Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը: Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ զարգացման խնդիրներին: Մեզ հաջողվել է հասնել վստահության եւ փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում: Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում: Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու եւս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրի յուրաքանչյուր հայի տանը:Խնդրում եմ ընդունեք իմ բարձր հարգանքի հավաստիքը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձում:
19:17 - 21 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը |armenpress.am|

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու քննադատությանը: Սիմոնյանը նշեց, որ պարգևավճարները տրվել են իր որոշմամբ ու որ քննադատությունից չի վախենում, վստահ է՝ ճիշտ որոշում է կայացրել։ «Անկախության 30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ–ի աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները»,– նշեց նա։ ԱԺ նախագահը նշեց, որ լսել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա՝ բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։ Արձագանքելով ընդդիմությանը` Սիմոնյանը հայտարարեց` այդ որոշումը սակարկելը տեղին չի համարում, քանի որ իր համոզմամբ, ցանկության դեպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։ «Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել, օրինակ, ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու համար»,–  նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
14:31 - 18 սեպտեմբերի, 2021
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարեւորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը: Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր:
18:03 - 16 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշեց, որ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն հայտնեց տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին եւ Արցախին հետեւողական կերպով աջակցելու համար: ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկեցին պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր: Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:
17:26 - 16 սեպտեմբերի, 2021
Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. ԱԺ նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. ԱԺ նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը եւ երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի եւ Իրանի միջեւ: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձեւավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ մեր երկիրը ձգտում է պահպանել եւ առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության եւ առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը եւ դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատեց նաեւ, որ Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր եւ լավ հարեւան է: Ալեն Սիմոնյանը կարեւորեց հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում: Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստեց, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ եւ ընդգրկուն է ներկայացված Իրանում: Կողմերն անդրադարձան երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարեւորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
14:54 - 16 սեպտեմբերի, 2021
Տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին

Տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման եւ Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար: ԱԺ նախագահն անդրադարձավ հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումը եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա ընդգծեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձան միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը:
14:45 - 16 սեպտեմբերի, 2021
Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը եւս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը: Կարեւորելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժեւորեց պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվեցին որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:
14:02 - 15 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է: Նման համոզմունք է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ժողովրդավարության միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ: ԱԺ նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ, չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, չկա ժողովրդավարության մեկ մոդել։ «Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ «ժողովրդավարություն» հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամքի» բացակայությունից: 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-նշել է Սիմոնյանը:
10:48 - 15 սեպտեմբերի, 2021
Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Հայ գերիների խոշտանգումների մասին Աննա Մկրտչյանի ներկայացրած տվյալները հորինված չեն. Ալեն Սիմոնյանը սխալվում է

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի   Ազգային ժողովի երեկվա նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայ գերիների հարցին՝ ընթերցելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրեր առաջ հրապարակված արտահերթ զեկույցից մի հատված, որտեղ ներկայացվել են գերեվարվածների հանդեպ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։ Ինչպես հիշատակեց պատգամավորը՝ Պաշտպանը հետաքննությամբ պարզել է, որ ադրբեջանցիները հայ գերիներին ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են՝ մինչեւ գիտակցության կորուստը, սպասում են, մինչեւ գիտակցության գա, շարունակում ծեծը. «Եռման թեյ ու ջուր են լցնում գերիների մարմնի վրա, այրվածքների ստանալուց հետո շարունակում են ծեծը՝ մինչեւ մահանա, հետո դին մի քանի օր թողնում են բանտախցում։ Սնվելու համար տալիս են տասը վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են սննդի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնի մասեր, ողջ կապում են մեքենային ու քաշում, զրկում են ջրից, քնից ու սննդից։ Սա՞ է թուրքերի դրական ազդակը, կառավարության շենքից տեսնվող դրական ազդակը, այսինքն՝ հայերին խոշտանգե՞լն է դրական ազդակ»,- իր ելույթում ասաց Մկրտչյանը։ Երբ նա ավարտեց, նիստերի դահլիճում գտնվող կին պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց՝ « ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ եք խոսում», իսկ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։ Երբ Աննա Մկրտչյանը Սիմոնյանի այս արտահայտությանը տեղից արձագանքեց (հստակ չլսվեց՝ նա ինչ ասաց), Սիմոնյանը պատասխանեց, թե՝ «գիրք կարդա, կհասկանաս»։ Ի վերջո, վերադառնալով ՄԻՊ-ի զեկույցին։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով մեր գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը եւ այդ անմարդկային արարքները կատարողներին ու հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Թաթոյանը նախ հայտնեց, որ զեկույցը միանգամից հրապարակվում է անգլերեն՝ միջազգային ատյաններում ներկայացվելու համար, ապա շեշտեց, որ այն ապացույցների բազայով բացառիկ հիմնավորվածություն ունի։ Պաշտպանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։ Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ «Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։ Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․ «Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։ Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Աննա Մկրտչյանը «հնարած տեսարաններ» է ներկայացրել ԱԺ ամբիոնից, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Մկրտչյանն ԱԺ-ում ընթերցեց գերիներին խոշտանգելու միայն մի քանի դեպք, իսկ Թաթոյանը առավել մանրամասն էր ներկայացրել՝ ցուցադրելով նաեւ որոշակի կադրեր։  
10:09 - 15 սեպտեմբերի, 2021
Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Աժ-Ն: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտեց Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, եւ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը պահպանելու եւ խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Նա բարձր  գնահատեց  Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից §Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ¦ եւ §Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ¦ բանաձեւերի ընդունումը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ այս պահին առաջնային է  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարեւորեց դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են  Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները: Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին կարծիքներ փոխանակվեցին համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ:
17:32 - 14 սեպտեմբերի, 2021
Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը

Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը

Վարչապետի աշխատակազմը մշակել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրևացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: Նախատեսվում է ՊՊԾ-ն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Այս մասին ասվում է նախագծի հիմնավորման բաժնում։  Նախագծում նշվում է, որ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ 
12:35 - 14 սեպտեմբերի, 2021
Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել խախտումներով: «ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են մեծ խախտումներով: Բացառություն է 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից, և որևէ կասկած, այդ ընտրության հետ կապված, չեմ կարող ասել»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ ընտրությունների իրական թվերի մասին հայտարարություններին: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վարչապետը մշտապես ասել են մի կարևոր բան՝ ընդդիմության խնդիրն էն չի եղել, որ ԿԸՀ-ում ինչ-որ մեկը գուցե ինչ-որ բան է փոխել: Ընդդիմությունը չի կարողացել ընտրատեղամասերում ունենալ բավարար քանակով ներկայացուցիչներ, որոնք այդ արձանագրությունները կստորագրեն, կվերցնեն և կունենան օրինակները, որովհետև ընտրական պրոցեսներին ծանոթ մարդիկ գիտեն, որ ԿԸՀ-ն ստանում է այդ արձանագրությունները, գումարում է թվերն ու հայտարարում դրանք: Այ, եթե դուք՝ ընդդիմությունը, նաև մենք, դա մեր սխալն է եղել ընդդիմության ժամանակ, երբ մենք հնարավորություն ենք ունեցել ապահովել այդ 2000 ընտրատեղամասում  մեր ներկայացուցիչներին և ստանալ այդ արձանագրությունը, կարելի է ուղղակի նստել, գումարել ու ստանալ ընտրությունների իրական պատկերը: Միշտ եղել է մի թիվ, ԿԸՀ-ն ասել է, որ հավաքել է իշխանությունը ենթադրենք էսքան ձայն, ընդդիմությունը՝ էսքան, ընդդիմությունը վեր է կացել, ասել՝ չէ, չի հավաքել, բայց չի ասել, թե իրական թիվը որն է»,- ասաց Սիմոնյանը:
15:45 - 13 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգիստն ու Արցախ չգնալը |hetq.am|

Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգիստն ու Արցախ չգնալը |hetq.am|

hetq.am: Օրհներգի հնչյունների ներքո այսօր մեկնարկեց ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց՝ հնչեց այն օրհներգը, որը ջանասիրաբար առաջարկում էր փոխել ԱԺ գործող նախագահը: Մանուկյանը պնդեց, թե նախորդ նստաշրջանում Ալեն Սիմոնյանը գերազանցել է իր լիազորությունները և կամայական դիտողություններ արել ընդդիմադիր պատգամավորներին: Մանուկյանը հույս հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հետայսու այդպես նիստը չի վարի՝ համոզմունք հայտնելով, որ Սիմոնյանը հունական կղզում լարվածությունը թոթափած կլինի, որի վերաբերյալ համացանցում լուսանկարներ կային: Այս խոսքերից հետո Սիմոնյանը չարձագանքեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնացել Արցախի Հանրապետություն, իր խոսքով` «այն ինչ մնացել է Արցախից», անկախության 30-ամյակի տոնական միջոցառումներին, այլ դրա փոխարեն ՔՊ-ական երկու պատգամավորների հետ հունական կզղում են հանգիստն անցկացրել: Մանուկյանը հարցրեց` Ալիևի նախազգուշացումից են վախեցել, թե՞ գերի ընկնելու հեռանկարից: Ալեն Սիմոնյանն արձագանքեց` Արցախ բավականին ներկայացուցչական պատվիրակություն է գնացել, ապա հավելեց` ինչ վերաբերում է իր մասնավոր կյանքին ու դեղին մամուլին, չի մեկնաբանում: Արեգնազ Մանուկյանը հակադարձեց` Սիմոնյանի եկամուտների հայտարագրի համաձայն` վերջինս նման թանկարժեք հանգիստ չէր կարող ունենալ, Մանուկյանը հետաքրքրվեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում` նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել: «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»,- ասաց Սիմոնյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս անդրադարձավ Սյունիքում ստեղծված վիճակին` պնդելով, որ այդ հարցը հրատապ է: Գրիգորյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հարցրեց, թե արդյոք քաղաքացիները կարող են Կապան-Գորիս ճանապարհով երթևեկել, արդյոք այդպես անվտանգ է: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
11:33 - 13 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվել է. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվել է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 20 տարի առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հիշեցնելով, որ դրա հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվել է շուրջ 3000 մարդ: «Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների»,-նշել է Սիմոնյանը: ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին՝ շեշտելով, որ համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ «Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,-եզրափակել է Ալեն Սիմոնյանը:
12:25 - 11 սեպտեմբերի, 2021