ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով: Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։
16:17 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Հունվարի 23-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում։ «Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։ Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 22 հունվարի, 2023
Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել

Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Նախարարն ընդգծում է, որ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին, իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ և իրարամերժ հայտարարություններին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին և այլ թեմաների: - Ի՞նչ զարգացումներ կան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով: Կարծիքներ են հնչում, որ գործընթացը փակուղի է մտել: - Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել: - Այդ թվում Լաչինի միջանցքի բացման շու՞րջ: - Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի: Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա: - Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են: - Պետք է նկատեմ, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ: Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից: - Լաչինի միջանցքի հետ կապված ևս մեկ հակասություն կա. Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, թե միջանցքը բաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե միջանցքը փակ է: Սա կարող է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել: - Նաև դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն:  - Ի՞նչ կարող եք ասել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ: - Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է:   Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
16:18 - 20 հունվարի, 2023
ՀՀ և Կիպրոսի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններին կարևորվել է Հունաստանի հետ ձևավորված եռակողմ համագործակցությունը

ՀՀ և Կիպրոսի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններին կարևորվել է Հունաստանի հետ ձևավորված եռակողմ համագործակցությունը

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։ «Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։ Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նույն օրը կիպրական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
20:51 - 19 հունվարի, 2023
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: «Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին:  Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:  Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
17:51 - 19 հունվարի, 2023
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները պետք է արձագանքեն․ ԱԳՆ խոսնակը՝ Արցախ գնացող երեխաների հետ կապված դեպքի մասին

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները պետք է արձագանքեն․ ԱԳՆ խոսնակը՝ Արցախ գնացող երեխաների հետ կապված դեպքի մասին

Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը։ Հիշեցնենք, որ հունվարի լույս 18-ի գիշերին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Հենց այս երեխաներին տեղափոխող ավտոբուսն էլ կանգնեցրել են ադրբեջանցիները։ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշում է, որ, ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։ «Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում: Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին՝ նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 36 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
14:34 - 19 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:  ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակը:  Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը: Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայման հեռանկարներին: 
21:22 - 18 հունվարի, 2023
Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին ավստրիացի նախարարը իր թվիթերյան միկրոբլոգում: Նա անդրադարձել է Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության  տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացելու Լաչինի միջանցքը և ապահովելու տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը: Նշենք, որ ՀՀ ու Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 17-ին։ Միրզոյանը հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
17:49 - 18 հունվարի, 2023
Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին

Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին

Կարծում եմ՝ ավելորդ է նույնիսկ նշել, որ ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԵՄ-ն նոր երկարաժամկետ առաքելություն է ուղարկելու ՀՀ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ԱԳ նախարարը նաև հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր գործառույթ կատարեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ու հետագա էսկալացիայի կանխման գործում։ ԵՄ դիտորդների տեղակայմանն այսօր՝ հունվարի 18-ին, անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, Հայաստանը պայմանավորվում է ԵՄ-ի հետ․ «Չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»։
17:24 - 18 հունվարի, 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հայաստանում է․ նա հանդիպել է ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հայաստանում է․ նա հանդիպել է ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլոմինան ժամանելու է Երևան, սակայն օրակարգի մասին տեղեկություններ չէին հաղորդվել։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։
15:25 - 18 հունվարի, 2023
ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը նախօրեին հրավիրել էր Հայաստանը, ելույթով է հանդես եկել նաև ԵՄ ներկայացուցիչը։ Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Մշտական խորհրդում և շնորհակալություն հայտնում այս նիստում ելույթի և անձնական ներգրավվածության համար։ «ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին 2022 թվականի դեկտեմբերից և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին լիովին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության խափանումների հետևանքով առաջացած մարդասիրական բացասական ազդեցության հետ կապված։ Իրավիճակը կայուն չէ, լարվածություն է ստեղծում, որոնք հակասում են վստահության ամրապնդման ջանքերին։ ԵՄ-ն կրկնում է, որ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կոչ է անում վերադառնալ բանակցություններին: ԵՄ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը վստահության կառուցման ու մտահոգությունները երկխոսությամբ լուծելու, այդ թվում՝ ներկայում քննակվող Հայաստանում առաքելության միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ։ Որպես եզրափակում նշվում է ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանին ու նրա քաղաքացիներին։ Նաև ասվում է, որ այս հայտարարությանը միանում են ԵՄ թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից՝ Իսլանդիան ու Նորվեգիան (չեն միացել Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը)։ Ստացվում է, որ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։Առավել մանրամասն՝ factor.am-ում
14:11 - 18 հունվարի, 2023
«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ:  «ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին»,- նշված է ԱԳՆ տրամադրած տեղեկության մեջ։ Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ-ի
10:22 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագերի իրականացումը:   Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
19:36 - 17 հունվարի, 2023
Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․ «Պարո՛ն նախագահ,Հարգելի՛ դեսպաններ,Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում: Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենշային մոտեցումը՝ «Հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Պարո՛ն նախագահ, Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում, ներկայացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։ Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։ Ցավոք, 2020 թվականի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։ 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը: Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները և հանգեցնելով միջպետական ու ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։ Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների խիստ կարիք կա: Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։ Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։ Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է: Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին՝ միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։ Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։ Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։ Հարգելի՛ գործընկերներ, Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։ Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։ Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։ Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։ Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։ Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։ Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։ Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։ Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։ Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։ Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։ Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու, հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։ Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի: Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Հարգելի՛ գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել: Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:Շնորհակալություն»:
18:27 - 17 հունվարի, 2023