ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին  հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ

ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում է իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին: Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:  
17:36 - 18 ապրիլի, 2019
ՊԵԿ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի ելույթին

ՊԵԿ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի ելույթին

Բազմաթիվ պետություններում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը: Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես օրինական ճանապարհով վարելու ուղենիշը, Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է  համարում անդրադառնալ քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը և հարկային հանցագործությունների քննության ժամանակ օրինականության սկզբունքի պահպանմանը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կողմից մշակվել և հրապարկվել է ուղեցույց «Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տասը համաշախարհային սկզբունքները» վերտառությամբ (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf): Ուղեցույցով նախատեսվել են տասը հիմնարար և միջազգային սկզբունքներ, որոնց ապահովումն անհրաժեշտ է հարկային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ սկզբունքների շարքում տեղ են գտել հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, պատշաճ քննչական մարմիններ ունենալու և այլ սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այդ սկզբունքները և հարկային հանցագործությունների դեմ պայքարի չափանիշները հիմնականում համապատասխանեցրել է դրանց: Ուղեցույցում (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf, 73-77-րդ էջեր) ամրագրված են նաև տեղեկություններ տարբեր պետություններում հարկային հանցագործությունների քննություն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ երկրների մեծ մասում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից: Մասնավորապես` Ավստրիայում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է Հարկային օրենքի կատարումն ապահովող մարմնի (Հարկային ծառայության կազմում գտնվող) և հարկային քննչական ստորաբաժանման կողմից, Ավստրալիայում` Հարկային գործակալության, ֆեդերալ ոստիկանության և քրեական հետախուզության հանձնաժողովի, Կանադայում` Եկամուտների գործակալության, Էլ Սալվադորում` Ներքին եկամուտների վարչության, Գերմանիայում` Լանդերի եկամուտների համար պատասխանատու մարմինների, Հունաստանում` Հանրային եկամուտների անկախ մարմնի, Իսլանդիայում` հարկային հանցագործությունների քննության վարչության, Ճապոնիայում` Ազգային հարկային գործակալության, Մալազիայում` Ներքին եկամուտների խորհրդի, Նիդեռլանդներում` Հարկային և մաքսային վարչակազմի, Սինգապուրում` Ներքին եկամուտների գերատեսչության, Սլովակիայում` հարկային և մաքսային մարմինների և ֆինանսական վարչության, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Եկամուտների գործակալության, Մեծ Բրիտանիայում` հարկային և մաքսային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ներքին եկամուտների ծառայության կողմից, իսկ հարևան Վրաստանում իրականացնում է ֆինանսների նախարարության կազմում գործող քննչական վարչությունը: Այս ցանկը վկայում է այն մասին, որ հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային, ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է հատուկ մասնագիտացումով: Բացի այն, որ հարկային հանցագործությունները լրջագույն վտանգ են ներկայացնում տնտեսական կայունության համար, խաթարում են մրցակցությունը, նաև շատ հաճախ հանդիսանում են փողերի լվացմանը նախորդող հանցագործություն, հետևաբար դրանց արդյունավետ քննությունը կարևորագույն նշանակություն ունի: Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեում որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, զուտ վարչաիրավական հարաբերությունները չպետք է քննարկվեն քրեաիրավական դաշտում և չի հարուցվում որևէ քրեական գործ, որտեղ հաղթահարված չեն քրեական գործ հարուցելու շեմերը (օրինակ, երբ զուտ ձևականորեն է առկա 205-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը): Այսպիսով, վերացվել է նախկինում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան: Միաժամանակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բացառիկ դեպքերում ներկայացվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հարկ ենք համարում նշել նաև, որ քրեադատավարական կառուցակարգը չի կարող գործել կամ չգործել՝ պայմանավորված քննչական գործառույթի այս կամ այն մարմնի կողմից իրականացվելու հանգամանքով: Պատրաստակամ ենք նաև այն սակավաթիվ գործերով, որոնցով կիրառվել է կալանավորում, գաղտնիության ռեժիմի վերացման պահից, հրապարակել կալանքի կիրառման հիմքերը` արդյունավետ հասարակական հսկողություն սահմանելու նպատակով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:37 - 17 ապրիլի, 2019
ՊԵԿ տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում |lragir.am|

ՊԵԿ տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում |lragir.am|

lragir.am։ Վարջին շրջանում գործարարներից ահազանգեր են հնչում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի տեսուչները, համոզելով տնտեսվարողներին, տուգանք են արձանագրում այն դեպքում, երբ նույնիսկ խախտում չեն հայտնաբերել: Այս մասին  ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը, հավելելով, որ ինքը ստացել է բողոքներ: Նրա խոսքով՝ ՊԵԿ տեսուչները գործարարներին ասում են, թե այդ ստուգումից հետո դարձյալ նրանց ստուգելու են, հանգիստ չեն թողնելու, և հնարավոր է ավելի լուրջ խախտումներ արձանագրվեն: «Ասում են՝ ավելի լավ է հիմա 150 հազար դրամ տուգանվեք, և վերջ, իսկ մենք երաշխավորում ենք, որ երկրորդ և երրորդ տուգանք չի լինի: Այնպես է ստացվում, որ եթե իրենք հիմա ակտ չգրեն, միևնույն է, գործարարին հանգիստ չեն թողնի, ստուգումները կշարունակվեն, ավելի վատ կլինի: Այս մեթոդով մարդկանց ահաբեկում են»,- ասաց Գրիգորյանը: Գործարարներն էլ, նրանք, ովքեր ամեն դեպքում հնարավոր է խախտումներ են թույլ տալիս ՀԴՄ կտրոն տրամադրելու գործընթացում և լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, համաձայնվում և իրենց կամքով տուգանվում են: “Ովքեր համաձայնվում են այդ գործարքին, նրանք վախ ունեն, համոզվող մարդիկ են, իրենց իրավունքների համար կռվող չեն: Մարդիկ այսպես են հասկանում՝ հնարավոր է, որ իրենք մի օր սխալվեն, ՀԴՄ կտրոն չտպեն, և տուգանվեն: Տեսուչներն ասում են՝ այնքան կգնանք-կգանք, այնպիսի իրավիճակ կստեղծենք, որ ոնց էլ լինի մի օր կսխալվեք, և ավելի վատ կլինի ձեզ համար”,- ասաց նա:    
13:38 - 12 ապրիլի, 2019
ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել» |hetq.am|

ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը «կարող է ծանր հետևանքներ առաջացնել» |hetq.am|

hetq.am։ ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Նման պատճառաբանությամբ պետական եկամուտների կոմիտեն կրկին մերժել է «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Մենք այդ պայմանագրերը ՊԵԿ-ից խնդրել էինք այն բանից հետո, երբ պարզել էինք, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված ՀԴՄ սարքերը վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով։ Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը:  Մասնավորապես կապվել էինք այդ սարքերը մատակարարած չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերության հետ և պարզել, որ մեկ սարքի ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՊԵԿ-ը ներկայացրել է 160 հազար դրամ։ Նշենք, որ այժմ սարքերի գինը տնտեսվարողների համար 160 հազար դրամից դարձել է 60 հազար դրամ և կառավարությունը հայտարարել է, որ մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորի պետությունը։ Սակայն մեր հոդվածում հրապարակված փաստերը թույլ էին տալիս եզրակացնել, որ հնարավոր է՝ տնտեսվարողները այժմ 60 հազար դրամ վճարելու կարիք չունեն՝ ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ի նախկինում կուտակած հնարավոր մեծ շահույթների հաշվին։ Հոդվածի հրապարակումից հետո «Հետք»-ը գրություն ուղարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՊԵԿ-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Նշենք, որ միայն ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը թույլ կտան պաշտոնապես հաստատել, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը սարքերի իրացումից մինչ այժմ որքան շահույթ է ստացել։ Կառավարությունը մեր հարցումը մակագրել է Պետական եկամուտների կոմիտե, որի իրավաբանական վարչությունը դարձյալ չի տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Փաստորեն, նույնիսկ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չկարողացավ ապահովել պետական գնման հրապարակայնությունը, և տնտեսվարողները հնարավորություն չունեն տեղեկանալու, թե տարիներ շարունակ իրենց պարտադիր կերպով վաճառած ՀԴՄ-ները իրականում ինչ արժեք ունեին։ Հրապարակում ենք ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ։ ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հնագամանքը, որ Դիմումով խնդրարկվող տեղեկատվությունը հանդիսանում  է օրենքով պահպանվող գաղտնիք, քանի որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է ՀՀ կառավարության գաղտնի որոշման շրջանակներում, հետևաբար՝  հայտնում ենք, որ այն ենթակա չէ տրամադրման: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դիմումով խնդրարկվում է տրամադրել  վերոնշյալ պայմանագրերը, դրանում փակելով գաղտնիք պարունակող տեղեկատվության տողերը, ապա հայտնում ենք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության առանձնացման (տողերի փակում) կամ ամբողջական տեղեկատվության մասնատման վերաբերյալ կարգավորում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, հետևաբար Դիմումով խնդրարկվող պահանջը հնարավոր չէ կատարել»։
05:37 - 11 ապրիլի, 2019
Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն. Ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 650 մլն դրամ։ Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր: Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի: ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:
11:19 - 10 ապրիլի, 2019
«Առինջ մոլ»-ում խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ՝ հարկերը չվճարելու համար. ՊԵԿ

«Առինջ մոլ»-ում խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ՝ հարկերը չվճարելու համար. ՊԵԿ

Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից:  
15:16 - 09 ապրիլի, 2019
Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝  ՀԴՄ կտրոնների մասին

Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Կարող ա, չէ՞, մարդու մտքով անհեթեթ բաներ անցնել… Ոչ մեկը երաշխավորված չի, որ իր հետ տենց չի լինի։ Նման մի միտք էլ էս կտրոնները ստուգելն էր։ Ստուգել եմ բոլոր կտրոնները, որոնք ձեռքիս տակ եղել են։ Դրանցից բոլոր փոքր խանութների կտրոնները վավեր էին, բոլոր սուպերմարկետների կտրոնները՝ անվավեր։ Եթե սա ճիշտ ա, ապա որպես գյուղացիներին ձոնված վարչապետի բանաստեղծության պատասխան, կարելի ա Ֆրիկից մեջբերել․Մեկին հազար ձի և ջորի, Մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի։ Մեկին հազար դեկան ոսկի, Մեկին ոչ փող մի պղնձի։ Կամ Սևակից․Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... Ավելացում․ Պարզվում ա՝ ՊԵԿ-ը ժամանակին «պարզաբանել» ա երևույթը։ 10 ամսվա հղման մեջ մարդիկ իբր բացատրում են, որ չէ, նորմալ ա ամեն ինչ։ Բայց դրանից չի հետևում, թե, օրինակ, բա ո՞նց ա, որ փոքրերի կամ, լավ, «Քարֆուր» սուպերմարկետում էդ խնդիրը բացարձակ չկա։ Ո՞նց ա նենց ստացվում, որ մենակ նախկին համակարգի հետ կապված մարդկանց մոտ ա բացատրելի «խափանում» լինում, երբ հենց նրանց անազնվության մեջ ա միջին վիճակագրական քաղաքացին հիմնավոր կերպով կասկածում։ Ի՞նչ իմաստ ունի էդ ստուգող համակարգը, եթե ամենախոշորներին ու այդպիսին անազնիվ կերպով դարձածներին, ըստ էության, ստուգելու հնարավորություն չկա։ Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել։ Դասականին մեջբերելով հարցնեմ՝ «Բա էդ ձեզ թվում ա՝ համակարգային կոռումպցիան պոզով-պոչով մեծ կենդանի ա՞»։  
05:43 - 09 ապրիլի, 2019
ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանքը՝ վախեցնելու եւ գումար գանձելու համար. «Սպայկա»-ի հայտարարությունը

ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանքը՝ վախեցնելու եւ գումար գանձելու համար. «Սպայկա»-ի հայտարարությունը

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ ՊԵԿ-ի գործողությունների եւ ընկերության տնօրենի կալանքի վերաբերյալ: Հայտարարությունն ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան ՍՊԱՅԿԱ ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝ Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար: ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք: ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ: ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև Սպայկա ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք: Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել»։
16:17 - 06 ապրիլի, 2019
ՊԵԿ-ի պատասխանը Սպայկային

ՊԵԿ-ի պատասխանը Սպայկային

2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով. 1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով: 2. Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր: 3. Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից, վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից: 4. Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը): Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը): Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝ ա) ներմուծման հարկային հայտարարագրերը, բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը, և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները: Նշված պայմաններն ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝ ա) արտահանման հարկային հայտարարագրերը,բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում: 5. ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում: 6. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ: 7. Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին: Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար:
15:37 - 05 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել: Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով: 3. 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է: 4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների եւ գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլեւ էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»:    
09:08 - 02 ապրիլի, 2019
ՊԵԿ-ի պարզաբանումը՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության մասին

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության մասին

Օրերս Ազգային ժողովում հայտարարութամբ է հանդես եկել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որի առնչությամբ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել. «ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ նախագահը: Ի գիտություն պատգամավորի, ՊԵԿ նախագահի հրամանով են կատարվում համակարգում բոլոր նշանակումները, հետևապես տարածքային ստորաբաժանման որևէ ղեկավար աշխատանքի նշանակման իրավասությամբ օժտված չէ: Ուստի, ԱԺ պատգամավորի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Կարծում ենք, անթույլատրելի է նաև, օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից իր իսկ հարցումների վերաբերյալ ՊԵԿ-ից ստացված հիմնավորումները «լոլոներ» որակելը: Եվ վերջում, անդրադառնանք հայտարարության մեջ հնչած միակ ճիշտ տեղեկատվությանը: Այո, Դավիթ Անանյանը և Արմեն Հակոբյանը համակուրսեցիներ են, բայց ի տարբերություն Դավիթ Անանյանի, որը ՊԵԿ-ում աշխատանքի է անցել 2018-ի մայիսից, Արմեն Հակոբյանը համակարգում աշխատել է 1994թ.-ից մինչև 2017-ը և համակարգ է վերադարձել հենց Դավիթ Անանյանի առաջարկությամբ` ցանկանալով իր մասնակցությունն ունենալ երկրում իրականացվող բարեփոխումներին և հավատալով հաստատված նոր իրողություններին: Նշենք, որ ՊԵԿ–ում աշխատած տարիներին Հակոբյանն իրեն դրսևորել է որպես հմուտ, արհեստավարժ և գործիմաց մասնագետ: Հուսով ենք, Սոֆյա Հովսեփյանը և իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաև չհամընկնել Սոֆյա Հովսեփյանի և նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին և ցանկություններին»:
14:40 - 28 մարտի, 2019
ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ |armenpress.am|

ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ |armenpress.am|

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարևորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև բիզնես միջավայրի բարելամվան տեսանկյունից: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձևավորված գործիքակազմը հնարավորությւոն է տվել թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի և տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա 4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարր կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս: Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում և տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:  
07:57 - 27 մարտի, 2019
Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը

Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա: Նման վարչարարությունն առաջացնում է հարկ վճարողների դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ հարկային պարտավորություններն անհապաղ չկատարելը հաճախ պայմանավորված է անհրաժեշտ միջոցների բացակայությամբ և նրանք այդ պարագայում գույք թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մտադրություն չեն ունենում: Խնդիրը կարգավորելու նպատակով ՊԵԿ-ը 10 երկրների օրինակով ուսումնասիրել է արգելադրման գործընթացի միջազգային փորձը: Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՊԵԿ-ը փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը` առաջարկելով հարկ վճարողներին յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում վերջիններիս կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ: Նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաև հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր: Միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոններն՝ առանց գործող շեմը նվազեցնելու: Պետական եկամուտների կոմիտե
13:24 - 22 մարտի, 2019