Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ  |civilnet.am|

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանից Հայաստան հացահատիկային կուլտուրաների ներկրման խնդիր առաջացել էր, բայց այն այժմ լուծվել է: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը, պայմանավորված երկրում կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով, ժամանակավորապես արգելել է արտահանել բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաների արտահանումը:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք ԱԳՆ-ն ճշտել է, թե որքան կտևի արտահանման արգելքը, և ինչ ազդեցություն կունենա Հայաստանի «պարենային անվտանգության վրա»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և այն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում: «ԵԱՏՄ հարթակում նիստ է եղել․ և կա պայմանավորվածություն, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում, այսինքն՝ մենք յուրաքանչյուրս մեր սահմանների համար արտահանման արգելքներ դնենք, որպեսզի չստացվի, որ նույն ապրանքը ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է երրորդ երկիր»,- ասաց փոխվարչապետը: Գրիգորյանը նշեց՝ ապրիլի 3-ին վերջնական պայմանավորվածության կհասնեն, բայց այս պահին Ռուսաստանից Հայաստան հացահատաիկի ներկրման խնդիր չկա: Գրիգորյանը հավելեց, որ խնդիր կա առողջապահական սարքավորումների մասով, որը քնարկվում է: «Դրա վերաբերյալ այս պահին բան չեմ կարող ասել, քննարկում ենք: Խնդիրը շատ խիստ է դրված Ռուսաստանի Դաշնությունում, բայց կարծում ենք՝ ինչ-որ քվոտաների շուրջ կպայմանավորվենք»,- հույս հայտնեց նա: Այնուհետև պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք պայմանավորված ներկա իրավիճակով՝ Հայաստանը նույնպե՞ս պետք է սահմանափակի ռազմավարական նշանակության սննդամթերքի արտահանումը: «Կարող է գալ ժամանակ, որ մենք ներքին սպասարկման խնդիր ունենանք, և սահմանափակված լինենք ներմուծումների առումով», - նշեց պատգամավորը: Հարցը արտակարգ դրության պարետի լիրազորությունների դաշտում է, նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ պարետը բավարար լիազորությունններ ունի այն կարգավորելու համար: «Պետք է զգուշավոր ու բալասանվորված լինենք: Ներմուծան և արտահանման բալանսի խնդիրը գիտակցենցք: Այս հարցը հընթացս կկառավարվի: Այս պահին հաշվարկները ցույց են տալիս, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: 
17:13 - 25 մարտի, 2020
Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Որոշման համաձայն՝ խորհրդի  նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը: Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:
19:07 - 19 մարտի, 2020
Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպիսին էլ լինելու տնտեսվարողներին տրվող աջակցությունը։ «Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների»,- ասաց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ «Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ Երեք խնդիրն էլ , մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության ձևերով»,- նշեց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է  ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին։ Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը։ «Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե այս վարկային միջոցները տնտեվարողներն ինչ ուղղություններով կարող են օգտագործել․  տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար, հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին,  սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում,  առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ,  պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։  «Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան»,- ասաց վարչապետը։
12:16 - 19 մարտի, 2020
Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

factor.am: Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում կա 3 տարբերակ։ Առաջինը նախագծով սահմանված տարբերակն է, ըստ որի՝ Առողջապահության նախարարության սահմանած երկրների ցանկ կազմել, որտեղից կարգելվի օտարերկրացիների մուտքը Հայաստան, իսկ պարետն իրավունք կունենա որոշակի փոփոխություններ մտցնել այս ցանկում։ Երկրորդ առաջարկը՝ ուղղակի արգելել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, և երրորդը, որը վարչապետը համարում է ամենատրամաբանականը, արգելվի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, իսկ պարետը կարող է որոշակի բացառություններ սահմանել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այն պահին, երբ դա հրապարակենք, ոչ մեկը չի թռնի Հայաստան, էլ չեն խորանալու՝ պարետը թույլ կտա՞, թե՞ չի տա։ Ես Ձեզ վստահեցնում եմ, պետք չի նման բան անել»։
16:50 - 16 մարտի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր: Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: 
17:33 - 10 մարտի, 2020
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարներն ու ներկայացուցիչները:Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա են:Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտում առկա ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, սպանդանոցների տիպային նախագծերին և սպանդանոցային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործընթացների շղթային:Մարզպետները ներկայացրել են սպանդանոցների գործունեության հետ կապված իրենց մարզերում բարձրաձայնված խնդիրները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածքային կառավարման և ենթակառուցվծանքների նախարարությանը հանձնարարվել է մարզպետարաններից հավաքագրել բոլոր խնդիրները և ամփոփ ներկայացնել կանոնակարգումների նպատակով: 
19:23 - 06 մարտի, 2020
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: Ըստ փոխվարչապետի՝ Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև Կառավարությունն է ճշգտում իր գործունեությունն ու հետագա անելիքները: Ներկայացնելով երկրում բարեփոխումների օրակարգը՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է առկա տնտեսական աճի միտումների կարևորությունը և Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման մեծ ներուժը, որի իրացման ուղղությամբ ևս նախանշվել են բարեփոխումներ: Մուդիզի փորձագետների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին հարաբերություննների հիմնական շեշտադրումները: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որն ունի հաստատված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և բարձր մակարդակի հարաբերություններ ԵՄ-ի հետ, կարող է հանդիսանալ կամուրջ երկու միությունների միջև: Որպես առաջիկա տարիներին Կառավարության համար առաջնային ոլորտ փոխվարչապետն ընդգծել է կրթությունն ու գիտությունը և որպես ռազմավարական հարց ներկայացրել մտքերի ու գաղափարների արտագաղթի վերացումը: Տնտեսության զարգացման համար, որպես առանջային խնդիր, Մհեր Գրիգորյանը նշել է նաև կապիտալի շուկայի լիարժեք ձևավորումը, որն, ըստ փոխվարչապետի, ֆինանսական և տնտեսական հատվածների արդիականացման թիվ մեկ ռազմավարական անհրաժեշտությունն է:Մուդիզի փորձագետները շնորհակալություն են հայտնել երկրում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և փոխվարչապետի հետ անդրադարձել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:
18:13 - 03 մարտի, 2020
Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

aysor.am: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը, խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2019 թվականին գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի աջակցության ծավալը կավելանա:  «2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր», - ասաց Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2020 թվականի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում: «Համաձայանգիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջանահերթություններից է», - ավելացրեց փոխվարչապետը:
12:50 - 26 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 25–ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը   բարձր է գնահատել  և կարևորել ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում:  Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ Մհեր Գրիգորյանի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին:   Գրիգորյանը նշել է, որ ՄՖԿ-ի հետ գործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները: Ջորջինա Բեյքերը նշել է, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահի՝ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին՝ հասկանալու համար կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ-ի կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը:  Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին: Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին:      
20:32 - 25 փետրվարի, 2020
Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել է մի շարք պաշտոնյաների: Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան ստորև ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետևյալ գրությամբ. Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում: 1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն և սկսել կարգավորման գործընթացը: 2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձևով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային և վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ և վատ աշխատողներին ազատել աշխատանքից: 3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ և թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից: 4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ և այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը: 5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետևել սույն հանձնարարականի կատարման ընթացքին: Սիրելի հայրենակիցներ, ստորև ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ: Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո, որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, որը մանուկ հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք երկու դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում: Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում: Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը: Իմ փորձությունն սկսվեց ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում: Խնդիրն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ քանի որ նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ 20 տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում: Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարևանությամբ գործող ՔԿԱԳ: Այնտեղ գտնվող կինը, որն առնվազն վերջին 20 տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են: Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն 4 ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ, և ով կարող էր օգնել ինձ: Օվիրում ինձ ասացին, որ, ցավոք, չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց 5 ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ 4-րդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ: Առաջին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի և օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան մեկ ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում: Ինձնից 5 ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և գեթ մեկ անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ: Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար և անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին: Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչո՞ւ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս Ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց 5 ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար: Այն քիչ բանը, որ գիտեմ՝ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա, սակայն, մերժել է: Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ, և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին: Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա: Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, ովքեր պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին, օրինակ, մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում: Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել: Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն դժվար մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք: Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը: Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝բոլոր ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը տարբեր են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք առաջին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է»:
15:32 - 25 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ բարձր է գնահատում և կարևորում է ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում: Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ փոխվարչապետի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է Կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները: Ջորջինա Բեյքերը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակին՝ հասկանալու համար Կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին: Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին: 
14:04 - 25 փետրվարի, 2020
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի արդյունքները և առանձին հարցերի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն ու առաջարկությունները: Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները զեկուցել են ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրին, կլիմային և տրանսպորտին վերաբերող դրույթներին: Փոխվարչապետը, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հանձնաժողովին նիստերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին համագործակցելով առաջ շարժվել ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների իրականացման գործընթացում՝ դրանց համընդգրկուն բնույթ հաղորդելու և պատշաճ ժամանակին կիրարկելու նպատակով: 
09:58 - 25 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրեր: Դրանցից առաջինը ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով: «Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: Իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: Ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը: Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10.1 մլն եվրո. «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին»,- ասաց Գրիգորյանը: Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18.7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը: Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավելի է քան 2018 թվականին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո: Փոխվարչապետն ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:
12:21 - 20 փետրվարի, 2020