Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։ Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։ Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։ Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձևում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետևաբար մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» և «ինչո՞վ անել» շատ կարևոր հարցադրումների պատասխանները փնտրելիս։ Այդ պատասխաններից էին նաև կախված մեր հետագա գործողությունները. ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքներին, թե՞ նրանցից ցանկացած պահի նաև հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։ Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։ Ինչպիսի՞ն պետք է լինի այդպիսի խնդիրներ իր առջև դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները և այլն։ Առաջին հայացքից՝ անվերջանալի թվացող հարցեր, որոնց պատասխանները, այդուհանդերձ, պե՛տք էր գտնել առաջ շարժվելու համար։ Եվ հպարտությամբ փաստենք, որ մենք միասին՝ առաջնագծի մարտական դիրքերն անառիկ պահող շարքայինից մինչև մարտական փայլուն ուղի անցած ու հիմա էլ իր կյանքը զինվորական ծառայությանն անմնացորդ նվիրաբերած գեներալ՝ կարողացանք անել ամենակարևորը՝ փոխել շատ ընկալումներ, լուծել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ կատարել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։ Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինութունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը։ 2019 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այս առումով առավել քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։ Սիրելի՛ ծառայակից ընկերներ Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի և վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանում կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլև մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձևով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան... Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ, և թող 2020-ը նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով, բոլորիդ ընտանիքներում դառնա երջանկության, ջերմության, ձեռքբերումների տարի:   Ջերմ մաղթանքներով և համատեղ հաջողությունների վստահությամբ՝ Դավիթ Տոնոյան
10:30 - 30 դեկտեմբերի, 2019
Բաթումում մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է Դավիթ Տոնոյանը |shantnews.am|

Բաթումում մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է Դավիթ Տոնոյանը |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումում: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ, ինչպես նաև օտարերկրացի քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, մամուլի և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։ Վրաստանի ՊՆ-ի հայտարարությամբ` վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները: Համաժողովը բաղկացած է 4 փոխներգործուն նստաշրջանից. Սև ծովի անվտանգության հարցերըՎրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացը և անդամակցության հեռանկարներըՀիբրիդային վտանգներըՎրաստանի ռազմավարական պատրաստակամությունը:Պաշտպանության և անվտանգության համաժողովը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոքր-ինչ ուշացումով՝ հյուրանոցի խոհանոցից տարածված ծխի հետևանքով հյուրանոցում միացել է տարհանման ազդանշանը: Մասնակիցները կարճ ժամանակով լքել են խորհրդակցությունների դահլիճը:
12:43 - 06 նոյեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ: Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:48 - 30 հոկտեմբերի, 2019
Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
05:34 - 25 հոկտեմբերի, 2019
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
08:32 - 22 հոկտեմբերի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը: Երկուստեք կարևորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:31 - 16 հոկտեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։ Բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։ Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը։
11:11 - 14 հոկտեմբերի, 2019