«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա
23:55 - 30 օգոստոսի, 2022

«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած

  • 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով 40 վկա եւ տուժողի 15 իրավահաջորդ կա։ Այս մասին երեկ հայտարարեց գործը քննող դատավոր Ջոն Հայրապետյանը։
  • Դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին դատակոչված 3 վկաներից 2-ը՝ պատերազմի օրերին ժամկետային զինծառայողներ Ենոք Ավետիսյանը եւ Արգիշտի Աբրահամյանը։
  • Ավետիսյանը պատմեց, որ Վահանյանի կողմից որեւէ ուղղորդում չի եղել, իսկ երբ նահանջից հետո զանգել են նրան, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք։ Մյուս վկան՝ Աբրահամյանը, հայտնեց, թե պատերազմից հետո համացանցով է տեղեկացել  Վահանյանի մասին, այնինչ ամիսներ առաջ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, նա մի քանի անգամ տվել է Վահանյանի անունը՝ նշելով, որ տեսել է նրան, ընդհանուր խոսակցություններից՝ լսել, թե իբր վիրավորվել է եւ զորքին անտեր թողնելով՝ հեռացել։ Հաշվի առնելով այս հակասությունը՝ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ 

Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Նախորդ դատական նիստերին Վահանյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գեւորգ Պարունակյանը, սակայն վերջինս դուրս է եկել աշխատանքից, ինչով պայմանավորված՝ տեղի է ունեցել պաշտպանի փոփոխություն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից ամբաստանյալին նոր փաստաբան է տրամադրվել․ այսուհետ նրա շահերը կպաշտպանի Սիրանուշ Հարությունյանը։

Վկա Արգիշտի Աբրահամյանը շատ հարցերի պատասխաններ չէր հիշում

Երեկ հարցաքննված առաջին վկան Արգիշտի Աբրահամյանն էր, որը դատարանում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առնչություն չի ունեցել եւ նրան չի տեսել։ 

Աբրահամյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 24-ին, համավարակով պայմանավորված՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կարանտին է անցել Ասկերանում, որից հետո տեղափոխվել է Ջաբրայիլ։ Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նրանց տարել են Ջաբրայիլի դիրքեր՝ 3-րդ գիծ, որտեղ ընկել են ռմբակոծության տակ, եւ հետո դիրքից դիրք տեղափոխվելով՝ հոկտեմբերի 4-ի կամ 5-ի մոտակայքում ի վերջո հասել են Հադրութ։ Թե ով է տեղափոխվելու հրաման տվել, վկան չհիշեց, միայն նշեց, որ իրենց վաշտի հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր։

Լուսանկարում՝ Արգիշտի Աբրահամյանը

Հադրութում արդեն, ըստ նրա,  «թուրքի գերեզմաններ» կոչվող հատվածում է ուժեղ կռիվ եղել, որից հետո նահանջի հրաման ստանալով՝ իջել են դեպի Հադրութի դպրոց։ Թե ում հրամանով են այդ տարածք գնացել, հետո նաեւ՝ նահանջել, վկան դարձյալ չհիշեց՝ ասելով միայն․ «Խառը վիճակ էր, լսվեց նահանջի հրաման, իջանք»։

Դպրոցից հետո, ըստ նրա, հոկտեմբերի 10-ին, ոմն սերժանտ, որը նաեւ վարորդ է եղել, նրանց տեղափոխել է «Վիշկա» կոչվող բլրի մոտ, որպեսզի այդտեղից հսկեին Հադրութ քաղաքը, բայց թե ով է կազմակերպել այդ ամբողջը, Աբրահամյանը դարձյալ չգիտեր․ «Այդ ժամանակ Հայկազն էր մեզ հետ, Վահանյանին չեմ տեսել կամ գուցե տեսել եմ, բայց տեղը չեմ բերել, որովետեւ ես միայն մեր հրամանատարին գիտեի»,– ասաց նա։

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 11-ին, երբ թշնամին միանգամից հարձակվել է, նահանջի հրաման ստանալով՝ իջել են։ Հանրային մեղադրողի հարցին, թե ով է տվել նահանջի հրամանը, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, ամբողջ զորքն էր գոռում՝ նահա՜նջ»։ Ճշտող հարցին՝ վերադաս հրամանատարությունից մարդ չկա՞ր, որն իրենց կուղղորդեր, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իջնելուց հետո Հայկազ Գրիգորյանին էլ չի տեսել։ «Պիտի հրամանատար լիներ, որ․․․»,– լսվեց դահլիճից։

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, փաստաբան Սիրանուշ Հարությունյանը

Վկային հարց հղեց նաեւ ամբաստանյալի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ ասելով՝ ինքը ճի՞շտ հասկացավ, որ միայն Հայկազ Գրիգորյանն է եղել նրանց կողքին․ «Կարող է էլի մարդիկ են եղել, բայց ես նրանց չեմ ճանաչում, միայն Հայկազին գիտեի»,– պատասխանեց վկան։ Ճշտող հարցին՝ Վահանյանին տեսե՞լ է, նա բացասական պատասխան տվեց։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցերին էլ ի պատասխան՝ վկան ասաց, որ իրենց աջակցող հրետանային ուժ կամ այլ ծանր տեխնիկա չի եղել։ Դիրքեր էլ, որ բարձրացել են, իրենք են բահերով խրամատ փորել։ Աբրահամյանի կարծիքով՝ իրենց այդպիսի դիրք չէր կարելի վստահել, քանի որ ընդամենը մեկ-երկու ամսվա զինծառայողներ էին։

Նահանջից հետո հասնելով Հադրութ քաղաք՝ ինչ–որ տուն են գտել, գիշերել այնտեղ՝ զուգահեռ զանգահարելով իրենց ծանոթ մարդկանց, օգնություն խնդրել, բայց ոչ ոք օգնության չի եկել, միայն հորդորել են դուրս գալ այդտեղից, որից հետո՝ հաջորդ օրը, դուրս են եկել, բայց տեղ չեն հասել՝ ընկնելով շրջափակման մեջ։ Աբրահամյանն այդտեղ հրազենային վիրավորում է ստացել։

Գրիգորյանի հարցին՝ պատերազմից հետո իր ընկերների հետ քննարկե՞լ են, վերլուծե՞լ են արդյոք, թե ինչը ոնց եղավ, ինչու եղավ, վկան պատասխանեց․ «Տենց ընկեր չունեմ, որի հետ կարող եմ էդ ամենից խոսել»։ «Բոլորը զոհվել են․․․»– լսվեց ծնողներից մեկի ձայնը։

Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով նրա ցուցմունքներում առկա էական հակասությունները, ինչպես նաեւ այն, որ նա որոշ հանգամանքներ չի մտաբերում։ Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, եւ դատարանը բավարարեց այն։ Նշենք, որ նախաքննության փուլում Աբրահամյանը հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 10-ին։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Ընթերցելով նախաքննական ցուցմունքը՝ հանրային մեղադրողն ասաց, որ  դատարանում վկան հայտարարեց, որ Իշխան Վահանյանին միայն պատերազմից հետո համացանցով է տեսել, սակայն նախաքննության փուլում քննիչին ասել է, որ Հադրութի դպրոցում իրենց հետ եղել են նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Ղարիբ Ջավադյանը, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը, շտաբի պետ Իշխան Վահանյանը եւ էլի սպաներ, որոնց չի կարող հիշել։ Այս հակասությունը, սակայն, վկան պարզաբանել չկարողացավ․ «Ղարիբը Հայկազի հետ էր, բայց Վահանյանին չեմ հիշում»։ Մեղադրողի հարցին՝ ինքը նման տեղեկություն չի՞ հայտնել, վկան պատասխանեց․ «Ահագին ժամանակ է անցել, չեմ հիշում»,–ասաց նա։

Վկայի անորոշ պատասխանները սկսեցին զայրացնել տուժողների իրավահաջորդներին, որոնք պահանջեցին «հետ քայլ» չանել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն էլ հորդորեց չլսել ոչ մեկին՝ տալով միայն ճշմարտացի ցուցմունք․ «Երբ հարցաքննության եմ եղել, ես քննիչին ասել եմ, որ շատ բան չեմ հիշում, նա ընդհանուր կարծիքի հիման վրա գրել է»։ «Հիմա ինչ հիշում եք, դա ասեք»,– նշեց դատավորը։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Ըստ հանրային մեղադրողի՝ նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին, որքան հիշում է, Վահանյանը իրենց հավաքել է Հադրութի դպրոցում, ասել, որ կգնան մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ, որից հետո գնացել են վերոնշյալ «թուրքի գերեզման» կոչվող հատվածը․ «Հա, տենց բան եղել է»,– ասաց վկան։ «Իշխան Վահանյա՞նն է ուղարկել»,– ճշտեց մեղադրողը։ «Չեմ հիշում, բայց հա, ուրեմն՝ ինքը»։ Դատավորի հարցին՝ այսինքն՝ դեպքը եղել է, բայց անձին չի հիշո՞ւմ, վկան դրական պատասխան տվեց։

Նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին սարի ներքեւի հատվածում տեսել է Իշխան Վահանյանին․ «Կարող է՝ ասել եմ հրամանատար, քննիչն է գրել Վահանյան»,– կարծիք հայտնեց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը խնդրեց պարզաբանել, որովհետեւ մարդուն չճանաչել, բայց 4 անգամ նրա անունը տալ, ըստ նրա, հնարավոր չէ։ Ի պատասխան՝ վկան միայն լռեց։ Դատավորն արձանագրեց, որ վկան չի կարողանում պարզաբանել եւ խնդրեց մեղադրողին շարունակել։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկան հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել, եւ ինքը հիշում է, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում եւ ասում էր, որ կրակեն մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ․ «Եվ ինձ համար հասկանալի էր, որ նա չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում հակառակորդի ուժերը շատ էին, հասկանում էինք, որ չենք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր, սկսեցինք իջնել, զորքը խուճապահար վիճակում էր, եւ երբ արդեն հասանք սարի տակ, ընդհանուր խոսակցություններից իմացա, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը իբր վիրավորվել է, նստել մեքենա եւ հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում»,– ընթերցեց Գեւորգ Ավետիսյանը։ Վկան նշեց, որ նման խոսակցություն իսկապես լսել է, որից հետո դատարանից ընդմիջում խնդրեց։ Նիստն ընդմիջվեց 3 րոպեով։ Այդ ընթացքում դատարանի միջանցքում վկային մոտեցան տուժողների իրավահաջորդները՝ հորդորելով միայն ճիշտը պատմել։ Վերադառնալով դահլիճ՝ Արգիշտի Աբրահամյանը շարունակեց տալ նույնաբովանդակ ցուցմունք։ Հարցաքննության ավարտից հետո ծնողները կարծիք հայտնեցին, որ վկան ինչ–որ ճնշման տակ է։

Ըստ վկա Ենոք Ավետիսյանի՝ Վահանյանը հեռախոսով ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք

Դատակոչված մյուս վկան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայության մեջ գտնված Ենոք Ավետիսյանն էր։ Նա բանակ է զորակոչվել 2020 թ, հուլիսի 28-ին, «Մարտունի 2»-ում 17 օր եղել է կարանտինի մեջ, որից հետո արդեն տեղափոխվել է Ջաբրայիլ։ Ըստ նրա՝ իր բախտը բերել է, քանի որ նախկինում մի քանի անգամ կրակային դասերի է գնացել, բայց մարդիկ կային, որ չէին անցել կրակային, անգամ իրենց կցած զենք չունեին դեռ։

Ավետիսյանը պատմեց, որ պատերազմը սկսելուց մոտ 2 օր առաջ իրենց գումարտակում տագնապ է եղել, ինչը պայմանավորել են նրանով, որ առաջնագծում կուտակումներ կան, եւ մոտակա ժամանակներում կարող է լարվածություն ստեղծվել։ «Այսինքն՝ դա եղել է զգոնության ստուգում, որից հետո առօրյա ծառայության ենք վերադարձել»,– ասաց նա։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն, երբ հարված է եղել զորամասի վրա, իջել են թաքստոց, ապա ջոկ–ջոկ գնացել՝ զենքերը ստանալու եւ ուղեւորվել 2-րդ գիծ։ Իրենց հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր, իսկ Իշխան Վահանյանին հանդիպել է արդեն Հադրութում՝ «Թութակներ» կոչվող դիրքում։ Սակայն բուն հարձակման պահին նրան չեն նկատել, որպես հրամանատար՝ ոչ մի ուղղորդում նրա կողմից չի եղել․ «Եղել է մի կամավոր տարիքով մարդ, որին հետո խփել են, նա է կրակելու հրաման տվել, հետո էլ ասել՝ էստեղ չեք մնալու, որովհետեւ շարքից հանել էին մեր ուժերը, եւ եթե մենք էլ մնայինք, ոչ մի կենդանի ուժ չէր կարող դուրս գալ, անհավասար պայքար է եղել»,– պատմեց վկան՝ նշելով, որ իրենք միայն ԱԿԱ տեսակի զենք են ունեցել եւ հեռադիտակ, կապի ոչ մի միջոց, անգամ նռնակ չի եղել իրենց մոտ։ 

Լուսանկարում՝ Ենոք Ավետիսյանը

Հարցին՝ իսկ երբ իջան սարից, չհետաքրքրվեցի՞ն, թե ուր են իրենց ղեկավարները, վկան պատասխանեց, որ մարդ չկար, որպեսզի հետաքրքրվեին։ Նրա խոսքով՝ միայն կամավորն է զանգել Վահանյանին, հայտնել իրենց գտնվելու վայրը, նա էլ, առանց ուղղություն տալու, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք․ «Այդ կամավոր մարդը հարցնում է, թե նա որտեղ է, Վահանյանն էլ ասում է՝ վիրավոր եմ, բայց թե մինչեւ վիրավոր լինելը որտեղ է եղել, տեղյակ չենք»։

Սարից իջնելով արդեն՝ քայլել են Հադրութի գյուղերից մեկի ուղղությամբ, ճանապարհին եկեղեցու մոտով են անցել եւ այդ հատվածում հայկական զորքի են հանդիպել․ «Մեր բախտը բերում է, իրենց ենք կպնում ու գնում, բայց մարդիկ են եղել, որ այլ ուղղությամբ են գնացել, եւ նրանցից մինչ օրս տեղեկություն չունենք»։

Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե մինչեւ ենթադրյալ դեպքի օրը ինչքան կանոնավոր է եղել Ջաբրայիլի զորքը, ոնց է ղեկավարվել, որովհետեւ ըստ նրա՝ տպավորություն է, թե գումարտակի հրամանատարի փախուստից հետո ողջ անձնակազմը ցայտնոտի մեջ է ընկել․ «Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ծառայության ժամանակ լսել եմ՝ ինչ զինատեսակներ են պետք, ինչով պիտի կոմպլեկտավորված լինի վաշտը, հիմա ուզում եմ հասկանալ՝ մինչեւ էդ փախուստը գուցե տվել են այլ զենքեր․ եթե ամբաստանյալը չի համալրել, մի հոդված էլ ավելացնենք, եթե ուրիշ մեկը պիտի աներ, ինչու՞ նրա կողքին նստած չի»,– վրդովվեց նա։ Արձագանքելով նրա վրդովմունքին՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ թե՛ Ջրականի, թե՛ Հադրութի, այդ թվում՝ 5-րդ գումարտակի, դրա սպառազինությանն առնչվող քրեական գործ կա, որ այժմ նախաքննության փուլում է։ Վկա Ենոք Ավետիսյանն էլ նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, իրենց վաշտը ծանր տեխնիկայով կոմպլեկտավորված չի եղել։ «Իսկ զորանոցում ծանր զենքեր, նռնակ եղե՞լ է»,– հարցրեց Գրիգորյանը։ «Պիտի որ եղած լինի», –պատասխանեց վկան։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել