arm.sputniknews.ru: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք ու կես տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։
«Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են պատժին։ Եվ մեղադրյալին թողնվել է կրելու փաստացի ազատազրկում 1 տարի 11 ամիս 23 օր»,–Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Նշեցին, որ դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ դատարան դատախազության կողմից բողոք է ներկայացվելու։
Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։
Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
comment.count (0)