Լատվիա

Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման  ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ: Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը: ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները: Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում: Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան: Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը: Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում:    
10:28 - 06 հունիսի, 2023
ԱԽ քարտուղարն իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

ԱԽ քարտուղարն իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։ Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:
17:07 - 29 մարտի, 2023
Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։  «Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։  Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ «Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։ 
17:24 - 08 մարտի, 2023
Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահը կարևորել են ԵՄ առաքելության գործունեությունը մեր երկրում

Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահը կարևորել են ԵՄ առաքելության գործունեությունը մեր երկրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ: Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը:
15:26 - 18 փետրվարի, 2023
Լատվիան ՌԴ-ի դեսպանից պահանջել է 1 ամսից լքել երկիրը
 |armenpress.am|

Լատվիան ՌԴ-ի դեսպանից պահանջել է 1 ամսից լքել երկիրը |armenpress.am|

armenpress.am: Լատվիայում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի Լատվիան, հայտնել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Լատվիայի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ երկուշաբթի օրը նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որը տեղեկացվել է երկրի որոշման մասին, ըստ որի փետրվարի 24-ից Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակն իջեցվելու է մինչև գործերի հավատարմատարի մակարդակի։ Երկուշաբթի օրն ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար էդգար Ռինկևիչը հայտնել էր, որ Ռիգան որոշել է իջեցնել Ռուսաստանում դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը և փետրվարի 24-ից հետ կանչել Մոսկվայում Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկստինշին։ Համապատասխանաբար, Ռիգան Մոսկվայից պահանջել է համարժեք գործողություններ։ Նախարարի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է՝ ի նշան էստոնիայի հետ համերաշխության։ Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հունվարի 23-ին ՌԴ-ում էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել էր գերատեսչություն և հայտնել, որ վերջինս փետրվարի 7-ին պետք է երկիրը լքի: Ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ​​ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի: Հունվարի սկզբին էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից: Ըստ Associated Press գործակալության՝ էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը:
12:01 - 24 հունվարի, 2023
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից, ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով լի դժվարագույն ճանապարհ՝ հաղթահարելով իր առջև ծառացած բոլոր փորձությունները, և հաջողությամբ կերտել զարգացած ժողովրդավար երկիր: Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և համընդհանուր արժեքների վրա։ Մենք պատրաստակամ ենք բոլոր ոլորտներում խթանելու Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խորացնելու և ընդլայնելու գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
11:16 - 18 նոյեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել
 |azatutyun.am|

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիայի կառավարությունը Ռուսաստանի հետ սահմանին արտակարգ դրություն է սահմանել՝ Մոսկվայի կողմից հայտարարված մոբիլիզացիայի պատճառով։ Այն կսկսի գործել սեպտեմբերի 28-ից և կտևի երեք ամիս, ասվում է կառավարության կայքում։ Ռեժիմը տարածվում երկրի մի քանի շրջանների, նաև՝ նավահանգիստների, օդանավակայանների, սահմանային անցումների և երկաթուղու վրա։ Լատվիայի իշխանությունները ռուսաստանցիների հոսքը նվազեցնելու նպատակով փակում են Պեդեձեի սահմանային անցակետը։ Երկրի պետական սահմանային ծառայությունը հրաման է ստացել ուժեղացնել վերահսկողությունը սահմանը հատող ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Ավելի վաղ Լատվիան որոշել էր մարդասիրական վիզաներ չտրամադրել ռուսաստանցիներին, ովքեր ցանկանում են խուսափել բանակ զորակոչվելուց, կամ եթե արդեն շենգենյան վիզա ունեն՝ թույլ չտալ նրանց հատել սահմանը։ Երկրի արտգործնախարարությունը դա բացատրել էր «անվտանգության նկատառումներով»։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ, հետևելով Բուլղարիային, խորհուրդ է տվել իրենց քաղաքացիներին լքել Ռուսաստանը և զերծ մնալ այդ երկիր մեկնելուց։
13:05 - 28 սեպտեմբերի, 2022
Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

 |armenpress.am|

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել |armenpress.am|

armenpress.am:  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից: «Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,- ասաց Լիլիթ Եդիգարյանը: Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:  
16:49 - 15 սեպտեմբերի, 2022
Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքությունից Լատվիայի Ուղղափառ եկեղեցու անկախության մասին |factor.am|

Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքությունից Լատվիայի Ուղղափառ եկեղեցու անկախության մասին |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հավանություն է տվել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ այն ամբողջովին անկախանում է Մոսկվայի պատրիարքության Ռուս ուղղափառ եկեղեցուց։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Daily afisha-ն։ Օրինագիծը ներկայացրել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը։ Այն դիտարկվել է հրատապ կարգով։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցին պետք է տեղեկություն տրամադրի այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու Լատվիայի Ուղղափառ եկեղեցու ղեկավարի, մետրոպոլիտների, արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների պաշտոնները։ Մինչև հոկտեմբերի 31-ը պետք է պատրաստ լինի նոր կանոնադրությունը։ «Սեյմը հրատապ փոփոխություններ է ընդունել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում՝ հաստատելով Լատվիայի Ուղղափառ Եկեղեցու լիակատար անկախությունը՝ իր բոլոր թեմերով, ծխերով և հաստատություններով Լատվիայից դուրս գտնվող ցանկացած եկեղեցու իշխանությունից (ավտոկեֆալ եկեղեցի)»,- ասված է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:17 - 09 սեպտեմբերի, 2022
Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ
 |hetq.am|

Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ |hetq.am|

hetq.am: Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը։  Նա նշել է, որ արգելքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ռինկեվիչսի խոսքով՝ բացառություն կարվի բեռնատարների վարորդների, դիվանագետների և այն ռուսաստանցիների համար, որոնք այդ երկրներ են մեկնում ընտանեկան և մարդասիրական նպատակներով։ «Որոշումները կկայացվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- գրել է Ռինկեվիչսը։ Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանի հետ վիզայի տրամադրման հեշտացված կարգի մասին համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցման առաջարկի տեքստը։ Նոր ռեժիմը կարող է սկսել գործել արդեն սեպտեմբերի 12-ից։  
15:34 - 07 սեպտեմբերի, 2022
Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին։ Այս մասին գրում է korrespondnet-ը։ Այսպիսով, Լատվիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։ Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը երկար տարիներ աջակցել և ֆինանսավորել է ահաբեկչական ռեժիմներին ու կազմակերպություններին տարբեր ձևերով՝ ուղղակի և անուղղակի։ Հայտարարության մեջ նշվում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների ընտանիքի թունավորման, Դոնբասում MH-17 չվերթի կործանման մասին։ Սեյմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այժմ «Ռուսաստանը նպատակաուղղված օգտագործում է տառապանքն ու ահաբեկումը որպես գործիք ուկրաինացի ժողովրդին և զինված ուժերին բարոյալքելու իր փորձերում, կաթվածահար անելու Ուկրաինայի կարողությունը՝ նրա տարածքը գրավելու համար»։ «Սեյմն ընդունում է Ռուսաստանի բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ, որն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար՝ որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, և կոչ է անում այլ երկրներին արտահայտել նման կարծիք»,- ասվում է հայտարարության մեջ։ Լատվիայի Սեյմի պատգամավորները «կտրականապես դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, որն իրականացվել է բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ»։  
15:57 - 11 օգոստոսի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ միջպետական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները, ինչպես նաև՝ տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը: Ընդգծվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության և այն զարգացնելու կարևորությունը: Խորհրդակցությունների ավարտին լատվիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը կարևորեց Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
16:17 - 15 հունիսի, 2022