ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ․ ԱԳՆ |azatutyun.am|

Կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ․ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ, այս մասին հայտնեց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Հարց էր ուղղվել Նաղդալյանին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել, արդյոք ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը: «Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ», - պատասխանեց Նաղդալյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ կայացած բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը, ով թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր ժամանել Հայաստան, հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովորդի համաձայնության որնէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում (Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը-խմբ.) մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են», - ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը:
04:48 - 13 նոյեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը: Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն: Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին։  
13:46 - 12 նոյեմբերի, 2019
Լավրովը և Մնացականյանը Երևանում մասնակցեցին Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսի բացմանը․ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի ելույթը

Լավրովը և Մնացականյանը Երևանում մասնակցեցին Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսի բացմանը․ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի ելույթը

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորովիչ, նախ և առաջ, բարի գալուստ Հայաստան: Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք, որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Պատվիրակության հարգելի անդամներ,Հարգելի գործընկերներ, Ձերդ գերազանցություններ,Իմ սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր։ Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբավածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտ»-ից։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը։ Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր և թոռ գնացել է ռազմաճակատ։ Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ։ Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, մեծացել եմ իմ պապի շնորհիվ, որը եղել է մարտիկ և կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում։ Հարգելի ընկերներ, հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։ Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից մարտնչում էր հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձավ ռազմաճակատից։ Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-Գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։ Հաղթանակի գործում մեծ ներդրոմ է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»: Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար: Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, էլ չեմ ասում՝ քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո: Իսկ մայիսի 9-ին, արդեն իսկ մի քանի տասնմամյա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, տարբեր տարիքների, հայացքների հազարավոր մարդիկ, հանրապետության ղեկավար կազմը, ազգային բանակի հրամանատարական կազմը, դիվանագիտական կորպուսի ողջ անձնակազմը ծաղիկներով և ծաղկեպսակներով գալիս են «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։ Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։ Մենք հատկապես հպարտանում ենք Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովի և այլ գեներալների և ռազմական առաջնորդների անուններով։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Սիրելի հայրենակիցներ, հավետ փա՛ռք կյանքը մեր հայրենիքի ազատությանը և անկախությանը տված հերոսներին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր քաջարի հայրերին և պապերին, ովքեր անձնուրացորեն կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել Մեծ Հաղթանակը։ Այսօր, ինչպես և Հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին։ Շնորհակալություն։
05:05 - 11 նոյեմբերի, 2019
Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ |aysor.am|

Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ |aysor.am|

aysor.am: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում», - ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ: «Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Նա նաև ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ», - ասել է նա: Ըստ Զախարովայի՝ հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը:
11:43 - 08 նոյեմբերի, 2019
Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային |armenpess.am|

Հայոց ցեղասպանության բանաձևը պատմական արդարությանն ուղղված քայլ է. ԱԳ փոխնախարարն՝ ԱՄՆ պաշտոնյային |armenpess.am|

armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունմանը` նշելով, որ այն հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
17:11 - 30 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին

Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։ Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետության հետագա կայունության ու բարգավաճման և ի բարօրություն Լիբանանի եղբայրական ժողովրդի։ Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում Բեյրութում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով և մեկն է այն դեսպանություններից, որի հյուպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատվածում շարունակել է ընդունելությունները և շուրջօրյա ծառայությունները ՀՀ քաղաքացիներին։ Ինչպես գիտեք, մեր դեսպանությունը հայտարարությամբ դիմել է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրեր այցելելուց։ Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրորեն է ներկայացված երկրի պետական կառուցներում և Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչվում է իբրև երկրի քաղաքական կյանքի բնականոն մասնակից և դերակատար։ Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ։  
14:16 - 30 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։ Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականցված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, ովքեր նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին և բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը։ Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ և նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը և կենսունակությունը: Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձևին օգտին իրենց վճռական և տպավորիչ քվեի համար, ինչը վկայում է ճշմարտության, արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին: Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը։ Այն հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի, ժխտման և արդարացման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների համատեքստում։ Այսօր մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար: Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հետևողականորեն և վճռականորեն կառուցելու ամուր հիմքեր և կարողություններ ցեղասպանությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման ուղղությամբ:
07:30 - 30 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման Շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթաժողովի աշխատանքներին։ Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ Գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։ Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման Շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որևէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։ Ադրբեջանում և Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն վարել են անհանդուրժողականության և ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի և անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար: Նրանք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը: Հայաստանը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանը կոչ է անում Չմիավորման Շարժման անդամ պետություններին ցուցադրել պատասխանատվություն և հարգանք բանակցությունների նկատմամբ և գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը և ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա:
14:30 - 28 հոկտեմբերի, 2019
Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|

Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|

panarmenian.net: Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից որևէ գրություն չի ստացել: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ստացել է ԱԳՆ-ն բողոքի նոտա՝ կապված ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի հետ: Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ կախված գրության բնույթից և հասցեատիրոջից՝ դրանք համապատասխանաբար փոխանցվում են հասցեատիրոջը կամ մնում ԱԳՆ-ում: Այս դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ գրություն չի ստացել: Հոկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ բողոքի նոտայում գրված է, թե ORSIS-ը առանց պատճառի հայտնվել է ՀՀ զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում: 2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:
13:49 - 24 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց նաև Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր գնահատեց Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը: Փոխադարձաբար արժևորվեց Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում և երկու բարեկամ երկրների միջև կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
06:19 - 24 հոկտեմբերի, 2019