ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո:  Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ Վարդան Տողանյանը,  ԳԴՀ-ում ՀՀ Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան  Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, իսկ դասընթացը եզրափակեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Դասախոսությունների ընթացքում դիվանագետներն ունկնդիրներին ներկայացրեցին հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ առաջնահերթությունները և առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, պատասխանեցին ունկնդիրների բազմաթիվ հարցերի:
14:06 - 31 հուլիսի, 2020
Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան

Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Եվիգնե Վարդանյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Երբ Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, բնակիչները բավականաչափ իրազեկվեցի՞ն, թե ինչու են խոշորացվում համայնքները, և այդ գործընթացն ինչ հետևանքներ է ունենալու իրենց համար։ - Մի հետազոտություն կարողացանք անցկացնել 2014 թվականին։ Խոշորացումը դեռ չէր մեկնարկել, և դա բավականին հարմար ժամանակահատված էր հետազոտություն անցկացնելու համար։ Հանդիպումներ ունեցանք խոշորացման ենթակա համայնքների ներկայացուցիչների և բնակիչների հետ։ Ձեր բարձրաձայնած հարցի պատասխանն այն էր, որ բնակչությունը և նույնիսկ համայնքների ղեկավարները լիարժեք ու բավականաչափ իրազեկված չէին համայնքների խոշորացման մասին։ Ավելին, նրանք ունեին շատ կարծրատիպային ընկալումներ, բացարձակապես չէին ցանկանում, որ խոշորացման գործընթացը մեկնարկեր, և կարծում էին, որ իրենց համայնքը տուժելու է դրանից։ Առկա էր իրազեկման պակաս։ Անհրաժեշտ էր օբյետիվ իրազեկում ինչպես համայնքների խոշորացման գործընթացի, փնջերի ձևավորման, այնպես էլ հնարավոր արդյունքների մասին։ Դրա պակասը կար դեռ այն ժամանակ, ու ինձ թվում է՝ այդ խնդիրն առկա է նաև այսօր։ Նոր կառավարությունը պարբերաբար բարձրաձայնում է խոշորացման գործընթացի մասին, և նույն խնդիրը կարծես նկատվում է նաև այսօր․ մենք իրազեկմանը բավականաչափ կարևորություն չենք հատկացնում, այնինչ դա անհրաժեշտ է խոշորացման գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու համար։  -Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ լավ իրազեկված չեն։ - Համալիր տեղեկություններ չեն տրամադրում բնակչությանը, կամ դա արվում է հատվածային։ Երբ խոսակցությունների ալիք է բարձրանում, որ կարող է լինել խոշորացում, մի փոքր քննարկում է գնում, շահագրգիռ տարբեր կողմեր, փորձագետներ ներգրավվում են քննարկման մեջ, բայց երբ այդ ալիքը մարում է, որովհետև, օրինակ, կառավարությունը դեռևս չի նախաձեռնում որևէ քայլ, դրան զուգահեռ մարդիկ զրկվում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորությունից ու մնում են իրենց ունեցած պատկերացումների շրջանակներում։ Իսկ փոխել այդ պատկերացումները, ձերբազատվել կարծրատիպերից կամ սուբյեկտիվ մոտեցումներից բավականին դժվար է, եթե գործընթացն իրականացվում է հատվածային, մասնակի։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ոչ միայն պարբերաբար անդրադառնալ այս խնդրին, այլև հաճախակի հանդիպել բնակչությանը, լսել նրանց հարցերը, որոնք շատ են, եթե մենք իսկապես որոշել ենք հասնել խոշորացման տրամաբանական ավարտին։ Կարևորում եմ նաև փորձագիտական հանրույթի ներգրավումը գործընթացում։ Փորձագետները կարող են ներկայացնել օգյեկտիվ և վերլուծությունների վրա հիմնված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մեկ այլ կողմի կարծիք լսելու համար: Ես գտնում եմ, որ խոշորացումն այս պահի դրությամբ ունի դրական արդյունքներ, բայց այդ մասին շատ քիչ է խոսվում, քիչ է ներկայացվում։  - Ըստ Ձեզ՝ որո՞նք են խոշորացման գործընթացի դրական արդյունքները։ - Հաճախ եմ լինում համայնքներում, շփվում եմ շահագրգիռ կողմերի՝ խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային ծառայողների, համայնքների ղեկավարների, բնակչության հետ։ Ձեռքբերումներ իսպակես առկա են, և ես դրանք կարող եմ մեկնաբանել մի քանի ուղղություններով։ Կա ֆինանսական խնդիների որոշակի կարգավորում․ եթե առաջ ֆինանսական ռեսուրսները, որոնք համայնքներին տրամադրվում էր պետությունը դոտացիաների տեսքով, հիմնականում մասնատված էին հասնում շատ փոքր միավորների և փոշիացվում էին, այս պահի դրությամբ հնարավոր է դրանք մեկտեղել մի տեղական ինքնակառավարման միավորման մեջ և ինչ-որ չափով արձագանքել որոշակի խնդիրների, որոնք կապված են համայնքի զարգացման հետ։  Երկրորդն այն է, որ  խոշորացված համայնքները դոտացիոն միջոցների առումով բավականին լուրջ աջակցություն են ստանում պետությունից, որովհետև նրանց բնակչության թիվը զգալիորեն աճել է խոշորացման արդյունքում։ Էլի ֆինանսական մեծ ռեսուրսների հոսք է ստացվում դեպի համայնք։  Բացի դրանից՝ սուբվենցիոն ծրագրերին համայնքները կարողանում են ավելի ակտիվորեն մասնակցել, որովհետև այդ առումով ունենում են արդեն որոշակի բյուջե, որը կարող են հատկացնել այդ ծրագրերին, և, ինչու ոչ, մարդկային ռեսուրսներ, որոնք համայնքապետարանում հիմա ավելի ակտիվորեն են ներգրավված և կարողանում են աջակցել սուբվենցիոն ծրագրերի մշակմանը, իրականացմանը։ Երբ խոշորացումը մեկնարկեց՝ հենց 2015 թվականին, անցումային փուլի ընթացքն ավելի մեղմ հաղթահարելու համար խոշորացված համայնքներին տրամադրվեցին ոչ միայն նյութական, այլև տեխնիկական, գյուղատնտեսական միջոցներ։ Նաև այդ առումով համալրվեցին համայնքների ռեսուրսները, և այս պահի դրությամբ շատերն օգտագործում են գյուղատնտեսական կոմունալ տեխնիկան՝ իրենց համայնքների կարիքները հոգալու նպատակով։  Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ մենք ինչ-որ չափով նկատում ենք համայնքների ենթակառուցվածքների զարգացում։ Շատ բնակավայրերում, որտեղ երբևէ լուսավորություն չի եղել, խոշորացումից հետո արդեն կա, ճանապարհների վերանորոգում որոշակի չափով իրականացվում է, որովհետև ռեսուրսները մեկտեղված են, ու արդեն հնարավոր է հասկանալ, թե ուր կարելի է դա ուղղել, որ կարողանանք որևէ բնակավայրի այս կամ այն խնդիրը լուծել։ Բացի դրանից՝ հիմա ավելի ակտիվորեն է իրականացվում նախակրթարանների հարցի կարգավորումը։ Առաջ փոքրիկ համայնքներն իրենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով դժվարանում էին որևէ հարց լուծել մանկապարտեզի, նախակրթարանի առումով։  Իհարկե, խնդիրներ էլ շարունակում են լինել։ - Խնդիրներից մեկն այն է, որ խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, բայց բնակավայրերից ոչ բոլորն են ներկայացված ավագանում։ Ի՞նչ անել, որ բոլոր բնակավայրերը տեղական ինքնակառավարմանը հավասարաչափ մասնակցություն ունենան։  - Այդ իրավական կարգավորման բացակայությունն այս պահին իսկապես խնդիր է, որովհետև մենք ուղղակի պետք է հուսանք, որ տեղերում որոշումները կայացվում են այնպես, որ բոլոր բնակավայրերն էլ կարողանան օգտվել խոշորացման արդյունքներից ու հնարավորություններից։ Իսկ որպեսզի դա պարզապես  չթողնենք համայնքների ավագանու անդամների հայեցողությանը, մեզ իսկապես պետք են իրավական կարգավորումներ այդ հարցում, որ քվոտաներ սահմանվեն ավագանու անդամների թվի համար, որոնք կներկայացնեն խոշորացված համայնքում ներառված բնակավայրերը։ Որովհետև եթե բնակավայրը խոշոր  է, պետք է համապատասխան քվոտա ունենա, որ ավագանու այսքան  ներկայացուցիչ կարող է ունենալ, եթե բնակավայրը փոքր է՝ առնվազն այսքան պետք է ունենա։ Հակառակ դեպքում մենք այդ անհամամասնության արդյունքում չենք կարողանա պահպանել ավագանու հակակշիռ լինելը համայնքի ղեկավարին։ Ավելին, մենք այստեղ խնդիր ունենք ապահովելու բնակավայրերի բնակչների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի հնարավոր ռեսուրսներից օգտվեն նաև  բոլոր բնակավայրերը, եթե ոչ հավասարաչափ, ապա ըստ իրենց կարիքների։  - Նախկին Տարածքային կառավարման նախարարությունը խոսում էր համայնքների խոշորացման երկու սցենարի մասին՝ փնջային և շրջանային։ Ի վերջո, համայնքների մի մասի խոշորացման դեպքում կիրառվեց փնջային սցենարը, մի մասի դեպքում՝ շրջանայինը։ Այս մոտեցումը ճի՞շտ է, թե՞ բոլոր համայնքներում միասնական մոտեցում է պետք։  - Ես կասեմ՝ մեզ անհատական մոտեցում է պետք, որովհետև միանշանակ ասել՝ այս մոդելով ենք առաջ գնում կամ այն՝ դժվար է։ Միևնույն ժամանակ, պետք է սահմանված լինեն որոշակի չափանիշներ, որոնց միջոցով համայնքների խոշորացման հետագա գործընթացը և փնջերի ձևավորումը պիտի կազմավորվի։ Ինչո՞ւ եմ ասում անհատականացված մոտեցում, որովհետև շատ կարևոր է, որ մենք հաշվի առնենք համայնքների բնակիչների կարծիքը, նրանց տարբերակները, այն, թե ինչպես են նրանք պատկերացնում խոշորացման գործընթացը։ Երրորդ փուլում, երբ խոշորացումը տեղի ունեցավ, մենք այդ հարցում ոչ մի չափանիշ չունեինք և չպահպանեցինք։ Եթե առաջին երկու փուլերում՝ 2015 թ․ և 2016 թ․, որոշակի չափանիշներ կային, և ինչպես Դուք նշեցիք, մի դեպքում դա շրջանային տարբերակն էր, մյուս դեպքում՝ փնջերի ձևավորման տարբերակը, երրորդ փուլում որևէ չափանիշ, համենայն դեպս, փորձագետները դժվարանում են առանձնացնել։  Ես կարևորում եմ երկու չափանիշ․ մեկը ծառայությունների հասանելիության հնարավորությունն է։ Պետք է այնպես կազմակերպենք, որ խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի բնակիչները կարողանան օգտվել այդ ծառայություններից։ Իհարկե, հնարավոր չի լինի ամեն ծառայություն բերել, հասցնել մինչև բնակավայր (ընդ որում՝ մենք սրանից փորձեցինք հրաժարվել, որ կարողանանք մարդկային ռեսուրսներ խնայել և ունենալ մի տեղից կառավարման ընդհանուր մոտեցում), բայց գոնե պետք է հաշվի առնենք՝ որքանով է հնարավոր  ապահովել ծառայությունների հասանելիությունը։  Նաև շատ կարևոր է սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները հաշվի առնելը։ Ռազմավարության մեջ, որի համաձայն՝ պետք է իրականացվեր խոշորացումը, ի սկզբանե այս մասին նշված է։ Բայց մենք երևի թե կիրառման ընթացքում մոռանում ենք սրա մասին, այն հնարավորության մասին, որ հետագայում բնակավայրերի բնակչությունը միմյանց վստահի, ՏԻՄ-ին վստահի։  Եթե ի սկզանե այդպիսի հարաբերություններ, մշակութային ընդհանրություններ եղել են, ապա շատ դեպքերում ավելի նպատակահարմար է լինում համայնքների փունջը ձևավորել հենց այդպիսի առանձնահատկություններ կամ բնութագրիչներ ունեցող համայնքներից, այլ ոչ թե այն համայնքներից, որոնք, օրինակ, տարիներ շարունակ միմյանց հետ կապ չեն պահպանել։ Այդ դեպքում բնակչության մոտ էլ է հարց առաջանալու, թե ինչու, ի վերջո, այս համայնքի հետ, այլ ոչ թե մեկ ուրիշ։  Աննա Սահակյան  
20:09 - 26 հունիսի, 2020
ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն

ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն

Երևանի պետական համալսարանը և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտարարել են Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման մասին: «Յուրաքանչյուր տարի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մրցութային կարգով ընտրում է աշխարհի տարբեր երկրներում ամբիոնների հիմնադրման վերաբերյալ որոշակի թվով նախագծեր, որոնք գործում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, նրա հռչակած առաջնահերթություններին համահունչ: ԵՊՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումն այն շարունակական աշխատանքի գնահատականն է, որն իրականացվել է վերջին տարիներին ԵՊՀ ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնում՝ կազմակերպված գիտաժողովները, սեմինարները, քննարկումները, բաց դասախոսությունները, տեղեկատվության հանրայնացնելու աշխատանքը, ինչպես նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ կրթությունն առաջնային նշանակետերից է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ‹‹UNITWIN››  ծրագիրը խթանում է համալսարանների միջև միջազգային համագործակցությունը ու ցանցային կապի ստեղծումը: Այն օգնում է ամբողջ աշխարհում հզորացնել բարձրագույն ուսումնական հաստատությունները, լրացնել գիտելիքների բացը և համագործակցել 2030-ի Կայուն զարգացման օրակարգի շուրջ: Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բացումն ազդարարվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռավար դասախոսություն-հանդիպմամբ, որին մասնակցում էին  Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները:   ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն կարդաց «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով: Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավարն է, արդեն երկար տարիներ մասնագիտանում է ցեղասպանագիտության ոլորտում:  2017 թվականից նա ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը, ինչպես նաև 2018 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժինը: 2007-2018 թթ. եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:  Սուրեն Մանուկյանը ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ ներգրավված գրեթե բոլոր մասնագետների միավորող միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է 2017 թվականից: Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանում ամբիոնի հիմնական նպատակն է ցեղասպանագիտական կրթության խթանումը Հայաստանում՝ ինչպես համալսարանական, այնպես էլ ոչ ֆորմալ մակարդակներում: ‹‹Տեղեկատվական արշավների, հրապարակումների, սեմինարների և աշխատաժողովների միջոցով ամբիոնը նպատակ ունի հասնելու ցեղասպանություն երևույթի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ամբողջ աշխարհում, ինչը կնպաստի ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված միջազգային քաղաքականությանը››,- ասաց պարոն Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանը վերջին տարիներին իր վրա է վերցրել գլոբալ մակարդակում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման առաջամարտիկի դերը: ‹‹Սրա վկայություններն են, օրինակ, երկու տարին մեկ պարբերականությամբ Երևանում անցկացվող Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ուղղված գլոբալ ֆորումները կամ 2020 թ. հունիսի 22-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված այդբովանդակ բանաձևը,- փաստեց Սուրեն Մանուկյանը,- և մեր նորաստեղծ ամբիոնը գործադրելու է բոլոր ջանքերը գիտական և կրթական ոլորտում ցեղասպանությունների միջազգային ճանաչման և կանխարգելման հարցին նպաստելու համար››: ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նպատակներն են խթանել ցեղասպանագիտական կրթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում, բարձրացնել  ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը տարբեր միջոցառումների, տեղեկատվության արշավների, հրապարակումների, սեմինարների միջոցով հասարակության շրջանում, ինչպես նաև համագործակցել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ամբիոնների և այլ կազմակերպությունների հետ՝  ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում: Հարկ է նաև հիշեցնել, որ  Երևանի պետական համալսարանում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվում է 2 տեղ: Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով,  իսկ երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:43 - 25 հունիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը  դասախոսություն է կարդացել ԵՊՀ և Ամերիկյան համալսարանի ուսանողների ու շրջանավարտների համար

Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ և Ամերիկյան համալսարանի ուսանողների ու շրջանավարտների համար

Հունիսի 20-ին ԱԳ նախարար, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝  «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով: Դասախոսությամբ ազդարարվեց Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումը: Նախարար Մնացականյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափով պարբերական շփումների անցկացման կարևորությունը: Նախարարը հանգամանալից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից երկու տասնամյակից ավել ձեռնարկվող հետևողական քայլերը: «Հայաստանի դերակատարությունն առավել ընդգծված է այն առումով, որ մենք տարիներ շարունակ որպես միջազգային հանրության անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ստանձնել ենք հանձնառություն՝ հետևողականորեն առաջ տանելու կանխարգելման նպատակին ուղղված միջազգային համագործակցությունը»։ Կարևորելով վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների, համապատասխան կարողությունների ամրապնդումը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակում։ Հենց այս համատեքստում էլ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ազգային գիտական ներուժի լիարժեք կիրառման և այն ազգային նպատակներին ծառայեցնելու առաջնային նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար:  Նախարարը համոզմունք հայտնեց, որ մեր գիտնականները  կկարողանան ապագայում ծանրակշիռ տեղ զբաղեցնել միջազգային վերլուծական համակարգում՝ ներգրավվելով նաև կանխարգելման ուղղությամբ պրակտիկ աշխատանքում: «Մեր աշխատանքը դիվանագիտական և քաղաքական ասպարեզում թերի կմնա, եթե մեր ազգային գիտական ռեսուրսը չհամալրի և չուղղորդի մեր դիվանագիտական և քաղաքական նպատակների ու գործառույթների էությունը»:  Դասախոսության ընթացում նախարար Մնացականյանը պատասխանեց մասնակիցների՝ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին առնչվող հարցերին:
19:50 - 20 հունիսի, 2020
Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը․ ամփոփվել են քվեարկության երկրորդ փուլի արդյունքները |ysu.am|

Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը․ ամփոփվել են քվեարկության երկրորդ փուլի արդյունքները |ysu.am|

ysu.am: v class="description">ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: Երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը: Այսօրվա իրադարձության լուսանկարների և տեսանյութի բացակայությունը պայմանավորված է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով:
14:10 - 16 հունիսի, 2020
ԵՊՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրություն․ կլինի 2-րդ փուլ

ԵՊՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրություն․ կլինի 2-րդ փուլ

Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին։ Ինչպես նշված է բուհի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ, քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ: Այսօր գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ 20 առաջադրվածներից ընտրվել է 7 թեկնածու՝ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության եւ ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը։ Քանի որ թեկնածուները պետք է լինեին 8-ը, իսկ  առաջադրվածներից 3-ը հավասարաչափ ձայներ են հավաքել, այդ պատճառով վաղը՝ ժամը 10:00-ին, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Հավասարաչափ ձայներ են հավաքել ԵՊՀ պրակտիկայի ղեկավար (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն) Արա Աթայանը, իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը եւ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը։ Արդեն հայտնի են նաեւ ուսանողների թեկնածուների անունները։ Երեկ համալսարանի բակում տեղի ունեցած ընտրության ժամանակ առաջադրված 17 թեկնածուներից ձայների համամասնությամբ ընտրվել է 8-ը։ Թեկնածուներն են՝ իրավագիտության ֆակուլտետից Դավիթ Ափոյանը, որը նաեւ բուհի ուսանողական խորհրդի նախագահն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Խաչիկ Աբաջյանը, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետից Ամալյա Սողոմոնյանը, աստվածաբանության ֆակուլտետից Արմինե Ավթանդիլյանը, կենսաբանության ֆակուլտետից Հասմիկ Վարդումյանը, հայ բանասիրության ֆակուլտետից Արշակ Պողոսյանը եւ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետից Ապրիլյան պատերազմի մասնակից ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանը։
20:58 - 15 հունիսի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակն իր հանգուցալուծմանն է մոտենում։ Մոտ ապագայում բուհն արդեն ռեկտոր կարող է ունենալ։ Արդեն տեւական ժամանակ՝ 2019-ի մայիսի 30-ից, Մայր բուհը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, թափուր պաշտոնի մրցույթն էլ արտակարգ դրության պատճառով հետաձգվում է։ Խնդիրը հետագայում ավելի բարդացավ, երբ սույն թվականի մարտի 30-ին ավարտվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը։ Այն բուհի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինն է, որն ընտրում է ռեկտորին։ Ստացվում է՝ այդ պաշտոնի համար մրցույթը չի կարող իրականացվել, քանի դեռ նոր խորհուրդը չի ձեւավորվել։ ԿԳՄՍ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ արտակարգ դրություն է, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է երկար ձգվել՝ պատրաստվում են Պարետատան հետ համատեղ քննարկել ու գտնել լուծումներ, որ բուհի բնականոն գործունեությունը չխաթարվի։ Մեր հարցին այսօր ԿԳՄՍՆ-ից պատասխանեցին, որ արդեն գրություն է ուղարկվել բուհ, որպեսզի խորհուրդ ձեւավորելու համար ներկայացվեն ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուները։ Դրանք լինելուց հետո՝ լիազոր մարմնի՝ այս դեպքում ԿԳՄՍՆ-ի կողմից եւս կհամալրվեն թեկնածուները, եւ կազմը կուղարկվի ՀՀ կառավարություն։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
10:18 - 06 հունիսի, 2020
Ահազանգ. ԵՊՀ մասնաշենքերում աշխատանքը կազմակերպվում է պարետի՝ մայիսի 3-ի որոշման խախտմամբ

Ահազանգ. ԵՊՀ մասնաշենքերում աշխատանքը կազմակերպվում է պարետի՝ մայիսի 3-ի որոշման խախտմամբ

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեն դիմում է գրել՝ ուղղված ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Այդ մասին տեղեկանում ենք ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության ֆեյսբուքյան էջից: Ըստ դիմումի՝ վերջին 2 օրերին կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի՝ մայիսի 3-ի որոշման մի շարք պահանջների խախտմամբ: Ըստ դիմումի՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Ռեկտորի ԺՊ-ին ուղղված դիմումի տեքստը՝ ստորև.  «ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը տեղեկացված է, որ ԵՊՀ ֆակուլտետներում, կենտրոններում, ինստիտուտներում և վարչատնտեսական այլ ստորաբաժանումներում մի շարք բնույթի աշխատանքներ առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված՝ որոշ տարակարգի աշխատողներ կանչվում են աշխատավայր և անցնում են սենյակային աշխատանքի:  Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի 3 մայիսի, 2020 թվական N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ:  ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը, առաջնահերթ համարելով ԵՊՀ աշխատողների առողջության պահպանումը և ԵՊՀ աշխատասենյակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման աշխատանքների իրականացումը, հորդորում և առաջարկում է Ձեզ Երևանի պետական համալսարանի աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձեռնպահ մնալ կորոնավիրուսային ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց և աշխատասենյակային աշխատանքները կազմակերպելիս առաջնորդվել ՀՀ պարետի 3 մայիսի, 2020 թվական N 63 որոշման հավելված 4-ի պահանջներով՝ բացառապես պահպանելով հավելվածի բոլոր դրույթները: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն»։  
16:27 - 20 մայիսի, 2020
ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել
 |armtimes.com|

ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել |armtimes.com|

armtimes.com: Այս շրջանում ուսանողներին հուզող գլխավոր հարցերից են վարձերի վճարումները։ Արտակարգ դրության պայմաններում շատ ուսանողներ եւ նրանց ծնողներ հարկադիր պարապուրդի պատճառով դժվարանում են ուսման վարձը վճարել։ Մեզ հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ուսանողների միայն 30%-ն է վճարել վարձը։ Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին Մայր բուհը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուսանողները կարող են մասնակցել առցանց դասընթացներին եւ վճարումներ կատարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ: Տոկոսային առումով նույն պատկերն է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ուսման վարձերը վճարել են սովորողների մոտ 30%-ը։ Այս մասին հայտնեցին բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելենք, որ ՀՊՏՀ-ն եւս մինչ քննաշրջանը ուսանողներից չի պահանջելու վճարել վարձերը։ Տոկոսային առումով թեեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում վարձերը մուծած ուսանողների թիվը մեծ է, սակայն բուհի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանի խոսքով՝ իրենց մոտ պատկերը կարող է խաբուսիկ լինել։ Պատճառն այն է, որ ԵՊԲՀ-ում սովորողների մեծամասնությունն արտասահմանից է, իսկ նրանք վճարել են վարձերը։ Դանիելյանը հստակ թիվ թեեւ չնշեց, սակայն ընդգծեց, որ վճարումները մոտ 70%-ի կարող են հասնել։ Նրա խոսքով՝ չունեն առաձնացված տեղեկատվություն, թե հայաստանցի ուսանողների քանի՞ տոկոսն է վճարել․ կան մարդիկ, որ ամսական կտրվածքով են վճարում, ոմանք էլ դեռեւս ընդհանրապես վճարում չեն կատարել։
21:24 - 20 ապրիլի, 2020
ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց |ysu.am|

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց |ysu.am|

ysu.am: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ ըստ հաստատված կարգերի՝ հաշվի առնելով բոլոր կետերը և դրույթները: Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud): Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք  է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը: Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս: Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։ Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ի դեպ, ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ: Նշենք, որ գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները/պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից մշակվել են ինչպես ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի, այնպես էլ ուսանողների ուղեցույցներ: ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում ներդրված «Zoom» տեսակոնֆերանսը լիցենզավորված է և հնարավորություն է տալիս կազմակերպելու մեծ թվով մասնակիցների քննարկումներ: Այս ընթացքում մատնանշվել են հնարավոր բոլոր խնդիրները, և ԵՊՀ պրոռեկտորների հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Տեղեկացնենք, որ հաշվի առնելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առաջիկա առցանց պաշտպանությունների յուրահատկությունները՝ ապրիլի 17-ին կազմակերպվել է առցանց հանդիպում պրոռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են առկա խնդիրները: ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի և Ռաֆայել Բարխուդարյանի հավաստմամբ, նմանաբնույթ հանդիպումները կլինեն հաճախակի, իսկ առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ նաև ուսանողների հետ:
12:43 - 18 ապրիլի, 2020
Բուհերում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» համակարգը․ ԵՊՀ ղեկավարությունը քննարկում է առաջարկը
 |armtimes.com|

Բուհերում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» համակարգը․ ԵՊՀ ղեկավարությունը քննարկում է առաջարկը |armtimes.com|

armtimes.com: Քննությունդ ի՞նչ ստացար»-ի փոխարեն՝ «Հանձնեցի՞ր, թե՞ չհանձնեցիր»։ Երբ երկրում արտակարգ դրություն է, բուհերում հեռավար կրթության գնահատման նոր միջոցներ են անհրաժեշտ․ 20 բալանոց համակարգն այլեւս չի արդարացնի։ Այս կարծիքին է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որն այս պայմաններում իրավիճակի լուծման իր տարբերակն ունի։ Դեկանն առաջարկում է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» (pass, fail) եւ մագիստրատուրայում սովորողների համար՝ «պաշտպանել է, չի պաշտպանել» գնահատման համակարգը։ Նրա խոսքով՝ 20 բալանոցն այսօր իրատեսական չէ, չի արտահայտի օբյեկտիվ իրականությունը, կառաջանան խնդիրներ, հարցադրումներ, որոնց ոչ ոք չի կարողանա պատասխանել եւ դրանով իրավիճակն ավելի կխճճվի։ Եթե նույնիսկ այն կիրառվի, կկրի իմիջիայլոց, ձեւական բնույթ եւ կվարկաբեկի այս համակարգը։ Դումանյանը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ արտակարգ դրություն չէր, գործող համակարգի դեպքում խնդիրներ էին առաջանում, լինում էին բողոքարկումներ, էլ չասած՝ նման դեպքում։ Դեկանի այս գաղափարն առաջացել է, երբ արտակարգ դրություն է հաստատվել, բայց այն ժամանակ մտածել է, որ հնարավոր է՝ շուտով վերադառնանք նախկին կյանքին, սակայն այսօր արդեն վստահ է՝ գնահատման հարցը խիստ պահանջված է։ «Սա լավ կյանքից չէ, արտակարգ իրավիճակից, անորոշությունից բխող լուծում է»,- իր խոսքում նշեց Դումանյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե քննությունների ժամանակ որոշակի կարգեր սահմանվեն, երաշխիք չկա, թե այն էֆեկտիվ կլինի եւ համատարած կկիրառվի։ Նա նկատեց, որ «հանձնել է, չի հանձնել»-ի դեպքում՝ ակնհայտ ռիսկեր չկան․ «Այստեղ ռիսկերն ավելի քիչ են, քան 20 բալանոց համակարգով անցկացնելու դեպքում»։ Ինչպե՞ս այն կկարգավորվի անվճար ու վճարովի համակարգում սովորողների փոխատեղման համար․ հարցին եւս լուծում կա։ Դումանյանի կարծիքով՝ այս դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել առաջին կիսամյակի արդյունքում ստացված գնահատականը։ Առաջին կիսամյակի քննաշրջանն անցել է գործող համակարգի միջոցով, եւ որեւէ խնդիր չկա, բոլոր ուսանողներն ունեն իրենց ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), որը հաշվի առնելով էլ ուսանողներն անցնում են վարովի համակարգից անվճար կամ հակառակը։ Հետագայում արդեն իրավիճակը կթելադրի՝ ինչ անել։ Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ քննության առաջարկվող տարբերակը չի խանգարի նաեւ ավարտական կուրսերին։ 4-րդ կուրսեցիները ռոտացիայի հարց չունեն, քննաշարջանն էլ ավելի վաղ են ավարտել եւ արդեն որոշակի գնահատականներ ստացել։ Մագիստրատուրայում սովորողներն էլ նախապատրաստվում են մագիստրոսական թեզի պաշտպանությանը։ «Որեւիցե խնդիր չկա, երբ մենք ասենք՝ պաշտպանել եք, կամ չեք պաշտպանել Ձեր թեզը»,-նկատեց Դումանյանը։ Հանձնել, չհանձնելը՝ առաջատար համալսարաններում Ինչպես պատմեց դեկանը, համակարգը մանրակրկիտ ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ ամերիկյան շատ առաջատար բուհեր, իրավիճակից ելնելով, նույնպես անցել են այս մեխանիզմին։ Դրանց մեջ են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի եւ Ստենֆորդի համալսարանները եւ այլն։ Մինչդեռ այդ բուհերի կրթության մեջ հեռավարի բաղադրիչն ավելի էական մաս է կազմում, քան մեզ մոտ, ուստի մենք առավել եւս պետք է կիրառենք համակարգը։ Հարցը կքննարկի ԵՊՀ ղեկավարությունը Դումանյանն այս առաջարկը նաեւ ֆեյսբուքյան գրառման տեսքով է արել։ Օգտատերերը մեկնաբանել են, թե դա ստեղծված իրավիճակի ադեկվատ լուծում է։ Հարցը քննարկվել  եւ ընդունվել է նաեւ ֆակուլտետի գիտական խորհրդի հեռավար նիստի ժամանակ։ Առաջարկն այնուհետեւ ներկայացվել է ԵՊՀ ղեկավարությանը։ Այն ներառում է վերոնշյալ 2 կետերը՝ 2-րդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոց գնահատման համակարգի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել, պաշտպանել է, չի պաշտպանել գնահատման համակարգը։ Ռոտացիայի համար հիմք ընդունել առաջին կիսամյակի գնահատականը։ Դեկանն այս թեմայով խոսել է նաեւ Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ։ Թե երբ կլինի ԵՊՀ պատասխանը, դեռ հայտնի չէ, Դումանյանն ակնկալում է՝ մոտ օրերս։ Նրա խոսքով՝ սա նաեւ բուհի ինքնավարության դրսեւորման հետաքրքիր ձեւ կլինի, քանի որ համալսարանն իրավասու է խնդիրը կարգավորել, իսկ հետագայում որոշակի հարցեր կարելի է համաձայնեցնել արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։
18:31 - 14 ապրիլի, 2020
Եթե մենք որպես պետություն և ազգ լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կհասնենք հաջողության

Եթե մենք որպես պետություն և ազգ լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կհասնենք հաջողության

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլևս դասական չէ, քվանտային է, և այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ «Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբևեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբևեռ, և հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետևյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը, - նշել է նախագահը։- Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել և մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլև վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հզոր և ուժեղ։Եկեք ուսումնասիրենք Միջին Արևելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարևոր էր այդ օրերին և պաշտոնական արարողությունների ժամանակ, նաև Կնեսետում և երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով և՛ մեր ազգի, և՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձևավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական և բնական ռեսուրսներ, կարողանում է ձևավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արևելքում, այլև ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), և այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարևանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել և ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք և կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, և այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, և ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ և այլն։Այսօր և՛ Իսրայելը, և՛ Կատարը, և՛ ԱՄԷ-ն, և՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր և ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն և ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն՝ պետական և ազգային, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։ Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․ «Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաև հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ և հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլև ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով և ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։
12:55 - 23 մարտի, 2020
Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|

Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները բուհի զարգացման տարբեր ծրագրեր ունեն, բայց նպատակը մեկն է՝ Մայր բուհը դարձնել Հայաստանում լավագույնը, որը կմրցի աշխարհի տարբեր համալսարանների հետ:  Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Պավել Գեւորգյանը, որը եղել է նաեւ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը: Իրենց ծրագրերի մասին խոսեցին թեկնածուներից չորսը։ Պավել Գեւորգյանի հետ կապ հաստատելչհաջողվեց: «Կարեւոր է այն միջավայրի ստեղծումը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով». Ռուբեն Մելքոնյան Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ այսօր բուհում առկա են տարբեր խնդիրներ, սակայն իր առաջարկելիք զարգացման ծրագրում առանձնացրած կետերն առաջին հերթին վերաբերում են կրթական ծրագրերին՝ աշխատաշուկա-բուհ հարաբերություններին, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմների ներդրմանը, արդի կրթական գործընթացներին համահունչ լինելուն, ենթակառուցվածքներից մինչեւ դասավանդման մեթոդների թարմացման գործընթացներին: Ռուբեն Մելքոնյանը կարեւորեց ուսանողների դերի բարձրացումը, նրանց համար առավել հեշտ կրթական միջավայր ստեղծելը, ճկուն զեղչերի համակարգի ներդրումը: Լավ օրինակ համարեց այն ծրագիրը, երբ ուսանողը վարձը կարող է վճարել բուհում որոշակի աշխատանք կատարելով: Նա անհրաժեշտ համարեց բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ենթադրում է ազատ խոսք, մտքի առողջ բանավեճ, այն միջավայրը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով: Մելքոնյանի կարծիքով՝ մրցույթը կանցնի նորմալ, առողջ մրցակցությամբ: «Համալսարանի կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը». Վահե Հովհաննիսյան Նույն բուհի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը մրցույթին ներկայացվելիք իր ծրագիրն անվանում է 10 տեսլական, 40 խնդիր եւ 202 գործողությունների ծրագիր: Ինչպես մանրամասնեց, այն հիմնված է համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վրա: Հիմքում ընկած են 10 չափանիշներ, դրանց ապահովման 10 տեսլականներ, իրականացման 40 խնդիրներ ու դրանց լուծման 202 գործողություններ, որոնց կատարման արդյունքում, ըստ նրա, կարող ենք ունենալ դասական հետազոտական, առաջադեմ, պահանջարկ ունեցող կրթական ծրագրերով բուհ: Վահե Հովհաննիսյանը, խոսելով առկա խնդիրների մասին, նշեց, որ չի կարելի դրանք առանձնացնել, քանի որ գտնվում են օրգանական կապի մեջ, եւ լուծումը պետք է լինի համակարգային: Նա կարծիքով՝  կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը, իսկ ներկայիս կառուցվածքը մրցունակ չէ՝ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Ըստ այդմ՝ կրթական ծրագրերի, գործատու-շուկա կապի տեսանկյունից ամբողջ տրամաբանությունը պետք է փոխել: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մրցույթում կգնահատվի ծրագիրը, նաեւ ուշադրություն կդարձվի՝ արդյոք տվյալ սուբյեկտը կարո՞ղ է այն իրականացնել: «Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամեն ինչով». Վահրամ Դումանյան Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իրեն ԵՊՀ-ի հնաբնակներից է համարում ու նշում, որ այնտեղ տեւական ժամանակ մթնոլորտը, մեղմ ասած, լավագույնը չէ, լարում կա, ինչի արդյունքում բուհն է հյուծվում, պետք է այն առողջացնել: Մեզ հետ զրույցում նա խոսեց նախկին բացասական երեւույթների, սխալներին գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Դումանյանի կարծիքով՝ Համալսարանը պետք է լինի անկաշկանդ եւ շատ հարցերում իր տեսակետն արտահայտի, այլ կերպ ասած՝ այնտեղ երբեք չպետք է ճնշվի ազատ խոսքը: «Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամենի ինչով»,- նշեց նա՝ հավելելով, որ այն կտրուկ պետք է տարբերվի այլ բուհերից, լինի առաջատար: Այդ պատճառով պետք է նման խնդիր դնել եւ այնպես անել, որ միջազգային հանրության մեջ հաստատությունը նույնպես լինի ճանաչված: Դեկանը կարեւորեց նուրբ ռեֆորմների միջոցով մտածողություն փոխվելը: Նա նաեւ հարկ է համարում, որ ձեւավորվի նոր որակի կառավարման համակարգ, քանի որ այսօրվանը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, եւ այն չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Դումանյանի խոսքով՝ հին մոդելով՝ ադմինիստրատիվ, հրամայական ավելին հնարավոր չէ անել, ինչ այսօր առկա է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:19 - 10 մարտի, 2020