Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով․ ՀԲՃ

Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ՎԶԵԲ-ի՝ Լիդիան ընկերությունում ու Ամուլսարի ծրագրում ներդրումները դադարեցնելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․«2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։ ՎԶԵԲ-ը 2009թ-ից ֆինանսավորել է Լիդիան ընկերությանը՝ սկզբում երկրաբանահետախուզական փուլում (2009թ. դրությամբ ունենալով 5,8 միլիոն կանադական դոլարի արժետոմս), այնուհետև հանքի շահագործման տեխնիկական ու տնտեսական հիմնավորումների կազմման ժամանակ (2016թ. ՎԶԵԲ-ի արժետոմսերի ընդհանուր արժեքը Լիդիանում 10․5 միլիոն կանադական դոլար էր), իսկ արդեն ծրագրի վերջնական հաստատումից հետո՝ բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցության մեղմման նպատակով (ի դեպ, այդ ծրագրով էր նախատեսվել Լիդիանի կողմից Ջերմուկ ազգային պարկի ստեղծումը և կարմիր գրքում գրանցված բուսատեսակի տեղափոխման ծրագիրը)։ 2018թ․ դրությամբ ՎԶԵԲ-ը համարվում էր Լիդիան Ինթերնեշընըլի խոշոր 7 բաժնետերերից մեկը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խոշոր ֆինանսական հաստատություն է, որի բաժնետոմսերի շուրջ 60 տոկոսը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին, ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Այն ստեղծվել է 1991թ․ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու, այդ թվում՝ Հայաստանում, որի արտաքին պարտքի մինչև մեկ տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ին։ Համաշխարհային բանկի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ միասին, որը դադարեցրեց իր մասնակցությունն Ամուլսարի ծրագրում դեռ 2017թ-ին, ՎԶԵԲ-ը հանդիսացել է Լիդիանի ո՛չ միայն խոշոր ֆինանսական հենասյունը, այլև քաղաքական ապավենը։ Լիդիան ընկերության ղեկավարները հաճախ էին շահարկում ՎԶԵԲ-ի անունն ու հեղինակությունը՝ որպես  Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի «բարձր ստանդարտների» երաշխիք։ Կարելի է միայն կռահել, որ Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ահռելի ներգրավվածությունն Ամուլսարի հարցում և ՀՀ կառավարության հետ այս թեմայով պարբերական հանդիպումները կարող էին պայմանավորված լինել բրիտանական խոշոր կապիտալ ունեցող այս բանկով։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներգրավվածության մասին պարբերաբար գրել է open democracy կայքը։ Լիդիանի երկարատև հովանավոր ՎԶԵԲ-ն իր կայքում  գրում է. «2019-ին Լիդիան Ինթերնեշընլըն անվճարունակ է դարձել և իր վարկատուներից պաշտպանություն է հայցել Կանադայում, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը վերակազմավորել իր բիզնեսն ու ֆինանսական գործերը։ Սնանկության գործընթացների շրջանակում ընդունվել է կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու սեփականատիրությունն անցնում է Լիդիան Կանադային, Լիդիան ՄԹ-ին և Լիդիան Արմենիային պարտք տված երեք խոշորագույն պարտատուներին, իսկ Լիդիան Ինթերնեշնլը պետք է փակվի Ջերսիում իրավասու դատարանի գործընթացներին համապատասխան։ 2020թ. հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքի սեփականատեր է Լիդիան Վենչըրս Կանադան, որի բաժնետեր ՎԶԵԲ-ը չի հանդիսանում։ Ներկա դրությամբ ՎԶԵԲ-ը բաժնեմաս ունի միայն Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեշընըլում, որն այլևս որևէ գույքի չի տիրապետում։ Պարտատերերը դիմելու են Ջերսիի դատարան ընկերության լուծարման համար։ Բանկը Լիդիան Ինթերնեշնլի բաժնետիրական կապիտալն ավելացնելու նպատակով ընկերությունում ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ գնելով արժետոմսեր։ Այս գումարներն օգտագործվել են Բնապահպանական ու սոցիալական ազդեցությունը մեղմացնելու նպատակով։ ՎԶԵԲ-ը ներդրում չի կատարել Լիդիան Վենչըրսում և դրա նկատմամբ ֆինանսական հետաքրքրություն չունի»։ Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու ՄՖԿ-ն, որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։ Ջերսիում ընթացող լուծարման գործընթացում ներգրավված են ծանր տեխնիկա տրամադրող երկու խոշոր պարտատերեր՝ Caterpillar Financial Services Uk-ը և արտահանումների խթանման շվեդական SEK հիմնադրամը։ Լիդիանի սեփականատերերն այժմ Orion Resource Partners, Osisko Mining and Resource Capital Fund ներդրումային ֆոնդերն են։ Փաստացի գոյություն չունի նաև Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունը, որը Հայաստանին սպառնում էր միջազգային արբիտրաժով։ Հայկական բնապահպանական ճակատի գնահատականով՝ տեղացիների աննկուն պայքարն ու ՎԶԵԲ-ին գրված բազմաթիվ բողոքի նամակները, ինչպես նաև 2014, 2017 և 2020 թվականներին Ջերմուկ համայնքի բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների անունից ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմին հասցեագրված գանգատարկումը հասան իրենց նպատակին։ Թեև 2014թ․ բողոքը մերժվել էր, իսկ 2017-ինը բանկն ընդհանրապես հրաժարվել էր դիտարկել, 2020-ին ներկայացված բողոքին ընթացք է տրվել, և հուսով ենք, որ ՎԶԵԲ-ը կկարողանա պատասխան տալ այս տարիների ընթացքում բնապահպանական ու սոցիալական այսաստիճան բացասական ազդեցություն ունեցող ծրագրին աջակցելու համար։ Ամուլսարի ծրագրից հրաժարվելու վրա կարևոր ազդեցություն ունեցավ նաև ֆինանսավորող շուրջ մեկ տասնյակ հաստատություններին հասցեագրված առցանց հանրագիրը, որը բացվել է 2016թ․ և մինչ օրս հավաքել 27000 ստորագրություն։ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով հանրագրին միացել էին ոչ միայն Հայաստանի բնակիչներն ու արտերկրի հայերը, այլև Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկերի և ընկերությունների հիմնադրման երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների բազմաթիվ քաղաքացիներ։ Այս հաղթանակում կարևոր դեր ունեցավ նաև միջազգային համերաշխությունն Ամուլսարի պայքարին՝ տասնյակ լրագրողներ, կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ նպաստեցին խնդրի բարձրաձայնմանը միջազգային լրատվամիջոցներում, իրենց պետական օղակներում, քաղաքների փողոցներում։ Ամուլսարում հանք բացելով շահագրգռված անձանց ու ձեռնարկություններին, ներառյալ սփյուռքի դրամատերերին, Ջերմուկից ու Երևանից բազմիցս կոչեր են հասցեագրվել, որպեսզի նրանք չվատնեն իրենց դրամը՝ ներդնելով այն Լիդիանում։ Ստացվում է, որ բազմաթիվ արժետոմսեր փոշիացել են անհեռանկար այս ծրագրին հավատալու պատճառով։  Այս փուլում վերջնական հաղթանակի համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին Հայաստանի նախկին կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ՇՄԱԳ-ին տված բնապահպանական դրական եզրակացությունը»։
14:55 - 16 օգոստոսի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում |civilnet.am|

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում |civilnet.am|

civilnet.am: Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շրջափակման մեջ է։ Այժմ, հանքարդյունաբերող ընկերության վերակազմավորման գործընթացի շրջանակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ իր ներդրումները այս նախագծում դադարեցված են։ Այս մասին հաղորդում է Opendemocracy.net կայքը՝ Ամուլսարի խնդրի մասին հրապարակած ծավալուն հոդվածում։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում 400 մլն դոլար արժողությամբ ոսկու խնդրահարույց հանքավայրում ներդրումները մոտենում են ավարտին, ասվում է բանկի բողոքների վերաբերյալ մարմնի նոր գնահատող զեկույցում։  Հոդվածում նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Lydian International-ի՝ Ամուլսարում ոսկու հանքավայրը գտնվում էր տեղի բնակիչների և բնապահպանական ակտիվիստների շրջափակման մեջ, որոնք 2018 թվականին երկրում Թավշյա հեղափոխությունից հետո արգելափակել էին մուտքը դեպի հանք: Լուրը, որ ՎԶԵԲ-ի ներդրումները ավարտին են մոտենում, հայտնվել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսման ֆոնին այն բանից հետո, երբ Լիդիան գրուպը նոր՝ մասնավոր անվտանգության ընկերություն էր վարձել և տարածքից հանել ակտիվիստների վագոնները: ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև Լիդիանի կողմից իրականացվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Բանկը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից քննադատության է ենթարկվում Լիդիան ընկերությանն աջակցելու համար: «ՎԶԵԲ-ը պարտավոր է հանրությանը ներկայացնել պատշաճ բացատրություն, որն արտահայտում է իր դիրքորոշումը նախագծի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը: (CEE Bankwatch Network-ը Պրահայում տեղակայված կազմակերպություն է, որը վերահսկում է պետության կողմից իրականացվող ծրագրերը՝ խթանելով բնապահպանական, սոցիալական և տնտեսական առումներով ինքնաբավ այլընտրանքային գործունեությունը)։ «(Ամուլսարում) Lydian-ի անվտանգության ընկերության կողմից վերջերս տեղի ունեցած սադրանքը ընդամենը մեկ նշանն է այն վնասի, որ այդ ներդրումները շարունակելու են հասցնել ՎԶԵԲ-ի հեղինակությանը նույնիսկ, երբ նա դադարեցնի իր բաժնեմասնակցությունը Lydian International-ում»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը։ Ամուլսարի շրջափակումը բարդ դիմակայության պատճառ է դարձել Հայաստանի կառավարության ՝ ի դեմս բողոքի ցույցերի նախկին առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անգլո-կանադական հանքարդյունաբերական Lydian International ընկերության և հենց այդ ցույցերի մասնակիցների միջև: Դիմակայությունը ներքաշել է նաև հանքի միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ՎԶԵԲ-ին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին: Շարունակվող շրջափակումը և կառավարության պատվիրած բնապահպանական աուդիտը թույլ չտվեցին Լիդիանին՝ Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրողին, ավարտելու աշխատանքները հանքում, ինչպես նաև ֆինանսական դժվարություններ առաջացրին վերջինիս մոտ։ ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM)՝ օգոստոսի 7-ին հրապարակած զեկույցում ասվում է, որ բանկի ներդրումները «կդադարեցվեն» Lydian-ի կորպորատիվ վերակազմավորման գործընթացի շրջանակում: Ամուլսարի շրջափակման պատճառով Lydian-ի պարտատուները առկախել էին այդ ընկերության կողմից մայր գումարի և տոկսագումարների վճարումը։ Այժմ, երբ պարտատուները չեղարկում են այդ համաձայնությունը, խումբը պատկանում է նրա երեք մեծ վարկատուներին՝ Orion Resource Partners, Osisko Mining և Resource Capital Funds ներդրումային ընկերություններին: Ջերսիում գործող Lydian-ի մայր ընկերությունը, որտեղ ՎԶԵԲ-ին պատկանում էր բաժնետոմսերի 5 տոկոսը, լուծարվում է ընկերության վերակազմավորման շրջանակում:  ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM) զեկույցում ասվում է, որ ՎԶԵԲ-ը «ֆինանսական հետաքրքրություն չունի» Lydian-ի նոր մայր ընկերության վերակազմավորման մեջ, որը գրանցված է Կանադայում, և Ջերսիի ընթացակարգի ավարտը կհանգեցնի բաժնետիրական կապիտալում ՎԶԵԲ-ի  բաժնեմասնակցության դադարեցմանը»: «ՎԶԵԲ-ը դեռ կարող է մեղքը քավել՝ հանդես գալով ի աջակցություն ժողովրդավարության և համագործակցելով Հայաստանի կառավարության հետ՝ նախագծի արդյունքում առաջացած շրջակա միջավայրի վնասներն ու սոցիալական կոնֆլիկտները հաղթահարելու համար»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը:  «Ամեն դեպքում բանկը ստիպված կլինի պատասխանել ազդակիր համայնքների հետ պատշաճ խորհրդատվություն չապահովելու համար»,- ասել է նա։ Գրեթե 75 տոկոսով շահագործման պատրաստ Ամուլսարի հանքավայրի՝ շրջակա միջավայրի և սոցիալական հնարավոր վնասների վերաբերյալ տարաձայնություններն ի ցույց են դրել հանքարդյունաբերական այս խոշոր ծրագրի շուրջ հասարակության շատ դժգոհություններ:   Ավելին՝ civilnet.am-ում
17:15 - 12 օգոստոսի, 2020
Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

lragir.am: «Այսօրվա կառավարության որոշմամբ հանվել են հավաքների անցկացման սահմանափակումները։ Եվ այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով այս օրերի ակցիաներին։ Պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց․ «Դուք ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են և բարձրաձայնում են, բայց դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»։ «Ես խոստումների մասով կարող եմ ասել այն, որ եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեն հիշում, որը մենք տվել ենք և չենք իրականացրել, նույն Ամուլսարի հետ կապված»,- ասաց Ավինյանը։ Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ունի։ «Կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են՝ և այն  պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպանները, և այն բողոքների հետ կապված, որոնք Լիդիան ընկերությունն էր հայտնում կառավարության նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի, թե պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, դրանք օրենքով ու համապատասխան ընթացակարգերով պետք է իրականացվեն։ Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է, խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը դա պետք է անի։ Եթե կան այդպիսի հիմքեր, դրանք ներկայացվեն, անպայման դա կարվի»,- հավելեց փոխվարչապետը։
16:27 - 12 օգոստոսի, 2020
«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

«Իմ քայլը»-ի մի քանի պատգամավորներ տարբեր պաշտոնյաների հետ քննարկել են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամանավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 6-ին և 7-ին պատգամավոր գործընկերներիս` Մարիա Կարապետյանի, Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի հետ հանդիպումներ ենք ունեցել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանի, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Ամուլսարի հարցի շուրջ: Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաև նախկինում։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը և այն բարելավելու ուղղությամբ արված և ապագա քայլերը։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկել ենք շարունակվող քրեական գործի քննության հրապարակայնության կարևորությունը, որքանով որ թույլ է տալիս գործի քննության գաղտնիությունը։ Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ եղել են նախկինում և կարող են լինել»։
15:13 - 12 օգոստոսի, 2020
Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում. հայտարարություն

Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում. հայտարարություն

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը:  Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածքում, և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար: Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։ ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը»։
14:52 - 12 օգոստոսի, 2020
ԱԺ-ի դիմացից 10 քաղաքացի է բերման ենթարկվել. ոստիկանություն
 |azatutyun.am|

ԱԺ-ի դիմացից 10 քաղաքացի է բերման ենթարկվել. ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի դիմաց այսօր հանուն Ամուլսարի պաշտպանության ցույց անող 10 ակտիվիստ է բերման ենթարկվել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից: 182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Հիշեցնենք` քաղաքացիներն այս ակցիայով իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ավելի քան 2 տարվա պայքարին: Պահանջում են, որ կառավարությունը չեղյալ ճանաչի Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ):
21:13 - 10 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ` տեսակցելու ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացիներին

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ` տեսակցելու ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացիներին

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:Հիշեցնենք, որ ԱԺ այգում բնապահպանները միջոցառում էին իրականացնում՝ հանուն Ամուլսարի։ Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց բնապահպաններին՝ տարածքն ազատելու համար, իսկ հետո բերման ենթարկեց նրանցից մի քանիսին։ 
19:30 - 10 օգոստոսի, 2020
Ամուլսարի թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն. Լիլիթ Մակունցը՝ հարցի հետ կապված իշխանության վերջանական դիրքորոշումը հայտնելու մասին |tert.am|

Ամուլսարի թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն. Լիլիթ Մակունցը՝ հարցի հետ կապված իշխանության վերջանական դիրքորոշումը հայտնելու մասին |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված իրադարձությունները չեն հանդարտվում, վերջնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված իշխանությունը ե՞րբ է ունենալու,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ամուլսարի հետ կապված հարցերը օրենսդիրի դաշտում չեն, մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել էր, որի հետ կապված, որքանով տեղյակ եմ, փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ընդհանարապես Ամուլսարի խնդրի, թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն»: Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցով անձամբ նա է զբաղվելու, քանի որ վերջինս խաբել է նույնիսկ իրեն, Մակունցը նշեց. «Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպին առնչվող հարցերով անձամբ իրեն դիմեք»:
17:45 - 10 օգոստոսի, 2020
Կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հանքը չբացվի․ Ջերմուկի քթի տակ հանք շահագործելն անտրամաբանական է․ Սրբուհի Գրիգորյան

Կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հանքը չբացվի․ Ջերմուկի քթի տակ հանք շահագործելն անտրամաբանական է․ Սրբուհի Գրիգորյան

Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հանքը չշահագործվի․ «Ես տեղանքին շատ լավ ծանոթ եմ, եւ Սիսիան եկող բոլոր ջրերի ակունքները՝ այդ թվում նաեւ Որոտան գետի, հենց այդ հատվածներում են, եթե հանքը շահագործվի, էկոլոգիական խնդիրների առջեւ կանգնելու է ոչ միայն ամբողջ Վայոց Ձորը՝ Ջերմուկով, Արենիով հանդերձ, այլեւ ամբողջ Սյունիքը, որովհտետեւ Որոտանը ամենախոշոր գետերից մեկն է, սկիզբ է առնում հենց Ամուլսարից, գնում խառնվում Արաքսին․ սա առաջին խնդիրն է։ Բացի էկոլոգիական խնդիրները՝ այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում պետք է աստիճանաբար գնալ մյուս հանքերի փակմանը, որովհետեւ դրանք երկարաժամկետ առումով ավելի մեծ վնաս են տալիս, քան այդ ընթացքում օգուտ, այլ հարց է, եթե հանքը շահագործի հենց պետությունը, եւ ամբողջ եկամուտը ուղղվեն այլ խնդիրներին»,- ընդգծեց Գրիգորյանը։ Պատգամավորը հավելեց՝ չի ցանկանա, որ ՀՀ-ն դառնա հանքավայր։ Վերջինս նկատեց, թե տարբեր կարծիքներ կան, որ Ամուլսարի պահապանները վերջին օրերին սկսեցին ակտիվանալ, սակայն դա թյուր կարծիք է․ նրանք ավելի վաղ են սկսել իրենց պայքարը, անգամ մինչեւ հեղափոխությունը։ Գրիգորյանն ասաց, որ հետեւում է իրադարձություններին եւ Ամուլսարի պաշտպանների կողքին է։ «Հանդես եմ եկել հայարարությամբ, որ կառավարությունը կարողանա քայլեր ձեռնարկել՝ վերջնական եզրակացության գալու, այսինքն՝ ամեն ինչ անել, որ հանքը չշահագործվի։ Հայաստանը նույնպես պետք է աստիճանբար գնա հանքերի եւ կոմբինատների փակման, որովհետեւ ավելի մեծ են դրանց երկարատեւ վնասները, քան վճարած մի քանի կոպեկ հարկը»,- հավելեց Գրիգորյանը։ Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ պատգամավորն ասաց, որ հետեւում է նաեւ իրավապահների  միջամտությանը, եւ նշեց, որ ոստիկանությունը սկսել է շատ ակտիվորեն բռնի ուժ կիրառել։ Գրիգորյանն ընդգծեց, որ խոսքը միայն Ամուլսարում տեղի ունեցածի մասին չէ։ Պատգամավորի խոսքով՝ այս առումով մենք հետընթաց ունենք, որովհետեւ ոստիկանությունը պետք է անհամաչափ ուժ չկիրառի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ Գրիգորյանի՝ յուրաքանչյուրը կարող է իր ձայնը բարձրացնել ժողովրդավար երկրում, եւ նրա հանդեպ բռնի ուժ չպիտի կիրառվի։  Խոսելով այն տեսակետների մասին, թե կառավարությունը օգտագործում է արտակարգ դրության իրավիճակը՝ Ամուլսարի խնդիրը լուծելու եւ քաղաքացիների ակցիաները ճնշելու համար, պատգամավորն ասաց․ «Այդ ցույցերը սկսեցին դեռեւս այն ժամանակ, երբ Տավուշում կրակոցներ էին, երբ իրավիճակը լարված էր, եւ բոլորիս ուշադրությունը, այդ թվում՝ լրագրողների, սեւեռված էր հյուսիսային սահմանի եւ Նախիջեւանի իրադարձություններին։ Մենք հիմա չպետք է այսպես աչքաթող անենք որեւէ խնդիր՝ կնետրոնանալով ամենակարեւորների վրա։ Չեմ կարծում, թե կառավարությունը այդ աստիճանի կիջներ, որովհետեւ դա հատուկ էր նախորդ կառավարություններին, ամեն դեպում դա իմ ցանկությունն է, որ այդպես չլինի։ Եթե հիշում եք՝ այն ժամանակ հենց սահմանին կրակոցներ էին լինում, նախկին իշխանությունները նման գործողություններ էին սկսում, դա նախորդի ձեռագիրն է, որի կրկնությունը պետք է բոլորով բացառենք» ։ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը չի կարող խնդիրը թողնել այս անորոշ, լողացող իրավիճակում։ Պատգամավորի կարծիքով՝ հարցի լուծման անընդհատ ձգձգումը կարող է իրոք բերել բախումների՝ Լիդիանի աշխատակիցների, ոստիկանության եւ բնակիչների միջեւ։ Գրիգորյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը պետք է տա կառավարությունը, պետք է վերջապես տեղից շարժվել, նորից ուսումնասիրել խնդիրը։ ««Իմ քայլից» որոշ պատգամավորներ այս բանավեճերի ընթացքում ներկայացրել են, որ շահագործման դեպքում որոշակի գումարներ գնալու են հայոց բանակին եւ այլն, բայց նորից պետք է ե՛ւ սպասվելիք հարկերը , ե՛ւ առողջապահական խնդիրները, որոնց հանգելու են սերունդները, էկոխնդիրները, դրվեն նժարին։ Այսօր Ջերմուկի քթի տակ հանք շահագործելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե մենք նայենք մեր երկրի հողային ռեսուրսները, կհասկանանք, որ այլեւս ոչ մի քառակուսի մետր չենք կարող դնել հանքի տակ, բացի այդ՝ մենք գիտենք, որ Կապանի քթի տակ գտնվում է Քաջարանի պոչամբարը։ Մենք այդքան հեկտարը դարձրել ենք պոչամբար, հետեւաբար, հիմա ոչ մի թիզ հող այլեւս չպետք է դառնա հանքի զոհ՝ այն էլ օտար երկրները հարստացնելու համար»,- հավելեց պատգամավորը։ Նա ընդգծեց, որ երկար ուսումասնիրել է խնդիրը եւ հիմա հավաստիացնում է, որ հանքի շահագործման դեպքում խմելու ջրի խնդիր է առաջանալու՝ բաժակներում թունավոր ջուր է լինելու։ Ըստ պատգամավորի՝ հանքի շահագործումը, եթե անգամ այս կառավարության վերջը չլինի, ապա իշխանության վարկանիշի անկում անպայման կլինի․ «Բայց իշխանութունը չպետք է մտածի վարկանիշի մասին, որովհետեւ ցանկացած իշխանություն եւ ցանկացած քաղաքական գործիչ ժամանակավոր է։ Հավերժ է մեր երկիրը եւ շատ երկարաժամկետ վտանգվելու է քաղաքացիների առողջությունն ու մեր երկրի էկոհամակարգը։ Իշխանությունները գալու-գնալու են, ինչքան էլ ուժեղ կառչած լինեն իրենց աթոռներից, մենք նախկինում էլ դա տեսանք, մենք բոլորս պետք է մտածենք մեր երկրի եւ ապագա սերունդների մասին»,- եզրափակեց Գրիգորյանը։ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ, որն ընդգծեց՝ ցանկացած պարագայում դեմ է բռնությանը, իսկ հարցի լուծումը պետք է գտնվի միայն իրավական գործընթացների արդյունքում։ Այվազյանը նշեց, որ գործող հէկերը եւ հանքերը նույնպես պետք է գործեն իրավական դաշտում եւ չվնասեն շրջակա միջավայրը՝ համապատասխան լինեն բոլոր չափորոշիչներին։  Խոսելով «Էլարդ» ընկերության փարձաքննության մասին՝ Այվազյանը նշեց, որ չի կարող խիստ մասնագիտական գնահատական տալ դրան, սակայն չի հերքում, որ գուցե անհրաժեշտություն կա մեկ այլ տեղ պատվիրել նոր փորձաքննություն։ Պատգամավորի կարծիքով՝ բնակիչների պահանջներն արդարացի են, եթե կասկածներ կան, պետք է փարատվեն, իսկ անհամաչափ ուժի գործադրումը բացառվի։  «Ես չեմ կարող ասել՝ իշխանությունը կողմ է, թե դեմ հանքի շահագործմանը, բայց այս լռությունը, ինձ համար նույնպես անընդունելի է։ Միգուցե դա կախված է նրանից, որ նոր նախարար ունենք ու դեռ լիովին չի ուսումնասիրել խնդիրը, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք նախկինում ծանոթ են եղել խնդրին, ունեն իրենց կարծիքները։ Կարծում եմ՝ այստեղ նաեւ քաղաքական կամք դրսեւորելու խնդիր կա, պետք է կառավարությունը իր դիրքորոշումը հստակ հայտնի»,- եզրափակեց Այվազյանը։ Ասպրամ Փարսադանյան
15:10 - 09 օգոստոսի, 2020
Ոստիկանությունն Ամուլսարի խնդրով Երեւանում իրականացված ակցիաների հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում

Ոստիկանությունն Ամուլսարի խնդրով Երեւանում իրականացված ակցիաների հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ  հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելը սահմանափակվում կամ արգելվում է։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում ամիսներ շարունակ գործում է արտակարգ դրության ռեժիմը, քաղաքական տարբեր խմբավորումներ, քաղաքացիների խմբեր չեն հետեւում օրենքի պահանջին․ այս ընթացքում հավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ, ԲՀԿ-ականները՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի դառնալուց հետո, այլ նաեւ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության աշխատակիցները, հանքի շահագործմանը կողմ քաղաքացիները։ Վերջիններս հուլիսի 30-ին իրենց բազմամարդ հավաքն իրականացնում էին կառավարության շենքի մոտ՝ հիմնականում չպահելով սոցիալական հեռավորություն։ Դրվագները՝ Tert.am-ի տեսանյութից Երեկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում արդեն Ամուլսարը հանք դարձնելուն դեմ քաղաքացիները՝ իրարից բավականին մեծ հեռավորություն պահելով, նրանցից ոմանք, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անհատական ակցիա էին իրականացնում։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները, սակայն, այս օրերին նույն վերաբերմունքն ու գործողությունները չեն դրսեւորել տարբեր գաղափարների համար ակցիա իրականացնող քաղաքացիների հանդեպ։ Մասնավորապես, թեեւ ոստիկանները ծառայություն էին իրականացնում կառավարության շենքի մոտ «Լիդիանի» աշխատակիցների՝ շուրջ 40 րոպեանոց հավաքի ժամանակ, սակայն նրանց բերման չենթարկեցին, նույնիսկ այն ժամանակ, երբ մասնակիցները, առանց դիմակները պատշաճ դնելու, խմբվել էին՝ լրագրողների հետ զրուցելու համար։ Իրավապահները միայն զգուշացրին, որ ակցիան պետք է դադարեցնել, քանի որ այն անօրինական է։ Այնինչ՝ նույնը տեղի չունեցավ նախօրեին՝ հանքին դեմ քաղաքացիների ակցիայի ժամանակ։ Ակցիան սկսելուց րոպեներ անց իրավապահներն ակտիվիստներին բերման ենթարկեցին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, եւ պնդեցին, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներ անելն արգելված է։ Բերման ենթարկվեց նաեւ Նինա Կարապետյանցը։ Ոստիկանական բաժանմունք տարան նաեւ փաստաբան Արա Կարագյոզյանին, որը ոչ թե ակցիայի մասնակից էր, այլ կառավարության շենքի մոտ էր՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու։ Դրվագը՝ News.am-ի տեսանյութից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:  Իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը ոչ թե միայն արգելում է հավաքներ իրականացնելը, այլ սահմանափակում։ Եւ, ինչպես արդեն նշեցինք, բերման ենթարկված իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անհատական ակցիա էր իրականացնում՝ միայնակ կանգնած։ Վերջինս մեր զրույցում պատմեց, որ մյուս ցուցարարներից հեռու էր կանգնած այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը մեկ այլ մասնակցի չէր մոտեցել․ «Մենք մոտեցանք՝ հարցնելու, թե ինչ պահանջ ունի ոստիկանությունը։ Բայց մինչեւ իմ առանձնանալը՝ ոստիկանության գնդապետերից մեկի հետ խոսակցություն ունեցանք, ու նա բաց հարց տվեց՝ դուք Ամուլսարի հարցի վերաբերյա՞լ եք եկել, ասացի՝ այո, իսկ նա՝ ուրեմն բոլորդ մի գաղափարի շուրջ եք հավաքվել, հետեւաբար դուք հանրահավաք եք իրականացնում, հետեւաբար բոլորին պետք է բերման ենթարկել։ Ես հարցրի՝ դուք գաղափարի համա՞ր եք բերման ենթարկվում, որովհետեւ փաստացի այդպես է ստացվում, մարդն ինչ մտածում էր, այն էլ ասաց»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը՝ համոզված լինելով, որ եթե փողոցով այդ պաստառով քայլելիս լիներ, մեկ է՝ իրեն էլի բերման էին ենթարկելու։ Կարապետյանցը նշեց, որ ինքը հենց այն սկզբունքով է գնացել կառավարության դիմաց, որ միայնակ պիկետ է անցկացնելու, անգամ եթե բոլորը հավաք իրականացնեն, քանի որ չի կարծում, թե այս շրջանում հավաքները խնդիրները լուծելու լավագույն տարբերակն են։ Մեր հարցին՝ արդյոք ոստիկանության երկակի ստանդարտները վկայում են նաեւ կառավարության դիրքորոշմա՞ն մասին, Նինա Կարապետյանցը նկատեց՝ փաստորեն, կարելի է այդպես կարծել․ «Որովհետեւ ոստիկանությունը վարչապետին կից կառույց է, հետեւաբար, ես վստահ եմ, որ այս հարցերը քննարկվել են, վստահ եմ, որ զեկուցվել են առանցքային իրադարձությունները, ուրեմն՝ վարչապետը գիտի՝ ինչ է կատարվում։ Բայց գուցե ոստիկանապետն ինքնուրույն է կայացնում որոշումները, գուցե համաձայնեցնում է։ Բոլոր դեպքերում, սա ակնհայտորեն խտրական վերաբերմունք է․ եթե ակցիա անելն արգելված է, ապա արգելված պիտի լինի բոլորի համար»։  Նինա Կարապետյանցն առաջիկա օրերին շարունակելու է միայնակ ակցիաներ անցկացնել, բայց այս պահին զբաղվում է միջազգային իրավապաշտպան կառուցներին արձագանքելով․ «Շատ վատ վիճակի մեջ եմ, որովհետեւ չեմ ուզում կառավարությանը թիկունքից հարվածել, որովհետեւ մեր գործողությունները որեւէ կերպ ուղղված չեն իշխանության դեմ, սակայն տեղի ունեցողն արդեն իսկ գրավել է միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։ Ես կփորձեմ հնարավորինս զուսպ ու հավասարակշռված ներկայացնել փաստերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, այնուհանդերձ, հարցի լուծման այլընտրանք չկա․ Ամուլսարը հանք չի դառնալու։ Այսպիսով, արտակարգ դրության ընթացքում կազմակերպված ակցիաների ժամանակ ոստիկանությունն առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ մի գաղափարին հարող ցուցարաներին բերման ենթարկելով, մյուսների ակցիաներին միայն որպես դիտորդ մասնակցելով եւ հսկելով հասարակական կարգի պահպանումը։ Այս հրապարակման մեջ դիտարկված են միայն Երեւանում տեղի ունեցած ակցիաները։ Ջերմուկում, թեեւ ոստիկանությունը պարբերաբար տեղեկացնում էր հավաքի՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու մասին, սակայն բողոքի ակցիան չցրեց։ Հայարփի Բաղդասարյան
20:23 - 07 օգոստոսի, 2020
Իրավիճակն Ամուլսարում․ թարմացվող

Իրավիճակն Ամուլսարում․ թարմացվող

07․08․2020 19:00- Ամուլսարի պահապանների վագոն-տնակներից մեկն, այնուամենայնիվ, կմնա տարածքում, սակայն կտեղափոխվի այնպիսի վայր, որ չխոչընդոտի երթևեկությանը։ Ակցիան ավարտվեց, մասնակիցները նշեցին, որ իրենց պահանջը մասնակի բավարարվել է:17։54- «Լիդիան»-ի վագոն-տնակներն արդեն «Լիդիան»-ի տարածքում են, ճանապարհից կհեռացվեն նաև ցուցարարների վագոն-տնակները։   16։58- Այս պահին Ամուլսար տանող ճանապարհից տեղափոխում են «Լիդիան»-ի վագոն-տնակները։   16։56- Իրավական բոլոր օրենքները պաշտպանելով իրականացնում ենք մեր գործառույթները։ Այս տարածքում տնակաների տեղադրումը ապօրինի է, այս տարածքը, որտեղ տեղադրված են տնակները՝ պայմանագրային  հիմքունքներով տրված է եղել «Լիդիան» ընկերությանը։ Վերոնշյալ տարածքը չեզոքության գոտի է և ոչ ոք իրավունք չուներ, առանց համայնքի ղեկավարի թույլտվության ինչ-որ մի բան տեղադրել։ [Ջերմուկի համայնքապետի օգնական Հայկ Դավթյան]   16։19- |tert.am|Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է, «Լիդիան»-ի վագոն-տնակը կտեղափոխեն. Ուղիղ   15։58- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։ |aysor.am|   14։10- «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ՝ ապօրինիъ առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները: Այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ։ [«Լիդիան Արմենիա»]   12:56- Ջերմուկի համայնքապետարանն իրացնում է օրենքով սահմանված իր գործառույթը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ ակցիա իրականացնող բնակիչները կհամարեն, որ իրենց առաջին պահանջը կատարվել է և առաջ կքաշեն մնացած պահանջները։ Այս պահին բնակիչները չունեն քննարկած հստակ որոշում՝ տնակների տեղափոխումից հետո ակցիաները կդադարեցվեն, թե ոչ։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]   12։46-Կառավարությունը փորձեց «Էլարդի» փորձաքննությունն օգտագործել ի շահ իրենց նպատակների, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Կառավարությունը որոշակի քաղաքական լծակներ ունի, որոնց շրջանակներում նա ուղղակիորեն չի կարող այդ հանքը չշահագործել: Այս մասին ասաց «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներից Սիլվա Ադամյանը` խոսելով Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի և շրջակա միջավայրի առողջության ոլորտում պետական քաղաքականության վտանգների վերաբերյալ: |tert.am|   11։56- |factor.am| Ամուլսարի հանքի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները. Ուղիղ   06․08․2020 22:25- Այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց։21:55- Ես պարզ բառերով ասացի, որ գործընթաց է գնում, մենք այսօր նամակ ենք գրել Լիդիանին, իրենք սխալվել են վագոն-տնակների տեղադրման կետով, վաղը կգան համապատասխան մասնագետները, ձեր ներկայությամբ ցույց կտան՝ որտեղ պետք է դրանք տեղադրվեն, և իրենց միջոցներով տնակները կտեղափոխվեն համապատասխան վայր։ Կոնկրետ ժամ չնշեմ, բայց ասում եմ, որ գործընթացը կսկսվի վաղն առավոտվանից։ [Ջերմուկի քաղաքապետ]21:35- Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կարծիքով՝ վաղը «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։ «Լուծումները քննարկվում են, կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»,- ասաց Ջերմուկի քաղաքապետը՝ ավելացնելով, որ վագոն-տնակները ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն վաղը։ |armenpress.am|21:15- Վարչապետի՝ իմ ամուսնու մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ՝ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել՝ հետևելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում։ Բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ։ [Աննա Հակոբյան] |armenpress.am|19:35- Ամուլսարի հանքի շահագործման դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:19:25- Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Ազատության հրապարակի տարածքից ի պաշտպանություն Ամուլսարի հեծանվային երթ իրականացնել փորձող քաղաքացիներին։17։44- ՀԲՃ-ն հրապարակել է ի պաշտպանություն Ամուլսարի պայքարողների պահանջը: ՀՀ կառավարությանն ուղղված հանրային պահանջը հետևյալ կետերն է ներառում. «Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված տնակները։ Հեռացնել սադրանքներ հրահրող զինված վարձկաններին Ամուլսարից։  ՀՀ կառավարությունը պետք է չեղարկի 2016թ-ին Ամուլսարի ՇՄԱԳ-ին տրված դրական եզրակացությունը։ Ամեն օր ժողովուրդը էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը։ Ինչքան շուտ այս խնդիրները լուծումներ ստանան, այդքան ավելի քիչ կամուրջներ կայրվեն ՀՀ քաղաքացիների և կառավարության միջև։ Ամուլսարի ճակատագիրը այլևս որոշված է։ Ամուլսարը պիտի սար մնա ու վերջ»:   05․08․2020 23:55- Ամուլսարի տարածքում ակցիայի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել ակցիան, գնալ տուն՝ հանգստանալու և վաղը կրկին նույն վայրում ու նույն պահանջներով հավաքվելու։23:20- Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները դուրս են եկել ոստիկանության բաժնից և շարժվելով գալիս են այստեղ։ [Ակցիայի մասնակից]22:25- Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցներն ընթերցեցին բերման ենթարկված յոթ քաղաքացիների անունները՝ վանկարկելով՝ «ազատություն»։ Նշեցին, որ ոստիկանությունից իրենց հավաստիացրել են՝ մինչև երեք ժամը լրանալը բոլոր բերման ենթարկվածները կլինեն ազատության մեջ։22:10- Ամուլսարում այս օրերին պայքարող հարգելի քաղաքացիներ, սիրելի' ընկերներ, ցավում եմ, որ Կորոնավիրուսի պատճառով ի վիճակի չեմ լինել տեղում, ի վիճակի չեմ նույնիսկ ողջ գործընթացի պատճառներն ու մանրամասները վերահսկել։ Որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ եւ այդ առումով ողջ այս գործընթացի իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից։ Հորդորում եմ ոստիկանությանը լինել խիստ հարգալից ակտիվիստների նկատմամբ, գործել բացառապես իրավաչափության շրջանակներում։ [Գայանե Աբրահամյան]21:55- Քիչ առաջ տեղեկացա, որ Ամուլսարի տարածքում քաղաքացիներից մեկը վնասել է ոտքը, հայտնեցին, որ վերջինս վրաերթի է ենթարկվել ոստիկանական մեքենայի կողմից, հետևողական եմ լինելու գործի անաչառ քննությանը: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյան]21:30- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 7 անձ բերվել է ոստիկանություն։  [ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան]21:00- Այս պահին Ամուլսարի շահագործման դեմ պայքարի մասնակիցները Ջերմուկի ճանապարհին նստացույց են իրականացնում։ Մինչ այդ ոստիկանների հետ միջադեպի ժամանակ վնասվել է Գնդեվազ գյուղի բնակիչներից մեկի ոտքը․ ոստիկանական մեքենան անցել է նրա ոտքի վրայով։ Քաղաքացին որպես բողոքի նշան հրաժարվում է հեռանալ ակցիայի տարածքից։20:30- Ամուլսարում իրավիճակը լարված է, ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը և բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։19:55- Շիրակ Բունիաթյանն ընդգծեց, որ կարճաժամկետ լուծման համար իրենց պահանջը եղել և մնում է վագոն-տնակների ապօրինի տեղակայումը․ դրանք ամենաքիչը 30 մետր պետք է հետ գնան, իսկ հիմնական պահանջն այն է, որ Ամուլսարի հարցը ստանա վերջնական հանգուցալուծում։ Նա շեշտեց՝ հիմա այստեղ են ակցիա անում, բայց եթե ամեն ինչ գնում է նրան, որ իրենց քաղաքի ճանապարհը փակելով չեն ստանալու արձագանք, ուրեմն՝ հաջորդ ակցիաները կկազմակերպեն տարբեր վայրերում․ «Ամեն ինչ անելու ենք ոչ բռնի եղանակով, չենք տրվելու սադրանքների։ Մի օր Երևանում կանենք, մի օր, մեր վարչապետի օրինակին հետևելով, միջպետական ճանապարհ կփակենք։ Մեզ՝ մեր խաղաղ հավաքի վայրից հեռացնելով՝ մեր դիրքորոշումը չի փոխվում․ Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք թույլատրելի բոլոր ձևերով»։15։58- Այսօր՝ ժամը 17։00-ից սկսած, մեր ընտանիքներով հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և այնտեղից մեզ միացած մարդկանց հետ 18։00-ին գնալու ենք Ամուլսար՝ առաջ քաշելու մեր պահանջները։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]   11։25- Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում՝ ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: [Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան] |lragir.am|   10։02- Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է ՀՀ անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի: [ՀԲՃ]   09։23- Տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից, և թե որքան են «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։ Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյան]   04․08․2020 22:22- Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան: Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից: Ակտիվիստները պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, որին չհամաձայնեցին ցուցարարները: Նրանք նշեցին, որ պատրաստ են իրենց ակցիան շարունակել նաև գիշերը: 21:30- Ցուցարարներին մոտեցավ Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի հանգուցալուծման համար քննարկումներ են ունեցել: «Չնայած սա այսօրվա լուծվելիք հարց չի, բայց փորձեցի մաքսիմալ լուծում գտնել: Այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ տալիս, որ դա կարող է այս պահին լինել: Վաղը կարող է ձեր խումբը գնալ կառավարություն և կոնստրուկտիվ քննարկում ունենալ այս հարցի հետ կապված, այնտեղ պարզաբանվելու է, որ իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա»,- ասաց նա: Ազիզյանը նշեց՝ կցանկանար, որ այս հարցում լուծման հասնեն, տեղեկացրեց՝ կա հարուցված քրեական գործ, բայց ինքն իրավասություն չունի գործի մանրամասների վերաբերյալ բարձրաձայնելու. դա կանի, եթե նախաքննության մարմինը թույլ կտա: 20:35- Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ցույցի դուրս եկած քաղաքացիները հայտնեցին՝ փոխզիջումային առաջարկ ունեն, որի էությունը հետևյալն է. վագոն տնակները պետք է 30 մետր հետ տարվեն, իրենք իրենց հերթին պատրաստ են հանդիպել և հարցը քննարկել կառավարության անդամների հետ: Ցույցի մասնակիցները հնչեցված առաջարկը գոհունակությամբ ընդունեցին: Համաձայնություն ձեռք բերվեց այդ պահակակետները տեղափոխել ճամփեզրից 30 մ հեռավորության վրա: 20:20- Infocom-ի հետ զրույցում Էդգար Ջանոյանը հայտնեց, որ Ամուլսարի տարածքից, բացի տասը քաղաքացիներից, բերման է ենթարկվել նաև պահնորդական ծառայության երկու աշխատակից։ «Այսինքն՝ ընդհանուր առմամբ 12 բերման ենթարկված կա»,- նշեց նա։ 19:38- Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։ Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:19:10- Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:    17։09- Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ Ամուլսարում տեղի ունեցողը անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։ [«Ձախ դիմադրություն»]   11։51- Ոստիկանությունից չմեկնաբանեցին, սակայն, մեր դիտարկումը, որ այդպիսով, փաստորեն, Ընկերությունը խախտել է Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։    09։07- «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը գիշերը հանել է Ամուլսար տանող ճանապարհի մոտ բնակիչների կողմից տեղադրված տնակները և տեղադրել սեփական տնակները։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]
19:03 - 07 օգոստոսի, 2020
Տնակները պետք է տեղափոխվեն «Լիդիանի» սեփական տարածք․ տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները․ Ջերմուկի համայնքապետի օգնական

Տնակները պետք է տեղափոխվեն «Լիդիանի» սեփական տարածք․ տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները․ Ջերմուկի համայնքապետի օգնական

Արդեն չորրորդ օրն է, գիտեք ինչ է կատարվում, իրավական բոլոր օրենքները պաշտպանելով իրականացնում ենք մեր գործառույթները։ Այս տարածքում տնակաների տեղադրումը ապօրինի է, այս տարածքը, որտեղ տեղադրված են տնակները՝ պայմանագրային  հիմքունքներով տրված է եղել «Լիդիան» ընկերությանը, գյուղնշանակության հող է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետի օգնական Հայկ Դավթյանը։ Վերջինս նշեց, որ վերոնշյալ տարածքը չեզոքության գոտի է և ոչ ոք իրավունք չուներ, առանց համայնքի ղեկավարի թույլտվության ինչ-որ մի բան տեղադրել, մի բան կառուցել։ Համայնքապետի օգնականն ասաց․ «Ժամանակի ընթացքում ինչ-որ շեղումներ եղել են,  ճշտումներ անելուց հետո պարզ դարձավ, որ իրենք իրավունք չունեին այդտեղ դնելու։ Տնակները պետք է տեղափոխվեն իրենց սեփականություն համարվող տարածք, մասնագետները կորոշեն, թե քանի մետր այն կողմ դրանք կտեղափոխվեն։ Մենք տեղեկացրել ենք Լիդիանի ղեկավարությանը՝ և՛ երեկ, և՛ այսօր, իրենք արձագանքել են,որ մեր գործողությունները հակաօրինական են և իրենք՝ իրենց միջացներով չեն հեռացնում տնակները։ Օրենքը մեզ թույլ է տալիս, որ, եթե ապօրինի ինչ-որ բան է տեղադրված համայնքի տարածքում՝ համայնքի ղեկավարը իրավունք ունի տեղափոխել կամ ապամոնտաժել։ Եթե հարցեր մնան, եթե մենք ապօրինություններ ենք արել,ապա  իրենք կարող են դիմել դատարան։ Տեղափոխվելու են նաև ակտիվսիտների տնակները։ Մենք կատարում ենք մեր գործողությունները մեր իրավասությունների շրջանում»,-հավելեց Դավթյանը։  Վերջինս լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ դեռ չի քննարկվել, թե արդյոք ընկերությունը կենթարկվի վարչական տույժի, թե ոչ։  Հիշեցնենք, որ այսօր «Լիդիան Արմնեիա» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:
16:58 - 07 օգոստոսի, 2020
Ջերմուկի մայրուղու ճամփեզրին ինչպե՞ս է տիրացել Լիդիանը․ ՀԲՃ |armecofront.net|

Ջերմուկի մայրուղու ճամփեզրին ինչպե՞ս է տիրացել Լիդիանը․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: Օգոստոսի 4-ին Ամուլսարում Լիդիան ընկերության վարձած զինված խմբավորումն ինքնակամ տեղահանել է Ամուլսարի պահապանների տնակներն ու նույն տեղում՝ Ջերմուկ մայրուղու ճամփեզրին, տեղադրել իր տնակները: Հիշեցնենք, որ երկու տարի անընդմեջ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները պահպանել են Ամուլսարը հանքարդյունաբերական ավերիչ ծրագրից՝ հերթապահելով դեպի Ամուլսար տանող ճանապարհներին և ապաստանել են այդ տնակներում։ Երեք դիմադրական կետերում էլ տնակները տեղադրված են ավտոմայրուղու եզրին՝ հանրային օգտագործման տարածքում և ծառայում են հանրային շահի պաշտպանությանը, այլ ոչ մասնավորի շահույթին։ Ամիսներ շարունակ Լիդիանը լրատվամիջոցներով, դատական համակարգին դիմելով և իրեն հասանելի այլ միջոցներով պնդում է, թե Ամուլսարի պահապանները ներխուժել են իր սեփականություն հանդիսացող տարածք և պետք է դուրս բերվեն այնտեղից: Նույն պնդումն արդեն որերորդ անգամ արել են նաև երեկվա ապօրինությունն արդարացնելու համար: Զարմանալի է, որ ՀՀ Ոստիկանությունը, որն ամիսներ առաջ մեզ պաշտոնական գրություն է տրամադրել այն մասին, որ Ամուլսարի պահապանների տնակները չեն գտնվում Լիդիանի սեփականություն հանդիսացող տարածքում, որ տարածքում ներխուժում առկա չէ, որ կատարված գեոդեզիական չափումները վկայում են, որ մայրուղու եզերքի կոորդինատները, որոնց վրա տեղադրված են եղել պահապանների տնակները, Լիդիան Արմենիա ընկերության տարածքը չեն համարվում (լուսապատճենները տեսեք հոդվածի վերջում): Սակայն ինչ-ինչ կասկածելի գործընթացներ նախաձեռնելով, Լիդիանը կրկին սանտիմետրեր է հաշվել տվել և պետական սեփականություն հանդիսացող ավտոճանապարհի պաշտպանվող եզրն արձանագրել է տվել իբրև իր սեփական տարածք, որն էլ վկայակոչելով իրագործել է օգոստոսի 4-ի հակաիրավական գործողությունները։ Ի դեպ, Լիդիանն իր տնակները տեղադրել է ասֆալտապատ հատվածի ճիշտ եզրին, ավելի մոտ երթևեկելի մասին, ստեղծելով վթարային իրավիճակ, քան Ամուլսարի պահապանների տնակներն էին։ Շեշտում ենք, որ ընկերության տնակները տեղադրվել են հանրային նշանակության տարածքի՝ մայրուղու և հարակից տարածքի վրա, որոնց օգտագործման համար սահմանված են սահմանափակումներ։ ՀՀ հողային օրենսգրքի 17-րդ հոդ․ համաձայն․ «Հոդված 17. Տրանսպորտի օբյեկտների հողերը1. Տրանսպորտի օբյեկտների հողեր են համարվում երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային տրանսպորտի օբյեկտների` երկաթուղային կայարանների, երկաթգծերի, երկաթուղային և ավտոճանապարհների, թունելների ու կամուրջների, ավտոկայանների, օդանավակայանների և այլ տրանսպորտային օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:2․ Տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման համար հողամասեր տրամադրելիս սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ: Տրանսպորտային օբյեկտների հողերը չեն կարող սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ փոխանցվել այլ անձանց»։ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդ․ համաձայն․ «Հոդված 60. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերըԱրգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` 10) զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով. 11) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են»: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդ․ համաձայն․«ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ»։ Նույն օրենքի 13-րդ հոդ․ համաձայն․ «2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր.բ) 2-րդ և 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր.գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր»: Եթե Ջերմուկի մայրուղու ճամփեզրը հանդիսացող հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. պետք է պարզել, թե ո՞ր պաշտոնյաներն են արել այս գործարքը, ու նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ հողերը պետք է վերադարձվեն հանրային նշանակության: Նորից ենք շեշտում Ամուլսարի պաշտպանությունը հանրային շահ է հետապնդում, իրականացվում է հանրային կոլեկտիվ ջանքով, ուստի ճամփեզրի գործածումը Ամուլսարի պահապանների կողմից արդարացված է, իսկ զավթումը Լիդիանի կողմից՝ ապօրինի։ Օրենքների այս հակասական ու ոչ միանշանակ լինելը կարող է և պետք է մեկնաբանվի միայն հանրության օգտին։
16:34 - 07 օգոստոսի, 2020