ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
11:33 - 27 հունիսի, 2024

ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը:

Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:

Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար:

Քննարկվել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել