ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«Կանեփ-կակաչ 2019»-ը՝ Ջերմուկում ոստիկանական ուժեղացված ծառայության պատճառ

«Կանեփ-կակաչ 2019»-ը՝ Ջերմուկում ոստիկանական ուժեղացված ծառայության պատճառ

Դեռ երեկ բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսանյութեր (մաս1, մաս2, մաս3), որտեղ պարզում է, որ Ջերմուկում ծառայություն իրակացնող ոստիկանները եկել են տարբեր համայնքների՝ Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից: Infocom-ը որոշեց պարզել, թե ինչի հետ է կապված նման ուժեղացված ծառայությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ Վայքը և Եղեգնաձորը, ինչպես և Ջերմուկը Վայոց Ձորի մարզում են, և հասարակական կարգը պահելու նկատառումներով են այդ քաղաքների ստորաբաժանումներից ոստիկաններ բերվել Ջերմուկ։ Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք Ջեմուկի ստորաբաժանման ուժերը բավարար չէին հասարակական կարգը պահպանելու համար։ «Անվտանգության նկատառումներով, հասարակական կարգը պահելու ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակով Ջերմուկում ուժեղացված ծառայություն է իրականացվում»,- տեղեկացրեց հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից պարոն Գաբրիելյանը։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ ոստիկանները նկարահանում են Ջերմուկի համայնքային ժողովը։ Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ոստիկաններն այդպիսի իրավասություն ունեն, պարոն Գաբրիելյանը նշեց, որ ինքը պատասխան արդեն տվել է, և այդ գործողությունն իրկանացվել է հասարակական կարգը պահելու նկատառումներով։ Մեր այն հարցին, թե Ջերմուկում ուժեղացված ծառայություն իրականացնելու որոշումը նո՞ր է կայացվել, պարոն Գաբրիելյանը պատասխանեց․ «Հանգստյան շրջան է, բացի այդ՝ կանեփ-կակաչ միջացառում է իրականացվում»։
11:20 - 21 օգոստոսի, 2019
Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել

Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել: Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի հունվարի 1-ին նույն դպրոցում որպես փոխտնօրեն է հրամանագրել իր որդուն, որը դպրոցի պաշտոնատար անձանց գիտությամբ և թույլտվությամբ չի ներկայացել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 18 միլիոն 400.000 դրամ կազմող աշխատավարձի գումարը յուրացվել կամ վատնվել է:Բացի այդ, նույն անձը 2009թ. մարտից հրամանագրվել է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում, որպես Հայոց պատմություն և տեխնոլոգիա առարկաների ուսուցիչ, իսկ նրա անվանբ հաշվարկվել և դուրս է գրվել մոտ 180. հազար դրամ աշխատավարձ:Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել են քրեական գործեր:Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:  
12:20 - 20 օգոստոսի, 2019
Բոլորս նույն կողմում ենք. Ոստիկանության պարզաբանումը Բաղրամյան պողոտայում գործողությունների վերաբերյալ

Բոլորս նույն կողմում ենք. Ոստիկանության պարզաբանումը Բաղրամյան պողոտայում գործողությունների վերաբերյալ

Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ:2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Այո, հավաքը խաղաղ էր, և ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, և բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, և ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար:Հիշեցնենք, որ իր գործառույթներն իրականացնող ոստիկանության ծառայողներին օրենքով վերապահված է անհրաժեշտության դեպքում կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Խաթարվել էր երթևեկությունը, խախտվել էին այլ քաղաքացիների իրավունքները, և միջամտությունն անհրաժեշտ էր:Հավաստիացնում ենք, որ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո, ոստիկանության պետի հանձնարարությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվում է ամեն մի ոստիկանի գործողությունը, արվում են հետևություններ, հարկ եղած դեպքում՝ նշանակվում է ծառայողական քննություն: Այդպես կլինի նաև այս անգամ:Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել:Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար:Ինչ վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն՝ կրկնենք, որ հենց ոստիկաններն են կանչել շտապօգնություն, երբ ոստիկանության բաժնում նա հայտարարել է, թե վատ է զգում: Ախտորոշումն էլ եղել է նևրոտիկ ռեակցիա, սրտի ռիթմի խանգարում, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Ի դեպ, դիտելով նրա ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է դիմադրում ոստիկաններին և չի ենթարկվում նրանց օրինական պահանջին:Ոստիկանությունը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, ՀՀ քաղաքացուն և հետևողական է, որպեսզի բոլոր պարագաներում իր աշխատակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Սակայն միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ: Իրավունքներից զատ՝ պարտականություններ ունեն նաև հավաքի մասնակիցները, ակտիվիստները, բոլորս: Ուստի կոչ ենք անում բոլորին՝ մնալ օրենքի և օրինականության սահմաններում, անվերապահորեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, չդիմել սադրիչ գործողությունների: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ոստիկաններն էլ, պարտականություններից զատ, ունեն նաև իրավունքներ:Համոզված ենք, որ եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը: Հայտարարություն տարածողներն էլ հիանալի գիտեն յուրաքանչյուր հարցի լուծման օրինական, պաշտոնական ուղին: Հորդորում ենք հարկ եղած դեպքում ընտրել հենց այդ ճանապարհը:Միայն հավելենք, որ ոստիկանությունն այսուհետ էլ գործելու է միմիայն օրինականության սահմաններում, ինչը պահանջելու է նաև քաղաքացիներից, մնալու է բաց՝ ամեն մի խնդիր քննարկելու և լավագույն լուծում գտնելու հարցում՝ նույնը պահանջելով հասարակական կազմակերպություններից, շարունակելու է բարեփոխվել, զարգանալ ու ինքնամաքրվել՝ ունենալով ողջ հանրության աջակցությունը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ օրենքի գերակայությունը:Բոլորս նույն կողմում ենք:
11:56 - 20 օգոստոսի, 2019
Նախկին փոխմարզպետի կինը Գեղարքունիքում պետությանը հասցրել է 7․002․854 դրամի վնաս

Նախկին փոխմարզպետի կինը Գեղարքունիքում պետությանը հասցրել է 7․002․854 դրամի վնաս

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։ Բացի այդ, պարզվել է նաև, որ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում բուժհաստատությունում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ։ Նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն:
07:41 - 03 օգոստոսի, 2019
Ոստիկանները բացահայտել են մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների ապօրինությունները

Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի դեկտեմբերից 2016-ի հուլիս որպես խմբավար է գրանցել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին փոխտնօրենին։ վերջինս նշված ժամանակահատվածում աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված 2․000․000 դրամ աշխատավարձը տնօրենը վատնել է։ ԱԱԾ-ից ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն է պաշտոնավարման տարիներին չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հաստատության տնօրենը մի անձի հրամանագրել է որպես պահակ։ Վերջինս 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չի եկել։ Նրա անվամբ դուրս գրված 5․765․300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակի կողմից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով լոռու մարզային վարչության և բազումի բաժնի աշխատակիցների հետ, բացահայտել են «Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրենի ապօրինությունները։ Նախնական տվյալներով՝ տնօրենը 2016 թվականին քոլեջում աշխատանքի է ընդունել ուսումնական հաստատության հաշվապահի ամուսնուն, որը աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենն աշխատանքի է ընդունել իր կնոջն ու դուստրերին, որոնք նույնպես աշխատանքի չեն ներկայացել։ Այս դեպքում ևս աշխատավարձերը յուրացվել են։ Յուրացվել են նաև քոլեջում որպես բանվոր ու համակարգչային տեխնիկայի սպասարկող գրանցված երկու անձի աշխատավարձերը, որոնք 2014-ից 2016 թվականներին աշխատանքի չեն ներկայացել։ Ընդհանուր առմամբ՝ քոլեջի տնօրենը յուրացվել է 2․300․000 դրամ։ Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  
17:19 - 02 օգոստոսի, 2019
Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին

Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին

Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։  ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-ասված է ոստիկանության հայտարարության տեքստում։  
14:34 - 01 օգոստոսի, 2019
Ոստիկանները բացահայտել են Լոռու Հարթագյուղ և Գոգարան համայնքներում կատարված ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Լոռու Հարթագյուղ և Գոգարան համայնքներում կատարված ապօրինությունները

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Հարթագյուղի համայնքապետը 2014-2019 թվականներին համայնքի երկու բնակչի ձևակերպել է համայնքապետարանի սանտեխնիկ ու բակապահ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ որպես աշխատավարձ փոխանցված 9․940․310 դրամը համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014-2017 թվականներին համայնքի ղեկավարը մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ յուրացնելով այդ կապակցությամբ դուրս գրված կես միլիոն դրամը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Հարթագյուղ համայնքի ավագանու անդամներից 3-ը 2015-2019 թվականներին գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ 2017 թվականին համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինություն և հողամաս նվիրաբերվել է մի բնակչի, որից համայնքի ղեկավարը պահանջել ու ստացել է 300․000 դրամ կաշառք։ Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Դարձյալ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք ապօրինություններ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2014-2017 թվականներին մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ այդ կապակցությամբ դուրս գրված մեկ միլոն դրամը մուտքագրելով որպես հողի հարկի վճարներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Գոգարան համայնքի ավագանու անդամներից 2-ը տարբեր ժամանակահատվածներով գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։ Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
17:33 - 31 հուլիսի, 2019
«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը կեղծ հաշվետվությունների միջոցով յուրացրել է շուրջ 2․640․000 դրամ

«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը կեղծ հաշվետվությունների միջոցով յուրացրել է շուրջ 2․640․000 դրամ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը, 2011-2018 թվականների ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության հետ ամեն տարի կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր։ Որպես սանիտար և բուժքույր աշխատելու համար տնօրենը աշխատանքային պայմանագրեր է կնքել երկու կնոջ հետ, որպես էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բանվոր, դռնապահ և վարորդ է աշխատանքի ընդունել նաև մի տղամարդու։ Տարբեր ամիսների կանայք բացակայել են Հայաստանից, իսկ տղամարդը որպես վարորդ, դռնապահ ու բանվոր չի աշխատել։ Տնօրենը համապատասխան տեղեկագրերում նրանց հաճախելիության վերաբերյալ կեղծ տվյալներ է նշել, կազմել կեղծ հաշվետվություններ, դրանք ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարություն ու ֆինանսավորում ստացել։ Արդյունքում՝ խաբեությամբ հափշտակվել է շուրջ 2․640․000 դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
15:58 - 25 հուլիսի, 2019
Բռնությունների վերահսկման նպատակով ոստիկանական շենքերը կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով |24news.am|

Բռնությունների վերահսկման նպատակով ոստիկանական շենքերը կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով |24news.am|

24news.am: Ոստիկանությունն առաջարկում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նման նախագիծ է ոստիկանությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար»,- որպես հիմնավորում՝ հայտնել է ոստիկանությունը։ Ոստիկանությունը նախագծով առաջարկում է նաև կարգավորում ոստիկանության ծառայողների թույլատրելի նկարահանումների մասով։ Ըստ դրան, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին, գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար և նախազգուշացնել անհրաժեշտ չէ, իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում ոստիկանը պետք է բանավոր կերպով պարտադիր նախազգուշացնի տեսանկարահանման մասին։
16:39 - 22 հուլիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ. «Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով:Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով, իրոք, կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը: Հ.Գ. Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին և տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման»։
06:55 - 21 հուլիսի, 2019