Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին
11:29 - 16 հունիսի, 2020

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։

«Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․

«Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։

Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․

«Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։

Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․

«Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել