Ֆրանկոֆոնիա

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով: Կարևորելով ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց առանձնակի նպաստել է նաև աշխատանքային խումբը, որը ստեղծվել է կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով։ «Մենք չափազանց կարևորում ենք ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ: Նախարարը կարևորել է նաև «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ֆրանսերենի, որպես օտար լեզվի, ուսուցիչներին վերապատրաստողների խումբ: Նշվել է, որ Հայաստանի 6 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են: Լոր Կաստենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ պատրաստակամ է հնչած առաջարկները քննարկելու և դրանց ուղղությամբ համատեղ աշխատելու: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացմանը։ Առաջարկվել է քննարկել նաև մարզերի երիտասարդական կենտրոններում ֆրանսերենի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում կարևորվել է ուսանողների և երիտասարդների շարժունությունը, այս ուղղությամբ տարբեր նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են փոխանակման ծրագրերի, համատեղ հետազոտությունների և այլ աշխատանքների իրականացում։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
10:29 - 25 հոկտեմբերի, 2024
Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ»
 |azatutyun.am|

Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ» |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությանը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։ Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Ֆրանսիան «կոպտորեն չարաշահել է կառույցում իր նախագահության կարգավիճակը», իսկ Հայաստանը խաղաղության գործընթացի նկատմամբ «անհետաքրքրություն» է դրսևորում։ Չնայած Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի, Բաքուն կրկին պնդել է, թե Հայաստանը «ցանկացած առիթով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության ցանկություն ունի»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:10 - 06 հոկտեմբերի, 2024
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է բանաձև, որով  համերաշխություն են հայտնել ՀՀ-ին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է բանաձև, որով համերաշխություն են հայտնել ՀՀ-ին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։ Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։ Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։
22:07 - 05 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր:  Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Հաջորդիվ տեղի է ունեցել ՖՄԿ անդամ պետությունների առաջնորդների համատեղ լուսանկարահանման արարողությունը, իսկ գագաթնաժողովի բացմանը ելույթ են ունեցել Էմանուել Մակրոնը, Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Միջոցառման շրջանակում ՖՄԿ-ում նախագահությունը Թունիսից փոխանցվել է Ֆրանսիային: Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին:
10:23 - 05 հոկտեմբերի, 2024
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։ Հաշվի առնելով գագաթաժողովի՝ «Նորարար տեխնոլոգիաներ և ստեղծարարություն» խորագիրը, Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը 3D սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով ընդգծվում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը՝ իբրև եզակի կրթական և նորարարական կազմակերպություն, որն իր գործունեությունն է ծավալում նաև Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ ինովացիոն աշխարհում խորհրդանշելով Հայաստանի և ֆրանկոֆոն համայնքի միջև համագործակցության ոգին: Այս եզակի՝ 3D սկանավորված ժառանգության ցուցահանդեսը՝ 3D, touchscreen և VR կրիչներով ու ձևաչափերով, ծանոթացնում է «ԹՈՒՄՈ»-ի ուսանողների ստեղծած 3D սկանավորված մոդելների շարքին՝ թվային վերակառուցումներով և սկանավորման գործընթացի կենդանի ցուցադրումներով առ այն, թե ինչպես է տեխնոլոգիան մանրամասնում առարկաները և վերականգնում ճարտարապետությունը։ Տեսանյութը ներկայացվում է հայերեն և ֆրանսերեն լեզուներով: Գագաթաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի ավանի Salle 200 համերգասրահում ֆրանսահայ «Երազ» համույթը կցուցադրի հատվածներ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումից: Տաղավարում ցուցադրվել է նաև Ազնավուրին նվիրված ֆրանսահայ նկարիչ Ռոժե Կասպարյանի ֆոտոցուցահանդեսը: Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավարը ձևավորված է թեմատիկ պաստառներով, հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով: Տաղավարի հյուրերը հնարավորություն ունեն նաև համտեսելու հայկական քաղցրավենիքներ: Հայաստանի տաղավարի նախագիծը մշակվել է Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից:
21:04 - 04 հոկտեմբերի, 2024
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր: Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ:
18:58 - 04 հոկտեմբերի, 2024
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այդ մասին ասված է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի Ֆեյսբուքի էջում:   «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները,   Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`   Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում   Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը,   Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը,   Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- ասվում է բանաձևում։
21:19 - 09 հուլիսի, 2024
Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը․ Միրզոյան

Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ․ «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։ Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։ Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։ Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։ Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։ Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:
12:21 - 20 մարտի, 2024
Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված թեկնածության հայտը։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մեծապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի խաղերի՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների  տարածմանն և ֆրանսերեն  լեզվի  զարգացմանը նպաստող կարևոր միջոցառման անցկացումը և վերահաստատել համապատասխան որոշման կայացումից հետո դրանք լավագույնս կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։ Կողմնորոշիչ խորհրդի անդամները ՀՀ պատվիրակության անդամներին ուղղել են Խաղերի կազմակերպման նպատակով տարբեր ոլորտներում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։ Մի շարք երկրներ գոհունակությամբ արձանագրել են ՀՀ կողմից ներկայացված հայտի մշակման ուղղությամբ գործադրված զգալի ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների առկայությունը։ ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի կողմից նիստի արդյունքներով նախապատրաստվող եզրակացությունից հետո Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի վերաբերյալ կայացված որոշումը պաշտոնապես կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի առաջիկայում կայանալիք նիստի ժամանակ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց էր ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։
14:15 - 15 դեկտեմբերի, 2023
Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և խմբի համակարգող, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը: Նախքան հանդիպման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հիշատակը: Նիստի ընթացքում ներկայացվել են ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում 2023 թ. իրականացված աշխատանքները և 2024 թ. նախատեսվելիք ծրագրային նախաձեռնությունները, քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոն ամենամյա խորհրդաժողովների կազմակերպման և փոխհամագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների համար աջակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին: «ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու աշխուժացումն ի սկզբանե եղել են այս համակարգող խմբի ստեղծման նպատակը: Սա խոսում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի հանդեպ ուշադրության մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացին՝ համագործակցության և աջակցության համար: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ Ֆրանոֆոնիայի աշխատանքները համակարգող խմբում ներգրավվելն իր համար մեծ պատիվ է. «Հայաստանը վաղուց մեծ ներդրում ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ: Ընդ որում՝ այդ ներդրումը շատ ավելի մեծ է, քան երկրի չափերն են: Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ համաշխարհային արժեքներին կարելի է հասնել փոխադարձ հարստացմամբ: Այս տարի շատ տպավորված էի այն բոլոր միջոցառումներով, որոնք Հայաստանը շուրջ երկու ամիս կազմակերպել էր Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ»,- ասել է դեսպան Լուկաս Ռոզենկրացը և տեղեկացրել, որ Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակն ընդլայնվել է Բելգիայի և Կանադայի դեսպանների ներկայացուցչությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակի ընդլայնումը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացմանը: Նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Ըստ այդմ՝ 2024 թվականին նախատեսվում են մի շարք նշանակալի միջոցառումներ հենց այս հոբելյանների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել, որի նպատակով վերջերս Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կներկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ: «Նախապատրասվում ենք Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելուն և վստահ ենք՝ դա էականորեն կնպաստի ֆրանկոֆոն արժեքների տարածմանը մեր երկրում: Այդ ընտանիքին պատկանելու զգացումը և այդ արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը: Ֆրանկոֆոն երկրների հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները ներկայացրել են ԿԳՄՍՆ բովանդակային վարչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների անդամ երկրների դեսպաններն ու ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչները ևս ամփոփիչ դիտարկումներ են ներկայացրել 2023 թվականին իրականացված միջոցառումների և սպասվելիք ծրագրերի վերաբերյալ:
10:12 - 25 նոյեմբերի, 2023
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

Հայաստան այցելած Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր: «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։ Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով՝ ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը: Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։
18:54 - 21 նոյեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար: Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել Հայաստանին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ 2027 թ. խաղերի բարձր մակարդակով անցկացումը կարևորվում է նաև այն տեսանակյունից, որ դրանք կլինեն հոբելյանական՝ 10-րդ խաղերը: Համաձայն պատվիրակության նախնական գնահատականի՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումների, այդ թվում՝ 2018 թ.  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բարձր մակարդակը վկայում են, որ 2027 թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը հանձնառու է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար և, Հայաստանի հայտի հաստատման դեպքում, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ ամեն ջանք կգործադրվի այդ ուղղությամբ: 
14:26 - 16 նոյեմբերի, 2023
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովն ընդունել է բանաձև, որով անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ինչպես հայտնում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը, բանաձն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։
14:47 - 07 նոյեմբերի, 2023