ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բուրջանաձեի այցի վերաբերյալ |aliq.ge|

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բուրջանաձեի այցի վերաբերյալ |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ: Ըստ հայտարարության՝ Բուրջանաձեն Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը քննարկվել է ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակը և հեռանկարները: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, ռուսական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման, այդ թվում ուղիղ ավիաչվերթների արգելքի դադարեցման վերաբերյալ: ՌԴ արտաքին գերատեսչությունը կարևորել է, որ Թբիլիսին առավել պատասխանատվությամբ մոտենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման հարցին: «Վրաստանում ընթացող իրադարձությունները Մոսկվան ընդունում է որպես այդ երկրի ներքին գործեր: Ռուսաստանը այլ երկրի ներքին գործերին միջամտելուն սկզբունքորեն զերծ է մնում: Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:      
09:40 - 06 դեկտեմբերի, 2019
Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը․ ԱԳՆ

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը․ ԱԳՆ

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը: Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
06:52 - 05 դեկտեմբերի, 2019
Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Ավելի վաղ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
04:58 - 05 դեկտեմբերի, 2019
Թուրքիայի ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել մեր օրերի պատմությունը. ԱԳՆ ղեկավար |news.am|

Թուրքիայի ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել մեր օրերի պատմությունը. ԱԳՆ ղեկավար |news.am|

news.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շվեդական կայքի ինչ-որ փաստաթղթերի հրապարակման արձագանքը, որոնք վկայում են Անկարայի կողմից Հայաստանի դեմ գործողությունների ծրագրի մշակման մասին, պետք է բխի առաջին հերթին հենց Թուրքիայից։ Դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում նախարարն ասել է, որ չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել հրապարակումների իսկությունը։ «Կարիք չկա խոսելու, որ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում, մենք կշարունակենք հետեւել։ Բայց առաջին արձագանքը պետք է լինի Թուրքիայից»,- ընդգծել է նախարարը։ Մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առիթով եւ մեղադրանքները նրա հասցեին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դա տարօրինակ է թվում։ «Ամեն բան տեղի է ունեցել մեր աչքերի առջեւ։ Ոչ թե 100 տարի առաջ։ Մենք բոլորս ենք եղել վկաներ, այդ թվում եւ միջազգային հանրությունը։ Ամեն բան շատ թարմ է մեր հիշողության մեջ։ Ինչպես դա եղավ 10 տարի առաջ, եւ ինչպիսին եղավ դրան հաջորդող գործընթացը։ Սա այսօրվա պատմությունն է։ Եթե թուրքական պետության դեմքը ներկայացնող անձինք չեն բարդույթավորվում մեր օրերի պատմությունը խեղաթյուրելուց, պարտավորությունները եւ սեփական ստորագրությունը հարգելուց՝ ձախողման մեջ մեղադրելով ուրիշներին, ապա ակնհայտ է, թե ինչու են 100-ամյա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվում, արվում վերանայելու առաջարկություններ, առաջարկում են ստեղծել պատմաբանների հանձնաժողով։ Սա, ոչ ավելի, ոչ պակաս՝ նշանակում է առաջարկել համաձայնել ժխտմանը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ հակասություններ չկան։ «Մենք ասել ենք, որ համաձայն ենք կարգավորել հարաբերություններն առանց պայմանների։ Բայց դրա համար 2 կողմ է հարկավոր։ Իսկ նրանց քաղաքականությունն աշխատում է այլ ուղղությամբ։ Թուրքիայի սպառնալիքը դրսեւորվում է նրա քաղաքականության, գործողությունների եւ հռետորաբանության մեջ։ Այն, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առջեւ՝ շարունակվող շրջափակումը, կարգավորման ցանկության բացակայությունը, Ադրբեջանին անվերապահ ռազմական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում, այս ամենն ընդհանուր առմամբ արտացոլում է «Հայաստանի անվտանգության սպառնալիք» արտահայտության իմաստը։ Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրություններին, ապա դրանցից հրաժարվել է Թուրքիան»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
12:48 - 02 դեկտեմբերի, 2019
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող․ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող․ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին:
08:48 - 30 նոյեմբերի, 2019
Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ |armtimes.com|

Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ |armtimes.com|

armtimes.com: Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել թուրքական ավիաընկերության հետ եւ հավաստիացել, որ այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ-ն Թուրքիայում մնացած ՀՀ քաղաքացիներին օգնելու համար: Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթները դադարեցնելու մասին: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: «Մեզ ասացին նաեւ, որ որոշ քաղաքացիներ համաձայնել են Երեւան վերադառնալ դեկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ երբ վերականգնվի Ստամբուլ-Երեւան չվերթը»,- ասաց Նաղդալյանը: Նաղդալյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությանը, հյուպատոսական ներկայացուցչությանը ՀՀ քաղաքացիներ չեն դիմել՝ որեւէ օժանդակության ակնկալիքով: Նաղդալյանը հորդորեց ԶԼՄ-ներին դիմել ԱԳՆ-ին, եթե նման խնդրով քաղաքացիներ դիմեն իրենց: Atlas Global ավիաընկերության կողմից բոլոր թռիչքները չեղարկելուց հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ստամբուլ-Երևան չվերթի մոտ 150 ուղևորներ, որոնք պետք է նոյեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը մեկնեին հայրենիք, մնացել են Թուրքիայում:
11:39 - 28 նոյեմբերի, 2019
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՀԱՊԿ անդամների կողմից ԼՂ հարցում համաձայնեցված մոտեցումների պահպանումը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՀԱՊԿ անդամների կողմից ԼՂ հարցում համաձայնեցված մոտեցումների պահպանումը

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որի ընթացքում ունեցած իր ելույթում կարևորել է միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը: «Անդրադառնալով կառույցի շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության հայկական կողմի տեսլականին՝ նախարար Մնացականյանը առանձնահատուկ ընդգծեց արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում դաշնակցային համագործակցության զարգացումը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը: ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժմամբ ստեղծված իրադրությանը՝ առանձին մտահոգություն հայտնելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է հումանիտար օգնություն ցուցաբերել բարեկամ սիրիական ժողովրդին՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման: Հարկ է նշել, որ նախարարների կողմից նիստի արդյունքում ընդունված «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի մասին» ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ նախարարները անդրադարձ կատարեցին Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
06:11 - 28 նոյեմբերի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին

ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: Ողջունելով Արլեմ Դեզիրին, ով Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնեց, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և կառուցողական համագործակցության մասին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը: Նախարար Մնացականյանը նաև վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին: Նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի շուրջ: ԱԳ նախարարն առանձնակի կարևորեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում խոսքի և մամուլի ազատության ապահովումը:
04:47 - 27 նոյեմբերի, 2019
ԱԳՆ խոսնակը՝ Իլհամ Ալիեւի Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի մասին

ԱԳՆ խոսնակը՝ Իլհամ Ալիեւի Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթին: Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաեւ բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետեւողական քաղաքականության առկայությունը եւ ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ: Այս առնչությամբ Աննա Նաղդալյանը նշել է. «Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, եւ Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսեւորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն եւ ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում եւ այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները եւ զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի եւ հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձեւավորումը եւ վնասում խաղաղ գործընթացին: Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը եւ այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման եւ ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին եւ այսօր: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը եւ հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը:
11:46 - 25 նոյեմբերի, 2019
Օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է․ ԱԳՆ վարչության պետ |civilnet.am|

Օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է․ ԱԳՆ վարչության պետ |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ վերազինված կնեսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի գրավոր հարցերին պատասխանել է ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը: Ըստ շրջանառվող տեղեկատվության, ռուս փորձագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ վերազինված կնեսաբանական աբորատորիաներ թույլատրելու համար Հայաստանի ու Ռուսաստանի միջև պետք է ստորագրվեր հուշագիր՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-11 Երևան կատարած այից ժամանակ։ Հուշագրի ստորագրման հետաձգման հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ եղան մամուլում։ Օրեր առաջ ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց խնդիրը․ «Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել: Կաշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կլինեն՝ կստորագրենք»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հերթին հայտարարել է, թե ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ռուս մասնագետները մուտք ունենան այդ լաբորատորիաներ։ - Պարոն Եդիգարյան, Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Երևանի ու Մոսկվայի միջև կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Արդյոք ճի՞շտ է այս լուրը, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված ստորագրման հետաձգումը: - Հայաստանի և Ռուսաստանի միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի: Նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում: - Ո՞ր փուլում է կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի պատրաստման գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք տեքստը, այն համաձայնեցվա՞ծ է կողմերի միջև ամբողջությամբ: Կա՞ն արդյոք Հայաստանի համար վիճահարույց կետեր: - Հուշագրի նախագծի տեքստի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2017-ից: Այդ ընթացքում կողմերը միմյանց էին ներկայացնում նախագծի դրույթների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հուշագրի նախագիծն ամբողջությամբ համաձայնեցվեց հոկտեմբերին կայացած հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում, որին ՀՀ միջգերատեսչական թիմը ղեկավարում էի ես: Եվ, ինչպես նշեցի, ներկայում նախագիծը երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում է: - ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներով վերազինված կենսաբանական լաբորատորիաները արդեն մի քանի տարի է՝ գործում են Հայաստանում, և ոչ միայն: Ինչո՞ւ միայն վերջին շրջանում այն դարձավ բուռն քննարկումների առարկա, և արդյոք Երևանի համար ընդունելի՞ են Մոսկվայի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ մտահոգությունները: - Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է: Հայաստանի և Ռուսաստանի միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում մենք քննարկել ենք կենսաբանական լաբորատորիաների խնդիրը և հավաստիացրել ռուսական կողմին, որ իրականացվող հետազոտությունները զուտ գիտական բնույթի են և հետապնդում են առողջապահական և անասնաբուժական ոլորտներում ՀՀ բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակներ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվեց ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ՝ ռուսական կողմի մտահոգությունները փարատելու նպատակով: Շարունակությունը՝ civilnet.am-ում  
11:27 - 22 նոյեմբերի, 2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք: Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ:
06:52 - 18 նոյեմբերի, 2019