Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:25 - 16 մայիսի, 2024

Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

Երևանում մայիսի 15-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան այցելությունները և զանազան միջազգային հարթակներում պարբերական հանդիպումները։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:
 
Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանը:
 
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:
 
Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:
 
Հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել