիրոսյանի խոսքով Սարոյանն իր ցուցմունքում ասել է, թե աշխատակիցները իրեն ասել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, իսկ ինքը ընկալել է, թե մահճակալների վրա պառկած են հայտնաբերվել։ Զինդատախազության պաշտոնյան անդրադարձել է նաեւ ավտոբենզինի շուրջ հակասություններին՝ նշելով, որ 2023 թ․ հունվարի կեսերից այդ ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված հինգլիտրանոց պլաստմասե տարաների մեջ, անձնակազմն այն պահել է կացարանին կից բացազատված ավտոհավաքակայանում, իսկ այն տրամադրվել է հատուկ տեխնիկաների շարժիչները գործարկելու համար։  «Դեպքի օրը՝ նախքան հրդեհը, ավտոհավաքակայանում եղել են թվով 10 տարաներ, որոնցից 9-ը դեպքից հետո տեղանքի զննությամբ հայտնաբերվել ու առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ հինգլիտրանոց ավտոբենզինով տարա», - նշել է նա։ Մարտիրոսյանի խոսքով, համաձայն նախաքննության տվյալների, սպան այդ տարան օգտագործել է նախասենյակի վառարանը վառելու համար։  Հնչող հարցերից մյուսին, թե ինչպես չեն այրվել տարածքում գտնվող գազօջախն ու աթոռը, նա պատասխանեց, որ այս հարցերով եւս քննությունը շարունակվում է, սակայն նախնական տվյալներով, քանի որ տունը գազաֆիկացված չի եղել, անձնակազմը տեղադրված գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին նաեւ հին, չօգտագործվող աթոռը․ «Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքի պահին, ինչպես նաեւ դրան նախորդող ժամանակահատվածում տվյալ գազօջախը եւ աթոռը տան մեջ չեն եղել, այլ տեղադրված են եղել տանը հարակից»։ Քննությամբ պարզվել է, որ տան հակահրդեհային վահանակներ տեղադրված չեն եղել, իսկ նախնական տվյալներով կացարանի հատակը, եւ ննջարանի մուտքի դուռը եղել են փայտյա․ «Տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ ստորաբաժանմանը չեն հատկացվել հակահրդեհային պատպանության միջոցներ, նման միջոցներով անձնակազմը ապահովված չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջ է։   Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։
22:56 - 05 փետրվարի, 2023
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. իրավիճակը լարվել է
 |news.am|

Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. իրավիճակը լարվել է |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը մերժվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողներին ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը։ Ուղարկել է քննչական կոմիտե՝ մերժված վիճակում»,- հայտնեց փաստաբանը։ Նա նշեց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգավելու ու հարցաքննելու միջնորդությունն ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, որտեղ դրա լուծումը հետաձգվել է։ «Եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված և դրանով պետք էր, որ քննություն իրականացվի, ապա իրենց դեպքում իրենց դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը։ Ըստ ծնողների՝ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք և դրա համար լրացուցիչ պարզաբանման որևէ հանգամանք չկա։ Փաշինյանի հայտարարության մեջ առնվազն կասկած առկա է և նա պետք է ձեբակալվեր հարցաքննվեր և հայտներ իր հիմնավորումները։ Այսօր պարզեցինք, որ Փաշինյանը չի էլ հարցաքննվել, ու սա էլ դժգոհության ալիք է բարձրացրել ծնողների մոտ։ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունները չեն հետաձգվել, սակայն գործողություններ էլ չեն իրականացվում»,- ասաց Հովհաննիսյանը։ Քննչական կոմիտեի մոտ իրավիճակը լարված է. Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, Զինվորական քննաչական գլխավորության վարչության քննիչները զոհերի հարազատների հասցեին տվել են սեռական հայհոյանքներ, որից բողոքի ալիք բարձրացավ։ «Հանդիպումից դուրս գալուց հետո քննիչները, որոնք հիմա կանգնած են, սեռական հայհոյանքներ տվեցին, մայր հայհոյեցին, որից էլ դժգոհության ալիքը բարձրացավ»,- ասաց նա։
15:51 - 17 մայիսի, 2022
ՀՀ զինդատախազի պաշտոնակատարը Վճռաբեկում բողոքարկել է զորամասը ինքնակամ լքելու գործով մեղադրյալի վերաբերյալ որոշումը

ՀՀ զինդատախազի պաշտոնակատարը Վճռաբեկում բողոքարկել է զորամասը ինքնակամ լքելու գործով մեղադրյալի վերաբերյալ որոշումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադառնում է պատերազմի ընթացքում հարուցված քրգործի: «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական գործ: 2021 թվականի մարտի 16-ին այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ի. Վահանյանին: Նույն օրը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի մարտի 18-ին բավարարվել է: Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացվել մեղադրյալի պաշտպանի կողմից, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. մարտի 18-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Ի. Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Կտրականապես համաձայն չլինելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ՝ 2021թ. դեռևս մայիսի 6-ին ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք»,- գրել է Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատար Ի. Վահանյանը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով:
15:40 - 07 հունիսի, 2021
Խոզնավար գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք է ստացել 11 հայ զինծառայող. հարուցվել է քրգործ

Խոզնավար գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք է ստացել 11 հայ զինծառայող. հարուցվել է քրգործ

ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:
16:57 - 21 մայիսի, 2021
ՀՀ զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

ՀՀ զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը ևս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ և հանրային բավարար վստահության ներքո անցկացվելու մասին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում: Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության: Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն: Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ: Այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ բարձր գնահատելով հատկապես պատերազմից հետո հայրենիքի պաշտպանության իրենց քաղաքացիական պարտքին հավատարիմ լինելու, պատերազմի բովով անցած և անձնուրացության ու նվիրվածության մարմնացում իրենց ավագ ընկերների ոգին կրելու համար: Զինվորական դատախազը վստահեցրել է, որ պետությունը և ՀՀ զինվորական դատախազությունն ամեն ինչ անելու են ծառայության կրման ողջ ընթացքում նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու, աջակցելու և զորավիգ լինելու համար:
10:31 - 01 ապրիլի, 2021
Պարզվել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած երեք տասնյակ վարձկանների ինքնությունը․ զինդատախազություն
 |1lurer.am|

Պարզվել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած երեք տասնյակ վարձկանների ինքնությունը․ զինդատախազություն |1lurer.am|

1lurer.am: Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասնակից, Հայաստանում կալանավորված սիրիացի երկու վարձկան ահաբեկչի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտվում է. շուտով մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:Արշակ Մարտիրոսյան, ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ - Նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն և միջազգային ահաբեկչություն իրականացնելու, պատերազմին որպես վարձկան մասնակցելու, նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումների փորձ կատարելու համար:Այս ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով: Հայ իրավապահներին հաջողվել է նախաքննությամբ պարզել մոտ 3 տասնյակից ավելի վարձկանների ինքնությունը: Վարույթ իրականացնող մարմինը, այս դեպքում՝ Քննչական կոմիտեն, որոշել է նշված անձանց ներգրավել որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:Արշակ Մարտիրոսյան - Հայտարարվում է միջպետական հետախուզում, տվյալ դեպքում՝ նաև օտար պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, բնականաբար, իրականացվում է ակտիվ համագործակցություն և տարբեր երկրներ տեղափոխվելու հնարավոր փորձի դեպքում տվյալ անձինք, երբ որ հայտնաբերվեն, ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչները դիմելու են նրանց հանձնման խնդրանքով:Դատախազի խոսքով՝ քրեական գործով քննություն է կատարվում նաև 44 օրերին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների կողմից խաղաղության, մարդկանց անվտանգության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման հանգամանքների ուղղությամբ: Մի շարք անձանց ոչ իրավաչափ, ապօրինի գործողություններին արդեն տրվել են իրավական գնահատականներ:Արշակ Մարտիրոսյան - Նախաքննությունը շարունակվում է: Ներկա փուլում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների բոլոր դեպքերը, հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և քրեադատավարական պատշաճ ընթացակարգի շրջանակում նրանց արարաքներին իրավական գնահատական տալու առումով:Իրականացվում է քննություն պատերազմի ընթացքում ու նաև հետո հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների շուրջ, գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի առնչությամբ: Հայրենիք վերադարձած գերիները հարցաքննվել են, տվյալներ հայտնել վարույթ իրականացնող մարմնին:
22:32 - 24 մարտի, 2021
Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության  դեմ պայքարի արդյունքները, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020 թ. ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ: Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր: 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:   Մյուս կողմից՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նույնպիսի հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտմանը՝ ըստ կոնկրետ դեպքերի, իրավիճակների, ռազմական գործողությունների ուղղությունների՝ հատկապես շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած  հանցավոր պատճառների և պայմանների ամբողջացման վրա: Այս առումով Արթուր Դավթյանն առանձնացրել է առանցքային մի քանի ուղղություններ: Մասնավորապես՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, երկրորդ՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի համապատասխանությունը ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը, երրորդ՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման հետ կապված հանցավոր թերացումների, սխալների ի հայտ բերումը, դրանց համար պատասխանատու պաշոնատար անձանց գործողությունների իրավաչափության պարզումը, չորրորդ՝ կոնկրետ դեպքերում ու իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերը, դրանց պատճառները և առաջացրած հետևանքները: Գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել իրավական գնահատականները նաև հանցավոր դրսևորումների ընդհանրության մեջ տալը՝ պատերազմի ելքի վրա դրանց թողած ազդեցության տեսանկյունից:  Արթուր Դավթյանը քննարկման ժամանակ նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու՝ ՀՀ զինվորական դատախազությունում շարունակվող պրակտիկան:   ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է՝ առանձնահատուկ կարևորելով հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում հնարավոր կոռուպցիայի, զորահավաքային ռեսուրսների կառավարման ոլորտում տարված անբավարար աշխատանքների պատճառահետևանքային կապերի լիարժեք բացահայտումը: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020 թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:  ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695 ՀՀ դրամ վնասը: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ  վնաս: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1.3մլրդ ՀՀ դրամ վնաս: Եվս 111մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասիներից:
16:55 - 18 փետրվարի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով

Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ընթացակարգերի, հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: «Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է իր առաքելությունը։ Մենք օրական ստանում են բազմաթիվ զանգեր, նամակներ` խնդրանքով ստուգել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անվան առկայությունը գումարի փոխանցման ցուցակներում: Պարզապես խնդրում ենք լինել համբերատար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր դիմում ստանալու է օրենքով սահմանված հատուցում: Յուրաքանչյուր զանգի, նամակի պատասխանանում ենք մեծ սիրով և պատրաստակամությամբ, սակայն այդ գործընթացը մեզնից ժամանակ է խլում բուն գործառույթն իրականացնելու։ Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։
14:23 - 10 փետրվարի, 2021
ՀՀ զինդատախազը հանդիպել է Արցախում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին

ՀՀ զինդատախազը հանդիպել է Արցախում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին

 ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետությունում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության աշխատակիցներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Վահե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով և բարեխղճորեն իրականացնելու համար՝ շեշտելով դրա կարևորությունը Արցախում խաղաղապահ ուժերի բնականոն գործունեության, Արցախի բնակչության անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից։ ՀՀ զինվորական դատախազը նրանց է փոխանցել պարգևները, որոնց վերջիններս արժանացել են ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ դատախազության նշված 4 աշխատակիցները Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրվել  էին «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, կամ «Հայաստանի Հանրապետություն» կրծքանշանով:   ՀՀ զինվորական դատախազը նշել է, որ նրանց բարեխիղճ աշխատանքը նաև նպաստում է ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների հարաբերությունների սերտացմանը, ինչի համար կարևոր խթան է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ կայացած հանդիպումն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածությունների շրջանակներում ակտիվ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու, մինչ այդ նրանց անվտանգության, առաջնային կենսական իրավունքների պաշտպանության ապահովման  նպատակով։ Արցախա-ադրբեջանական շփման գծում զինադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ դրանք նվազագույնի հասցնելու, իրավիճակի վերահսկելության երաշխավորման տեսանկյունից կարևորվել է նաև ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում այդպիսի դեպքերի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու, դրանց համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։
12:24 - 14 հունվարի, 2021
ՀՀ զինվորական դատախազը հանդիպում է ունեցել ՌԴ հարավային ռազմական օկրուգի  զինվորական դատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ

ՀՀ զինվորական դատախազը հանդիպում է ունեցել ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի  զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ զինվորական դատախազությունների միջև ձևավորված և շարունակվող բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը, որը բխում է երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավական հարաբերությունների ոգուց: ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես ընդլայնում է Արցախի և արցախահայության անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծում շփման գծում ընդհանուր լարվածության թուլացման համար: Վահե Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը լրացուցիչ խթան է  համագործակցության առավել սերտացման, աշխատանքային հանդիպումների և առաջացող խնդիրներն օպերատիվ կերպով լուծելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են  ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության և քննչական վարչության կողմից Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի իրավական սպասարկամ կազմակերպման, այդ շրջանակներում իրավական ոլորտում ՀՀ և ԱՀ դատախազական և քննչական մարմինների գործակցության կառուցակարգերին և եղանակներին վերաբերող հարցեր:  
17:45 - 22 դեկտեմբերի, 2020
Տավուշում Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ. ՀՀ զինդատախազը մարզում էր

Տավուշում Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ. ՀՀ զինդատախազը մարզում էր

Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը 2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակների, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորված հարվածներ են հասցրել բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Արձակված կրակոցներից ու կրակոցներից Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում վնասվել է մանկապարտեզը և ջրագիծը: Չինարի բնակավայրում  հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով պայթեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ավտոմեքենան, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել այդ պահին ավտոմեքենայի մոտ գտնվող նույն գյուղի մեկ բնակիչ, ինչպես նաև արձակված արկերից տուժել է 5 առնանձնատուն, մեկ ջերմոցային տնտեսություն: Անդառնալի մարդկային  կորուստներից հնարավոր է եղել խուսափել միայն բնակիչների՝ պատսպարաններում թաքնվելու շնորհիվ: Խաղաղ բնակչության կյանքի, առողջության, գույքի, հանրային նշանակության օբյեկտների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների  փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչության Բերդի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է 5 քրեական գործ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում նույն հանցավոր շարժառիթներով ՀՀ Ադրբեջանի տարածքից տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների, հրաձգային զենքերի կիրառմամբ արկակոծության են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող  մարտական դիրքերի, ռազմական նշանակության օբյեկտի տարածքները, որոնց հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածներ են ստացել ՀՀ ԶՈՒ  զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Այս դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են ևս 3 քրեական գործ՝ որոնցից 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ 13-րդ կետերով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Վերոնշյալ 8 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Հուլիսի 17-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան է այցելել ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ օպերատիվ իրավիճակին, հակառակորդի կողմից իրականացված սադրիչ հանցավոր գործողությունների դեպքերով հարուցված  քրեական գործերի նախաքննության ընթացքին, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակին  տեղում ծանոթանալու համար: Այդ նպատակով նա խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի տարածաշրջանն սպասարկող ՀՀ զինվորական դատախազության Լռու կայազորի դատախազների,  ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության տվյալ կայազորի աշխատակիցների մասնակցությամբ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ: Վահե Հարությունյանը հանդիպել է նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ և հանձինս նրա՝ իր զորակցությունը հայտնել բանակային կորպուսի սպայակազմին և զինվորներին՝ հուլիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում ցուցաբերած խիզախության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև կիսել ունեցած մարդկային կորուստների ցավը: ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալում բուժում ստացող՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին, քաջալերել նրանց, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաև մանրամասն տեղեկացել նրանց բուժման ընթացքի, պայմանների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:       
19:02 - 17 հուլիսի, 2020
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։ Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․ «Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։ Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․ «Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։ Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․ «Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հայարփի Բաղդասարյան
11:29 - 16 հունիսի, 2020
ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս

ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրություններից 47-ի դեպքում, որոնք հիմնականում արձանագրվել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներում: Խախտումների վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես՝ խախտումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ տրվել է 37 կամ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4 անգամ ավելի նախազգուշացում: Բացի այդ, արձանագրված խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է 14 հաղորդում և միջնորդագիր, որը 75 %-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի արդյունքից: Իսկ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 35 նյութերից 24-ով հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝ հարուցված քրեական գործերի քանակը 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2020թ․1-ին եռամսյակի ընթացքում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 480․703.415 ՀՀ դրամի վնաս, վերականգնվել է 4.085.423 ՀՀ դրամ վնաս։ Պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, դրանցով ընթացող նախաքննությամբ, ինչպես նաև կատարված նախազգուշացումների շրջանակներում արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել նաև համապատասխան սուբյեկտների կողմից պատճառված վնասները կամովին հատուցելու կամ պարտավորությունները կամովին կատարելու ուղղությամբ, որոնց արդյունքները շոշափելի կլինեն առաջիկայում։ Հարկ է նշել, որ պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ և ստուգողական գործողություններ։ Աշխատանքներ են տարվում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության առավել խոցելի բնագավառները վեր հանելու և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
16:49 - 14 մայիսի, 2020