Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|
15:12 - 01 փետրվարի, 2021

Նոր ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին․ Հակոբ Կարապետյանը՝ հայտարարված ժամկետից ուշացման մասին |armtimes.com|

armtimes.com։ Երեւանում նոր ավտոբուսների շահագործումը հետաձգվել է։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ ուշացումը կտեւի միայն մի քանի օր։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան այս տարվա հունվարին, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Կարապետյանի պարզաբանմամբ՝ ձգձգումը կապված է փաստաթղթավորման գործընթացի հետ, որը տեւեց ավելի երկար, քան նախատեսում էին ի սկզբանե։

Ձեռքբերված նոր ավտոբուսները քաղաքապետարանը պետք է անհատույց օգտագործման հանձնի իր ենթակայությամբ գործող «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին, որպեսզի վերջինս կարողանա շահագործել այդ մեքենաները։ Խնդիրը, ըստ նրա, կապված է միայն այդ ձեւակերպումները ձգձգվելու հետ։

Ինչ վերաբերում է ավելի վաղ տարածված այն տեղեկություններին, թե ավտոբուսների ձեռքբերման գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել, ու նույնիսկ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի, Հակոբ Կարապետյանը անհեթեթություն որակեց։ «Անհեթեթություն է։ Բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- ասաց նա։

Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն քաղաքում են եւ պետք է շահագործվեին հունվարից, առաջիկա օրերին կշահագործվեն 3 երթուղիներում։ Խոսքը նախկին 26, 99 միկրոավտոբուսային երթուղիների մասին է, իսկ երրորդը կլինի նոր երթուղի։

Հակոբ Կարապետյանը նշեց, որ ավտոբուսները շահագործվելու ժամկետը հետաձգվելուց բացի՝ այլ փոփոխություն նախատեսված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել