ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին

Գլխավոր դատախազն ընդունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:  Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
18:18 - 27 մայիսի, 2025
Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։  Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։  «Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։ Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։ Վահագն Վերմիշյանը ոչ միայն  հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»,- գրել է փաստաբանը։ 
16:14 - 27 մայիսի, 2025
Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

Հրապարակվեց մայոր Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրափակիչ ճառը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Գրեթե 1 տարվա քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց մեղադրական եզրափակիչ ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, պնդեց, որ դրանցով հիմնավորվել է Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը․ «Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածով»,- ասաց նա: Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։ Այս մասին հայտնի է դարձել նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի դատաքննության ժամանակ, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացել էր դատարան՝ որպես վկա հարցաքննվելու։ Հարցաքննությունից հետո հանրային մեղադրողը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր նոր քրեական վարույթ։ Հայկազ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով կազմաքանդվել են 5-րդ գումարտակի մարտակարգերը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն իր եզրափակիչ ելույթը սկսեց՝ հիշեցնելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի մանրամասները։  Գեւորգ Ավետիսյանը Ըստ այդմ, Գրիգորյանը, զբաղեցնելով Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնը, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով 13-րդ վաշտի  բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ինչպես նաև պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ Մարտական կանոնադրության մի շարք դրույթների համաձայն, պարտավոր է եղել իրեն վստահված պահպանության տեղամասում կազմակերպել կայուն, ակտիվ, հակառակորդի բոլոր զինատեսակների հարվածներին դիմակայելու ընդունակ պաշտպանություն, իր ստորաբաժանման հետ համառորեն պաշտպանել զբաղեցրած շրջանը, նույնիսկ շրջապատման և հարևանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում չթողնել դրանք առանց ավագ պետի հրամանի։ Մինչդեռ ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն Գրիգորյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ նահանջ կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր ուղղությամբ հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, անմիջական մարտի չբռնվելու, այդպիսով իր, ինչպես նաև ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով՝ որևէ միջոց չի ձեռնարկել խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ։ Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման և կատարման կարգի վերաբերյալ պահանջները և ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Մասնավորապես, կազմաքանդվել են ՊԲ 59703 զորամասի և 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը և զորաշարվածքը, հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թևանցման վտանգ ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը և հարակից մարտական դիրքերը: Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ նախաքննության ժամանակ Հայկազ Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում չի ընդունել այն՝ հերքելով դրանում նկարագրված փաստերը․ «Մասնավորապես՝ դիրքերից դուրս գալու մասին հրաման տալը Գրիգորյանը պայմանավորեց ենթակաների մեծ մասի նորակոչիկներ լինելու և իրականացվող մարտական գործողությունների ժամանակ վատ բարոյահոգեբանական վիճակ ունենալու հանգամանքով։ Իր գործողությունները պատճառաբանեց նաև նրանով, որ իր ենթակայության տակ է անցել մոբ-ից մոտավորապես 40-50 հոգանոց անձնակազմ, որը մարտական գործողությունների ընթացքում վատ ազդեցութուն է ունեցել ենթակա անձնակազմի վրա, իջեցրել բարոյահոգեբանական վիճակը, և երբ դուրս են եկել զբաղեցրած դիրքերից, անձնակազմի մարտունակությունը վերջնականապես ընկել է: Բացի այդ, նշեց, որ իր ենթակա ստորաբաժանումը, ըստ սահմանված կարգի, պետք է ցրվեր առաջնագծում գտնվող ստորաբաժանումներում, մինչդեռ մնացել են նախապես սահմանված վայրում, որտեղ առկա ինժեներական կառույցները գտնվել են անմխիթար վիճակում: Իր գնահատմամբ իրեն հաջողվել է փրկել ենթակա անձնակազմից շատերի կյանքը։  Գտնում եմ, որ, հերքելով իր կողմից կատարված հանցագործությունները՝ Հայկազ Գրիգորյանը ընդամենը փորձ է կատարում կոծկել իր գործողությունների իրական նպատակը, խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ հիմնավորվել է, որ մեղադրյալը չի կատարել իր վրա դրված պարտականությունները Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ առաջին հարցը, որը նշված համատեքստում ենթակա է քննարկման, Հայկազ Գրիգորյանի՝ նախատեսված հանցագործության սուբյեկտ, այսինքն` պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է, ինչը հիմնավորվել է ՊԲ 59703 զորամասի հրամանատարի համապատասխան հրամանով, որով Գրիգորյանը հուլիսի 15-ից նշանակվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի հրամանատարի պաշտոնում։ Ձախից՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը, մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը Երկրորդ հարցը, որ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, այն է՝ արդյո՞ք Գրիգորյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղել են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր է եղել կատարել ենթակա անձնակազմի հետ սահմանված բնագծում պաշտպանություն իրականացնելիս: Թեեւ Գրիգորյանը չի վիճարկել այս հանգամանքը, այնուհանդերձ, մեղադրողը մեջբերեց Մարտական կանոնադրության եւ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի մի շարք դրույթներ, ապա պնդեց․ «Ակնհայտ է, որ զինվորական ծառայության կարգը սահմանող նորմերը բովանդակում են, որ վաշտի հրամանատարը հանդիսանում է այն կարևոր օղակը կամ անձը, ով պետք է պատրաստ լինի ձեռնարկել հնարավորը կամ «անհնարինը» հայրենիքի պաշտպանության համար՝ այդ նպատակի համար չխնայելով անգամ կյանքը: Նույն հրամանատարն իր գործողությունները կամ որոշումները պարտավոր է իրականացնել՝ պահպանելով տվյալ իրադրությունում հարաբերությունները կարգավորող նշված իրավական նորմերը։ Վերը նշված գերնպատակի իրագործման համար էլ սահմանվել են վաշտի գործողությունները, այս դեպքում նահանջը գումարտակի հրամանատարի թույլտվությամբ իրականացնելու պարտադիր պահանջը։ Բացի այդ, եթե առաջացել է հարկադրված նահանջ կատարելու անհրաժեշտություն, ապա այն կատարել այնպես, որ նախապես կնախորոշվի այն շրջանը, որտեղ պարտավոր է ենթակա անձնակազմը դուրս գա՝ ապահովելով փոխգործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ»,- ասաց մեղադրողը՝ հավելելով, որ նշված նորմերի վերաբերելիությունը 13-րդ վաշտի պաշտպանության տեղամասում տեղի ունեցած դեպքերին և վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին, հիմնավորվել է նաև դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներով։ Մյուս հարցը, որ պաշտոնեական անգործության և պաշտոնեական պարտականությունները ի վնաս պետական շահի օգտագործելու հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, ըստ դատախազի, հետևյալն է՝ Հայկազ Գրիգորյանը, որպես վաշտի հրամանատար, դեպքի օրը կատարե՞լ է իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները, թե՝ ոչ։ Մեղադրողն ընդգծեց՝ եթե նախորդ երկու դեպքերում Հայկազ Գրիգորյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ, բերեց մի շարք պատճառաբանություններ, որոնց արդյունքում իբր այլ ելք չի մնացել, քան դուրս գալ զբաղեցրած դիրքերից: Այս հանգամանքը, սակայն, ըստ մեղադրողի, հերքվել է մի շարք վկաների ցուցմունքներով։ Գեւորգ Ավետիսյանը մեջբերեց, օրինակ, ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանի ցուցմունքը, ըստ որի՝  Հայկազ Գրիգորյանի կողմից նշված անձնակազմի վատ բարոյահոգեբանական վիճակի պայմաններում վերջինս պարտավոր է եղել միջոցներ ձեռնարկել այդ վիճակը բարձրացնելու և հետագա խնդիրները կատարելու ուղղությամբ․ «Բագրատ Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ զինծառայողների վատ բարոյահոգեբանական վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն հրամանատարն է, և բերեց օրինակներ, որտեղ ավելի վատ իրավիճակներում գտնվող զորքը, հրամանատարին տեսնելով, մնացել է և կատարել իր պարտքն առ հայրենիք:  Ամեն դեպքում, ուժեղ հրետակոծությունը կամ դիվերսիոն խմբերի առաջխաղացումը հիմք չեն զբաղեցրած մարտական դիրքերից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Հայկազ Գրիոգարյանի ենթակա անձնակազմը նորակոչիկներով համալրված լինելու հանգամանքին, վկան նշեց, որ օրենդրությամբ որևէ արգելք սահմանված չէ նրանց կիրառելու համար»,- ասաց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ Մաթեւոսյանի գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանը չի պահպանել նաև նահանջի կարգը։ Լսելով քրեական գործով ձեռք բերված այն տվյալը, որ նահանջելիս յուրային ստորաբաժանումները կրակել են 13-րդ վաշտի ուղղությամբ՝ վկան հայտնել է, որ այդ հանգամանքը ևս վկայում է չկազմակերպված նահանջի մասին։ Գեւորգ Ավետիսյանը վկայակոչեց նաեւ զորամասի նախկին հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած մարտական դիրքերից դուրս է եկել առանց իր թույլտվության, ինչի իրավունքը նա չի ունեցել․ «Երբ ուսումնական գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը և զորամասի շտաբի պետը, ով պատասխանատու է եղել փոխգործակցության ապահովման համար, իրեն զեկուցել են, որ Հայկազ Գրիգորյանը չկա, խնդիր է դրել հնարավորինս փակել [Հայկազ Գրիգորյանի անձնակազմի] զբաղեցրած բնագիծը, քանի որ ըստ զորամասի պաշտպանության պլանի՝ այդ հատվածում պետք է լինեին համապատասխան ստորաբաժանումներ։ Պողոսյանը նշել է, որ նորակոչիկներից բաղկացած անձնակազմը գործել է ըստ սահմանված ղեկավար փաստաթղթերի, ունեցել է համապատասխան սպառազինություն, և նրանց առաջնագծում մարտի ներգրավելու համար չկա որևէ արգելք: Հավելել է նաև, որ այն դիրքերը, որտեղ գտնվել է Հայկազ Գրիգորյանի ենթակայության անձնակազմը, պատշաճ կահավորված է եղել, որի կահավորմանը անգամ մասնակցել է Հայկազ Գրիգորյանը»,- ասաց մեղադրողը՝ շեշտելով, որ զորամասի հրամանատարի հավաստմամբ՝ «9-րդ կմ» հատվածը դուրս է եղել իր ենթակա զորամասի պաշտպանության հատվածից և այնտեղ որևէ բնագիծ չի եղել, որտեղ կարող էր Հայկազ Գրիգորյանը նահանջել և զբաղեցնել, այսինքն՝ եղել է անկանոն փախուստ, ոչ թե նահանջ:  Նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանն էլ դատարանում պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Հայկազ Գրիգորյանը կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ վաշտը բարոյապես ծանր վիճակում է, դիմացից հակառակորդի մեծաքանակ ուժեր են դիտարկվում, և վաշտն ի վիճակի չէ խնդիր կատարել ու անձնակազմը ցանկանում է լքել դիրքերը․ «Ինքը նրան հրամայել է մնալ իրենց տեղում, մասնավորապես ասել է. «ոտներդ էդտեղից չկտրեք»: Այդ օրը Հայկազ Գրիգորյանի վաշտը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել: Վաշտը պաշտպանել է 1-ին գումարտակի թիկունքը և գումարտակի մնացած մարտակարգերը: Որոշ ժամանակ հետո լեյտենանտ Նազարյան Հովիկն իրեն զեկուցել է, որ 13-րդ վաշտը լքել է զբաղեցրած դիրքերը, իսկ ինքը սերժանտներ Սամվել Իսկանդարյանի և Խաչիկ Ազիզյանի հետ մնացել է դիրքում: Այդ մասին տեղեկանալուց հետո ինքը փորձել է միջոցներ ձեռնարկել վաշտի նահանջը կանխելու համար, սակայն չի ստացվել, ինչի պատճառով հարևան ստորաբաժանումներից հավաքագրել է մոտավարապես 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքեր և անցել պաշտպանության»,- նշեց Ավետիսյանը։ Հայկազ Գրիգորյանի դեմ ցուցմունք են տվել նաեւ ժամկետային զինծառայողները Ըստ մեղադրողի՝ Հայկազ Գրիգորյանի կողմից իր պարտականությունները չկատարելու հանգամանքը հաստատվել է նաեւ ժամկետային զինծառայողների ցուցմունքներով, ինչպես, օրինակ, Արման Արղամանյանի, Կարեն Մանուկյանի եւ այլոց։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը Այսպես․ Արման Աղամանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ այն ընթացքում, երբ ինքը գտնվել է տանկային փոս ճանապարհից (ռով) մոտ 10 մետր հեռավորության վրա, նկատել է, որ Հայկազ Գրիգորյանը և դասակի հրամանատար Գագիկ Հարությունյանն իրար հետ խոսում են այն մասին, թե ինչ անեն: Խոսակցությունից հասկացել է, որ Հայկազ Գրիգորյանը չի կողմնորոշվել, թե ինչ անի, իսկ Գագիկ Հարությունյանն ասել է հետևյալը. «ինչ հրաման տաս՝ այն էլ կանենք»: Դրանից հետո, ըստ վկայի, Գագիկ Հարությունյանն անձնակազմին ասել է, որ պետք է նահանջեն․ «Դատարանում հարցաքննվելիս վկան ավելացրեց նաև, որ եթե իրեն նահանջի հրաման չտային, ինքը պատրաստ է եղել մնալ և շարունակել պաշտպանությունը: Իր կողմից վերը նշված խոսակցությունների ժամանակ իրեն թվացել է, որ Հայկազ Գրիգորյանը «պանիկայի» մեջ է: Իրենց մոտ եղել են բջջային հեռախոսներ, որոնցով հնարավոր եղել է կապ հասատատել այլ անձանց հետ: Նշեց նաև, որ նահանջելիս Հայկազ Գրիգորյանը բջջայինով տանկի ռովի միջից կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ, որտեղից հայհոյանքներ և տհաճ բառերե են հնչել, ասել են հետ գնացեք ու ավտոմատով կրակեք տանկերի աշտարակների վրա առկա ծակերին: Ամեն դեպքում հետ գնացեք և շարունակեք պաշտպանությունը, ինչը, սակայն չեն կատարել։ Անձնակազմի հիմնական մասը պատրաստ է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն կատարել են վերադասի հրամանները»։ Հաջորդիվ մեղադրողը վկայակոչեց վկա Կարեն Մանուկյանի ցուցմունքը, որը հայտնել է, որ իրենց՝ 14-րդ վաշտի հարևանությամբ դիրքավորված է եղել 13-րդ վաշտը, որի հրամանատարն է հանդիսացել կապիտան Հայկազ Գրիգորյանը․ «Այդ ընթացքում իրենց վաշտով մարտի մեջ են մտել հակառակորդի հետ, հակառակորդը իրենց վաշտի տեղակայման վայրի ուղղությամբ հարվածել է և հրետանիով, և նռնականետով, և ԱԹՍ-ով, ինչպես նաև հակառակորդի հետ անմիջական փոխհրաձգություն է տեղի ունեցել: 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի կողմից նահանջ հրաման տալու հանգամանքի վերաբերյալ հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ գտնվել են «Չռիկներ» կոչվող տեղանքում: Նրանց անվանել են «թռնողների վաշտ», քանի որ առաջինն են լքել մարտական դիրքերը: Իրենց վաշտի ամբողջ անձնակազմի տրամադրվածությունն այնպիսին է եղել, որ պետք է պահեն դիրքերը: Մինչև 13-րդ վաշտի նահանջելը հակառակորդի հետ մարտ են վարել դիրքերի ճակատային մասից, սակայն երբ 13-րդ վաշտը նահանջել է, հակառակորդը սկսել է գրոհել տարբեր ուղղություններից և իրենք նահանջելու միայն մեկ ուղղություն են ունեցել»։ Վկա Դավիթ Սահակյանն էլ իր ցուցմունքով հայտնել է, որ մինչև նահանջի օրն անմիջական մարտական գործողություններ չեն եղել և միայն գիշերներն անկանոն կրակել են իրենց դիրքերի դիմաց գտնվող անտառի ուղղությամբ, քանի որ մարդկանց շարժ են նկատել, սակայն, իր կարծիքով, նույնիսկ մարդ չի եղել: Նահանջ կատարելու օրը Հայկազ Գրիգորյանն անձամբ է այդ հրամանը տվել և ինքն այդ հրամանը լսել է նրանից: Նա ասել է նաև, որ նման հրաման տալու իրավունք չունի, բայց իրենք չեն կարող հակառակորդին դիմագրավել և պետք է շուտ դուրս գան իրենց զբաղեցրած դիրքերից․ «Վկան նշել է նաև, որ ինքն ի վիճակի եղել է մնալ զբաղեցրած բնագծերում և շարունակել պաշտպանությունը և իր գնահատմամբ իր ծառայակիցները ևս պատրաստ են եղել և միայն Հայկազ Գրիգորյանի հրամանով է, որ նման որոշում են կայացրել: Անգամ հրամայեցին, ինչ կա-չկա, թողենք ու դուրս գանք՝ վերցելով միայն զենքը, ինչը կատարել են: Երբ բավականին հետ են եկել, Հադրութում զորամասի սպաներից մեկը ասաց, որ սխալ են արել, որ նահանջել են և հորդորեց հետ գնալ, և մի քանիսը հետ գնացին, այդ ժամանակ հասկացել է, որ նահանջը եղել է չթույլատրված»։  Դատախազի խոսքով՝ մեղադրյալի վաշտի առջև նահանջի պահին առկա են եղել յուրային այլ ստորաբաժանումներ Հիշատակված անձանց ցուցմունքներով, ըստ Ավետիսյանի, հաստատվում է նաեւ, որ Հայկազ Գրիգորյանն ունեցել է իրական հնարավորություն՝ կատարելու օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Օրինակ՝ գումարտակի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ-գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքով այն մասին, որ Հայկազ Գրիգորյանի և նրա ղեկավարած ստորաբաժանման կողմից մարտական դիրքերը թողնելուց հետո ինքը հարևան ստորաբաժանումներից, որոնք, ի դեպ, եւս եղել են նորակոչիկներ, ընդ որում՝ ավելի քիչ ծառայած, քան Հայկազ Գրիգորյանի անձնակազմը, հավաքել է մոտ 20-հոգանոց խումբ և տեղափոխվել Հայկազ Գրիգորյանի վաշտի պաշտպանության հատվածում տեղակայված մարտական դիրքերում և անցել պաշտպանության: Նշել է, որ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը հակառակորդի հետ անմիջական մարտի մեջ չի մտել, երբ ինքը հասել է լքված բնագիծ, այնտեղ ոչ հակառակորդ է եղել, ոչ մարտ է գնացել: Մնացել են տեղանքում և մեկ օր անց նոր միայն մարտի բռնվել հակառակորդի հետ:  ՊԲ 59703 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի նախկին հրամանատար Արսեն Խաչատրյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմ չունենալու պատճառով կարողացել է առանձնացնել 4-5 հոգանոց խումբ և հանձնարարել պաշտպանության անցնել Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած դիրքերում, ինչն այդ խումբը կատարել է և 2 օր մնացել նշված բնագծերում: Այդ ընթացքում հակառակորդի ստորաբաժանումները նրանցից գտնվել են երկու կիլոմետր հեռավորության վրա: Իր գնահատմամբ՝ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանման մոտ հարկադրված նահանջի իրավիճակ չի եղել:  Անդրադառնալով Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում նշված հանցակազմի մյուս հատկանիշին՝ հետևանքներին, Ավետիսյանը պնդեց՝ վկաների ցուցմունքներով անհերքելիորեն հիմնավորվել է նաև, որ մեղադրանքում նկարագրված հետևանքներն առաջացել են 13-րդ վաշտի՝ զբաղեցրած բնագծերը թողնելու հետևանքով․ «Պաշտպանկան կոմը շատ գեղարվեստորեն կարող է ներկայացնել, թե ինչպիսի անտանելի վիճակ է եղել առաջնագծում և անհնար է եղել շարունակել պաշտպանությունը, սակայն քրեական գործով որևէ տվյալ, որով կհաստատվեր գոնե մեկ գործողություն, որը կատարել է Հայկազ Գրիգորյանը՝ փորձելու շարունակել իրեն առաջադրված խնդիրը ձեռք չբերվեց: Հակառակը՝ ստացված տվյալներով ինքը և դասակի հրամանատարը չեն տիրապետել իրավիճակին, եղել են խառնված վիճակում ու երկուսով որոշել դուրս գալ դիրքերից»։ «Պատվարժան դատարան, իմ կողմից քննարկվող հանգամանքը հիմնավորվում է նաև հակառակորդի գտնվելու վայրի և յուրային ստորաբաժանումների մարտունակության վերաբերյալ կազմված օպերատիվ տեղեկագրերով, որոնք դատարանի կողմից ստացվեցին և հետազոտվեցին դատաքննության ընթացքում: Այն, որ հակառակորդը 04.10.2020 թվականի դրությամբ գտնվել է առաջնագծում և յուրային ստորաբաժանումները մեծ կորուստներ չեն ունեցել:  Ունենք փաստ՝ Հայկազ Գրիգորյանի պաշտպանության հատվածում մի կողմից 1 օր ժամկետով առանց խոչընդոտի պաշտպանության է անցել նորակոչիկների 20-հոգանոց անձնակազմ, մյուս կողմից՝ 5-հոգանոց անձնակազմ, և 2 օր մնացել դիրքերում: Այս պայմաններում փորձել ասել, թե 70-հոգանոց նորակոչիկները չէին կարող մնալ, ապա պետք է հարց առաջանա՝ 20-հոգանոց նորակոչիկների անձնակազմն ինչպե՞ս է մնացել, ինչո՞ւ է Հայկազի ստորաբաժանումը եղել բարոյահոգեբանակ վատ վիճակում, ինչի մասին միայն նա ու Գագիկ Հարությունյանն են հայտում, իսկ մյուս ստորաբաժանումը, որն ավելի քիչ ծառայություն է իրականացրել, կարողացել է անցնել պաշտպանության: Ես ցավում եմ, որ այդ խնդիրները բարձրաձայնելիս Հայկազը այդ հարցն իրեն չի տալիս: Պաշտպան Նորիկյանը փորձում է փաստերը տեղափոխել ինչ-որ ռազմագիտական գնատատականների տիրույթ, ինչը տվյալ դեպքում անթույլատրելի էր, քանի որ կա անձնակազմ, որը դա արել է։ Եվ վերջ»,- իր ելույթում նշեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ Մեղադրողն անդրադարձավ նաեւ Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի սուբյեկտիվ կողմին, քանի որ նրան մեղսագրված է հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությամբ իշխանության անգործություն դրսևորելու և իշխանությունը չարաշահելու հանգամանք․ «Վկա Արտյոմ Պողոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ Հայկազ Գրիգորյանը ենթակա ստորաբաժանմանը հրաման է տվել դուրս գալ զբաղեցրած մարտական դիրքերից անորոշության և իրավիճակին չտիրապետելու արդյունքում: Վկա Գագիկ Հարությունյանը նշեց, որ նահանջ որոշումն ընդունելու ժամանակ գտնվել է Հայկազ Գրիգորյանի մոտ, խոսակցությունների ժամանակ լսել է, «լավա գնանք, քան մնանք մսաղաց»: Հայկազը գումարտակի հրամանատարին փորձել է համոզել, որ սենց չի լինի, չենք կարող հակառակորդին դիմակայել, պետք է դուրս գանք, սակայն հրամանատարը չի թույլատրել: Վկա Հովհաննես Նազարյանն էլ նշեց, որ երբ Հայկազ Գրիգորյանից փորձել է ճշտել, թե ինչու են նահանջել, Հայկազը պատասխանել է, որ զորքն այլևս չի մնում մարտական դիրքերում, ինչպես նաև հակառակորդի կողմից կուտակում են նկատել ու չեն կարող դիմադրել նրանց: Այդ ընթացքում եղել են խոսակցություններ, որ «եթե մնան, կմեռնեն»: Նախաքննության ժամանակ տված ցուցմունքով Հովհաննես Նազարյանը հայտնել է, որ Հայկազի մոտ վախ է նկատել, սակայն դատաքննության ընթացքում չմտաբերեց՝ Հայկազը գտնվե՞լ է վախեցած վիճակում, թե՝ ոչ, սակայն հնարավոր համարել է․․․ Այսպիսով, կարծում եմ, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է 03.10.2020 թվականին Հայկազ Գրիգորյանի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու և իշխանական դիրքը չարաշահելու դիտավորությունը և հակառակորդի հնարավոր հարձակմանը չդիմակայելու, հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու, իր ու անձնակազմի կյանքը չվտանգելու շահագրգռվածությունը»։ Հավելենք, որ կողմերի ճառերից հետո նախագահող դատավորը պետք է կայացնի վերդիկտ՝ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ, որից հետո միայն՝ մեղավոր ճանաչվելու դեպքում, քննարկման առարկա դառնա նշանակվող պատժի չափը։   Միլենա Խաչիկյան
17:41 - 23 մայիսի, 2025
Հափշտակության նոր դրսևորում. Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

Հափշտակության նոր դրսևորում. Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ:
16:06 - 21 մայիսի, 2025
Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները միասնական հաշվին որպես գերավճար ձևակերպելու, ինչպես նաև շահութահարկի հաշվարկում կեղծ տվյալներ ներառելու, ավել նվազեցումներ հայտարարագրելու միջոցով շահութահարկ վճարելուց խուսափելու հնարավորություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Դատախազը 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 18 ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 290-րդ հոդվածի 1-ին մասով (խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը): Մեղադրյալներից մի քանիսն ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը և նախաքննության ընթացքում վերականգնել պետությանը պատճառված վնասից 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 517 միլիոն 583 հազար դրամը: Նախաքննությունն ընթացքի մեջ է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:32 - 19 մայիսի, 2025
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 208 միլիոն 342 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  2025 թվականի մայիսի 16-ին ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված վերոնշյալ վնասից 140 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 54 միլիոն 288 հազար դրամի վնասը: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:23 - 19 մայիսի, 2025
Լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ․ «Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը՝ Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ

Լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ․ «Լելե Թեփե»-ի գործով փաստաբանը՝ Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ

Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հրապարակում՝ «44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան» վերտառությամբ: Փոխգնդապետ Գ.Ա.-ի պաշտպան Մհեր Հակոբյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Հրապարակումը ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության համատեղ «օպերացիայի» 2-րդ հատվածն է, քանի որ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում ներկայացվել և նույն օրը «YouTube» կայքէջում տեղադրվել է «Ինչու է ձախողվել «Լելե թեփե» կոչվող օպերացիան. Սեյրան Օհանյանի գնդապետ որդու գործը դատարանում է» վերտառությամբ հեռուստառեպորտաժը: Այդ հաղորդագրությունն ու տեսանյութն առաջին հայացքից կարող են այն տպավորությունը ստեղծել, որ կրում են տեղեկատվական բնույթ և նպատակ ունեն հանրությանը տեղեկություններ տրամադրել «44-օրյա պատերազմին» առնչվող քրեական գործի վերաբերյալ, սակայն հատկապես տեսանյութում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացումը, ինչպես նաև՝ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ բարոյականության, բանականության ու հայրենիքի հետ բոլոր կապերը խզած լրատվականն այդ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ: Դրան զուգահեռ լրատվականը քաղաքականացնում է քրեական գործը, քանի որ տեսանյութում անընդհատ օգտագործվում է Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև այդ անձը վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել: Կարծում ենք, որ լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ, այն է՝ բացասական կերպարի ներքո ներկայացնելու քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, նրանց վերաբերյալ ձևավորել «հաստատված մեղավորի» հասարակական կարծիք և այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական պրոցեսին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը»։ 
18:13 - 15 մայիսի, 2025
Հաղթանակ զբոսայգուց սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը․ նոր սեփականատերը որոշել է կառուցապատել
 |hetq.am|

Հաղթանակ զբոսայգուց սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը․ նոր սեփականատերը որոշել է կառուցապատել |hetq.am|

hetq.am: Երևանի ամենամեծ այգիներից մեկից՝ «Հաղթանակ» զբոսայգուց ապօրինի սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը։ Տարիներ առաջ այգու տարածքից 6900 քմ ծառապատ հողամասը ապօրինի օտարվել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի մերձավորներին, ապա վաճառվել «Ռիդ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուբեն Գրիգորյանին։ Գլխավոր դատախազությունը 2023 թ.-ից վարչական դատարանում փորձում էր հողամասը վերադարձնել պետությանը, սակայն ապարդյուն։ Առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումներով դատախազության հայցը մնացել է առանց քննության։ Դատավարությանը զուգահեռ Քննչական կոմիտեում զբոսայգու հողամասը օտարելու փաստի առթիվ դատախազության ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։  Հողամասի նոր սեփականատերը՝ Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ՍՊԸ-ն, մի քանի ամիս է՝ փորձում է հողակտորում կառուցապատում սկսել։ Սակայն շինարարության թույլտվություն քաղաքապետարանից դեռ չի ստացել։ Ավելին, դժգոհ է, որ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրում։ Ծառապատ տարածքը 2019 թ.-ին Ռուբեն Գրիգորյանը գնել եւ ցանկապատել է։ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից «Հետքը» տեղեկացավ, որ հողամասի սեփականաշնորհման հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը։ Բացի այդ, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում դատարան դիմելու համար նոր հայց են նախապատրաստում։ Առաջիկայում նոր դատական գործընթաց կնախաձեռնվի։
18:02 - 15 մայիսի, 2025
Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. 1 իրավաբանական անձում մասնակցություն. 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս. 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ. 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար. 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք. շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:
12:49 - 14 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3,5 տարի ազատազրկման դատապարտվեց
 |arm.sputniknews.ru|

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3,5 տարի ազատազրկման դատապարտվեց |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք ու կես տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին։ Եվ մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում 1 տարի 11 ամիս 23 օր»,–Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։ Նշեցին, որ դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ դատարան դատախազության կողմից բողոք է ներկայացվելու։ Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։ Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։ Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել: Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
11:20 - 14 մայիսի, 2025
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները: Ա.Օ.-ի կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաև մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով՝ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ինչպես նախանշված ժամի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը: Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Ա.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ, սակայն, առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը: Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը: Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Մ.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ: Գ.Մ.-ն, սակայն, տանկով կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից, ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, իրականացվող հակահարձակմանն ակտիվ մասնակցություն չունենալու՝ հետևաբար հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ, մնալով տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ՝ փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի հետագա կատարումից: Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ա.Օ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գ.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):  Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
10:29 - 14 մայիսի, 2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում է ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ իր կառուցապատման իրավունքը: Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Գ.Ղ.-ի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցում. հողամասը վերադարձվել է համայնքին։
14:33 - 13 մայիսի, 2025
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Ի.-ի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
12:50 - 13 մայիսի, 2025
Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

2025 թվականի մայիսի 12-ին Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ:  Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ համայնքի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված անձի վարձակալության իրավունքը: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ:
11:32 - 13 մայիսի, 2025