Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն

Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն ունի խորհուրդ՝ խորհրդատվական կոլեգիալ մարմին, որն ի պաշտոնե ներկայացնում են Պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Կրթության եւ գիտության նախարարի եւ Արդարադատության նախարարի տեղակալները:

Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի փոխանցմամբ` մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794մ2, որից ենթամակերեսային՝ 10 662 մ2 տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 մ2, որից ենթամակերեսային՝ 10 958 մ2 տարածք։ Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։ Նշվում է, որ մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։
14:51 - 19 հուլիսի, 2023
ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը, համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ընդհանուր գործընթացը։ Ինչպես հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, ՀՀ տարածքում հիմնադրամները, հասարակական և այլ կազմակերպությունները ՊԶՎԻ միջոցառումներ իրականացնելու համար պետք է ունենան «ՀԱՓԿ»-ի կողմից տրված համապատասխան հավաստագրեր: Այդ նպատակով կազմակերպությունների աշխատակիցները «ՀԱՓԿ»-ի ուսումնական կենտրոնում մասնակցում են ՊԶՎԻ դասընթացավարի որակավորման դասընթացների, որի ընթացքում, մասնավորապես, ծանոթանում են ՀՀ տարածքում առկա ականների տեսակներին, առանձնահատկություններին, տեխնիկական բնութագրերին, դրանց հանդիպելու դեպքում անվտանգության պահպանման կանոններին: Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո մասնակիցները ստանում են դասընթացավարի որակավորում, նրանց տրվում  են հավաստագրեր, որով թույլատրվում է ՀՀ տարածքում իրականացնել ՊԶՎԻ գործողություններ: Նշվում է, որ «ՀԱՓԿ» -ի կողմից ոլորտի համակարգման և վերահսկողության նպատակն է հավաստիանալ, որ որակավորում ունեցող մասնագետներ են ՊԶՎԻ գործունեություն ծավալում՝ իրազեկելով բնակչությանը՝ այդ թվում երեխաներին, ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգների, ինչպես նաև՝ դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագծի կանոնների պահպանման մասին, քանի որ դա անմիջականորեն առնչվում է նրանց կյանքին և անվտանգությանը։ ՊԶՎԻ գործողություններն իրականացվում են «ՀԱՓԿ»-ի կողմից սահմանված չափորոշիչներով և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի պահպանմամբ ձևավորված ուսումնամեթոդական նյութերի կիրառմամբ։ Իրազեկման աշխատանքների որակն ապահովելու և անհրաժեշտ մեթոդները պահպանելու նպատակով, անհրաժեշտ է, որ ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված կազմակերպությունների մասնագիտական որակավորում ստացած ներկայացուցիչներն իրականացնեն ՊԶՎԻ դասընթացներ։
12:31 - 14 նոյեմբերի, 2022
Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում 2021 թվականի մարտի 16-ին Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադան և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը ստորագրել են «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը։ Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:    Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կետրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք։   Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։   Ծրագրի առանցքային պարագան հատուկ կահավորված Toyota Land Cruiser մակնիշի շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն է, որի առկայությունը, ի թիվս վերոնշյալի, դժբախտ պատահարների դեպքում կապահովի ականազերծողների առաջին բուժօգնությունը, ինչը բխում է ականազերծման միջազգային չափորոշիչներից։   Այսպիսով, Հայաստանում հումանիտար ականազերծման կարողությունները կավելանան ժամանակակից սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով, ականային պատահարներից տուժած անձանց կընձեռնվի հնարավորություն տեղում ստանալու նախնական բուժզննում, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, տեղափոխվելու մոտակա բժշկական կենտրոն, իսկ սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ հասու կդառնա առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։   Ծրագիրը կտևի մեկ տարի և շահառու կդառնա մոտ 40 000 անձ, որից մոտ 38 000-ը՝ աշակերտներ։ Պայամանագրի գումարը կազմում է 83 096 ԱՄՆ դոլար, որից Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 75 000 ԱՄՆ դոլար, իսկ «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներդրումը՝ 7 800 ԱՄՆ դոլար։   Ներկաները բարձր են գնահատել Ճապոնիայի կառավարության օժանդակությունը ՀՀ-ում ականային վտանգի նվազեցման և դեռահասների մոտ անվտանգ վարքագծի կանոններ ձևավորելու հարցում: Ամբողջ ծրագրի ընթացքում աշխատանքների որակի վերահսկողություն կիրականացնի հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
17:33 - 16 մարտի, 2021
Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:
13:39 - 22 փետրվարի, 2021
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքները:  ««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել: Պատերազմի օրերին մեր աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքների հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ականզերծվել է 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել է 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25 816 հիվանդի: Սեպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, կայացել է Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ: 2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ: «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի կողմից մեր մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30 000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։ 2020 թվականի օգոստոսին «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ ՆԱՏՕ-ի ֆինանասավորմամբ և Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար, ովքեր իրենց համայնքներում քաղաքացիներին արդեն սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները: «ՀԱՓԿ»-ի մասնագետներն ամեն տարի անվտանգ վարքագծի կանոնների մասին են իրազեկում մոտ 10000 մարդու: Այս տարի, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակել ենք իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Եվ քանի որ այս օրերին, ավելի քան երբևէ, կարևոր է իրազեկված լինել ինչ անել պատերազմից մնացած պայթուցիկ մնացորդներ հանդիպելիս, մեր մասնագետները միջազգային Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ իրազեկման աշխատանքներ են կատարել նաև ավտոկայանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ուսուցանելով անվտանգ վարքագծի կանոններ: Այս բոլոր աշխատանքները շարունակական են: Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և այս տարի էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և իրազեկման աշխատանքներ»:
14:23 - 13 հունվարի, 2021
Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ. հայտարարություն

Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ. հայտարարություն

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»–ի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։ Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ 1957 թ. ծնված Գևորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է: Հարևան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից և երեկոյան հարևանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարևանները վազել են բակ և հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված զոհված Գևորգի տունը: Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաև Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղի ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեև արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։ Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ «Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի»,- պնդում են տեղացիները։
16:08 - 26 հոկտեմբերի, 2020
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խումբը օգոստոսին ականազերծել է 33 143 քմ ականապատ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 1856 տեղաբնակի

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խումբը օգոստոսին ականազերծել է 33 143 քմ ականապատ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 1856 տեղաբնակի

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 120մմ ականանետի չպայթած արկ, 3 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային TM-62П, 18 ՎՕԳ-17Մ, 7 ДШК-ի չկրակված փամփուշտ, 7 TM-62М , 3 РПГ-7, 1 ПМН-2, 1 TM-57, 1 ЗРП-2, 1 ОЗМ-721, 1 TM-62ПЗ: Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1856 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 17 341 հիվանդի: Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված աշխատանքներ: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
15:50 - 31 օգոստոսի, 2020
Հայաստանի հումանիտար առաքելության խումբն անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Հալեպի բժշկական հաստատություններին և մանկատան սաներին

Հայաստանի հումանիտար առաքելության խումբն անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Հալեպի բժշկական հաստատություններին և մանկատան սաներին

2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժ հաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար: Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։ Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար:
16:14 - 25 օգոստոսի, 2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հաղորդագրության համաձայն՝ այս դասընթացների նպատակն է սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների կենտրոնի կողմից հավաստագրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի: Դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:
13:18 - 07 օգոստոսի, 2020
Սիրիայում հայ սակրավորները հուլիսին 19 878 քմ տարածք են ականազերծել․ հայկական մարդասիրական խմբի աշխատանքները

Սիրիայում հայ սակրավորները հուլիսին 19 878 քմ տարածք են ականազերծել․ հայկական մարդասիրական խմբի աշխատանքները

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք:Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։ Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների:Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ Ավետարանական Համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆ» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, Համազգային Թատրոնի կազմակերպած Հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաները Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին, ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
12:43 - 30 հուլիսի, 2020