ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը
18:54 - 21 նոյեմբերի, 2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

Հայաստան այցելած Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր:

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։

Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով՝ ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը:

Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել