Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։
Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարարտանյութեր։
Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։
Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին կազմակերպել ընկերության ներկայացուցիչների այց Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։
comment.count (0)