«Արդար Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցությունը պետական գարնցում է ստացել 2021 թվականի մայիսի 21-ին։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։

«Արդար Հայաստան»-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Նորայր Նորիկյանը։

Ընտրությունների արդյունքում «Արդար Հայաստան»-ը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 3 914 ձայն ( 0.31%)։

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան
 |factor.am|

Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան |factor.am|

factor.am: «Արդար Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հրապարակեցին կուսակցության հայտարարությունը՝ Հայաստանում վերջին օրերին ընթացող քաղաքական գործընթացների և Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների հետ կապված։ Ըստ կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի՝ իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է։ Նրա խոսքով՝ առանց ԱԺ կողմից վավերացման տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ «Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից։ Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է, Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիևի ողորմածությունը: Այդպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը, և փորձում է 6-ամյա ձախողումներն արդարացնել թավշյա խաղաղության շղարշի տակ»,- ասաց նա։ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ կառավարությունից պահանջում են Տավուշի մարզում իրականացվող գործընթացը դադարեցնել, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ «Բավակա՛ն է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկո՛լ, չե՞ք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել։ Չե՞ք հասկանում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր թիվ մեկ և հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- հայտարարեցվ Նորիկյանը։ Կուսակցության հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ս.թ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ, ըստ էության, մեկնարկել է երկու երկրների միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, թեև այն հանգամանքին, որ նույն հայտարարության մեջ ընդգծվել է, որ մինչև ս.թ. հուլիսի 1-ը դեռևս պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Սա նշանակում է, որ նշված կանոնագրքի՝ Ազգային Ժողովի կողմից վավերացնելուց հետո նոր միայն պետք է իրականացվի սահմանազատման գործընթաց։ Թեև վերը նշվածին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, այսինքն՝ առանց Ազգային Ժողովի կողմից վավերացված կանոնագրքի՝ այս պահին փաստացիորեն տեղի է ունենում սահմանազատման գործընթաց։ Հարգելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա է վավերացման ՀՀ Ագային Ժողովի կողմից… «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի ուժով՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների որոշման /Դելիմիտացիա/ և սահմանագծի անցկացման /Դեմարկացիա/ իրականացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր է, որը շոշափում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բաղադրիչ, հետևաբար պարտադիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից, որովհետև դրա հետևանքները, ըստ էության, վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և ընդհանուր առմամբ ամբողջովին պաշտպանական համակարգին: Ուստի՝ ՀՀ կառավարության, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ փոխվարչապետի կողմից որևէ ստորագրված փաստաթուղթ Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար, ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր: Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը: Եթե ՀՀ կառավարությունն առանց Ազգային Ժողովի վավերացման, ձեռնարկել է սահմանզատման գործընթաց, ապա պարտավոր է հիմնավորել, որ ս.թ. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը միջազգային պայմանագիր չէ։ Այդ դեպքում պետք է հիմնավորվի նաև, թե ՀՀ վարչապետը կամ փոխվարչապետը կոնկրետ ո՞ր իրավասությամբ են առաջնորդվում այդպիսի որոշումներ կայացնելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ի իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդպիսի պայմանավորվածությունն իրավական առումով ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ: Սիրելի՛ հայրենակիցներ, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է։ Ադրբեջանը ստանում է տարածքներ՝ Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիևի ողորմածությանը։ Այսպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը և փորձում է վեցամյա գործունեության ձախողումներն արդարացնել «Խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված այս խիստ կասկածելի, հակաօրինական ու որևէ կերպ չերաշխավորված գործընթացի տապալումը իր իշխանության տապալումն է։ Գործող իշխանության միակ «դաշնակիցը» մնացել է մինչև վերջ ողնաշարը ջարդված հասարակության անտարբերությունը, սակայն հասարակության լռությունը գործող իշխանության հետ համաձայն լինելը չէ։ Պարզապես եթե ժողովուրդն իսկապես խաղաղություն է ուզում, ապա գործող իշխանությունն այն շփոթել է պարտության հետ, ամեն ինչ հանձնելու հետ, հակառակորդի բոլոր պահանջները անվերապահորեն կատարելու հետ… Բավակա՛ն է։ Ի՞նչ է Ձեր ուզածը։ Չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ Դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել, չե՞ք հասկանում, որ Դուք ի վիճակի չեք կատարել Ձեր թիվ մեկ ու հիմնական առաքելությունն ու սահմանադրական պարտականությունը՝ ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը, վերջնահաշվում այն զավթելը՝ կործանելով Հայաստանի Հանրապետությունը։ Տավուշում հիմա ձայն չեն հանի, ավելի՛ն, լուռ կհետևեն, հանդես կգան խաղաղասերի դիրքերից, իբրև թե համաձայն են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, իրականում ստանալով հնարավորը՝ չեն զիջի ոչինչ։ Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում՝ վիժեցնելով իբրև թե ընթացող խաղաղ կարգավորման գործընթացը։ Չհասկանալ այս պարզ իողությունը, նշանակում է ոչինչ չհասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունից, և մեծ խաղացողների հետապնդած ռազմավարական շահերից, կամ լինել սեփական շահերը ոտնակոխ անող «Խաղաղասեր»։ Սիրելի՛ հայրենակիցներ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում պետք է հստակեցվի, թե՞. 1. Կողմերը ո՞ր թվականի քարտեզներով են առաջնորդվում։ 2. Ադրբեջանը պետք է աներկբայորեն հայտարարի, որ իր զորքերը հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս է բերում ՀՀ զավթված բոլոր տրածքներից։ 3. Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի հաստատումը, ներկայումս ընթացող անօրինական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ կանոնագրքի հաստատումից հետո երկու կողմից էլ հնարավոր տարածքների վերադարձն ու հստակեցման գործընթացը պետք է տեղի է ունենա միաժամանակ։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը քննարկում է ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները»։
17:47 - 26 ապրիլի, 2024
Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ՝ վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով. «Արդար Հայաստան»

Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ՝ վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով. «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վաղվանից սկսում են քաղաքական խորհդատվություններ հնարավոր դաշնակից ու համախոհ ուժերի միջև վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ բարեկամներ, Միայն մտավոր սերունդն ու վերնախավը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Պատմությունը սիրում է սթափներին: Մենք այլևս երկար խորհելու ժամանակ չունենք։ Նվաստացված ու պարտված ժողովուրդը չի կարող արժանապատիվ ու արդյունավետ պետություն ստեղծել, եթե իր վաղվա օրվա վերաբերյալ չունի ռազմավարական հայեցակարգ։ Հայաստանում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: Ներկա ու նախկին իշխանությունների միջև սաստկացող առճակատումը սպառնում է քաոսի վերածել Հայաստանը և կործանել մեր պետականությունը։ Մեր երկիրը քանդեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, իսկ հիմա մեզ պարտադրում են ընտրություն կատարել Հայաստանը դրսից ու ներսից քանդողների միջև, այն դեպքում, երբ պետք էր շրջահայաց, խոհեմ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ աչքի առաջ ունենալով պետականության դեմ ուղղված հնարավոր ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքների չեզոքացման իրական հնարավորության հարցը․․․ Օրվա իշխանությունն ու տիտողոսային ընդդիմությունն ու նրանց առաջնորդներն ուղղակի պատասխանատու են Հայաստանում և Արցախում ստեղծված աղետի համար՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտելու համար․․․ Ստեղծված ծանր իրավիճակում համոզված ենք, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն։ Ներկա աշխարհաքաղաքական գլոբալ հակամարտության ֆոնին, երբ դեռևս ուրվագծված չէ նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, արհեստականորեն Հայաստանին պարտադրել ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ լրջագույն մոլորություն ու սպառանիք է։ Հարգելի՛ բարեկամներ Հայ ժողովրդին համախմբող նոր գաղափարը ներկա Հայաստանը զարգացնելու գաղափարն է։ Հարկավոր է հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանում ու մեկնարկել իրապես ժողովրդին ու պետությանը ծառայող նոր ազգային վերնախավի ձևավորման գործընթացը: Նախորդ ու գործող էլիտաներն ավարտեցին իրենց գործունեությունը՝ ոմանք անփառունակ, ոմանք՝ անավարտ, ոմանք էլ աննկատ: Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա 3-րդ Հանրապետության վերջին վարչապետը․․․ Նրան հաջորդող ղեկավարը պետք է դառնա որակապես այլ պետության ղեկավար՝ բովանդակային, քաղաքակրթական, արժեհամակարգային, այլ կերպ ասած՝ խոսքը գնում է 4-րդ Հանրապետության մասին․․․ Հարգելի՛ բարեկամներ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ Հայաստանում գործող անխտիր բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են հայտարարություն այն մասին, որ անկախ իշխանություն և ընդդիմություն լինելու հանգամանքից, Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որևէ ստորադասում ու զիջում չի կարող ընդունելի լինել, Հայաստանի անկախության ու պետականության գաղափարն անքննարկելի արժեք է։ Խորհրդարանական ընդդիմությունը տառացիորեն վաղը՝ ս․թ․ սեպտեմբերի 25-ին, հայտարարում է պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին՝ ըստ էության, ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թե՛ լեգետիմ, թե՛ քաղաքական հիմնավորում։ Երևանի փողոցներում հանրահահավաքներ ու բողոքի երթեր իրականացնող բոլոր ուժերը դադարեցնում են ցույցերը՝ վերջ տալով երկրի ապակայունացմանն ու թուլացման գործընթացին։ Քաղաքական ուժերի կողմից ձեռք է բերվում կոնսենսուսային որոշում՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, որի արդյունքում փոխվում է կառավարման համակարգը․ Հայաստանը վերադառնում է կիսանախագահական կառավարման համակարգին, կամ անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի։ Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո վեց ամսվա ընթացքում տեղի են ունենում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որին չմասնակցելու մասին տառացիորեն երեք օրվա ընթացքում հայտարարում են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նոր իշխանությունների կողմից մեկ տարվա ընթացքում ստեղծվում է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին: Երկու տարվա ընթացքում իրականացվում է 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտվում է ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, բոլոր մեղավորները ենթարկվում են պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի հետ՝ արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ բացառելով որևէ ռազմավարական շահերի ստորադասում։ Հայաստանը փորձում է կարգավորել ու հստակեցնել իր հարաբերությունները բոլոր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի հետ՝ իրականացնելով առավելագույնը՝ իր կողմից ստորագրված ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ դրույթները կատարելու համար։ Հարգելի՛ բարեկամներ Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն և վարել բանակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ առավել մեծ կոնսենսուս ձևավորելու համար՝ ընդգծելով, որ ներկայացված առաջարկությունները կարող են քննարկվել և խմբագրվել։ Միաժամանակ այս առաջարկությունների հետ համակարծիք անձանց և ուժերին առաջարկում ենք համախմբել ու միավորվել։ Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ հնարավոր դաշնակից ու համախոհ ուժերի միջև վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով՝ Հայաստանի պետականության գաղափարի անխախտելիության ու մատնանշված խնդրներին լուծում տալու վճռականությամբ»:
11:50 - 25 սեպտեմբերի, 2023
«Պարտությունը չի նշանակում հանձնվել»․ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Պարտությունը չի նշանակում հանձնվել»․ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․  «Հարգելի՛ բարեկամներ, Անհատապես մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին։ Թեև այն հանգամանքին, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը երկու տարեկան է և 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ Երևան քաղաքում շուրջ 70 տոկոս ավել ձայն է ստացել, սակայն արձանագրում ենք, որ այս ընտրություններում պարտվել ենք և ընդունում ենք այն՝ շեշտելով, որ պարտությունը չի նշանակում հանձնվել։ Մենք մանրակրկիտ կվերլուծենք, թե ո՞ր հարցերում ենք թերացել, ի՞նչ սխալներ ենք թույլ տվել և կփորձենք առաջիկայում ավելի պատրաստված ներկայանալ մեր հանրությանը՝ ձգտելով մեր նպաստը բերել ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու գործընթացին՝ քաղաքական որոշումների վրա առավել մեծ ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։ Քարոզարշավի ընթացքում մեր կողմից մատնանշված իրողությունները, մեծ հաշվով, հաստատվեցին։ Մասնավորապես․ -Որևէ քաղաքական ուժ չի ստացել 50+1 տոկոս վստահության քվե, -«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, որպես իշխող ուժ, չի վայելում Երևան քաղաքի բնակիչների մեծամասնության վստահությունը, -Առկա է հավանականություն, որ Երևանում կձևավորվի կոալիցիոն իշխանություն, միաժամանակ առկա քաղաքական հաշվեկշռի պայմաններում չի բացառվում, որ ինչ-որ փուլում նշանակվեն ավագանու նոր ընտրություններ, -Ընտրություններին մասնակցած Երևանի բնակիչներն ընտրել են իրենց արժանի իշխանություն։ Հարկ է ընդգծել, որ ընտրություններին չմասնակցած մեր հայրենակիցները, ըստ էության, համակարծիք են այսպիսի քաղաքական ներկապնակի ձևավորմանը, հակառակ դեպքում ակտիվորեն կմասնակցեին և որակապես այլ պատկեր կուրվագծեին։ Երևան քաղաքի ընտրողների և մասնակիցների թվի, արձանագրված արդյունքների, ինչպես նաև նախորդ ընտրությունների ժամանակ իշխող ուժի ստացած ձայների համադրությունն ու համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ իշխող քաղաքական ուժը Երևան քաղաքում կրել է ռազմավարական պարտություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն աստիճանաբար դառնում է օրակարգային։ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։ Հ․Գ․ Մեր հիմնադրման օրվանից գիտակցել ենք մեր ընտրած ուղու դժվարությունները, չե՛նք հանձնվում, պայքարելու ենք նույն ոգով, գնալու ենք մինչև վերջ։ Վստահի՛ր, հավատա՛, փոխելու՛ ենք․․․»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
19:45 - 18 սեպտեմբերի, 2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտնում են կուսակցությունից՝ հայտարարության մեջ նաև նշելով․   «Հարգելի՛ հայրենակիցներ   Գնահատելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հնգամյա գործունեությունը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը այսօր տեղի ունեցած ընդլայնված համաժողովի ընթացքում արձանագրել է հետևյալը․ -2018թ. այս օրերին հայ ժողովուրդն ապրում էր երջանիկ ակնթարթներ, հեռացել էր նախորդ քաղաքական ռեժիմը, հույս էր արթնացել։   Փալուն հնարավորություն էր ստեղծվել․   - Կառուցել տարածաշրջանի ամենազարգացած ու հեռանկարային պետությունը, -Նախաձեռնել մեծ ներգաղթ, -Հայաստանը դարձնել տեխնոլոգիապես զարգացած, տարածաշրջանային կրթական ու զբոսաշրջային կենտրոն, -Կազմավորել մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ, հուսալի պաշտպանական համակարգ, ինչպես նաև արդյունավետ պետական կառավարում ունեցող պետական իշխանություն։ -Անշրջելի դարձնել սահմանադրականության գաղափարաբանությունը, ստեղծել ամբողջությամբ կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում, վերացնել քաղաքական կոռուպցիան, ապահովել ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կենսագործունեությունը:   Սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց գնալ իր նախորդների ճանապարհով ու տանուլ տվեց, արդյունքում՝ նրա կառավարման ժամանակահատվածը, ցավոք սրտի, պետք է բնորոշել որպես ձախողումների, կորուստների, տապալումների և աղետի ժամանակաշրջան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով։   Չափից դուրս մտահոգիչ է, որ ժողովրդավարության ու ազատության քողի տակ լկտիությունն ու սանձարձակությունը դարձել է կյանքի նորմ, խեղվել է տղամարդու ու կնոջ կերպարը, մեր հասարակության մեջ փոխվում է ընտանիքի, մեծի ու փոքրի, կրթության, պետության ու հայրենիքի պաշտպանության ընկալումը։   Նախորդ 5 տարիների ընթացքում ամբողջությամբ փլուզվեց ՀՀ պաշտպանական համակարգը։ Գործող իշխանությունը չունի՛ Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգ, չունի՛ Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, չունի՛ արտաքին քաղաքական ռազմավարություն, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները գտնվում են անրոշության ու վստահության անկման փուլում, որից Հայաստանը որևէ կերպ չի շահում։ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը փխրուն է, արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ իրական վտանգի առաջ։   Ուրվագծված չէ բանակի զարգացման մոդելը, Հայաստանը չունի նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ ու որակապես նոր ռազմական դոկտրի։   Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառանալիքները վերջին 5 տարիներին ոչ միայն չի պակասել, այլև ճիշտ հակառակը՝ դարձել են գոյաբանական։   Բացի այդ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, առանձնակի կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից,   համոզմունքով, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչն իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։   Բացի այդ, բացառելով իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը,   Գտնելով, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, որոշել է մինչև օրենքով սահմանված կարգով ընտրական ցուցակը հաստատելը, պատվիրակել կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին՝ քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրմանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածու»։
18:36 - 13 մայիսի, 2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրությունից․ «Հարգելի բարեկամներ,   «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը 2023թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել մասնակցել 2023թ. նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին։ Գործող քաղաքական ուժերի ներկայիս հաշվեկշիռը, խորհրդարանական ուժերի դասավորվածությունը, նրանց իրական ազդեցությունն ու հեղինակությունը հնարավորություն են տալիս արձանագրել, որ գործող Ազգային Ժողովը վերածվել է միակուսակցական պառլամենտի, իսկ երկրի փաստացի ու իրական կառավարումն իրականացվում է մեկ մարդու կողմից, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իշխող քաղաքական ուժի միահեծան քաղաքական մոնստր դառնալու հեռանկարը՝ դրա մտահոգիչ վերջաբանով հանդերձ, գործադիր իշխանության ղեկավարի կողմից պետական իշխանության այլ մարմինների, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի, Ազգային Ժողովի, դատական իշխանության, դատախազական ու ՏԻՄ համակարգի նկատմամբ ունեցած բացահայտ ու միանձնյա ղեկավարումը կարող է հանգեցնել պետականաշինության ու սահմանադրականության լրջագույն ճգնաժամի։ Քաղաքական դաշտում որևէ ուժի կամ պետական իշխանության որևէ օղակի անվերահսկելիությունը, ինչպես նաև պետական իշխանության ու ՏԻՄ համակարգերում միակուսակցական համակարգի հեռանկարը բացառելու առումով խիստ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս լեգետիմ ու ընձեռնված հնարավորության օգտագործման միջոցով վերականգնել խաթարված քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ խորագույն համոզմամբ, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։ Նկատի ունենալով, որ խորհրդարանական «ընդդիմությունն», ըստ էության, ջախջախված է, չունի ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն, քան գործող իշխանությունը, իսկ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դրսևորած վարքագիծն էլ ավելի է նվազեցրել նրանց քաղաքական վարկանիշը, հետևաբար՝ վերջիններս կորցրել են իրենց մրցունակությունն ու քաղաքական գրավչությունը, ինչն ավելի անվերահսկելի է դարձրել խորհրդարանական մեծամասնությանը, միաժամանակ խիստ կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, գտնում ենք, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչ իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։ Պարզ ասած, «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է բացառել իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի, կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ Իշխող քաղաքական ուժը նախորդ 5 տարիներին, իսկ խորհրդարանական «Ընդդիմությունը» դրան նախորդող տասնամյակների ընթացքում ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ավե՛լի լավ, ավե՛լի զարգացած պետություն կառուցելու, ավե՛լի բարեկարգ Երևան ունենալու համար, սակայն չեն արել, հետևաբար, անգամ բարոյական տեսանկյունից անհասկանալի է նրանց դրսևորած հավակնությունը։ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, ուստի իր խնդիրն է համարում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրման, որը կվայելի հանրության աջակցությունն ու կստանա անհրաժեշտ վստահության քվե՝ ավագանու ընտրություններում անվերապահ հաղթանակն արձանագրելու գործում։ Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։ Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան»։ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ
14:42 - 03 փետրվարի, 2023
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նիստին ներկա են եղել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը», - ասված է հաղորդագրության մեջ:
20:49 - 30 ապրիլի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը:      
16:21 - 26 մարտի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Մեր նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ Բրյուսել այցից հետո հանդիպում կունենանք: Ինչպես միշտ վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել: Նաև կուզենայի իմ պատմածից ձեր տպավորություններն ու վերլուծությունները լսել»:    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
18:24 - 25 դեկտեմբերի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր ընտրություններն արձանագրել են  մեր ժողովրդի կամարտահայտությունը, և մեր այսօրվա հանդիպման հիմնական օրակարգը հետևյալն է՝ կուզենայի լսել Ձեր պատկերացումները քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ, նաև ի՞նչ պլաններ ունի Ձեր կուսակցությունը, ինչպե՞ս եք տեսնում կառավարության ու արտախորհրդարանական ուժերի հարաբերությունները, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևի վրա հենվելով կարող ենք ապահովել կոնսոլիդացիա, որը մեր երկիրն այս դժվար վիճակից հանելու կարևորագույն բաղադրիչն է: Եվ ի՞նչ անել, որպեսզի փոխադարձաբար լսելի լինենք՝ և՛ արտախորհրդարանական ուժերի, ձեր կուսակցության համար լսելի լինել կառավարությանը, և՛ կառավարության համար լսելի լինել արտախորհրդարանական ուժերին: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ և աղմուկի մեջ կորում են, մի ձև գտնել աղմուկի մեջից դուրս բերել: Եթե հնարավոր չէ աղմուկը կարգավորել, գոնե աղմուկի մեջից դուրս բերել ռացիոնալը, ինչը շատ կարևոր է և ինչի բացթողումը հնարավորության բացթողում է: Նորայր Նորիկյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Շնորհակալ եմ հրավերի համար: Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքսում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար: Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման: Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում: Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք: «Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ:     Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
16:10 - 22 հունիսի, 2021
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

«Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը:Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով. ««Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին:Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ:Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես...Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին»: Նշենք, որ  «Արդար Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում չի հաղթահարել 1 տոկոսի շեմը:
12:53 - 21 հունիսի, 2021