Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն - ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հիմնադրվել է 1957թ. Կազմակերության անդամակցում են 162 երկրներ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում: Հայաստանի Հանրապետությունը 1993թ. դարձել է կազմակերպության լիիրավ անդամ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեության հիմնական ուղղություններն են միջուկային էներգետիկայի բնագավառում անվտանգությունը և պահպանությունը, ֆիզիկական պաշտպանությունը և հսկողությունը, գիտությունը և տեխնոլոգիաները:

Կազմակերպության որոշումներ ընդունող մարմիններն են անդամ երկրների տարեկան գլխավոր համաժողովը և կառավարող խորհուրդը:

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի
 |armenpress.am|

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դեմ չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, բայց Թեհրանը պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Իրանը միակ միջուկային զենք չունեցող երկիրն է, որն ուրանը հարստացնում է նման շատ, շատ բարձր մակարդակով, որը մոտ է զինագործականին... Ես չեմ ասում, որ նրանք միջուկային զենք ունեն, ասում եմ, որ սա զգայուն հարց է», - հայտնել է նա The National թերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Գրոսին նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը «սլանում է առաջ՝ շարժվելով դեպի հավակնոտ նպատակներ»։ «Մենք դրա դեմ ոչինչ չունենք: Բայց մենք ասում ենք, որ միջազգային վերահսկողական մարմնի՝ ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը պետք է համաչափ լինի այդ գործողություններին», - շարունակել է Գրոսին: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ Գրոսիի խոսքով`Իրանը նախկինի նման թույլ չի տալիս իր օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների մուտքը՝ ելնելով ազգային պատկանելությունից: «Դա դեմ է մեր աշխատանքի ոգուն։ Դա շատ, շատ անարդյունավետ է», - նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ դեկտեմբերի զեկույցի, որի մասին գրել էր  Reuters գործակալությունը, Իրանն ուրանի հարստացման տեմպերը հասցրել է 60 %-ի՝ ամսական 3 կգ-ից 9 կգ-ի։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանը հարստացման տեմպերն սկսել է արագացնել նոյեմբերի վերջից։ Խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք գտնվում են Նաթանզում և Ֆորդոյում։ Իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ժխտել է ՄԱԳԱՏԷ-ի պնդումները:
17:55 - 17 հունվարի, 2024
ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:
13:18 - 17 հունվարի, 2024
ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձում է Թուրքիայի նախաձեռնությանը
 |armenpress.am|

ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձում է Թուրքիայի նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am: Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը: Խաչիկյանը նախ վստահեցրեց, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:  «Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է շահարկել ՀԱԷԿ-ի շահագործումը շարունակելու փաստը, պարբերաբար բարձրաձայնում է, դա իր իրավունքն է, սակայն ատոմակայան փակելու կամ չփակելու խնդիրը դուրս է իր դաշտից, դա տվյալ ատոմակայանը շահագործող պետության իրավասության ներքո է գտնվում, որը փաստել է նաև թուրքական մեջլիսի դիմումերի հանձնաժողովի կողմից»,-ասաց Խաչիկյանը: Հայաստանը և Թուրքիան հանդիսանում են Միջուկային անվտանգության կոնվենցիան վավերացրած երկրներ։ Համաձայն այդ կոնվենցիայի պահանջներին անդամ երկրները, ներառյալ Հայաստանը, հաշվետվություններ են ներկայացնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ)՝ երկրում միջուկային անվտանգության վիճակի վերաբերյալ, որը փորձագիտական գնահատման է ենթարկվում մյուս անդամ երկրների կողմից՝  հարցադրումներ, խնդիրներ ներկայացնելով հաշվետվությունը մշակած երկրին: Խաչիկյանը վստաեցնում է, որ առ այսօր ներկայացված հարցադրումներին և խնդիրներին Հայաստանի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ «Փորձագիտական դիտարկման արդյունքները ամփոփվում են հաշվետվության մեջ, որտեղ նշվում է թե պետությունն ինչ միջոցառումներ պետք է իրականացնի, որի իրականացման կարգավիճակը ներկայացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածում: Չկա նշված մի այնպիսի միջոցառում, որը մեր պետության ուժերից վեր  լինի, կամ հրաժարվենք դրա իրականացումից: Միջոցառումները, որոնք հնարավոր է լինում իրականացնել կարճ ժամանակում, իրականացվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, որոնք երկարաժամկետ են,  մշակվում է իրականացման ճանապարհային քարտեզ և աշխատում ենք դրանց իրականացման ուղղությամբ»,-վստահեցրեց կոմիտեի նախագահի պաշտոնակատարը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ցուցաբերվում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը: ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման շրջանակում իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված  բազմաթիվ աշխատանքներ՝ համակարգերի մոդիֆիկացիաներ և արդիականացումներ: Շահագործման ժամկետի երկարացման շրջանակում ստացած անվտանգության հիմնավորման դիտարկման գործընթացում ներգրավված են  եղել ոչ միայն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները, այլ նաև միջազգային փորձագետները։ Որոշումները կայացնելիս հաշվի են առնվում նաև միջազգային փորձագետների տրամադրված կարծիքները: «Վթարային պատրաստվածության շրջանակում ատոմակայան շահագործող ցանկացած երկրում իրականացվում են որոշակի միջոցառումներ՝ վթարային պլանի մշակում, հակավթարային վարժանքների իրականացում, ազդակիր համայնքների բնակիչներին անհրաժեշտ յոդի դեղահաբերի պահեստավորում: Դա պարտադիր պահանջ է: Հայաստանը նույնպես պարբերաբար իրականացնում է վարժանքներ և ՀՀ-ում առկա է յոդի դեղահաբերի պահուստ, որը անհրաժեշտության դեպքում պետք է տրվի ատոմակայանի հարակից բնակավայրերի բնակչությանը»,-ասաց նա: Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության հարցին՝ Խաչիկյանն ընդգծեց, որ հայկական ատոմակայանը, նախագծված լինելով Խորհրդային միության նորմատիվ պահանջներին համապատասխան, բավականին մեծ պահուստային գործակիցներ ունի: «Չնայած այն նախատեսված է եղել ավելի ցածր սեյսմիկ ցնցումների համար, սակայն 1995թ-ի վերագործարկումից սկսած՝ պարբերաբար իրականացվել է սեյսմիկ անվտանգության վերագնահատում: Արդյունքում մեր ատոմակայանը բավարարում է ներկա պահանջներին: Վերագնահատման արդյունքում ցույց է տրվել, որ ատոմակայանի անվտանգության համար կարևոր համակարգերը կարող են դիմանալ մինչև 0.35 g (ազատ անկման արագացում) հողի ցնցումներին: Մենք պահանջ ենք դրել, որ իրականացվի այդ անվտանգության համակարգերի վերագնահատում և վերազինում, որը արդյունքում կհիմնավորվի, որ համակարգերը կդիմանան 0.42 g ցնցումներին։ Վերագնահատման խնդիրը ի հայտ է եկել նաև Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո իրականացված «Ստրես-տեստի» իքնագնահատման արդյունքում»,-ասաց Խաչիկյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ 
12:36 - 05 հոկտեմբերի, 2023
ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ
 |armeniasputnik.am|

ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։ Ելույթի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենք զբաղվում են «ազատագրված տարածքների մոնիտորինգով», չնշելով՝ ինչ ի նկատի ունի։ Այնուհետև հայտարարվեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում՝ հին տեխնոլոգիայիով և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը։ «Մեր կողմը` դիվանագետները և մենք` մասնագետներս, պատրաստեցինք մեր պատասխանը, որը հնչեցրել ենք։ Նշել ենք, որ դա կեղծիք է, ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրված բոլոր առաջադրանքները և առաջարկություները` անվտանգության մակարդակի բարձրացման, մենք կատարում ենք։ Նշեցինք նաև մեր համագործակցության շրջանակները ՄԱԳԱՏԷ-ի հետ, նշեցինք, որ 30 տարի համագործակցում ենք այդ կառույցի հետ և բոլոր պահանջները` ատոմակայանի հետ կապված, իրագործում ենք, փոխադարձ ըմբռնման բարձր մակարդակ ունենք», - հավելեց Պետրոսյանը։ Նշենք, որ օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի խորհրդարան քաղաքացիներից դիմում է ստացվել` Մեծամորի ԱԷԿ-ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը նման մտավախություններ է հնչեցրել, Պետրոսյանն ասաց, որ ոչ։ «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ելույթ ունեցավ, խոսեց Թուրքիա- ՄԱԳԱՏԷ հարաբերությունների, ատոմային էներգետիկայի զարգացման ընթացքի մասին Թուրքիայիում։ Ոչ մի բան Հայաստանի մասին նա չի ասել», - նշեց Պետրոսյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:10 - 04 հոկտեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը Թուրքիայից16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել՝ ատոմակայանը փակելու միջոցներ ձեռնարկելու համար։ Տեքստում նշվում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը լրանալու պատճառով, այն կարող է իրենից վտանգ ներկայացնել։Խորհրդարանական հանձնաժողովը պատասխանել է, որ Իգդիր քաղաքի համար ճառագայթային արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր ու նման սցենարի դեպքում գործողությունների սկզբունքներ են մշակվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անցյալ տարեվերջին էր Երևանում։ Նա այցելեց Մեծամորի Ատոմակայան։ Այցից հետո Գրոսսին հայտարարեց․ - «Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։Անդրադառնալով միջազգային հարթակներում Մեծամորի ատոմակայանը փակելու Բաքվի պահանջին՝ Գրոսսին հայտարարել էր․ - «Ես գիտեմ, որ անցյալում նման բաներ հայտարարվել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միշտ ասել է, որ միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդպես չի լինի։ Եվ ես դա շատ հստակ եմ ասել», - նշել էր ԱԷՄԳ տնօրենը։
16:39 - 03 հոկտեմբերի, 2023
Հայաստանն ընդգրկվել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի կազմում
 |1lurer.am|

Հայաստանն ընդգրկվել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի կազմում |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել Է կազմակերպության կառավարիչների խորհրդի կազմում 2023-2024 թվականների համար 11 նոր անդամների ընտրության մասին: Այժմ գործակալության ղեկավար մարմիններից մեկի աշխատանքին կմասնակցեն Ալժիրը, Հայաստանը, Բանգլադեշը, Բուրկինա Ֆասոն, Էկվադորը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Նիդերլանդները, Պարագվայը, Իսպանիան և Ուկրաինան:   Խորհուրդը քննարկում է ԱՄԷԳ-ի ֆինանսական տեղեկագրերը, ծրագիրն ու բյուջեն և դրանց վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում գլխավոր խորհրդաժողովին: Նա ուսումնասիրում է գործակալության անդամության դիմումները, հաստատում երաշխիքների մասին համաձայնագրերը և հրապարակում ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերը: Խորհուրդը նշանակում է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին, որը հաստատվում է Գլխավոր համաժողովի կողմից:   Խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հոկտեմբերին։ Նրա աշխատանքներին մշտապես մասնակցում է 35 պետություն։
20:54 - 28 սեպտեմբերի, 2023
«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ»․ Քանանի |azatutyun.am|

«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ»․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: «Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ», - այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում։ ԱԷՄԳ-ի ղեկավար պարոն Գրոսիի այցը այն գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը միտված է կողմերի վերադարձին միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։ ԱԷՄԳ-ի ղեկավարն Իրանում էր գտնվում մարտի 3-ին և 4-ին։ Երկօրյա այցի ընթացքում Գրոսին մի շարք պայմանավորվածությունն է ձեռք բերել իրանական իշխանությունների հետ, որոնց համաձայն, Թեհրանը շարունակելու է համագործակցել ՄԱԿ-ի կառույցների հետ՝ մասնավորաբար թույլ տալով ԱԷՄԳ-ի տեսուչների անարգել այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։
17:42 - 06 մարտի, 2023
ՀՀ ՏԿԵ նախարարը և նրա տեղակալը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարը և նրա տեղակալը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վաշինգտոնում կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին։ Նրանց գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։ Ըստ որոշման՝ Գնել Սանոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: «Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,- ասվում է որոշման մեջ:
20:16 - 20 հոկտեմբերի, 2022
Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին

 |armenpress.am|

Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Համաձայնեցվել է, որ ԱԷՄԳ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի խցիկների հետ», - նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան եւ բանակցություններ կվարի իշխանությունների հետ», - հավելել է Էսլամին: Նրա խոսքով ՝ «Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի և ԱԷՄԳ-ի միջև վստահության ամրապնդմանը»։ «Մենք կառուցողական բանակցություններ ենք անցկացրել, եւ մեր միջեւ խնդիրները միայն տեխնիկական բնույթ են կրում», - հավելել է նա: Մայիսի վերջին ԱԷՄԳ-ն եւ Իրանը համաձայնության են հասել իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգի վերաբերյալ ժամանակավոր պայմանավորվածությունը երեք ամսով երկարաձգելու մասին, որի գործողության ժամկետն ավարտվել է մայիսի 23-ին, բայց հետո երկարաձգվել է մինչեւ հունիսի 24-ը: Նախնական պայմանավորվածությունը համաձայնեցվել է փետրվարի 23-ին իրանական նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որը դադարեցրել Է ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը: Արդյունքում Գործակալությունը զրկվել է Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկման խցիկներին հասանելիությունից։
17:21 - 12 սեպտեմբերի, 2021
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունը հայտնեց Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։ Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։
15:33 - 18 հուլիսի, 2020