ՊԵԿ-ի պարզաբանումը՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության մասին
14:40 - 28 մարտի, 2019

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության մասին

Օրերս Ազգային ժողովում հայտարարութամբ է հանդես եկել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որի առնչությամբ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել.

«ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ նախագահը:

Ի գիտություն պատգամավորի, ՊԵԿ նախագահի հրամանով են կատարվում համակարգում բոլոր նշանակումները, հետևապես տարածքային ստորաբաժանման որևէ ղեկավար աշխատանքի նշանակման իրավասությամբ օժտված չէ:

Ուստի, ԱԺ պատգամավորի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Կարծում ենք, անթույլատրելի է նաև, օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից իր իսկ հարցումների վերաբերյալ ՊԵԿ-ից ստացված հիմնավորումները «լոլոներ» որակելը:

Եվ վերջում, անդրադառնանք հայտարարության մեջ հնչած միակ ճիշտ տեղեկատվությանը: Այո, Դավիթ Անանյանը և Արմեն Հակոբյանը համակուրսեցիներ են, բայց ի տարբերություն Դավիթ Անանյանի, որը ՊԵԿ-ում աշխատանքի է անցել 2018-ի մայիսից, Արմեն Հակոբյանը համակարգում աշխատել է 1994թ.-ից մինչև 2017-ը և համակարգ է վերադարձել հենց Դավիթ Անանյանի առաջարկությամբ` ցանկանալով իր մասնակցությունն ունենալ երկրում իրականացվող բարեփոխումներին և հավատալով հաստատված նոր իրողություններին: Նշենք, որ ՊԵԿ–ում աշխատած տարիներին Հակոբյանն իրեն դրսևորել է որպես հմուտ, արհեստավարժ և գործիմաց մասնագետ:

Հուսով ենք, Սոֆյա Հովսեփյանը և իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաև չհամընկնել Սոֆյա Հովսեփյանի և նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին և ցանկություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել