ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:   Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։
Այսօր 19:43
Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են. Միրզոյան

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են. Միրզոյան

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին: Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը. «Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել՝ արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել գլխավոր քարտուղարին և քարտուղարությանը միջուկային անվտանգության միջազգային չորրորդ համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորել Ավստրալիային և Ղազախստանին՝ միջոցառումը արդյունավետ համանախագահելու համար: Որպես չտարածման ջատագով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին: Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար: ԱԷՄԳ կենտրոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով: Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են: Հարգելի՛ գործընկերներ, Վկայակոչելով ԱԷՄԳ գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները: Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ: Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։ Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա: Շորհակալություն: Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։ Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029 թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար»:
Այսօր 17:16
ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ քննարկումներ են եղել ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ քննարկումներ են եղել ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել․«Տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ. թեմաների լայն շրջանակ, որոնք արծարծվել են ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ: Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի, Չեխիայի, Իռլանդիայի գործընկերների հետ»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է․ «Ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը, ամուր կամուրջների կառուցումը: Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու մարդու իրավունքների հարգման հիման վրա ստեղծված միջազգային կառույցներն այն հարթակներն են, որտեղ մենք մեկտեղում ենք ջանքերը՝ մեր քաղաքացիների համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելու նպատակով»:
18:39 - 18 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանը քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանը քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։  Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բարեփոխումների օրակարգին՝ օգտագործելով նաև միջազգային մեխանիզմների միջոցով ընձեռվող հնարավորությունները։  Վերջիններիս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԽ կոնվենցիաներին ՀՀ միանալու և կիրառման պրակտիկային, առաջիկա անելիքներին. ԵԽ հանձնակատարը ողջունել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։
11:41 - 18 մայիսի, 2024
Արարատ Միրոզոյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

Արարատ Միրոզոյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե’ երկկողմ, թե’ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտության շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության առավելագույն սերտացման ուղղությամբ, և այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք նույն սկզբունքները կիսող Նիդերլանդների հետ շարունակական ակտիվ փոխգործակցությունը։» Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մայիսի 10-11-ին Ալմաթիում կայացած բանակցություններից հետո գործընթացի շարունակման հարցում ՀՀ մոտեցումները։ Նախարար Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։
10:16 - 18 մայիսի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Անելենա Բերբոքը՝ Արարատ Միրզոյանին

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Անելենա Բերբոքը՝ Արարատ Միրզոյանին

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե՛ ժողովրդավարական բարեփոխումների, թե՛ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար։» Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի բնագավառում։ Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը՝ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։
21:37 - 17 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավածությունը։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը հետապնդում են մեկ հստակ նպատակ՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել կայուն, անվտանգ միջավայր։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ հետևողական դիրքորոշումը և շեշտել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։
19:51 - 17 մայիսի, 2024
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնելու և խորացնելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ և կաևորել երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը: Ֆրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ:
19:48 - 17 մայիսի, 2024
ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Ստրասբուրգում մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների տեքստում, որոնք ունեն պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար:
17:36 - 17 մայիսի, 2024
Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

Երևանում մայիսի 15-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան այցելությունները և զանազան միջազգային հարթակներում պարբերական հանդիպումները։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:   Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանը:   Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:   Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:   Հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը:
21:25 - 16 մայիսի, 2024