ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ:
Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաջորդիվ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է, մասնավորապես, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով:
Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին:
Վերոնշյալ և հարակից այլ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են անելիքները:
Վարչապետը նշել է, որ բարեփոխման ռազմավարական հեռանկարը պետք է լինի դատաիրավական կլաստերի կառուցումը, որտեղ ինտեգրված կլինեն միմյանց փոխկապակցված ենթակառուցվածքները:
Դա կնպաստի արդարադատության գործընթացի և համակարգերի փոխգործելիության արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել այս տրամաբանության շրջանակում:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)