Մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել. Կիրանցի բնակիչը՝ փակ հանդիպման մասին
|news.am|
news.am: Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,- նշեց բնակիչներից մեկը, որը ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։
Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել և փակել ճանապարհը։
Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
14:28 - 20 ապրիլի, 2024