ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: «Մասնավորապես, օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունն, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։  Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռքբերվել այն մասին, որ  2022-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 490 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:06 - 13 սեպտեմբերի, 2024
ՊԵԿ-ը հայտնել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի  ներմուծումը կանխելու մասին

ՊԵԿ-ը հայտնել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծումը կանխելու մասին

Հայաստանի  պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծումը կանխելու մասին։ Պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ ««Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում՝ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի մաքսային ծառայողները, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկման և հսկողության բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ, բացահայտել են ադամանդանման քարերի  մաքսանենգության նոր դեպք:  Մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Դ․Բ-ն և վերջինիս ուղեբեռը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում՝ անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել է  1 ադամանդանման թափանցիկ քար և  «GIA» հավաստագիր: Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփից  հայտնաբերվել է նաև   տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու ճամպրուկից հայտնաբերվել է  տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաև  3  պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ:  Իսկ քաղաքացու հագին գտնվող տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի մեջ էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող եղանակներով մաքսային հսկողությունից թաքցված, ինքնակպչուն ժապավենով իրար միացված   տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։ ՀՀ քաղաքացու  նկատմամբ իրականացված անձի մաքսային զննման արդյունքում և ճամպրուկից, ընդհանուր առմամբ,  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված,  109 տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով թվով 3  պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։ «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված  ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ․Բ․-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:03 - 12 սեպտեմբերի, 2024
Օդային տրանսպորտով ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ զգայուն ապրանքատեսակների՝ առանց թույլտվության արտահանումը պատասխանատվության կենթարկվի |1lurer.am|

Օդային տրանսպորտով ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ զգայուն ապրանքատեսակների՝ առանց թույլտվության արտահանումը պատասխանատվության կենթարկվի |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվություն կսահմանվի: Այդ մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: «Խնդիրն այն է, որ ցամաքային տեղափոխումների, արտահանումների դեպքում ունենք տարանցիկ հայտարարագրման համակարգ. խոսքը ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումներին է վերաբերում: Երրորդ երկրներ արտահանումների դեպքում ունենք հայտարարագրման ընթացակարգ: Քանի որ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման համակարգ, հետևաբար, չունենք այն պատասխանատվության միջոցները, որոնք կիրառելի են ցամաքային տրանսպորտով կամ երրորդ երկրներ տեղափոխելու դեպքում: Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվությունը, որը հետևյալ չափերով է լինելու՝ հարկի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը, և իրավախախտման կատարման պահին ապրանքի առկայության դեպքում՝ նաև [ապրանքի] բռնագրավմամբ: Ներկայացվող նախագծով կվերացվի զգայուն ապրանքները ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ պետություններ առանց թույլտվությունների արտահանման հնարավորությունը»,- պարզաբանեց Մանուկյանը: ՊԵԿ նախագահի տեղակալը նաև թվարկեց զգայուն ապրանքների ցանկը, որում ներառված են թվային ծրագրային կառավարմամբ մետաղային հաստոցները, բազային կայաններ, ստատիկ կերպափոխիչներ, ռադիոնավիգացիոն և հեռակառավարման սարքավորումներ և այլն:
11:55 - 11 սեպտեմբերի, 2024
Օրենքի նախագիծը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա. ՊԵԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Օրենքի նախագիծը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա. ՊԵԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրենքով նախատեսված են սննդամթերքի և/կամ կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսվարող սուբյեկտների կողմից գանձվող վճարի չափեր՝ կես տոննայից մինչև 1 տոննա քաշի համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, 1 տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ տոննայի համար՝ 300 դրամի չափով: Նաև սահմանված են աշխատանքային ժամերից դուրս գանձելու դեպքում կրկնապատիկ գանձելու դրույթները: Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն: Նախագծի ընդունման արդյունքում գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը: «Առաջարկում ենք, որ թեթևացվի բեռը այս առումով: Կարծում ենք՝ ըստ էության նույն գործողության համար երկու վճարատեսակ պետք է չլինի, և երկրորդն առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել»,- պարզաբանեց Մանուկյանը:
11:42 - 11 սեպտեմբերի, 2024
Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

1lurer.am: Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես հեղուկ գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել: Այդ մասին խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խնդրի վրա հրավիրելով ՊԵԿ-ի ուշադրությունը: «Մարդիկ բանկային  քարտերը ներկայացնում են, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի սարքը, և դա տևում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս: Նույնիսկ անձամբ մի քանի անգամ զգուշացրել եմ, և զգուշացնելուց հետո հետևություններ չեն եղել: Եվ դա լինում է հատկապես այն ժամանակահատվածում, երբ բարձրանում են գազի գները: Երբ կտրուկ բարձրացում է լինում, տոտալ նկատվում է, որ բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը չեն աշխատում: Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են մեր զինվորի, թոշակառուի գումարները, որոնք պետք է տրվեն: Հարցս նաև ՊԵԿ-ին է վերաբերում: Խնդիրը կարող եք հանգիստ վերլուծել և տեսնել, որ մարդը, տնտեսվարողը 1 ամիս առաջ անկանխիկ առևտուրն արել է 1 միլիոնի, և մեկ էլ տեսնում եք, որ 1 ամիս ընդհանրապես չկա անկախիկ եղանակով առևտուր: Սա էլեկտրոնային տարբերակով մոնիթորինգ անելը շատ հեշտ է»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ խնդրին պետք է ՊԵԿ օպերատիվ մարմիններն արձագանքեն և համապատասխան վարույթներ հարուցեն:
11:27 - 11 սեպտեմբերի, 2024
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեում, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում՝ ծրագրի ՊԵԿ պատասխանատուների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների միջև։ Մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի թիմի անդամները։ Այս ամսին հաղորդում են ՊԵԿ-ից Հանդիպման ընթացքում քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում արձանագրված նշանակալի ձեռքբերումները և առաջիկա քայլերը՝ վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը։   Հանդիպմանը հաջորդել է աշխատանքային այց Մեղրիի սահմանային անցակետ՝ ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները և առաջընթացը գնահատելու, ինչպես նաև շինհրապարակում կատարվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Անցկացվել են հանդիպումներ նաև կապալառուի, վերահսկող ինժեներ ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները, հետագա անելիքներն ու քայլերը։ Ավարտին բոլոր կողմերը վերահաստատել են Մեղրիի սահմանային անցակետի հաջող արդիականացման հանձնառությունը: Հիշեցնենք, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:
10:28 - 10 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023 թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 տրանսպորտային միջոցի մասով: Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի  դրույքաչափ։ 2024 հունվար-օգոստոս ամիսներին և սեպտեմբեր ամսվա 1-8-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ, ձևակերպվել է 6285 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այսինքն` 2024 թ. սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 հատ:    Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռևս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, քանի որ արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվելու oրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների գրանցումը: Ճշգրտման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն տվյալ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետություն փաստացի ներմուծման դեպքում և արդյունքում սակագնային արտոնության կիրառումը կախված կլինի տվյալ օրվա դրությամբ 0 տոկոս մաքսատուրքի արտոնության կիրառման համար սահմանված 7400 տրանսպորտային միջոցների քանակի լրացված չլինելու հանգամանքից։ ՊԵԿ-ը նաև հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած: Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 01.01.2026 թ. շարունակելու է գործել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի գծով քանակային սահմանափակում առկա չէ:
11:27 - 09 սեպտեմբերի, 2024
Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են․ ՊԵԿ

Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են․ ՊԵԿ

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Այս մասին տեղեկացնում են պետական եկամուտների կոմիտեից։ Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։
19:41 - 30 օգոստոսի, 2024
Բացահայտվել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք. ՊԵԿ

Բացահայտվել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ Արդյունքում մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից: Կոմիտեն ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։ ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորում է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում  կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար:
13:17 - 30 օգոստոսի, 2024
Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործման օգտագործված ապրանքների չափաքանակներին, որոնց համար արժեքային և քանակային չափորոշիչներ սահմանված չեն, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար այդպիսին դիտարկվելու որոշակի չափորոշիչներ սահմանված են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2017  թվականի 107 որոշմամբ: Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի  բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում  նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։ Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:06 - 30 օգոստոսի, 2024
Տպավորություն է, որ մենք շուկայից դուրս ենք մնում. արտահանող բեռնատարների վարորդների բողոքի ակցիան՝ Երևանում
 |tert.am|

Տպավորություն է, որ մենք շուկայից դուրս ենք մնում. արտահանող բեռնատարների վարորդների բողոքի ակցիան՝ Երևանում |tert.am|

tert.am: Արտահանող բեռնատարների վարորդները Երևանում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք իրենց պահանջներն են ներկայացնում, որոնք վերաբերում են ոլորտի խնդիրներին։ «Ակցիայի նպատակն է որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտնեք և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,-ասում է ակցիայի մասնակից Ալեքսան Հովակիմյանը: «Բեռնափոխադրման մեջ գոյություն ունի արտահանման արժեք և ներմուծման արժեք:Երկիր կա, որտեղ արտահանումն է թանկ, ներմուծումն՝ Էժան և հակառակը: Մեր պարագայում արտահանումը շատ էժան է, կոպեկներ են, ներմուծումն է արժեքը փակում: Վրաստանը 3-րդ երկրի փոխադրում էր անում, դա նորմալ է: Բայց այդ ընթացքում նրանց մոտ ցանկալի չէր ներմուծումը, շատ էժան է, դրա համար իրենք արտահանումն իրականացնում են, բայց ներմուծումը Վրաստան չեն իրականացնում: Մեր ներմուծումն են վերցնում, դա իրենց շատ ձեռնտու է: Հետո գալիս են Հայաստան, այստեղ դատակվելուց հետո, այստեղից էլ դատարկ չեն գնում: Մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև իրենք են մեր բեռը բերում: Ինչից այդպես եղավ. Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին թուրքական խանութներ, վրացական մեքենաներ գնեցին, թուրք վարորդներին նստացրեցին ու վերջիններս մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող»,-պարզաբանել է ակցիայի մասնակիցը: Հովակիմյանի խոսքով, դիմել են համապատասխան գերատեսչություն, որտեղից պարզաբանել են, որ ապահովում են մեքենաների շարժը, ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումներն անհասկանալի են. հիմնավորել են, որ սա ազատ շուկա է: «Բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք արդեն դուրս ենք գալիս այդ շուկայից»,-ասել է Հովակիմյանը:
13:07 - 29 օգոստոսի, 2024
Իրանի քաղաքացին Հայաստան է ներմուծել 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց

Իրանի քաղաքացին Հայաստան է ներմուծել 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տվյալները`  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ»  ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով Իրանի քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում  հայտնաբերվել է 2 կաշեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում,  եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն»  տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ: ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ և 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։ Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։           
13:03 - 29 օգոստոսի, 2024
ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված միջազգային առաքանուց ՊԵԿ-ը հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված միջազգային առաքանուց ՊԵԿ-ը հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում հիշյալ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է նաև 1600 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հիշյալ մաքսանենգության դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են  «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա․Գ․-ն։  Ձերբակալվելուց հետո տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում  և այն պետք է փոխանցեր այլ անձի։  «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ վերջինս զանգահարել է ծանրոցն ուղարկող անձին և առաքանին փոխանցելու շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություն: Այնուհետև Էջմիածին քաղաքում առաքանին փոխանցել է ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ին, ով առաքանին ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է և Ա․Գ․-ի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Առաքանին ստանալու համար Ա․Վ․-ն ժամանել էր մեկ այլ քաղաքացու հետ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի դիմած անձի ինքնությունը: Վերջինս Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։  Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների  մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված ՕՀ միջոցառումներ արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
16:22 - 27 օգոստոսի, 2024
Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին
 |1lurer.am|

Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծին: «Այս որոշմամբ ևս մեկ քայլ ենք կատարում հարկ վճարելու մշակույթի արմատավորման առումով ՀՀ-ում: Բուն որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Մինչ զեկուցվող հարցին անդրադառնալը նա հիշեցրեց նախապատմությունը: «Անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունվել է 2 օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով կարգավորվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների հասկացությունը: Դա մեզ բոլորիս հայտնի էլեկտրոնային հարթակներն են «Ջի-Ջին», «Յանդեքսը», «Յու» տաքսին և մյուսները և անհատ վարորդների կողմից ուղևորափոխադրում իրականացնելիս հարկային մարմնի հավելվածով հաշվառվելու և ուղևորափոխադրումը կազմակերպելու և էլեկտրոնային ՀԴՄ-ներ դուրս գրելու հետ կապված հարաբերությունները: Պետական տուրք է սահմանվել յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ եթե անկանխիկ վճարում կլինի՝ 1.5 տոկոս դրույքաչափով: 2025 թվականից այդ դրույքները կլինեն, համապատասխանաբար, 3.5 և 2.5, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4»: Բադասյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 1-ից համապատասխան հավելվածը պատրաստ կլինի․ վարորդը հավելվածում 1000 դրամ նշվելու դեպքում կվճարի 20 դրամ հարկ։ ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ որոշմամբ կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում: «Նրանք, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնում, իրենք ոչ մի գործողություն չպետք է կատարեն, էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցում վերջիններիս տվյալները և ինքնաշխատ համակարգի միջոցով ստանում հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ: Երկու դեպքում էլ որևէ ֆիզիկապես գործողություն չկա. ինքնաշխատ համակարգի միջոցով է իրականացվում»,- ասաց Բադասյանը: «Մեկ չզեկուցվող հարց էլ ունեինք, որ ընդունեցինք: Դա էլ վերաբերում էր էլեկտրոնային ՀԴՄ-ների հետ կապված հարաբերություններին, որոնց բովանդակությունն արդեն ներկայացրի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, վերջիններս, Ռուստամ Բադասյանի խոսքով, կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով «Ես եմ» համակարգով, առանց այցելության և որևէ ֆիզիկական կոնտակտի, գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ: «Քանի որ շատ են շահարկումները այս նախաձեռնության շուրջ, նշեմ, որ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում: Էլեկտրոնային ՀԴՄ-ն հավելվածէ, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդների դեպքում հենց վարորդը կարող է էլեկտրոնային ՀԴՄ-ն գեներացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե անհատ վարորդը նշված հավելվածն ունի, ապա ինչու է պետությունը նրանից լիցենզիա պահանջում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ լիցենզիան տուրք վճարելու համար է: Վարչապետն առաջարկեց լիցենզիայի պայմանները թեթևացնել կամ քննարկել դա ընդհանրապես հանելու հարցը: «Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ՝ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի, և, այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով մասնակցություն ունենան, որովհետև այդ 20 դրամը, որ պետք է վճարեն, դրանով ճանապարհներ են կառուցվելու, երթևեկության անվտանգություն կապահովվի և այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք: Այնպես որ, դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:37 - 22 օգոստոսի, 2024
Ինչ կարգավորումներ կլինեն սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար. ՊԵԿ-ը քննարկում է նախաձեռնել

Ինչ կարգավորումներ կլինեն սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար. ՊԵԿ-ը քննարկում է նախաձեռնել

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող  կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ  են մտնում 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։   Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում նրանք պարտավոր են պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Սեպտեմբերի 1-ից  վերջիններիս համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։ Հանդիպման մասնակիցներին իրազեկվել է նաև, որ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ Այս դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների,  ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նպատակով արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Այսպես, կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։ Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։ Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:  Մասնակիցները ոլորտում իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել աշխատանքային քննարկումները։
12:35 - 20 օգոստոսի, 2024