hetq.am: Զինվորական դատախազության վարչական շենքի առաջ այսօր հավաքվել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները, հարազատները:
Նրանք հանդիպելու են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի հետ: Հանդիպումից մեկ ժամ շուտ էին եկել և միասին քննարկում էին բոլոր հնարավոր ու անհնար վարկածները զինվորների մահվան հանգամանքների մասին:
«Ես ոչ մեկին էլ չեմ հավատա»,- ասում է ծնողներից մեկը: «Թույնել են երեխեքին»,- հավելում է մյուսը: Հարազատներին միացավ նաև ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա` տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ծնողները և փաստաբանը չցանկացան մեկնաբանություն տալ և նշեցին, որ կխոսեն հանդիպումից հետո: Միայն զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը խոսեց` նշելով, որ շատ երկար են սպասել և վերջապես այսօր համաձայնել են իրենց ընդունել: «Չգիտեմ` ոնց կավարտվի հանդիպումը: Շատ հարցեր ունենք»,- աաաց նա: Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներ չունեն, վստահ է, որ քննությունն ուղղորդված է ընթանում:
Նշենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտնել, որ զինծառայողների ծնողների և իր կողմից դիմումներ են ներկայացվել Պաշտպանության նախարարին և Զինվորական դատախազին՝ ծնողների հետ հանդիպման համար, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը չի ցանկացել հանդիպել ծնողներին։
Տուժող կողմի համար տարօրինակ և տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։ Իսկ զինվորական դատախազությունը բավարարել էր պահանջը։
comment.count (0)