Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Բլեյանի դպրոցի եւ N 93 մանկապարտեզի միջեւ ցանկապատ կլինի․ Մարությանը հաստատեց
 |armtimes.com|

Բլեյանի դպրոցի եւ N 93 մանկապարտեզի միջեւ ցանկապատ կլինի․ Մարությանը հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի թիվ 93 մանկապարտեզի ցանկապատման չարչրկված հարցը կարծես թե լուծված է։ Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր մանկապարտեզներին վերաբերո նախագաիծ, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցադրում արեց՝ ասելով․ «Չգիտեմ այս նախագծի մեջ ներառվում է, թե չէ Բլեյանի բազմաչարչար դպրոցին հարակից ցանկապատը, բայց մանկապարտեզը վերանորգման է դրված։ Ուզում եմ հրապարակային լսել պատասխանատուներից՝ արդյո՞ք մանկապարտեզի վերանորոգումից հետո էդքան շոշափված ցանկապատի լինելու է, թե չէ»։ Պատասխանելով Անի Խաչատրյանին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց․ «Ես ցանկապատների հարցերով չեմ զբաղվում, բայց եթե օրենքով սահմանված է, ուրեմն, այո կլինի։ Հաստատում եմ»։ Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ցանկապատվող՝ Երեւանի համար 93 մանկապարտեզին հարակից եւս մեկ մանկապարտեզ կա, որը նույնպես վերանորոգվելու է ու ցանկապատ դրվի։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի արդյունքում են իրականացնելու մանկապարտեզի վերանորոգումը։ «N93 մանկապարտեզը եւս ներառված է այդ ցանկում»,-ասաց Սարգսյանը։  
14:30 - 09 փետրվարի, 2021
Մանկապարտեզների ընդունելության և վերընդունելության համար սահմանվել են առաջնահերթության խմբեր

Մանկապարտեզների ընդունելության և վերընդունելության համար սահմանվել են առաջնահերթության խմբեր

Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն: ◼️ Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի: Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝ • զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, • 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, • ծնողներից մեկը մահացած է: Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն  երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են: ◼️ Հերթագրված երեխաների ընդունելություն Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն: • Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ: • Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության: Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ: Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի: Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը:
13:35 - 09 փետրվարի, 2021
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել

 |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Նախագծի մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է fինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երեւան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին: «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո: Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում: Նրա խոսքով` դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երեւանի ավագանու հավանությունը: «Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին»,- եզրափակեց Սարգսյանը:
13:00 - 09 փետրվարի, 2021
Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլ նաև քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու հետ կապված: «Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու նպատակով, հասկանալով շատ աշխատող ծնողներ երեխաներին թողնելու տեղ և հնարավորություն չունեն:  
13:14 - 08 փետրվարի, 2021
Երևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներ

Երևանի նոր ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոցներ

Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը:  Հաղորդագրության մեջ նշված է. «26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:  Մի քանի նկատառում ուղևորների համար.   պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ, ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:  «Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», - ասել է Երևանի քաղաքապետը»:
21:50 - 05 փետրվարի, 2021
Առցանց դիմումին՝ առցանց պատասխան. Երևանի քաղաքապետարանն իրազեկում է

Առցանց դիմումին՝ առցանց պատասխան. Երևանի քաղաքապետարանն իրազեկում է

Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխաններն ամբողջությամբ ստանալ հնարավոր է առցանց: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել. մուտք գործել yerevan.am կայք, անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները, ընտրել դիմումի տեսակը, ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը:«Այսուհետ քաղաքացիներն իրենց էլեկտրոնային նամակների վերաբերյալ կստանան երեք ծանուցում, առաջինը` դիմումը ներկայացնելու պահին, երկրորդը՝ վարույթ ընդունելու վերաբերյալ և երրորդը՝ դիմումի ավարտի մասին: Մինչ այդ նաև դիմումի ավարտի մասին կստանան sms հաղորդագրություն»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը: «Քաղաքապետարանը խրախուսում է, որ բնակչությունը դիմի էլեկտրոնային եղանակով, և աստիճանաբար այն կավելացնենք»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանը: Քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների ծավալն ավելացնելու և դրանցից օգտվելն առավել հարմարվետ դարձնելուն զուգահեռ՝ քաղաքապետարանը նաև ներքին գրագրությունն ու թղթաբանությունն է նվազեցրել: «Քաղաքապետի կողմից կա մոտեցում՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս թվայնացնելու»,- ասում է Դավիթ Համբարյանը: Եթե 2018 թ. Երևանի քաղաքապետարանն ստացել էր ընդամենը 2600 էլեկտրոնային դիմում, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 4100, իսկ 2020-ին արդեն՝ 13600, ինչն ընդհանուր նամակների թվի մոտ 5-6 տոկոսն է: «Աճի տեմպերը վկայում են, որ կա միտում՝ տեղափոխվելու թվային դաշտ, որն ավելի հեշտացնում և արագացնում է պատասխանների տրամադրումը»,- նկատում Դավիթ Համբարյանը: Քաղաքային իշխանությունը մտադիր է հետագայում թվայնացնել բոլոր ծառայությունները: Նպատակը մեծ է, անելիքները՝ շատ: Մինչ այդ այս տարի բնակիչներին հասանելի կդառնա ևս մի քանի նոր ծառայություն: «Այս տարի մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել www.yerevan.am կայքը՝ թե՛ դիզայնի, թե՛ ներքին աշխատանքի առումով: Բացի այդ, կհայտնվեն բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնց համար նախկինում քաղաքացիները ստիպված էին դիմել վարչական շրջանների աշխատակազմեր կամ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ, ինչպես, օրինակ, ալկոհոլի կամ հանրային սննդի լիցենզիայի համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Էլեկտրոնային ծառայությունները թեև 2020-ին առավել արդիական դարձան համավարակով պայմանավորված սահմանափակումներով, բայց շատերը դեռևս նախընտրում են հենց այդ տարբերակը՝ խուսափելով հերթերից ու ժամանակն ավելորդ վատնելուց:
18:15 - 03 փետրվարի, 2021
Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|

Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|

armtimes.com։ Երեւանում նոր ավտոբուսների շահագործումը հետաձգվել է։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ ուշացումը կտեւի միայն մի քանի օր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան այս տարվա հունվարին, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Կարապետյանի պարզաբանմամբ՝ ձգձգումը կապված է փաստաթղթավորման գործընթացի հետ, որը տեւեց ավելի երկար, քան նախատեսում էին ի սկզբանե։ Ձեռքբերված նոր ավտոբուսները քաղաքապետարանը պետք է անհատույց օգտագործման հանձնի իր ենթակայությամբ գործող «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս կարողանա շահագործել այդ մեքենաները։ Խնդիրը, ըստ նրա, կապված է միայն այդ ձեւակերպումները ձգձգվելու հետ։ Ինչ վերաբերում է ավելի վաղ տարածված այն տեղեկություններին, թե ավտոբուսների ձեռքբերման գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել, ու նույնիսկ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի, Հակոբ Կարապետյանը անհեթեթություն որակեց։ «Անհեթեթություն է։ Բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- ասաց նա։ Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն քաղաքում են եւ պետք է շահագործվեին հունվարից, առաջիկա օրերին կշահագործվեն 3 երթուղիներում։ Խոսքը նախկին 26, 99 միկրոավտոբուսային երթուղիների մասին է, իսկ երրորդը կլինի նոր երթուղի։ Հակոբ Կարապետյանը նշեց, որ ավտոբուսները շահագործվելու ժամկետը հետաձգվելուց բացի՝ այլ փոփոխություն նախատեսված չէ։
15:12 - 01 փետրվարի, 2021
Տնտեսվարողների պարտականությունները ձյան տեղումների ժամանակ. քաղաքապետարանի պարզաբանումը

Տնտեսվարողների պարտականությունները ձյան տեղումների ժամանակ. քաղաքապետարանի պարզաբանումը

Մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները: «Հարակից հատվածը ենթադրում է տնտեսվարողի հարակից հատվածն ամբողջությամբ, այսինքն՝ մինչև երթևեկելի գոտի, մինչև մայթի եզրի հատվածը, թե՛ բարեկարգման, թե՛ ձնամաքրման աշխատանքներ: Տնտեսվարողները հենց իրենց տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է նախևառաջ շահագրգռված լինեն բարեկարգման աշխատանքները, հետո նաև օրենքով սահմանված պարտականություններն իրականացնելու գործում»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը: Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով: Վարչական շրջանների աշխատակազմերը պարբերաբար ծանուցում են ուղարկում տնտեսվարողներին, հորդորում աշխատանքներն իրականացնել ժամկետում և պատշաճ ձևով, բայց ոչ բոլորն են պահպանում նորմերը: Նրանց կողքին, սակայն, քաղաքում կան բազմաթիվ գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը: «Բոլոր տնտեսվարողներին տրամադրվել են և բարեկարգմանն առնչվող նախագծերը և սխեմաները՝ իրենց տարածքները ճշտելու համար»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը: «Վարչական շրջանի ղեկավարի վրա Երևանի ՏԻՄ օրենքով պարտականություն է դրված, որով վերջինս վերահսկում է այդ աշխատանքների ընթացքը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը վարչական տույժ կիրառելու լծակներ ունի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք ավագանու սահմանած պարտականությունները չեն կատարում»,- ասում է Արամ Մարտիրոսյանը: Օրերս կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարների առջև հստակ պահանջ դրեց՝ հետևողական աշխատանք տանել ավագանու որոշումը կատարելու նպատակով: «Ամեն անգամ, երբ գնում ես քաղաք, որտեղ ամեն ինչը օրենսդրորեն ճիշտ է կազմակերպված, հասկանում ես, որ քաղաքային իշխանությունները շատ ավելի թեթև և ոչ գերծանրաբեռնված են աշխատում՝ ընդամենը ճիշտ օրենքների կիրառմամբ: Այն է՝ տնտեսվարող օբյեկտներ՝ իրենց դիմացի մայթերով, համատիրություններ՝ իրենց բակային տարածքներով: Պետք է համակարգը ճիշտ կազմակերպված լինի, չես կարող մի հիմնարկի վրա դա դնել»,- նկատում է քաղաքապետը: Պարտադիր բարեկարգման պահանջը, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը: Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում: Օրինակ՝ Երևանի Կենտրոնում ավելի քան 4000, իսկ Արաբկիրում շուրջ 2150 տնտեսվարող կա, և եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի օրենքի պահանջը, ապա մայրաքաղաքը հաստատ ավելի մաքուր ու բարեկարգ կլինի:
12:34 - 29 հունվարի, 2021
Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանին կից ՀՈԱԿ-ը կհավաքագրի պլաստիկի թափոնները եւ կվաճառի 1 կգ-ը 90 դրամով |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել եւ արդեն մեկ ամսից ավելի է`մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։ Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված՝ դեղինը թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։ Երեւանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պլաստիկը վաճառելու նպատակով աճուրդ է հայտարարել։ Այն կայանալու է հունվարի 29-ին։ Աճուրդին կարող են մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ։ 1 կիլոգրամ պլաստիկը ՀՈԱԿ-ը որոշել է վաճառել 90 դրամով։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պլաստիկի գինը որոշել են շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո։ Աճուրդը հաղթող ընկերությունը կիլոգրամի դիմաց նշված գումարը վճարելով՝ ՀՈԱԿ-ից կգնի վերամշակման ենթակա պլաստիկի թափոնները։ Սակայն հավաքագրումը իրականացնելը ՀՈԱԿ-ի գործառույթն է լինելու։ Թափոնների տեսակավորման վարչությունն իրեն կցված մեքենաներով, ու մեխանիզմով է իրականացնում այդ գործընթացը։ Աճուրդում հաղթողը պարտավորվում է գնել եւ վերամշակել այնքան թափոն, ինչքան մատակարարվի իրեն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ կկնքվի պլաստիկի առքուվաճառքի պայմանագիր մեկ տարի ժամկետով։ Պլաստիկի թափոններից ստացված հասույթը վերադառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։ «Եթե կարողանանք շատ գումար հետ բերել, ապա Երեւանի ավագանու որոշմամբ՝ այն կուղղենք ոլորտում նպատակային ծախսերին»,- ասաց Հայկ Հովհաննսիյանը։ Վերջինս չթաքցրեց, որ ցանկալի էր հենց իրենց վարչություն այդ գումարները վերադարձվեն, որպեսզի կատարելագործեն թե՛ ավտոպարկը եւ թե՛ թափոնների հավաքագրման մնացած միջոցները։ Նա վստահեցրեց՝ այս ծրագիրը հետապնդում է բացառապես էկոլոգիական խնդրի լուծում։ Մեկ մեքենայով հավաքում են ստվարաթուղթը, մյուսով՝ ապակին եւ պլաստիկը։ Ստվարաթղթի ու ապակու թափոնները հավաքագրումից անմիջապես հետո դրանք գնում են վերամշակող կազմակերպությունները, որոնց հետ ՀՈԱԿ-ն արդեն պայամանգրեր է կնքել։ Հովհաննիսյանը մանրամասնեց թափոնների վերամշակման աճուրդներ կազմակերպում են նախորդ տարվանից, բայց պայմանագրեր ունեն միայն ստվարաթղթի, սպիտակ թղթի ու ապակու թափոնների համար։ Պլաստիկի վերամշակման համար նախորդ տարի երկու անգամ աճուրդ են հայտարարել, սակայն հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը չի կնքվել, քանի որ պատրաստ չի եղել ՀՈԱԿ-ի տրամադրած պլաստիկի բոլոր տեսակներն ընդունելուն (միայն շշերի համար է պատրաստակամություն հայտնել)։ Մասնակից ընկերությունը պիտի նախապես հաշվի առնի, որ պարտավորվում է բոլոր տեսակի պլաստիկի վերամշակմում իրականացնել։ 2021 թվականից թափոնամաններից հավաքագրվող պլաստիկը ժամանակավորապես տեղափոխվում է ՀՈԱԿ-ի ենթակայության տակ եղած պահեստ։ Աճուրդը կայանալուց հետո, ՀՈԱԿ-ի միջոցներով կտեղափոխվի վերամշակման գործարան։ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում քիչ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ցանկացած տեսակի պլաստիկի ընդունմամբ։ «Ցավոք սրտի տվյալ կազմակերպությունները հիմնականում կենտրոնցված են Երեւանում, բայց ունենք նաեւ Գյումրիում, Վանաձորում։ Բոլորն էլ մասնավոր են։ Պետական մակարդակով մենք նոր ենք սկսում տեսակավորման պրոցեսը, որը աղբի կառավարման առաջին լուրջ քայլն է»,-ասաց վարչության պետը։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մի քանի տարի հետո տեսակավորման այս աշխատանքի արդյունքները եւս կարող են հիմք հանդիսանալ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու։ «Որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Սա արդեն կախված է նաեւ Կառավարության մոտեցումից, թե ինչ ենք մենք ուզում՝ շարունակելո՞ւ ենք ներկրել գազ, նավթ, թե որոշակի քանակ պակասեցնելու ենք եւ օրինակ՝ մեր աղբը վերածելու բիոգազի՝ ինչպես Շվեդիայում է»,-կարծիք հայտնեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց՝ թափոնամաններ են տեղադրվել մայրաքաղաքի 60 կետերում, ընդհանուր առմամբ՝ արդեն 180 թափոնաման։ Նախատեսվում է գոնե սկզբնական շրջանում Երեւանում ունենալ տեսակավորման 130-ից 135 կետ։ «Այս պահի դրությամբ, բացառությամբ Մալաթիա- Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, մնացած բոլորում արդեն տեղադրված է»,-հայտնեց նա։ Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե մեր քաղաքացիներն արդեն նորմալ իրազեկվե՞լ են եւ արդյո՞ք պատշաճ կերպով են օգտվում թափոնամաններից։  «Մեր հանրությունը կարծես սպասում էր այս քայլին, եւ ամեն ինչ նորմալ ընթանում է։ Թափոնամանները 85 տոկոսով նպատակային են օգտագործվում։ Բնականաբար դեպքեր ունեցել ենք։ Անգամ մի դեպք ունեցանք, երբ ապակու համար նախատեսված թափոնամանը գողացել էին։ Այս պահի դրությամբ իրավիճակը սպասվածից էլ ուրախալի է»,- փաստեց մեր զրուցակիցը։ Վարչության պետը հայտնեց, որ որոշել էին իրազեկման մեդիաարշավ իրականացնել գոնե 4 կամ 6 շաբաթ, ապա դրանից հետո ներ տեղադրել թափոնամանները, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեին տեսակավորման գործընթացին։ Իրազեկման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն օբյեկտիվ պատճառներով (Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով, հեղ․) չեն կարողացել։ Որոշել են ամեն դեպքում տեղադրել թափոնամաններն ու հընթացս կատարել իրազեկման աշխտանքները։ Գերմանիայում օրինակ՝ պլաստիկ շշերը ապակու շշերի նման հանձնում են, դրանք բավականին արժեք ունեն, ու մարդիկ շահագրգռված են պլաստիկ շիշը վերադարձնել եւ ոչ թե գցել այս ու այն կողմ։ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ մեզ մոտ ընտրված տարբերակով ի՞նչն է մարդկանց շահագրգռելու, որ պլաստիկը չթափեն որտեղ պատահի։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:33 - 26 հունվարի, 2021
2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Երևանի քաղաքապետարան

2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Երևանի քաղաքապետարան

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։      
19:18 - 18 հունվարի, 2021
Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս |armenpress.am|

Նոր համազգեստ, GPS համակարգ, տեսախցիկ․ Երևանի փողոցներում մինչև հունվարի վերջ կհայտնվի 30 նոր միկրոավտոբուս |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի մինչև հունվարի վերջ։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։  «Այս երթուղիները նախկինում գործողներն են, բավականին ակտիվ և բանուկ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել են չշահագործվել մասնավորի կողմից։ Այդ երթուղիները կգործեն որոշ փոփոխություններով։ Այս պահին տարվում են նախապատրաստական աշխատանքները, ավտոբուսները կահավորվում են GPS համակարգերով և տեսախցիկներով, տեղի է ունենում նաև արտաքին ձևավորում»,- նշեց Կարապետյանը։  Պատասխանելով վարորդների վերաբերյալ հարցին, քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ նրանք կրելու են համազգեստ, դրանց դիզայնը նույնպես հայտնի է, և այն արդեն կարվում է։ Կարապետյանն ասաց, որ երթուղիները լինելու են երեքը  և առաջիկայում կնշվի դրանց շահագործման հստակ օրը, ներկայում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործընթացներ են։ Առաջին երթուղին սպասարկելու է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասից մինչև Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամաս ընկած հատվածը։ Երկրորդը՝ հարավ-արևմտյան թաղամասը կապելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 8-րդ հիվանդանոցի հարակից տարածքի հետ։  «Երրորդ գիծն էլ Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» կոչվող թաղամասը կապելու է Նորք Մարաշ վարչական շրջանի հետ։ 3 գիծն էլ իրար հետ կապվելու են Կենտրոն վարչական շրջանի տարածքով»,- նշեց Կարապետյանն ու հավելեց, որ արդեն ներկրված 100 ավտոբուսից 40-ը կլինի երկրորդ խմբաքանակում, ևս 30-ն էլ երրորդում։ Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի` դրանք կսկսեն շահագործվել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։  Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև շեշտեց, որ մրցույթի է դրվել միջին դասի (8,5 մետրանոց) 160 ավտոբուսի գնման գործընթացը, և կա որոշակի հավանականություն, որ այդ թիվը կարող է մեծանալ։ Ընթացքի մեջ է նաև ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 112 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացը, որը չէր կայացել 2020 թվականին։  Կարապետյանը շեշտեց, որ սակագնի փոփոխություն չի լինի, սկզբնական շրջանում, վճարման եղանակն ինչպես եղել է, այդպես էլ կմնա։
10:31 - 13 հունվարի, 2021