Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին
 |1lurer.am|
12:37 - 22 օգոստոսի, 2024

Այդ 20 դրամով, որ պետք է վճարեն, ճանապարհներ են կառուցվելու. Փաշինյանը՝ տաքսիների հետ կապված նոր կարգավորումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Այս որոշմամբ ևս մեկ քայլ ենք կատարում հարկ վճարելու մշակույթի արմատավորման առումով ՀՀ-ում: Բուն որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Մինչ զեկուցվող հարցին անդրադառնալը նա հիշեցրեց նախապատմությունը: «Անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունվել է 2 օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով կարգավորվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների հասկացությունը: Դա մեզ բոլորիս հայտնի էլեկտրոնային հարթակներն են «Ջի-Ջին», «Յանդեքսը», «Յու» տաքսին և մյուսները և անհատ վարորդների կողմից ուղևորափոխադրում իրականացնելիս հարկային մարմնի հավելվածով հաշվառվելու և ուղևորափոխադրումը կազմակերպելու և էլեկտրոնային ՀԴՄ-ներ դուրս գրելու հետ կապված հարաբերությունները: Պետական տուրք է սահմանվել յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ եթե անկանխիկ վճարում կլինի՝ 1.5 տոկոս դրույքաչափով: 2025 թվականից այդ դրույքները կլինեն, համապատասխանաբար, 3.5 և 2.5, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4»:

Բադասյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 1-ից համապատասխան հավելվածը պատրաստ կլինի․ վարորդը հավելվածում 1000 դրամ նշվելու դեպքում կվճարի 20 դրամ հարկ։

ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ որոշմամբ կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում: «Նրանք, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնում, իրենք ոչ մի գործողություն չպետք է կատարեն, էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցում վերջիններիս տվյալները և ինքնաշխատ համակարգի միջոցով ստանում հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ: Երկու դեպքում էլ որևէ ֆիզիկապես գործողություն չկա. ինքնաշխատ համակարգի միջոցով է իրականացվում»,- ասաց Բադասյանը:

«Մեկ չզեկուցվող հարց էլ ունեինք, որ ընդունեցինք: Դա էլ վերաբերում էր էլեկտրոնային ՀԴՄ-ների հետ կապված հարաբերություններին, որոնց բովանդակությունն արդեն ներկայացրի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, վերջիններս, Ռուստամ Բադասյանի խոսքով, կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով «Ես եմ» համակարգով, առանց այցելության և որևէ ֆիզիկական կոնտակտի, գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ:

«Քանի որ շատ են շահարկումները այս նախաձեռնության շուրջ, նշեմ, որ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում: Էլեկտրոնային ՀԴՄ-ն հավելվածէ, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդների դեպքում հենց վարորդը կարող է էլեկտրոնային ՀԴՄ-ն գեներացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե անհատ վարորդը նշված հավելվածն ունի, ապա ինչու է պետությունը նրանից լիցենզիա պահանջում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ լիցենզիան տուրք վճարելու համար է:

Վարչապետն առաջարկեց լիցենզիայի պայմանները թեթևացնել կամ քննարկել դա ընդհանրապես հանելու հարցը:

«Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ՝ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի, և, այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ մեր հարգելի տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով մասնակցություն ունենան, որովհետև այդ 20 դրամը, որ պետք է վճարեն, դրանով ճանապարհներ են կառուցվելու, երթևեկության անվտանգություն կապահովվի և այլն, այդ թվում՝ իրենց համար հաճախորդներ ապահովենք: Այնպես որ, դա շատ կարևոր է, և մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել