Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։ Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           
16:46 - 16 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շնորհակալությամբ ընդգծելով, որ Ավստրալիան մշտապես զորավիգ է եղել հայ ժողովրդին, նաև դժվարին այս շրջանում իր կարևոր աջակցությունը բերել հայրենազրկված արցախահայությանը։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ, ինչի ականատեսն է եղել հովվապետական այցերի ընթացքում:Դեսպան Ջոն Գիրինգը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Դեսպանը շեշտեց նաև Ավստրալիայում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը: Զրույցի ընթացքում խոսվեց բռնի տեղահանված արցախցիների և պատանդառված ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության պահպանությանն առնչված խնդիրների, ինչպես և Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի մասին:
13:38 - 13 ապրիլի, 2024
Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Վեհափառը ցավակցել է ավտովթարի հետևանքով զոհված զիծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին»,- ասվում է ցավակացական ուղերձում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվելով հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնել է 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:
10:36 - 13 ապրիլի, 2024
Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին  Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին և անդրադառնալով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման ու հայաթափման, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով բարեկամ երկրների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը։ Իր հերթին Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց պատվիրակության առաքելության ու ծրագրեի վերաբերյալ, որոնք միտված են երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:55 - 07 ապրիլի, 2024
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով:   Ուղերձում ասվում է.   «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով:   Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց կյանքին:   Սիրելինե՛ր, փորձություններով ուղեկցվող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալությունը ունենք Տիրոջ օգնականության, Սուրբ Կույսին ուղղված հրեշտակի խաղաղեցնող ավետիսը հնչում է նաև ձեզ համար. «Աստված ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահեք առ Աստված հավատարմությունը, զորացյալ մնացեք հավատի, հույսի ու սիրո մեջ, որպեսզի Աստծուն ապավինած ու միմյանց աջակից՝ կարող լինեք դիմակայել բոլոր մարտահրավերներին և դեպի վերելք առաջնորդեք ձեր կյանքը:   Սիրելի մայրեր և քույրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջև աղոթում ենք, որ Աստվածամոր բարեխոսությամբ Բարձրյալն Աստված Իր օրհնության և խնամքի ներքո պահի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին, որպեսզի ձեր սրտերում տեղ չգտնեն հուսահատությունը, ցավն ու տրտմությունը: Թող Տերը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կյանք պարգևի մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի»:
11:34 - 07 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
13:12 - 06 ապրիլի, 2024
Անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը․ Գարեգին Բ

Անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ և հրաշալի և հաղթող Քո Հարությունը օրհնում ենք և փառավորում»։ Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման և սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև և ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգև ուժ։ Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ և հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների և հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։ Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության և առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի։ Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաև մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի և ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել և անաղարտ ու անկորուստ պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։ Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։ Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի։ Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաև մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով։ Այս մաղթանքով և Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը իրենց առաքելության արդյունավորման մեջ։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Սիրելիներ, Սուրբ և Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա և օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
12:56 - 31 մարտի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնել  է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
14:33 - 23 մարտի, 2024
Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. Գարեգին Բ–ի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. Գարեգին Բ–ի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։ Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։ Մեծազնիվ տիկնայք և օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջև հանապազ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Իր օրհնության ներքո պահպանի ձեզ հույսով ու հավատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինությունների մեջ և քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. ամեն»,– ասված է ուղերձում։
10:22 - 08 մարտի, 2024
Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։ Խոսելով Նիդերլանդների հայկական համայնքի գործունեության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա գործակցության մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։ Հայոց Հովվապետը, անդրադառնալով նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, բռնի տեղահանված արցախահայերի ծանր կացությանը, իր երախտագիտությունը  հայտնեց Նիդերլանդների Թագավորությանն այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։ Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ Նիդերլանդների իշխանությունները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը, ինչպես նաև ջանքեր կներդնեն Հայաստանի անվտանգային և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման գործում։
18:21 - 29 փետրվարի, 2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։  Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը հայցեց ժողովականներին արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվույս ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։   Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական  տարաբնույթ հարցեր։
17:39 - 20 փետրվարի, 2024
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ

Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում են Մայր Աթոռից։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
13:45 - 20 փետրվարի, 2024
Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին

Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին

Ռուս եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը ամեն ջանք կգործադրի հայ և ռուս ժողովուրդների ու եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման համար։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը, նա այդ մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը։ Դեկտեմբերի 23-ին տեղեկացրել էինք, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից և թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Գարգեին Բ-ն արքեպիսկոպոս Ակսիյին մաղթել է արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման: «Հայոց հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրել է, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գարեգին Բ-ն անդրադարձել է հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում ռուս եկեղեցու հովվապետի ներդրած ջանքերին՝ ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց հայրապետը շեշտել է, որ հայաթափված Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։ Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթել է, որ Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։
17:18 - 10 փետրվարի, 2024
Բանակը երաշխավորն է հայոց անկախ պետականության. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Բանակը երաշխավորն է հայոց անկախ պետականության. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով՝ նշելով, որ Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը»։ Կաթողիկոսն ընդգծել է, որ մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը, և աղետալի ողբերգությունների, Լեռնային Ղարաբաղի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պետք է սատարել բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ «Գոհությամբ ենք հաստատում, որ մեր հոգևոր սպասավորները հովվական խնամքի համար եղել են և լինելու են Հայոց բանակի սպաների ու զինվորների կողքին, որպեսզի զորացնեն ոգին մեր քաջարի մարտիկների և ամուր պահեն նրանց հավատքն ու հույսն առ Աստված։ Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը։ Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը և լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ՝ աննվազ պահելու հայրենյաց սերը և նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենյաց շենացման ու բարգավաճման»,- նշել է Գարեգին Բ կաթողիկոսը՝ հավելելով. «Բանակի այս նվիրական օրը աղոթում ենք հանուն հայրենիքի զոհված հերոս հայորդիներիհոգիների հանգստության համար և հայցում շուտափույթ վերադարձ գերյալ հայորդիներին ու անհայտ կորածներին։ Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին և Իր խնամքի ներքո օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:
14:34 - 28 հունվարի, 2024
Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու կապակցությամբ: «Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։ Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։ Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։ Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․ առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ», - նշված է հայտարարության մեջ:
19:06 - 06 հունվարի, 2024
Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Կաթողիկոսի պատգամը

Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Կաթողիկոսի պատգամը

Կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնի առթիվ պատգամ է հղել, որում ասվում է. ​««Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.քանզի լուսո պտուղներն են բարությունը,արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): ​Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արևելք եղար և խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»։ Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու և միշտ Տիրոջ հետ լինելով՝ արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության։ Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում։ Սուրբ Ծնունդը այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, և ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիները տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում։ Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1.5): Սիրելի բարեպաշտ զավակներ ի հայրենիս և ի սփյուռս, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայրապետիս պատգամն է, որ մեր սրտերը չդարձնենք հուսահատության, տրտմության մութ ու ցուրտ անձավներ, այլ Քրիստոսի ներկայությամբ լուսավորված մսուրներ, որտեղ մանուկ Հիսուսին աստվածահաճո գործեր ընծայելու մղումն ու ձգտումն են թագավորում։ Արդ, ապավինենք մարդեղացյալ Տիրոջը, ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո և ճշմարտի  առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի։ Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները, ինչպես Ավետարանում է ասվում. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16)։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին։ Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, և ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով՝ «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, և Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի 51.5): Այս հուսառատությամբ ու հավատով, Սուրբ Ծննդյան ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Փրկչի օրհնությունն ու զորակցությունը և գահակալության արևշատ ու արդյունալի տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարյաց մաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Սուրբ Ծննդյան շնորհաբեր այս օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Փրկիչ մեր Տերը։ Ով մանկացյալ Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, մեր փրկության համար մարմնացար և աշխարհ եկար ու մարդկության հանդեպ անսահման սիրովդ երկնառաք շնորհների լույսը ծագեցրիր բոլոր Քեզ հավատացողների հոգիներում։ Խաղաղություն ու բարօրություն պարգևիր աշխարհին ու մեր հայրենիքին։ Ազատիր մեզ ամենայն չարից ու չարիքից, մխիթարություն շնորհիր պատերազմի արհավիրքներից ու ծանր կորուստներից խռովահույզ ու վշտակիր մեր սրտերին։ Ներիր և թողություն շնորհիր մեզ, որպեսզի մեղքերն ու անկումները չփակեն մեր առջև ճանապարհը մեր տեսիլքների իրագործման և ակունքները Քո անբավ բարիքների և անսպառ ողորմության։ Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին։ Շուտափույթ վերադարձ պարգևիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլև անհայտ կորած մեր զավակներին։ Երկնային երանական հանգստության և լուսեղեն օթևանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին։ Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի Քեզանով զորացյալ դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
12:46 - 06 հունվարի, 2024