armtimes.com: Երեւանի քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել եւ արդեն մեկ ամսից ավելի է`մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Գործընթացը դեռ չի ավարտվել։
Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված՝ դեղինը թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։
Երեւանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված պլաստիկը վաճառելու նպատակով աճուրդ է հայտարարել։ Այն կայանալու է հունվարի 29-ին։ Աճուրդին կարող են մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են պլաստիկի վերամշակմամբ։
1 կիլոգրամ պլաստիկը ՀՈԱԿ-ը որոշել է վաճառել 90 դրամով։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պլաստիկի գինը որոշել են շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո։
Աճուրդը հաղթող ընկերությունը կիլոգրամի դիմաց նշված գումարը վճարելով՝ ՀՈԱԿ-ից կգնի վերամշակման ենթակա պլաստիկի թափոնները։ Սակայն հավաքագրումը իրականացնելը ՀՈԱԿ-ի գործառույթն է լինելու։ Թափոնների տեսակավորման վարչությունն իրեն կցված մեքենաներով, ու մեխանիզմով է իրականացնում այդ գործընթացը։ Աճուրդում հաղթողը պարտավորվում է գնել եւ վերամշակել այնքան թափոն, ինչքան մատակարարվի իրեն։ Հաղթող ճանաչված մասնակցի հետ կկնքվի պլաստիկի առքուվաճառքի պայմանագիր մեկ տարի ժամկետով։
Պլաստիկի թափոններից ստացված հասույթը վերադառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։ «Եթե կարողանանք շատ գումար հետ բերել, ապա Երեւանի ավագանու որոշմամբ՝ այն կուղղենք ոլորտում նպատակային ծախսերին»,- ասաց Հայկ Հովհաննսիյանը։ Վերջինս չթաքցրեց, որ ցանկալի էր հենց իրենց վարչություն այդ գումարները վերադարձվեն, որպեսզի կատարելագործեն թե՛ ավտոպարկը եւ թե՛ թափոնների հավաքագրման մնացած միջոցները։
Նա վստահեցրեց՝ այս ծրագիրը հետապնդում է բացառապես էկոլոգիական խնդրի լուծում։
Մեկ մեքենայով հավաքում են ստվարաթուղթը, մյուսով՝ ապակին եւ պլաստիկը։ Ստվարաթղթի ու ապակու թափոնները հավաքագրումից անմիջապես հետո դրանք գնում են վերամշակող կազմակերպությունները, որոնց հետ ՀՈԱԿ-ն արդեն պայամանգրեր է կնքել։
Հովհաննիսյանը մանրամասնեց թափոնների վերամշակման աճուրդներ կազմակերպում են նախորդ տարվանից, բայց պայմանագրեր ունեն միայն ստվարաթղթի, սպիտակ թղթի ու ապակու թափոնների համար։ Պլաստիկի վերամշակման համար նախորդ տարի երկու անգամ աճուրդ են հայտարարել, սակայն հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը չի կնքվել, քանի որ պատրաստ չի եղել ՀՈԱԿ-ի տրամադրած պլաստիկի բոլոր տեսակներն ընդունելուն (միայն շշերի համար է պատրաստակամություն հայտնել)։ Մասնակից ընկերությունը պիտի նախապես հաշվի առնի, որ պարտավորվում է բոլոր տեսակի պլաստիկի վերամշակմում իրականացնել։
2021 թվականից թափոնամաններից հավաքագրվող պլաստիկը ժամանակավորապես տեղափոխվում է ՀՈԱԿ-ի ենթակայության տակ եղած պահեստ։ Աճուրդը կայանալուց հետո, ՀՈԱԿ-ի միջոցներով կտեղափոխվի վերամշակման գործարան։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում քիչ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ցանկացած տեսակի պլաստիկի ընդունմամբ։ «Ցավոք սրտի տվյալ կազմակերպությունները հիմնականում կենտրոնցված են Երեւանում, բայց ունենք նաեւ Գյումրիում, Վանաձորում։ Բոլորն էլ մասնավոր են։ Պետական մակարդակով մենք նոր ենք սկսում տեսակավորման պրոցեսը, որը աղբի կառավարման առաջին լուրջ քայլն է»,-ասաց վարչության պետը։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մի քանի տարի հետո տեսակավորման այս աշխատանքի արդյունքները եւս կարող են հիմք հանդիսանալ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու։ «Որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Սա արդեն կախված է նաեւ Կառավարության մոտեցումից, թե ինչ ենք մենք ուզում՝ շարունակելո՞ւ ենք ներկրել գազ, նավթ, թե որոշակի քանակ պակասեցնելու ենք եւ օրինակ՝ մեր աղբը վերածելու բիոգազի՝ ինչպես Շվեդիայում է»,-կարծիք հայտնեց նա։
Հովհաննիսյանը հայտնեց՝ թափոնամաններ են տեղադրվել մայրաքաղաքի 60 կետերում, ընդհանուր առմամբ՝ արդեն 180 թափոնաման։ Նախատեսվում է գոնե սկզբնական շրջանում Երեւանում ունենալ տեսակավորման 130-ից 135 կետ։ «Այս պահի դրությամբ, բացառությամբ Մալաթիա- Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, մնացած բոլորում արդեն տեղադրված է»,-հայտնեց նա։
Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե մեր քաղաքացիներն արդեն նորմալ իրազեկվե՞լ են եւ արդյո՞ք պատշաճ կերպով են օգտվում թափոնամաններից։
«Մեր հանրությունը կարծես սպասում էր այս քայլին, եւ ամեն ինչ նորմալ ընթանում է։ Թափոնամանները 85 տոկոսով նպատակային են օգտագործվում։ Բնականաբար դեպքեր ունեցել ենք։ Անգամ մի դեպք ունեցանք, երբ ապակու համար նախատեսված թափոնամանը գողացել էին։ Այս պահի դրությամբ իրավիճակը սպասվածից էլ ուրախալի է»,- փաստեց մեր զրուցակիցը։
Վարչության պետը հայտնեց, որ որոշել էին իրազեկման մեդիաարշավ իրականացնել գոնե 4 կամ 6 շաբաթ, ապա դրանից հետո ներ տեղադրել թափոնամանները, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեին տեսակավորման գործընթացին։ Իրազեկման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, սակայն օբյեկտիվ պատճառներով (Ադրբեջանի սկսած պատերազմի պատճառով, հեղ․) չեն կարողացել։ Որոշել են ամեն դեպքում տեղադրել թափոնամաններն ու հընթացս կատարել իրազեկման աշխտանքները։
Գերմանիայում օրինակ՝ պլաստիկ շշերը ապակու շշերի նման հանձնում են, դրանք բավականին արժեք ունեն, ու մարդիկ շահագրգռված են պլաստիկ շիշը վերադարձնել եւ ոչ թե գցել այս ու այն կողմ։ Հայկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իսկ մեզ մոտ ընտրված տարբերակով ի՞նչն է մարդկանց շահագրգռելու, որ պլաստիկը չթափեն որտեղ պատահի։
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (1)
Բարի օր։ Արաբկիրի շրջ․ Բաբայան 32 շենքի դիմաց կա ձեր թափոնամաններից։ Բայց տեղադրեք ստվարաթղթի թափոնաման Բաբայան 36 շենքի դիմաց, որտեղ խանութներից հսկայական քանակությամբ տուփեր են թափվում աղբաման։ Նման տեղեր շատ կան քաղաքում։ Շնորհակալ եմ, որ լսեցիք կարծիքս։ Արա Ասատրյան