«Խուռհատ սար»-ի քրեական գործ

Խուռհատ սարի անվանումը ստացած քրեական գործը 44-օրյա պատերազմին առնչվող գործերից է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մասնակցությամբ Հադրութին հարակից Խուռհատ սարում մարտական օպերացիայի մանրամասները։

Ուսումնական գումարտակի նորակոչիկ անձնակազմը հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սար, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։

Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին այլ սպաների հետ հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ, պատշաճ տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։

Իշխան Վահանյանը մեղադրանքը չի ընդունում։

«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով 40 վկա եւ տուժողի 15 իրավահաջորդ կա։ Այս մասին երեկ հայտարարեց գործը քննող դատավոր Ջոն Հայրապետյանը։ Դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին դատակոչված 3 վկաներից 2-ը՝ պատերազմի օրերին ժամկետային զինծառայողներ Ենոք Ավետիսյանը եւ Արգիշտի Աբրահամյանը։ Ավետիսյանը պատմեց, որ Վահանյանի կողմից որեւէ ուղղորդում չի եղել, իսկ երբ նահանջից հետո զանգել են նրան, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք։ Մյուս վկան՝ Աբրահամյանը, հայտնեց, թե պատերազմից հետո համացանցով է տեղեկացել  Վահանյանի մասին, այնինչ ամիսներ առաջ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, նա մի քանի անգամ տվել է Վահանյանի անունը՝ նշելով, որ տեսել է նրան, ընդհանուր խոսակցություններից՝ լսել, թե իբր վիրավորվել է եւ զորքին անտեր թողնելով՝ հեռացել։ Հաշվի առնելով այս հակասությունը՝ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։  Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Նախորդ դատական նիստերին Վահանյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գեւորգ Պարունակյանը, սակայն վերջինս դուրս է եկել աշխատանքից, ինչով պայմանավորված՝ տեղի է ունեցել պաշտպանի փոփոխություն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից ամբաստանյալին նոր փաստաբան է տրամադրվել․ այսուհետ նրա շահերը կպաշտպանի Սիրանուշ Հարությունյանը։ Վկա Արգիշտի Աբրահամյանը շատ հարցերի պատասխաններ չէր հիշում Երեկ հարցաքննված առաջին վկան Արգիշտի Աբրահամյանն էր, որը դատարանում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առնչություն չի ունեցել եւ նրան չի տեսել։  Աբրահամյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 24-ին, համավարակով պայմանավորված՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կարանտին է անցել Ասկերանում, որից հետո տեղափոխվել է Ջաբրայիլ։ Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նրանց տարել են Ջաբրայիլի դիրքեր՝ 3-րդ գիծ, որտեղ ընկել են ռմբակոծության տակ, եւ հետո դիրքից դիրք տեղափոխվելով՝ հոկտեմբերի 4-ի կամ 5-ի մոտակայքում ի վերջո հասել են Հադրութ։ Թե ով է տեղափոխվելու հրաման տվել, վկան չհիշեց, միայն նշեց, որ իրենց վաշտի հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր։ Լուսանկարում՝ Արգիշտի Աբրահամյանը Հադրութում արդեն, ըստ նրա,  «թուրքի գերեզմաններ» կոչվող հատվածում է ուժեղ կռիվ եղել, որից հետո նահանջի հրաման ստանալով՝ իջել են դեպի Հադրութի դպրոց։ Թե ում հրամանով են այդ տարածք գնացել, հետո նաեւ՝ նահանջել, վկան դարձյալ չհիշեց՝ ասելով միայն․ «Խառը վիճակ էր, լսվեց նահանջի հրաման, իջանք»։ Դպրոցից հետո, ըստ նրա, հոկտեմբերի 10-ին, ոմն սերժանտ, որը նաեւ վարորդ է եղել, նրանց տեղափոխել է «Վիշկա» կոչվող բլրի մոտ, որպեսզի այդտեղից հսկեին Հադրութ քաղաքը, բայց թե ով է կազմակերպել այդ ամբողջը, Աբրահամյանը դարձյալ չգիտեր․ «Այդ ժամանակ Հայկազն էր մեզ հետ, Վահանյանին չեմ տեսել կամ գուցե տեսել եմ, բայց տեղը չեմ բերել, որովետեւ ես միայն մեր հրամանատարին գիտեի»,– ասաց նա։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 11-ին, երբ թշնամին միանգամից հարձակվել է, նահանջի հրաման ստանալով՝ իջել են։ Հանրային մեղադրողի հարցին, թե ով է տվել նահանջի հրամանը, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, ամբողջ զորքն էր գոռում՝ նահա՜նջ»։ Ճշտող հարցին՝ վերադաս հրամանատարությունից մարդ չկա՞ր, որն իրենց կուղղորդեր, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իջնելուց հետո Հայկազ Գրիգորյանին էլ չի տեսել։ «Պիտի հրամանատար լիներ, որ․․․»,– լսվեց դահլիճից։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, փաստաբան Սիրանուշ Հարությունյանը Վկային հարց հղեց նաեւ ամբաստանյալի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ ասելով՝ ինքը ճի՞շտ հասկացավ, որ միայն Հայկազ Գրիգորյանն է եղել նրանց կողքին․ «Կարող է էլի մարդիկ են եղել, բայց ես նրանց չեմ ճանաչում, միայն Հայկազին գիտեի»,– պատասխանեց վկան։ Ճշտող հարցին՝ Վահանյանին տեսե՞լ է, նա բացասական պատասխան տվեց։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցերին էլ ի պատասխան՝ վկան ասաց, որ իրենց աջակցող հրետանային ուժ կամ այլ ծանր տեխնիկա չի եղել։ Դիրքեր էլ, որ բարձրացել են, իրենք են բահերով խրամատ փորել։ Աբրահամյանի կարծիքով՝ իրենց այդպիսի դիրք չէր կարելի վստահել, քանի որ ընդամենը մեկ-երկու ամսվա զինծառայողներ էին։ Նահանջից հետո հասնելով Հադրութ քաղաք՝ ինչ–որ տուն են գտել, գիշերել այնտեղ՝ զուգահեռ զանգահարելով իրենց ծանոթ մարդկանց, օգնություն խնդրել, բայց ոչ ոք օգնության չի եկել, միայն հորդորել են դուրս գալ այդտեղից, որից հետո՝ հաջորդ օրը, դուրս են եկել, բայց տեղ չեն հասել՝ ընկնելով շրջափակման մեջ։ Աբրահամյանն այդտեղ հրազենային վիրավորում է ստացել։ Գրիգորյանի հարցին՝ պատերազմից հետո իր ընկերների հետ քննարկե՞լ են, վերլուծե՞լ են արդյոք, թե ինչը ոնց եղավ, ինչու եղավ, վկան պատասխանեց․ «Տենց ընկեր չունեմ, որի հետ կարող եմ էդ ամենից խոսել»։ «Բոլորը զոհվել են․․․»– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով նրա ցուցմունքներում առկա էական հակասությունները, ինչպես նաեւ այն, որ նա որոշ հանգամանքներ չի մտաբերում։ Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, եւ դատարանը բավարարեց այն։ Նշենք, որ նախաքննության փուլում Աբրահամյանը հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 10-ին։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ընթերցելով նախաքննական ցուցմունքը՝ հանրային մեղադրողն ասաց, որ  դատարանում վկան հայտարարեց, որ Իշխան Վահանյանին միայն պատերազմից հետո համացանցով է տեսել, սակայն նախաքննության փուլում քննիչին ասել է, որ Հադրութի դպրոցում իրենց հետ եղել են նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Ղարիբ Ջավադյանը, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը, շտաբի պետ Իշխան Վահանյանը եւ էլի սպաներ, որոնց չի կարող հիշել։ Այս հակասությունը, սակայն, վկան պարզաբանել չկարողացավ․ «Ղարիբը Հայկազի հետ էր, բայց Վահանյանին չեմ հիշում»։ Մեղադրողի հարցին՝ ինքը նման տեղեկություն չի՞ հայտնել, վկան պատասխանեց․ «Ահագին ժամանակ է անցել, չեմ հիշում»,–ասաց նա։ Վկայի անորոշ պատասխանները սկսեցին զայրացնել տուժողների իրավահաջորդներին, որոնք պահանջեցին «հետ քայլ» չանել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն էլ հորդորեց չլսել ոչ մեկին՝ տալով միայն ճշմարտացի ցուցմունք․ «Երբ հարցաքննության եմ եղել, ես քննիչին ասել եմ, որ շատ բան չեմ հիշում, նա ընդհանուր կարծիքի հիման վրա գրել է»։ «Հիմա ինչ հիշում եք, դա ասեք»,– նշեց դատավորը։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Ըստ հանրային մեղադրողի՝ նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին, որքան հիշում է, Վահանյանը իրենց հավաքել է Հադրութի դպրոցում, ասել, որ կգնան մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ, որից հետո գնացել են վերոնշյալ «թուրքի գերեզման» կոչվող հատվածը․ «Հա, տենց բան եղել է»,– ասաց վկան։ «Իշխան Վահանյա՞նն է ուղարկել»,– ճշտեց մեղադրողը։ «Չեմ հիշում, բայց հա, ուրեմն՝ ինքը»։ Դատավորի հարցին՝ այսինքն՝ դեպքը եղել է, բայց անձին չի հիշո՞ւմ, վկան դրական պատասխան տվեց։ Նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին սարի ներքեւի հատվածում տեսել է Իշխան Վահանյանին․ «Կարող է՝ ասել եմ հրամանատար, քննիչն է գրել Վահանյան»,– կարծիք հայտնեց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը խնդրեց պարզաբանել, որովհետեւ մարդուն չճանաչել, բայց 4 անգամ նրա անունը տալ, ըստ նրա, հնարավոր չէ։ Ի պատասխան՝ վկան միայն լռեց։ Դատավորն արձանագրեց, որ վկան չի կարողանում պարզաբանել եւ խնդրեց մեղադրողին շարունակել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկան հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել, եւ ինքը հիշում է, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում եւ ասում էր, որ կրակեն մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ․ «Եվ ինձ համար հասկանալի էր, որ նա չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում հակառակորդի ուժերը շատ էին, հասկանում էինք, որ չենք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր, սկսեցինք իջնել, զորքը խուճապահար վիճակում էր, եւ երբ արդեն հասանք սարի տակ, ընդհանուր խոսակցություններից իմացա, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը իբր վիրավորվել է, նստել մեքենա եւ հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում»,– ընթերցեց Գեւորգ Ավետիսյանը։ Վկան նշեց, որ նման խոսակցություն իսկապես լսել է, որից հետո դատարանից ընդմիջում խնդրեց։ Նիստն ընդմիջվեց 3 րոպեով։ Այդ ընթացքում դատարանի միջանցքում վկային մոտեցան տուժողների իրավահաջորդները՝ հորդորելով միայն ճիշտը պատմել։ Վերադառնալով դահլիճ՝ Արգիշտի Աբրահամյանը շարունակեց տալ նույնաբովանդակ ցուցմունք։ Հարցաքննության ավարտից հետո ծնողները կարծիք հայտնեցին, որ վկան ինչ–որ ճնշման տակ է։ Ըստ վկա Ենոք Ավետիսյանի՝ Վահանյանը հեռախոսով ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք Դատակոչված մյուս վկան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայության մեջ գտնված Ենոք Ավետիսյանն էր։ Նա բանակ է զորակոչվել 2020 թ, հուլիսի 28-ին, «Մարտունի 2»-ում 17 օր եղել է կարանտինի մեջ, որից հետո արդեն տեղափոխվել է Ջաբրայիլ։ Ըստ նրա՝ իր բախտը բերել է, քանի որ նախկինում մի քանի անգամ կրակային դասերի է գնացել, բայց մարդիկ կային, որ չէին անցել կրակային, անգամ իրենց կցած զենք չունեին դեռ։ Ավետիսյանը պատմեց, որ պատերազմը սկսելուց մոտ 2 օր առաջ իրենց գումարտակում տագնապ է եղել, ինչը պայմանավորել են նրանով, որ առաջնագծում կուտակումներ կան, եւ մոտակա ժամանակներում կարող է լարվածություն ստեղծվել։ «Այսինքն՝ դա եղել է զգոնության ստուգում, որից հետո առօրյա ծառայության ենք վերադարձել»,– ասաց նա։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն, երբ հարված է եղել զորամասի վրա, իջել են թաքստոց, ապա ջոկ–ջոկ գնացել՝ զենքերը ստանալու եւ ուղեւորվել 2-րդ գիծ։ Իրենց հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր, իսկ Իշխան Վահանյանին հանդիպել է արդեն Հադրութում՝ «Թութակներ» կոչվող դիրքում։ Սակայն բուն հարձակման պահին նրան չեն նկատել, որպես հրամանատար՝ ոչ մի ուղղորդում նրա կողմից չի եղել․ «Եղել է մի կամավոր տարիքով մարդ, որին հետո խփել են, նա է կրակելու հրաման տվել, հետո էլ ասել՝ էստեղ չեք մնալու, որովհետեւ շարքից հանել էին մեր ուժերը, եւ եթե մենք էլ մնայինք, ոչ մի կենդանի ուժ չէր կարող դուրս գալ, անհավասար պայքար է եղել»,– պատմեց վկան՝ նշելով, որ իրենք միայն ԱԿԱ տեսակի զենք են ունեցել եւ հեռադիտակ, կապի ոչ մի միջոց, անգամ նռնակ չի եղել իրենց մոտ։  Լուսանկարում՝ Ենոք Ավետիսյանը Հարցին՝ իսկ երբ իջան սարից, չհետաքրքրվեցի՞ն, թե ուր են իրենց ղեկավարները, վկան պատասխանեց, որ մարդ չկար, որպեսզի հետաքրքրվեին։ Նրա խոսքով՝ միայն կամավորն է զանգել Վահանյանին, հայտնել իրենց գտնվելու վայրը, նա էլ, առանց ուղղություն տալու, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք․ «Այդ կամավոր մարդը հարցնում է, թե նա որտեղ է, Վահանյանն էլ ասում է՝ վիրավոր եմ, բայց թե մինչեւ վիրավոր լինելը որտեղ է եղել, տեղյակ չենք»։ Սարից իջնելով արդեն՝ քայլել են Հադրութի գյուղերից մեկի ուղղությամբ, ճանապարհին եկեղեցու մոտով են անցել եւ այդ հատվածում հայկական զորքի են հանդիպել․ «Մեր բախտը բերում է, իրենց ենք կպնում ու գնում, բայց մարդիկ են եղել, որ այլ ուղղությամբ են գնացել, եւ նրանցից մինչ օրս տեղեկություն չունենք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե մինչեւ ենթադրյալ դեպքի օրը ինչքան կանոնավոր է եղել Ջաբրայիլի զորքը, ոնց է ղեկավարվել, որովհետեւ ըստ նրա՝ տպավորություն է, թե գումարտակի հրամանատարի փախուստից հետո ողջ անձնակազմը ցայտնոտի մեջ է ընկել․ «Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ծառայության ժամանակ լսել եմ՝ ինչ զինատեսակներ են պետք, ինչով պիտի կոմպլեկտավորված լինի վաշտը, հիմա ուզում եմ հասկանալ՝ մինչեւ էդ փախուստը գուցե տվել են այլ զենքեր․ եթե ամբաստանյալը չի համալրել, մի հոդված էլ ավելացնենք, եթե ուրիշ մեկը պիտի աներ, ինչու՞ նրա կողքին նստած չի»,– վրդովվեց նա։ Արձագանքելով նրա վրդովմունքին՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ թե՛ Ջրականի, թե՛ Հադրութի, այդ թվում՝ 5-րդ գումարտակի, դրա սպառազինությանն առնչվող քրեական գործ կա, որ այժմ նախաքննության փուլում է։ Վկա Ենոք Ավետիսյանն էլ նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, իրենց վաշտը ծանր տեխնիկայով կոմպլեկտավորված չի եղել։ «Իսկ զորանոցում ծանր զենքեր, նռնակ եղե՞լ է»,– հարցրեց Գրիգորյանը։ «Պիտի որ եղած լինի», –պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 30 օգոստոսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022