Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

ՀՀ դատախազությունը ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ ունի սերտ համագործակցություն, որը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ․ Աննա Վարդապետյան |armenpress.am|

ՀՀ դատախազությունը ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ ունի սերտ համագործակցություն, որը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ․ Աննա Վարդապետյան |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով Երևանում կայացավ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:  Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները: Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ 2005 թվականի հուլիսի 13-ին ձևավորված խորհրդատվական մարմինը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը, համախմբում է դատախազական գործունեություն իրականացվող անձանց՝ նրանց համար սահմանելով մասնագիտական և վարքագծային ուղենիշային կանոններ, ինչպես նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ մշակում և ընդունում է կարծիքներ։  «ՀՀ դատախազությունը՝ որպես Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի անդամ, ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները և կերպարը միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս նպատակի ուղղությամբ մեր հերթական և կարևոր քայլն է։ Վստահ եմ, որ այսօր ներկայացվելիք ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների, և ոչ միայն դատախազների սեղանի գիրքը»,- ասաց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:   «Առաջարկում եմ խրախուսել այսօրվա քննարկմանը ներգրավված բոլոր կողմերին շարունակաբար բարելավել միջոլորտային համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման։ Նման համագործակցությունը կարևոր է՝ հաշվի առնելով հանցավորության ներկայիս դինամիկան, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներում: Պատահական չէ, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդն ընդունել է մի քանի կարծիք, որոնք վերաբերում են միջոլորտային հարաբերություններին և համագործակցությանը: Հակաօրինական վարքագծի դեմ պայքարը և հանցավորության կանխարգելումը պետք է իրականացվի պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակության բոլոր դերակատարների ներգրավմամբ: Ընդգծեմ, որ կրթական հաստատությունների, հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների դերն այս առումով վճռորոշ է»,- նշեց Վարդապետյանը։ Նրա կարծիքով՝ դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում։  Վարդապետյանն ուրախությամբ ընդգծեց ԵՄ-ի և ԵԽ-ի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող աջակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում, ծրագրի հետ հայկական կողմի կայուն, հետևողական և արդյունավետ համագործակցությունը։  «Նախատեսում ենք աշխատանքներ սկսել այն ուղղությամբ, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի հաջորդ տարածաշրջանային համաժողովն անցկացվի Հայաստանում 2025 թվականի աշնանը: Մենք առաջարկում ենք այս տարածաշրջանային համաժողովի ընթացքում մեկ կամ երկու թեմատիկ նիստ նախատեսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի մասնակցությամբ, որոնք, ի թիվս այլնի, կարող են վերաբերել առաջիկա կարծիքների հետ կապված հարցերին: Դատախազների միջազգային ասոցիացիայի մեր գործընկերները ողջունել են այս գաղափարը և սա բաց առաջարկ է, որը մենք սիրով պատրաստ ենք քննարկել առաջիկայում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։   Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշեց, որ սա տարվա ընթացքում իր երկրորդ այցն է Հայաստան և նշեց, որ մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել դատաիրավական բարեփոխումների ոլորտում։  «Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը աջակցում է ՀՀ իշխանություններին 2022-26 թվականների ռազմավարությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Բարեփոխումները դուրս են գալիս կոնկրետ մեկ միջոցառման շրջանակներից և ուղղված են տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Արդեն իսկ առկա են բազմաթիվ ձեռքբերումներ Հայաստանի իրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, թափանցիկ և վստահություն ներշնչող համակարգի ձևավորման ճանապարհին։ ԵԽ-ն Հայաստանին աջակցություն է ցուցաբերել նաև Հռոմի ստատուտի ընդունման գործում»,- նշեց Լոնգանգեն։  Նա ևս մեկ անգամ հաստատեց Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում:   «Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր  գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»,- նշեց Լոնգանգեն։  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը նույնպես կարևորեց իրավական համակարգի էությունն ու նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը։ Նա շեշտեց վերահսկողության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի կարևորությունը ուժային կառույցներում։   «ԵՄ պատվիրակությունը բավականին ակտիվ է գործում Հայաստանում՝ աջակցելով նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշեց Հեսը:  Նա ընդգծեց Հայաստանին աջակցելու Եվրամիության հանձնառությունը՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։ Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ կատարվեց նաև կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին: 
13:21 - 15 նոյեմբերի, 2024
Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք. Գլխավոր դատախազ |armenpress.am|

Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք. Գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին:  Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Շվեյցարայից, Մալթայից, Ղազախստանի Հանրապետությունից և այլք:    Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Փողերի լվացման հանցակազմի որակման փոփոխությունը Հայաստանում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացման համատեքստում» խորագրով ելույթով:  ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով Հայաստանում ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման քննությանը, ընդգծել է որ ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի՝ 2021 թվականի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք։ Հայաստանի կայուն զարգացման, իրավական անվտանգության ապահովման, երկրում օրենքի գերակայության և արդարության հաստատման համատեքստում Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանի կամքն ու հանձնառությունը՝ ուղղված ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հանցագործությունների նկատմամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, ընդգծել կոռուպցիոն երևույթների նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելուն միտված հետևողական քայլերը, ինչպես նաև թվարկել այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որը կատարվում է փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ընթացքում:    Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին՝ նշելով տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից միասնական մոտեցման բացակայությունը, քննության ներպետական և օտարերկրյա պրակտիկայի անհամապատասխանությունը և այլն: Մարտահրավերների լուծման համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը, մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի համագործակցության մասին համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է աշխատանքային պայմանավորվածությունը: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ դեկտեմբերից ուժի մեջ մտնող Համաձայնագիրը Հայաստանի համար հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ, որը հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի շրջադարձային որոշումը, որն էական դեր է խաղացել փողերի լվացման գործերի քննության և քրեական հետապնդման գործում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել  Դատախազների միջազգային ասոցիացիային և Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել այն համոզմունքը, որ փոխադարձ արդյունավետ և ակտիվ համագործակցությունն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմանը։ 
15:14 - 08 նոյեմբերի, 2024
Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները: Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը: Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ: Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին:
09:47 - 18 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին: Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն: Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
16:50 - 11 հոկտեմբերի, 2024
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ Մարգարյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին: Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արայիկ Բրուտյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Աշոտ Խաչատրյանըազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լիանա Մարկոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Կարեն Այվազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Նարեկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Դավիթ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Նաղդալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Վասիլ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նելլի Բադալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տավուշի մարզի դատախազության դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վահե Գրիգորյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Թորոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կարեն Կարապետյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Քրիստինե Կակոյանըփոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գեղամ Ներսիսյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:  
12:09 - 11 հոկտեմբերի, 2024
ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ գլխավոր դատախազը ստորագրել են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ գլխավոր դատախազը ստորագրել են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա: Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը: Ստորագրելով համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա։ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը: Աննա Վարդապետյանը նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ պայման է իրավական փոխօգնության երկկողմ բնույթը:  
10:46 - 05 հոկտեմբերի, 2024
Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը. ՀՀ գլխավոր դատախազ

Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը, ի թիվս այլնի, ընդգրկում է իրավական, ներառյալ՝ քրեաիրավական, կադրային, կազմակերպչական և գաղափարական բնույթի միջոցառումներ: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում առաջնային նշանակություն ունեն իրավական, այդ թվում՝ քրեաիրավական միջոցառումները։ Այս համատեքստում Դատախազության խնդիրներն են. կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և սոցիալական արդարության վերականգնումը, որը, ի թիվս այլնի, ներառում է անհատին, հասարակությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը, պետական շահերի պաշտպանության նպատակով Դատախազության լիազորությունների շրջանակում հայցերի հարուցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, որն ապահովում է գույքի և ֆինանսական ակտիվների վերադարձը պետությանը կամ համայնքներին, միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում: Կադրային և կազմակերպչական միջոցառումները ներառում են դատախազների նկատմամբ բարձր բարոյական պահանջներ, ինչպես նաև հաշվետվողականություն իրենց ունեցվածքի համար: Դատախազի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս՝ հաշվի է առնվում բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը: Գործող դատախազները պարտավոր են իրենց նշանակման վեցերորդ տարում բարեվարքության ստուգում անցնել: Տվյալ պահին այդ ստուգումն արդեն իսկ անցել է 198 դատախազ, ինչը կազմում է Դատախազության համակարգի դատախազների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտ բարեվարքության ստուգում պետք է անցնեն բոլոր դատախազները: Ստուգման արդյունքում ստացված բացասական խորհրդատվական եզրակացությունը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի կողմից տվյալ դատախազի նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարական ասպեկտը հիմնված է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության թեզի վրա։ Հարկ է նշել, որ գաղափարական բնույթի միջոցառումները ներառում են նաև տեղեկատվական բնույթի աշխատանք։ Հաճախակի կրկնվող և հասարակական նշանակության կոռուպցիոն երևույթների դեպքում Գլխավոր դատախազությունը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնում է քրեական գործերի ընթացքի և կայացված դատական ​​ակտերի մասին։ Իրավական միջոցառումները ներառում են Դատախազության՝ հայցեր հարուցելու լիազորությունները. պետական շահերը պաշտպանելու, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով: Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման հիմքերն ու կարգը մանրամասնորեն ամրագրված են «Դատախազության մասին» օրենքում։ 2023 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Դատախազության լիազորությունները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում ընդլայնվել են: Ներկայումս դրանք ներառում են ոչ միայն պետական, այլ նաև համայնքային շահերի պաշտպանության հայցերի հարուցումը: Դատախազության նշված լիազորություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների լայն շրջանակ, որոնք ներառում են պետական ​​և համայնքային սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, այն դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շենքերի, պուրակների, հրապարակների և այլ տարածքների օտարման, սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունը, որոնք ենթակա չեն օտարման։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։ Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորություններն արդյունավետ մեխանիզմ են կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետության համար բացասական հետևանքները չեզոքացնելու համար։ Կցանկանայի նշել նաև միջազգային-իրավական համագործակցության դերը պետության սահմաններից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավորություն են ընձեռում իրավական օգնություն հայցելու և տրամադրելու: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ Գլխավոր դատախազության սերտ համագործակցության շնորհիվ բացահայտվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և պետության սահմաններից դուրս հանված գույք։ Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության ընթացքում մի շարք երկրներում մեզ հաջողվել է բացահայտել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են։ Այս գործընթացն ուղղված է ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ հակաօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնմանը, մասնավորապես՝ Հայաստանից հափշտակված գույքի վերադարձմանը: Այս գործընթացը շարունակական է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից մեկը»։
10:35 - 05 հոկտեմբերի, 2024
Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև ​​կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։ Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը: Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբեռհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։ Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում։ 
15:21 - 04 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Դատախազությունից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում  և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական հարցեր քննարկելու համար: Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ հյուրընկալության համար: Աննա Վարդապետյանն ու Անդրեյ Շվեդն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։
16:47 - 03 հոկտեմբերի, 2024
Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Աննա Վարդապետյան

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և նշել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երկրորդ հանդիպումը վկայում է երկու գերատեսչությունների միջև արդյունավետ աշխատանքի և հետագա փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին: Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: «Սա մեր հերթական քայլն է դեպի Եվրոպական միություն: Վստահ եմ, որ Համաձայնագիրը կնպաստի Եվրաջասթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը՝ կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման և մի շարք այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանին մեկ քայլով կմոտեցնի Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը: Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և նշել. «Այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությամբ Հայաստանին կտրվեն Եվրաջասթ մուտք գործելու «բանալիները»: Հայաստանը, որը մեր արժեքավոր գործընկերն է, Եվրաջասթին միանալու այս քայլով աշխարհին փոխանցում է շատ կարևոր հաղորդագրություն՝ ցույց տալով, որ հավատարիմ է օրենքի գերակայության սկզբունքներին»: Աննա Վարդապետյանը համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում բարձր է գնահատել Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը:
12:11 - 23 սեպտեմբերի, 2024
2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|

2024-ի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով: Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման և քննության որակի փոփոխությունն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները: Նվազումը լավարկված քննության արդյունք է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ Վարդապետյանի՝ կա «հետաքրքիր վիճակագրություն»՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձ արված և բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված: «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ բացահայտվում է հանցագործությունը: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցները դուրս են եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»,- ասաց Վարդապետյանը:
12:25 - 12 սեպտեմբերի, 2024