Եվրանեսթ

Ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը. Թովմասյան

Ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը. Թովմասյան

«Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է․ «…Որքան մեզ հայտնի է, դա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»: Ադրբեջանցի պատգամավորներին թերևս պետք է ծանոթացնել պատմության և պատմական փաստերի հետ, որոնք հետևողականորեն շրջանցվում են: Երևանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի և Իրանի բարեկամության խորհրանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները ևս սրա վկայությունն են։ Եվ ասօր էլ Երևանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և զբոսաշրջիկների համար։ Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային և կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երևանը Իրևան գրելը՝ խիստ անընդունելի։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձևաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։ Ու քանի որ աշխարհը լուռ է, ադրբեջանցի պատգամավորները Երևանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են, ու՞ր եք գալու․․․Հիմա էլ լռե՞նք», - նշել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանում «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցած ադրբեջանցի պատգամավորներն այցելել էին Կապույտ մզկիթ, նկարվել այնտեղ եւ հայտարարել, որ մզկիթն ադրբեջանական է։  
10:54 - 24 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղմանը: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու  ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում: Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա  կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:
22:07 - 22 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը, պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար: ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
18:30 - 22 փետրվարի, 2022
Ինչո՞ւ չեք արձագանքում Ադրբեջանի հայատյաց քայլերին. Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի մոտ |news.am|

Ինչո՞ւ չեք արձագանքում Ադրբեջանի հայատյաց քայլերին. Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի մոտ |news.am|

news.am: Երեւանի մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու համար: Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետեւանքով գերեվարված հայ գերիների, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանության վրա։ Հիշեցնենք, որ այժմ Երեւանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու։ Նրանցից մեկն իշխող «Նոր Ադրբեջան» իշխող քաղաքական ուժից է։
13:07 - 22 փետրվարի, 2022
Ցանկանում եք ինքներդ ձե՞զ համոզել, թե՞ մյուսներին. Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորին |armenpress.am|

Ցանկանում եք ինքներդ ձե՞զ համոզել, թե՞ մյուսներին. Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել՝ որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են դա համոզել՝ իրենք իրենց և մյուսներին: Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որում պատգամավորը պնդել էր, թե իբր ԼՂ հակամարտությունն ավարտվել է:   «Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունը ավելի ու ավելի է խորանում»,-ասաց Եղոյանը: Նա որպես ապացույց հիշեցրեց Ադրբեջանի ջանքերը՝ վերացնելու հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից և դրանք ներկայացնելու որպես ալբանական: Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու ջանքերին՝ Եղոյանը հարցրեց, թե ո՞րտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում՝ որտե՞ղ են նրանք հիմա, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերը որտե՞ղ են: «Ո՞րտեղ են այդ հայերը, ո՞ւր են անհետացել, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է: Ես չգիտեմ՝ դուք փորձում եք համոզել ինքներդ ձե՞զ, թե՞ ձեր շուրջն այլ մարդկանց»,-հարցրեց Եղոյանը: Պատգամավորը շեշտեց՝ խաղաղությունն ամեն գնով հնարավոր չէ: «Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի և սեփականության իրավունքն արդյոք երաշխավորվա՞ծ է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը՝ Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»: Եղոյանը առաջարկեց մտածել այն մասին, հաշվի առնել դա, երբ փորձ է արվում լուծումներ առաջարկել: Արցախի դեմ 44-օրյա պատերազմը սանձազերծած Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պատվիրակ Սոլթան Մամադովն էլ պնդեց, թե իրենք պատերազմ չեն ուզում: Վերջում էլ նշեց, թե իրենց այցը լավ քայլ է՝ երկու երկրների միջև հարաբերությունների համար:
12:50 - 22 փետրվարի, 2022
«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում  հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին նախատեսվել են օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում: Լրագրողների հետ ճեպազրույցում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն այս հարցին ի պատասխան նշեց, որ պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: ««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ հակամարտությունը քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել:
12:29 - 22 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:
18:02 - 21 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
14:57 - 21 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդգծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը: 
13:33 - 21 փետրվարի, 2022
Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան

Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը․ Հայկ Մամիջանյան

Ցանկացած պետական ծառայողի թիվ մեկ առաջնահերթյուններից մեկը մեր գերի տղաների վերադարձն է հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Դրան են միտված մեր ֆրակցիայի, երկու կուսակցությունների լծակները։ Թվարկեմ մի քանի կետ, որոնք պարտավոր էր անել իշխող մեծամասնությունը, իմ տեղեկությունների համաձայն՝ չի արել, բայց դեռ ուշ չէ դրանք կիրառել։ Կետ առաջին․ այս պահին տեղի են ունենում ԵՄ-Ադրբեջան բանակցությունները՝ իրենց ռազմավարական համագործակցության վերաբերյալ․ մենք բոլոր լծակներով՝ խորհրդարանական եւ ոչ միայն, պիտի հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա այդ համաձայնագրի նախապայմաններից մեկը։ Երկրորդ՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որ, հավանաբար, տեղի է ունենալու աշնանը, Հայաստանի պատվիրակության մասնակցության նախապայմանը պիտի լինի գերիների վերադարձը։ Ադրբեջանի վրա, ցավոք, այլ ճնշում այս պահին կարծես չի կիրառվում։ Եթե նախորդ երկու պարագաներում մենք անուղղակիորեն ենք ազդում խնդրի վրա, ապա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք ուղիղ ազդեցության գործիք ունենք»,- ասաց Մամիջանյանն ու մեկնաբանեց, որ Եվրանեսթի պարագայում հնարավորություն կա հայտարարելու քո կենսական շահը, որի շրջանակներում իրավունք կա կիրառելու վետո՝ Բյուրոյից մինչեւ բուն Վեհաժողով։ Մամիջանյանի կարծիքով՝ մեր խորհրդարանական պատվիրակությունը պարտավոր է գերիների վերադարձը հայտարարել որպես կենսական շահ (vital interest), եւ բոլոր հնարավոր տարբերակներով, վետոներով հասնել այդ խնդրի լուծմանը․ «Դա գուցե ներկայացվի որպես տորպեդահարում, բայց մենք արդար գործի համար ենք պայքարում։ Շատ բարդ է այս բոլոր ասածներիս իրականացումն ակնկալել, եթե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին ասել է, որ ադրբեջանական ոստիկանական անցակետը դրվել է Սովետական Ադրբեջանի տարածքում։ Լա՛վ, ես չեմ հասկանում՝ էդ հայտարարությունները, որ անում եք, հետո բոլորս միասին ո՞նց ենք որպես երկիր դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից, թե՞ գերիներին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ Սովետական Ադրբեջանի տարածքում են»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
19:16 - 14 սեպտեմբերի, 2021