Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը գտնվում է Լիբանանում` Անթիլիասի ծովափում, և իր պատմությամբ փոխկապակցված է հայ ազգային և եկեղեցական կյանքի հետ: Կաթողիկոսանիստը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է:

1995 թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և քաղաքական իշխանությունը, և Հայ Եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում:

1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում: Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան):

Ներկայումս գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա-Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը:

Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին
 |news.am|

Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին |news.am|

news.am: Նորին Սուրբ օծություն Տեր-Տեր Արամ առաջին կաթողիկոսը պատգամ է հղել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին, որը ժողովում ընթերցեց  ԱՄԷ Քուվեյթի եւ հարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տեր-Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը: «Սիրելի ներկաներ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք ձեզ։ Դարձյալ հավաքվել եք որպես ՀՅԴ աշխատած կառույցների ու միավորների ներկայացուցիչներ՝ համապարփակ կերպով վերաքննության ու վերարժևորումի ենթարկելու կուսակցության վերջին շրջանի գործունեությունը իր այլազան երեսներով և ապա ճշտելու առաջիկա շրջանի գործունեության ընդհանուր ուղեգիծը: ՀՅԴ-ն վերջին 134 տարիներին իր ծննդոցից մինչև ներկա ժամանակները Հայաստանից մինչև Արցախ և սփյուռքի տարածքին մեր ազգի հավաքական կյանքի բոլոր բնագավառներից ներս առանցքային ներկայություն է ունեցել ու ճշտորոշիչ դեր է ունեցել իր ողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն շաղախելով մեր գերագույն արժեքներին, իղձերին ու տեսնականների հետ։ ՀՅԴ-ն ինքն իրեն սովորական քաղաքական կուսակցություն չի ըմբռնած երբեք, այլ էապես ազգային առաքելություն, համազգային մասշտաբով ու ամբողջանվեր ծառայությամբ կենսագործվող: ՀՅԴ-ն կյանքի ամենից դաժան պայմանների մեջ, երբեք չի նահանջել իր գերագույն սկզբունքներից ու իդեալներից, նույնիսկ երբ հալածանքի է ենթարկվել Օսմանյան, թե սովետական կայսրությունների կողմից: Այսօր մեր պատմության ամենից ճակատագրական ժամանակներում այն կոչված է վերանելոք հանձնառությամբ մնալու հավատարիմ դաշնակցության ոգուն ու կամքին, հավատքին ու տեսլականին։ ՀՅԴ-ի ներկա 35-րդ ընդհանուր ժողովը կգումարվի մեր ազգի ու հայրենիքի պատմության ամենեն վճռաթոշում հանգրվանին։ Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու իր սփյուռքին պարզած ներկա վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ չեն մեզ, ահավոր տագնապներով շրջապատված ենք, տագնապներ ներքին, թե արտաքին, որոնք կարող են ինքնորոշումի ու ինքնաքանդումի առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը: Փաստորեն գտնվում ենք անտունդի եզրին: Ժամանակի նշանները ճիշտ տեսնենք ու արժեվորենք և համապատասխան դիրքորոշումներ որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատես մոտեցումներից ու մակերեսային դատումներից: Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսությունը և մենք անձնապես Հայաստանը, Արցախը և սփյուռքը հուզող խնդիրների նկատմամբ մեր տեսակետը հստակորեն և հետևողական կերպով պարզել ենք՝ միշտ ելնելով մեր հայրենիքին ու ազգին ընդհանրական ու գերագույն շահերից: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ  կրավորական ու հետևողի դերի մեջ լինել, երբ մանավանդ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները են նահանջում, երբ ներքին ճեղքերը մեր ազգի միասնականությունն են խախտում, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջումի քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, երբ մեր ազգի միության ու հավերժության, հավատքի ու իդեալների խորհրդանիշները խաթարվում են, եկեղեցու կողքին, մեր մտավորականությունը, մեր քաղաքական կուսակցական, մշակութային ու կրթական կառույցները, մեր ժողովուրդի զավակները իրավունք չունեն լուռ ու անտարբեր մնալու: Նրանք ասելիք ու անելիք ունեն: Մեզ շրջապատող ներկա տագնապների դիմաց, ինչպես հաճախ շեշտել ենք, ազգային ուժերու համախմբումը նկատում ենք հրամայական ու անհետաձգելի։ Հայրենիքի փրկությունը յուրաքանչյուր հայի ամբողջական հայության տագնապն է ու միաժամանակ հանձնարությունը: Այս խորը գիտակցությամբ ու պատասխանատվությամբ հարկ է գործել։ Մեր սպասումն է, որ կուսակցության ներկա ընդհանուր ժողովը սովորական ժողով չդառնա, այլ արաջատեսիլ ու նպատակասլած ոգով ՀՅԴ-ի համազգային առաքելության ու ծառայության մեջ նոր էջ բացող ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումներ ճշտող մի անկյունադարձ՝ ի խնդիր Հայաստանի հողային ամբողջականության ամուր պահպանման, Արցախի ժողովրդի վերադարձի ու նրա ինքնիշխանության իրավունքի վերականգնման և մեր ազգի բռնաբարված իրավունքների հետապնդման: Արդարև սրբազան արժեքներ ու վեհ նպատակներ, որոնց ամուր պահպանման համար մեր ժողովրդի զավակները քրտինք  ու արյուն են թափել: Թող Աստված օրհնի ու պահպանի մեր հայրենիքը ու ազգը՝ հեռու պահելով ամեն տեսակ չարերից ու չարիքներից: Հայրական սիրով աղոթարար Արամ առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»:
16:48 - 26 փետրվարի, 2025
Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահին կոչ է արել միջամտելու Ադրբեջանի բանտերից հայ գերիներին ազատելու համար

Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահին կոչ է արել միջամտելու Ադրբեջանի բանտերից հայ գերիներին ազատելու համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Միացեալ Նահանգների նախագահ Դոնալտ Թրամփին ուղղված հատուկ նամակով կոչ է արել միջամտելու, որպեզսի ազատեն Ադրբեջանի բանտերից հայ գերիներին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական էջից։ Արամ Ա․-ն հիշեցրել է նախագահին՝ ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի վերաբերյալ, ինչպես նաեւ շեշտումը՝ արցախահայության վերադարձի իրավունքին մասին:Վեհափառ Հայրապետը նախագահի ուշադրության է հրավիրել համայն հայության ցավ ու ընդվզում պատճառող Արցախի քաղաքական ապօրինի բանտարկյալների դատին, որոնց շարքին են՝ պատկանում նախկին նախագահներ, վարչապետներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արամ Ա. Կաթողիկոսը նախագահ Թրամփին հայտնել է, որ հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին։ Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության:
12:33 - 08 փետրվարի, 2025
Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն Վատիկանում հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Ինչպես հաղորդում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգում են եղել դժվարությունները, որոնց ներկայում դիմակայում է Լիբանանը։ Այս համատեքստում Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը կարդինալին փոխանցել է Արամ Ա-ի մտահոգություններն ու պատկերացումները։ Նա նաև հայտնել է, որ Արամ Ա Կաթողիկոսը Լիբանանի կողմից դիմագրավվող դժվարությունների հարցով օրեր առաջ Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետի հետ։   Կարդինալը ողջունել է միջեկեղեցական և միջկրոնական հարցերով, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները բարվոք լուծելու ուղղությամբ Արամ Ա վեհափառի ջանքերը։
14:14 - 23 հունվարի, 2024
Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին
 |armenpress.am|

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին |armenpress.am|

armenpress.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։ Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ «Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», - աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։ Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։
13:08 - 10 նոյեմբերի, 2023
Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ ամյակի առթիվ․ «Այսօր Արցախի անկախութեան տօնն է: Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը:Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ դառնալու վտանգին: Սակայն, Արցախի ժողովուրդին հաւատքը, վճռականութիւնն ու յոյսը ո՛չ մէկ ուժ կրնայ շրջափակումի ենթարկել:Անկախութիւնը աստուածատուր իրաւունք է: Անկախութիւնը նաեւ միջազգային օրէնքի հիմնական սկզբունքներէն մէկն է: Արդ, ո՛չ մէկ ազգ իրաւունք ունի բռնաբարելու ուրիշ ազգին անկախութիւնը: 32 տարիներ առաջ Արցախի ժողովուրդը իր անկախութիւնը հռչակած է եւ բազմիցս վերահաստատած:Հետեւաբար, սիրելի՛ Արցախ, մնացի՛ր ամուր` քու ինքնորոշման արդար իրաւունքը հարցականի տակ առնող ներկայ պայմաններուն մէջ: Մնացի՛ր կառչած քու հաւաքական կեցուածքին: Դուն առանձին չես, ողջ հայութիւնը քեզի հետ է:Եղի՛ր միակամ բռունցքի նման, հեռու մնալով կամքդ ջլատող ներքին հակադրութիւններէ:Եղի՛ր զօրեղ ժայռի նման, մերժելով քեզ համակերպութեան մղող մօտեցումները:Թող պահանջատիրութեան ձայնդ հնչէ աշխարհի լռութեան ու անտարբերութեան դիմաց:Թող քու մարտունակ ոգիդ միշտ մնայ ուժեղ ու հատու:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախին ձայնը կարելի չէ լռեցնել, սոսկ հաց ու դեղ տալով:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախի ապաշրջափակումը չի կրնար ըլլալ ի հեճուկս անոր ինքնորոշման արդար իրաւունքին:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ մարդասիրական տագնապ ստեղծելով չեն կրնար Արցախը ծունկի բերել:Նայեցէ՛ք մեր դարաւոր պատմութեան: Մեր ժողովուրդը իր պատմութիւնը կերտեց, իր գոյութիւնը ամրագրեց եւ իր ինքնութիւնը պահեց նաեւ «ո՛չ» ըսելով` մեր հաւատքը խաթարող, մեր ինքնութիւնը այլափոխող ու մեր անկախութիւնը յափշտակել փորձող ուժերուն դէմ: Մեր հաւաքական «ոչ»-ով մենք մնացինք տոկուն պատմութեան արհաւիրքներուն մէջ:Այսօր եւս, Արցախը, եւ Արցախին հետ մեր ողջ ժողովուրդը, միահամուռ կերպով կ՛ըսէ «ո՛չ»:Ո՛չ` Արցախի ինքնորոշման իրաւունքը մոռացութեան դատապարտելու ձգտող ճիգերուն:Ո՛չ` Արցախը իր հայութենէն պարպելու սադրանքներուն:Ո՛չ` Արցախի կրօնական, մշակութային ու ազգային ինքնութիւնը այլափոխող ապօրէն ծրագիրներուն:Ո՛չ` Արցախը Ազրպէյճանի հողային տարածքին մէջ ներմուծելու դաւերուն:Ո՛չ` տարբեր քողի տակ Արցախի հայութեան դէմ ցեղասպանութիւն կազմակերպելու դիւային փորձերուն:Վարդանանք ու Ղեւոնդեանք 5-րդ դարուն ըսին` այս հաւատքէն մեզ ո՛չ մէկ ուժ կրնայ խախտել: Քրիստոնէական հաւատքը շաղախուած էր անկախութեան ոգիով եւ զսպանակուած` ազգային արժէքներով ու իտէալներով:Արցախի պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, Վարդանանց ու Ղեւոնդեանց հաւատքով վերանորոգուած ու կամքով կռանուած, մեր ողջ ժողովուրդը Արցախի հետ միասին կ՛ըսէ աշխարհին դիմաց` Արցախին ազատօրէն ապրելու, գոյատեւելու ու ստեղծագործելու աստուածատուր իրաւունքը ո՛չ մէկ ուժ կրնայ խլել:Ահա՛ մեր համազգային ուխտը` այսօ՛ր ու մի՛շտ:Փառք ու պատիւ իրենց արիւնով Արցախի անկախութիւնը կերտած նահատակներուն եւ իր նահատակներու սրբազան ուխտին հաւատարիմ Արցախի ժողովուրդին»:
16:57 - 02 սեպտեմբերի, 2023
«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին հետ, այցելել է Կանադայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։ «Շքախումբին մաս կը կազմէին.- Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Կրօնական Ժողովի ատենապետ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեան, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Պարոյր Վարդապետ Շէրնէզեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան։ Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը հիւրընկալուեցան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Անահիտ Յարութիւնեանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։ Դեսպանը նախ բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, որ ընդառաջեց եւ այցելեց Օթաուայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:54 - 08 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր Տարին․ Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա

Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր Տարին․ Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ամանորյա ուղերձ է հղել․ «Տագնապալից պայմաններու մէջ կʼողջունենք Նոր Տարին։ Յուսահատութեամբ ու անորոշութեամբ լեցուն է հայ կեանքը։ Ահաւոր վտանգներով շրջապատուած են Հայաստանն ու Արցախը։ Իրատես հայեացքով դիտենք հայ կեանքը։ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ. Հայաստանը դարձեալ դարձած է կռուախնձոր մեծ ուժերու միջեւ։ Թշնամին պաշարումի ենթարկած է Արցախը։ Ան կը գտնուի նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններէն ներս՝ վտանգելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը։ Նոյն թշնամին կը սպառնայ նման կացութիւններ ստեղծել որեւէ ժամանակ՝ անտեսելով միջազգային օրէնքներն ու մարդասիրական սկզբունքները։ Եւ աւելին, Հայաստանը կը մնայ միշտ ենթակայ աշխարհաքաղաքական շահերու բախումին, ինչպէս նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումներու։ Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը։ Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք։ 5-րդ դարուն, մեր պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին, մեր պատմահայրը, Մովսէս Խորենացին դարերէն եկող ու դարերուն գացող յիշեցում մը կատարեց ուղղուած մեր ազգին, ինչպէս նաեւ Հայաստանը շրջապատող կայսրութիւններուն, յայտարարելով՝ թէեւ փոքր ազգ ենք, սակայն «արութեան գործեր»ով լեցուն է մեր կեանքը։ Արդարեւ, մեր ազգը «արութեան գործեր»ով, այլ խօսքով՝ խոր հաւատքով եւ ազգին ու հայրենիքին համար արիւն թափելու ամուր վճռակամութեամբ հզօրացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պարտադրուած բաժանումներուն, հալածանքներուն ու ցեղասպանութեան։ Վկա՛յ մեր դարաւոր պատմութիւնը։ Հետեւաբար, արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։ Ներկայ ճակատագրական պայմաններուն մէջ, առաւել քան երբեք, հրամայական է ու անմիջական՝ համահայկական իտէալներու ու գերագոյն արժէքներու շուրջ մեր ազգին համախմբումը եւ անոր ազգային յանձնառութեան ամրացումը՝ քաղաքական հեռատեսութեամբ ու մարտունակ դիւանագիտութեամբ շաղախուած։ Այս պահը ազգային ուխտի վերանորոգման նուիրական պահ է։ Լսենք մեր սուրբերուն աղօթքը ու մեր հայրերուն պատգամը, եւ, հաւատարիմ մեր անցեալի ու ներկայի նահատակներու սրբազան կտակին, համախմբուի՛նք. համախմբուինք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, որպէս մէկ ազգ, ի խնդիր Արցախի փրկութեան ու Հայաստանի անկախութեան պաշտպանութեան։ Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով։ Նոր Տարուան սեմին, իր երակներուն մէջ հայու արիւն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կրնար կատարել։ Թող Աստուած անսասան պահէ մեր ազգը ու հզօր՝ Հայաստանն ու Արցախը։ Թող Աստուած մեր ժողովուրդին առջեւ բանայ սիրոյ ու համերաշխութեան, արդարութեան ու խաղաղութեան ճամբան»։
12:42 - 31 դեկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ներհայկական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:53 - 27 սեպտեմբերի, 2022