ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության   հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները դատապարտելի են և վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։ Հայաստանի Հանրապետությունը մնում է Արցախի ժողովրդի միակ երաշխավորը՝ նրա անվտանգության, ազատության, մարդու անօտարելի իրավունքների՝ ներառյալ զարգացման և ինքնորոշման իրավունքի ապահովման գործում։ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։ Ավելին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման: Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում: Խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում: Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:   ՀՀ ԱԳՆ
06:05 - 07 օգոստոսի, 2019
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Օգոստոսի 1-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama): Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջական միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին: ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ: Ճապոնական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը: Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվեց նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:
16:48 - 02 օգոստոսի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին

Ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա: Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին և տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար: Մեր ժողովրդավարության ամրապնդումը մեր՝ որպես հասարակության էվոլուցիայի հարց էր այնպես, ինչպես նմանօրինակ հարց է նաև մեր պետության և ազգային անվտանգության օրակարգի ամրապնդումը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ: Ուստի, մենք մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին Թավշյա հեղափոխության նպատակները և խաթարվի ժողովրդի անվտանգությունը: Մենք այս կամ այն ուղղության չենք հարում: Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է: Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարևորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, և որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում: Կա՞ն օրինակներ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և Ռուսաստանը հարթել տարաձայնությունները, նվազեցնել լարվածությունը և առաջ տանել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ: Եվ ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը՝ այս ամենին օժանդակելու գործում: Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ: Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություննե, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ: Հայաստանը իրապես ի ցույց է տվել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին: Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են: Ինչպե՞ս կարող է Հայաստանը լիարժեք օգտվել ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) և որո՞նք են դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետները: Այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ: ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է: Եվրոպան հետևողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը: 2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից ի վեր, մենք ԵՄ հետ շատ ինտենսիվ, ծավալուն քաղաքական և տնտեսական ներգրավվածության մեջ ենք: Որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը: Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, և ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը:   ԱԳՆ
12:03 - 31 հուլիսի, 2019
ՀՀ դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Հուլիսի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին եւ առեւտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարեւորեցին ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը եւ ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։ Սամվել Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ եւ խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարեւորվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից եւ դրա լիարժեք իրականացումը։ ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունը հայտնեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափի շրջանակներում։
11:24 - 31 հուլիսի, 2019
Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ

Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։ «Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։ ՀՀ դեսպանության թեժ գիծ.+201207050580»,- ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։Նշենք, որ A&R Tour օպերատորի փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով։ Հուլիսի 26-ին նրանք ուղևորները Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:
10:11 - 27 հուլիսի, 2019
Տուրիստական ընկերությունից խաբված և Հուրգադայում մնացած հայերի վերադարձը հնարավոր է՝ կազմակերպվի այսօր. ՀՀ ԱԳՆ

Տուրիստական ընկերությունից խաբված և Հուրգադայում մնացած հայերի վերադարձը հնարավոր է՝ կազմակերպվի այսօր. ՀՀ ԱԳՆ

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը Հայաստան։ «Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր», - փոխանցեց Նաղդալյանը։ Տեղեկացնենք, որ A&R tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացի երեկ չէր կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքը չի կայացել։ Պարզվել է, որ տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիաընկերության նկատմամբ։ Սակայն տուրիստական ընկերությունների մի քանի ղեկավարներ խնդրի վերաբերյալ հրատապ ասուլիս էին կազմակերպել ու հայտարարել, որ տարբեր հաշվարկներով՝ A&R-ի թռիչքներով Հուրգադա մեկնած և այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մոտ 400-500 է:
07:33 - 26 հուլիսի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խոսել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խոսել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն գոհունակությամբ ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորեցին նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը: Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում: Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը: Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:
16:34 - 25 հուլիսի, 2019
ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը |armenpress.am|

ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են Կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ հստակ բոլոր տարրերն ամրագրված են, և մեր բոլոր հայտարարությունները հիմնված են այդ տարրերում ընդգրկված շրջանակի մեջ: Այն է` հիմնախնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի: Մենք ներկայացրել ենք, որ մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, և նաև որպես հակամարտության հիմնական կողմ, Արցախը պետք է ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա տևական և իրական խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծեց Նաղդալյանը: Մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանի կողմից հայատյացության ու առաջնագծում իրավիճակը լարված պահելու պարագայում հնարավոր չէ զուգահեռ արդյունավետ բանակցություններ վարել:
18:07 - 23 հուլիսի, 2019
Դեսպան Փոլադյանն անդրադարձել է Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի՝ ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին

Դեսպան Փոլադյանն անդրադարձել է Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի՝ ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին (Mohammed Rikan Hadeed al-Halboosi): «Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձավ նաև Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը»,- ասված է հաղորդագրությունում:   ԱԳՆ
06:17 - 17 հուլիսի, 2019
Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է․ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի համաժողովում

Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է․ նախարար Մնացականյանի ելույթը Բաթումի համաժողովում

Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։ Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ըդնհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հանրային կառուցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում: «Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում: ԱԳ նախարար Մնացականայնն ընդգծեց, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»: Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ: Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծեց նաև քաղաքացիական հասարակության առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում։ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:
06:07 - 12 հուլիսի, 2019